Պաշտոնյաների հայհոյանքները, էթիկան եւ ապագա սերունդները - Mediamax.am

Դեկտեմբեր 03, 2025
Պաշտոնյաների հայհոյանքները, էթիկան եւ ապագա սերունդները
153 դիտում

Պաշտոնյաների հայհոյանքները, էթիկան եւ ապագա սերունդները


Հայաստանի իշխող  կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել եւ  հայտարարել, թե «որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում»։

Սովորական պայմաններում այս նախաձեռնությունն անգամ խրախուսելի կթվար, բայց վերջին տարիների զարգացումների համապատկերում եւ ներկա իրողություններում այն, առնվազն, ցինիկ է հնչում: 

Ինչո՞ւ: Որովհետեւ թե՛ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած՝ հանրային ծառայողների վարքագծի կանոնները արդեն իսկ սահմանում են նորմեր, որոնք նույն իշխող կուսակցությունը ներկայացնող ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց  կողմից բազմիցս ամենակոպիտ ձեւով  խախտվել են՝ սկսած  երկրի վարչապետի ոչ նորմատիվ բառապաշարից, նրա աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող ոմն Չախոյանի՝ իր պաշտոնին անհարիր գրառումներից (Սիվիլնեթի այդ թեմայով հրապարակման հղումը՝ այստեղ) մինչեւ ճյուղային նախարարների կողմից անմեղության կանխավարկած խախտող,  քաղաքական բնույթի ու կոնկրետ անձանց թիրախավորող  գրառումներ: 

Պաշտոնյաների՝ սոցիալական մեդիայում գրառումները նրանց վարքագծի կարեւոր բաղադրիչ են, որոնց նշանակությունը իրականում չպետք է թերագնահատել:  Մասնագիտության բերումով ժամանակին ուսումնասիրում էի տարբեր երկրների կառավարությունների՝ սոցիալական մեդիայում իրենց աշխատակիցների վարքագծի ուղեցույցները (դրանք, ի դեպ, ամեն տարի թարմացվում են՝ հաշվի առնելով տեխնոլոգիական եւ այլ զարգացումները):  Բոլորում չափազանց մեծ կարեւորություն է տրվում պաշտոնյաների զսպվածությանը, քանի որ նրանց վարքագիծը ոչ միայն կարեւոր է հանրային փոխհարաբերություններում կառուցողական ու հանդուրժողականության միջավայրի պահպանման առումով, այլեւ ընդօրինակելի է մյուսների համար: 

Ուղեցույցներից մեկում կար հետեւյալ ձեւակերպումը. «Սոցիալական մեդիայում գրառում անելուց առաջ մտածեք եւ ողջամիտ դատեք: Արդյո՞ք գրառման բովանդակությունը համապատասխանում է պաշտոնյայից/ծառայողից պահանջվող վարքագծին: Եթե ոչ, մի՛ հրապարակեք»: Հասկանալի է նաեւ, թե ինչ է սպասվում  գրառումների հեղինակներին (անկախ զբաղեցրած պաշտոնից), որոնք խախտում են էթիկայի նորմերը: 

Հետաքրքիր է, մինչ հայհոյախառն ու թիրախավորող գրառումները հրապարակելը մեր պաշտոնյաները երբեւէ իրենք իրենց նման հարց տվե՞լ են, հիշե՞լ են վերոթվարկյալ կանոնները կամ կհիշե՞ն արդյոք ընդունված նոր կանոնագիրքը: Թե՞ վստահ են եղել, որ դրա դիմաց միայն կխրախուսվեն: 

Պարադոքսալ կերպով, մենք, որպես հանրություն, անթույլատրելի հանդուրժող ենք  դարձել իրականում անհանդուրժելի, կործանարար ու արատավոր երեւույթների նկատմամբ, ու անփութորեն թույլ ենք տալիս ավերել մեր արժեհամակարգերը, ինչի վրա «դողում են» մյուս ազգերը՝ շատ լավ գիտակցելով, որ մշակույթն ու արժեքներն են ազգերի զարգացման ու առաջընթացի հիմքը:  Չմոռանանք, որ այսօրվա մեր պահանջատիրությունն է ձեւավորելու վաղվա իրականությունը, որտեղ ապրելու են ապագա սերունդները: 

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ամոթալի իրականություն

Իջեցրե՛ք դրոշները
Մեր ընտրանին