Զարգացած եւ զարգացող երկրների մեծամասնությունը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մտել են գերարտադրության դարաշրջան։ Ամեն մարդ կարող է ունենալ համարյա ամեն բան, ինչ սիրտը ուզի եւ քսակը թույլ տա։ Աշխարհի տնտեսությունը պատրաստ է արտադրել համարյա ամեն տեսակի ապրանք այնքան, որքան պահանջվում է, իսկ դաժան մրցակցությունը ճնշում է գները։ Դրա հետ մեկտեղ բոլորից ակնկալվում է արտադրության ծավալների աճ։ Հետեւաբար, եթե չկա պահանջարկ, այն պետք է ստեղծել՝ անհրաժեշտ է, որ մարդիկ ցանկանան գնել նորանոր ապրանքներ։
Որպեսզի մարդը ցանկանա գնել մի բան, որից երբեմն պատկերացում անգամ չունի, նա պետք է այդ բանին ուշադրություն դարձնի։ Այսպիսով, մեր ժամանակներում ամեն վաճառքի նախապայմանը ուշադրությունն է։ Այն պետք է բոլորին, ով ուզում է, որ իր ապրանքը վաճառվի։ Իսկ եթե այդպես է, կգտնվեն մարդիկ, որոնք վաճառում են ուշադրությունը։
Նախկինում ուշադրություն գրավելով ընկերությունները զբաղվում էին ինքնուրույն, հետո հայտնվեցին գովազդային գործակալություններ, թերթերը եւ ամսագրերը եւ սկսեցին վաճառել իրենց ընթերցողների ուշադրությունը գովազդատուներին, հետո եկավ հեռուստատեսությունը, հետո՝ Google-ը, որը դարձավ աշխարհի գլխավոր գովազդային հարթակը, եւ որի հետ մրցում են սոցիալական ցանցերը եւ բազմաթիվ
մնացած նման հարթակներ։ Այդ կազմակերպությունները գրավում են մեր ուշադրությունը, շատ դեպքերում օգտագործելով մեր իսկ ստեղծած բովանդակությունը եւ վերավաճառում են այն գովազդատուների լայն
շրջանակին։
Այսօր ուշադրությունը դարձել է աշխարհի գլխավոր ապրանքը եւ այն իր բնական քանակով արդեն չի հերիքում, որպեսի բավարարի պահանջարկը։ Այն, փաստացի, հազվագյուտ ապրանքներից է, որոնց պահանջարկը շուկայում ավելին է, քան առաջարկը։ Հետեւաբար, եթե մարդիկ սեփական կամքով պատրաստ չեն
այդ ապրանքից ավելի շատ մատակարարել, իրենց պետք է «կթել» եւ կողոպտել։
Դա հնարավոր է ուշադրության գլխավոր առանձնահատկության շնորհիվ՝ որպեսզի նկատես, որ քեզ կողոպտում են, պիտի ուշադիր լինես։ Իսկ եթե քո ուշադրությունը արդեն գողացել են, այդ գողությունը նկատել չես կարող։ Շատ հարմար է գողերի համար։
Գնացեք քաղաքի փողոցներ եւ տեսեք, թե ինչպես են մարդկանցից գողանում իրենց ուշադրությունը եւ ինչպես վերջիններս դա չեն նկատում՝ տարված հեռախոսի տեսահոլովակներով։ Տեսեք մեքենաների վարորդներին, որոնք վտանգում են իրենց եւ շրջապատող մարդկանց կյանքը, քանի որ վարելիս չեն կարողանում կտրվել իրենց հեռախոսներից։ Տեսեք երեխաներին դպրոցներում, ովքեր դասամիջոցին խաղալու եւ միմյանց հետ շփվելու փոխարեն, «մտած» են իրենց հեռախոսների մեջ։ Այդ մարդիկ սեփական կամքով նվիրում են աշխարհի ամենաթանկ ապրանքը՝ դրա դիմաց ստանալով էնդորֆինի փոքր, էժան եւ արագ մարող չափաբաժին։ Հոգնելով այդ ամենից, տառապելով առաջացող դատարկությունից, կորցնելով այլ բաներ անելու կարողությունը, մարդիկ դարձել են «կովեր», որոնց քշում-տանում են փուչ մեդիայի արոտավայրեր եւ կթում են իրենց ուշադրությունը, որպեսզի վերավաճառեն միլիարդների դիմաց։
Մենք դադարել ենք լինել մեր ուշադրության տերը։ Արդյունքում խզվում են հարաբերություններ, քանդվում են ընտանիքներ, անիմաստ վատնվում են ժամեր, օրեր, տարիներ եւ կյանքեր։ Կյանքը անցնում է արագ եւ աննկատ։ Երեխաները չեն սովորում, հոգնում են վատ քնած գիշերների արդյունքում։ Մարդկանց մտքերը եւ
երազները լցվում են աղբով, իրենց մտածողությունը դառնում է կառավարվող, հատվածային եւ անպտուղ։
Ե՛տ բերեք ձեզանից գողացած ուշադրությունը։ Որոշեք, թե ինչն է կարեւոր, եւ միայն դրան ուշադրություն դարձրեք։ Վերադարձրե՛ք խորը եւ երկար մտածելու կարողությունը։ Սովորեք ձանձրանալ, քանի որ դրանից է ծնվում ստեղծարար միտքը։ Սովորեք լցնել ձեր կյանքը ինքնուրույն։ Եղեք մարդ, որին չեն կթում։
Արամ Փախչանյանը «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: