Մենապետության աճը եւ ժողովրդավարության նահանջը աշխարհում - Mediamax.am

Նոյեմբեր 10, 2025
Մենապետության աճը եւ ժողովրդավարության նահանջը աշխարհում
118 դիտում

Մենապետության աճը եւ ժողովրդավարության նահանջը աշխարհում


Չինաստանը գնալով հաստատվում է որպես գերպետություն, որը կարող է մրցել արեւմտյան քաղաքակրթության հետ՝ աշխարհում առավել ազդեցիկ պետություն դառնալու համար։ Մեր անսասան հավատը, հիմնավորված նաեւ ԽՍՀՄ փլուզմամբ, որ արեւմտյան տեսակի ժողովրդավարությունը միշտ ապահովում է ավելի բարձր կյանքի մակարդակ, կայունություն, արագ զարգացում եւ ավելի արդյունավետ կառավարում, գնալով սասանվում է։ Դա միայն մեզ մոտ չէ՝ ժողովրդավարական պետություններում գնալով ավելանում են մենապետություններին բնորոշ դրսեւորումները՝ ուղեղների լվացում, քաղաքական պայքարում իրավական համակարգի միջոցով հետապնդում, փակ դռների ետեւում չընտրված ղեկավարների կողմից ճակատագրական որոշումների կայացում, լրատվամիջոցների վրա ճնշումներ եւ դրանց ենթարկեցնելու քաղաքականություն եւ այլն։ Դրա հետ մեկտեղ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ նվազել է խտրականությունը մենապետական կառավարում ունեցող երկրների նկատմամբ՝ բոլոր հարաբերությունները եւ դրանց հետ կապված դիրքորոշումները ելնում են միայն երկրների շահերից եւ դա արդեն արվում է անթաքույց։

Պատճառները բազմաթիվ են։ Այդ երեւույթների հիմքում ընկած է հասարակությունների բեւեռացումը, միջին խավի նվազումը, ճշմարտության արժեզրկումը եւ դրա արդյունքում ձեւավորված, ստի վրա հիմնված ետճշմարտության դարի պոպուլիզմը։ Դրանց գումարվում է ժողովրդավարությունից հիասթափությունը, պայմանավորված ասիական երկրների վերելքով եւ մեղմ, «ժողովրդավարական» սկզբունքներով իրագործվող ներգաղթի կառավարման ձախողմամբ, ինչը բերում է ծայրահեղական ուժերի ազդեցության վերելքին։ 

Սակայն կա եւս մեկ հանգամանք, որը որոշիչ ազդեցություն ունի այդ գործընթացների վրա։ Այն հետեւանք է բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման եւ, դրա արդյունքում, կանոնների վրա հիմնված աշխարհակարգի խափանման։

20-րդ դարի առաջին կեսն անցավ պատերազմների մեջ։ Դրանք ցույց տվեցին այն ահռելի վտանգը, որն իր մեջ պարունակում է տեխնոլոգիական ձեռքբերումների հաշվին ձեւավորված ռազմական հզորությունը։ Նոր զենքերի կործանարար ուժը, որը կտրուկ աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ետ էր պահում երկու մեծ գերտերություններին իրար հետ պատերազմելուց, ինչի համար եւ սահմանվել էին միջազգային կանոնները։ Երկու երկրների գերիշխող ազդեցությունը (որը ԽՍՀՄ փլուզումից հետո վերածվեց մեկ երկրի՝ ԱՄՆ- ամբողջական տիրապետության), պարտադրում էր մնացած երկրներին կառուցել դրանցից առնվազն մեկի հետ բարիդրացիական հարաբերություններ։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ էր իշխում ԱՄՆ-ում, կամ ով էր դառնում ԽՍՀՄ ղեկավարը, մնացած երկրների խնդիրն էր լեզու գտնել այդ երկու գերտերությունների ղեկավարների հետ։

Սակայն 1990-աններից ի վեր ԱՄՆ֊ի տարած անարդյունավետ արտաքին քաղաքականության, Չինաստանի եւ Հնդկաստանի աճի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առաջացած հակամարտության արդյունքում, այդ համակարգը գնալով փլուզվեց, եւ հիմա ամեն երկիր խնդիր ունի այլ երկրների հետ հարաբերություններ կառուցել եւ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Եվ այստեղ արեւմտյան ժողովրդավարությունը, որը երկարաժամկետ պայմանավորվածություններին հետամուտ լինելու խնդիր ունի, հայտնվում է դժվար վիճակում։ Եթե նախկինում այդ երկրներում իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ ներկայացնում էին իրենց ընտրանիների ներքին համաձայնության օրակարգը, որը զգալիորեն չէր փոխվում իշխանության փոփոխության հետեւանքով, այսօր՝ այդ երկրներում շարունակվող բեւեռացման եւ պառակտման հետեւանքով, երաշխիք չկա, որ հաջորդ երկրի ղեկավարը հավատարիմ կլինի նախորդի տված խոստումներին։ Ավելին՝ վերջին իրադարձությունները վկայում հակառակի մասին։ Այդ հանգամանքը զգալիորեն դժվարացնում է ժողովրդավարական կառավարում ունեցող երկրների հետ փոխադարձ երկարաժամկետ պայմանավորվածության հասնելը։ Ստացվում է, որ ժողովրդավարական երկրները չունեն սուբյեկտ, որի հետ հնարավոր է նոր իրականության մեջ պայմանավորվել փոխադարձ կանոնների հաստատման շուրջ։ Եթե նախկինում գոնե հասկանալի էին այդ երկրների շահերը, եւ դրանք պարտադրում էին որոշակի արտաքին քաղաքականություն, ապա նոր իրականության մեջ շատ երկրներ սեփական շահերի շուրջ ներքին համաձայնություն չունեն եւ պառակտված են այդ հարցում։ Դրա փոխարեն մենապետությունները, ունենալով կայուն իշխանական ներկայացուցչություն եւ ընտրանիներ, որոնք կառուցված են այդ իշխանության շուրջ, համեմատաբար ավելի հասկանալի եւ կանխատեսելի են այլ երկրների համար։ Բնականաբար, այդ երկրներում էլ կա եւ՛ փոփոխությունների հնարավորություն, եւ՛ գաղտնի օրակարգ, եւ սեփական իշխանությունը ամրապնդելու համար արտաքին թշնամիներ ունենալու կարիք։ Իհարկե, ոչ մի երկրի կամ իշխանության չի կարելի վստահել, սակայն համեմատության մեջ այս նոր, փոփոխվող իրականության մեջ այդ երկրները շահում են։

Հետեւաբար, ժողովրդավարական երկրներում առաջանում է որոշումների կայացման նոր կանոններ ձեւավորելու ներքին պահանջ, որոնք հնարավորություն կտան հարաբերություններ կառուցել մնացած աշխարհի հետ նոր, արագ փոփոխվող իրականության մեջ։ Դրա հետեւանքով գործող իշխանությունները ստանում են որոշակի ներքին աջակցություն գործելու մենապետական ոճով, ճնշելով դիմադրությունը եւ գործածելով քաղաքական պայքարի կոշտ միջոցներ, ինչպես կլիներ, եթե այդ երկրները գտնվեին պատերազմական իրավիճակում։ Առկա իշխանության աջակցող ընտրանին չի տեսնում այլ ճանապարհ պաշտպանելու երկրի եւ իր շահերը, եւ լավ գիտի, որ ցանկացած այլ իշխանություն նույնն է անելու։

Փաստացի, սա նշան է նրա, որ մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որը դեռ մասնակի զսպվում է միջուկային զենքի առկայության շնորհիվ եւ մեր ժամանակներում պատերազմների ընթացքի անկանխատեսելիությամբ։ Եվ հնարավոր է, որ մեծ երկրները կկարողանան այս հեղհեղուկ վիճակում նոր աշխարհակարգ կառուցել, գալով նոր պայմանավորվածությունների եւ կանոնների։ Իսկ մինչ այդ մենք ամենուրեք տեսնելու ենք ժողովրդավարության անկում։ Եվ հայտնի չէ, 
արդյոք այն այլեւս երբեւե կվերագտնի իր նախկին փայլը։

Արամ Փախչանյանը «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին