Մենք արդեն փաստացի նախընտրական շրջանում ենք, ինչը նշանակում է, որ առաջիկայում ավելի շատ ենք ենթարկվելու մանիպուլյացիոն գրոհների, որոնք հաճախ շարքային մարդկանց, այսինքն՝ այդ գրոհների «զոհերի» համար, տեսանելի չեն: Հիմնական պայքարը գնալու է հանրության ուշադրությունը գրավելու ու վստահությունն ամեն կերպ շահելու շուրջ:
Մեզ՝ հաղորդակցության մասնագետներիս համար, «հանրության/լսարանի ուշադրություն» ասվածը պարզապես բառեր չեն. մասնագետներն այն համարում են «նոր արժույթ» (attention as the new currency).
Ինչո՞ւ. որովհետև հանրային ուշադրությունն անսահմանափակ չէ, իսկ ներկայիս տեղեկատվական հոսքերի հսկա ծավալը թույլ չի տալիս այդ ուշադրության կենտրոնացում: Հենց դա է պատճառը, որ անգամ շատ կարևոր նորությունները տեղեկատվական դաշտում ապրում են մեկից երեք օր:
Ուզում եմ ուշադրություն հրավիրել ևս մեկ մասնագիտական՝ «մեդիա դետոքս» (Digital/ media detox) հասկացության վրա: Սա այն է, երբ մարդիկ կանխամտածված սահմանափակում են ինֆորմացիայի հոսքը՝ հրաժարվելով դիտել հեռուստատեսություն/ կոնկրետ ալիքներ, կամ, օրինակ, արգելափակելով սոցիալական մեդիաների հարթակները կամ հրապարակումները: Դրա մի տեսակ է նաև escapism-ը, երբ մարդիկ պարզապես չեն ուզում հետևել լրատվությանը՝ իրենք իրենց պաշտպանելով բացասական նորություններից:
Հիմա, մեզ սպառնացող մանիպուլյացիոն փոթորիկների շրջանում, երբ մարդկանց համար ավելի դժվար է լինելու ճիշտը ստից տարբերել, այս երկու հասկացություններն ավելի արդիական են դառնում:
Երկու դիտարկում կուզենայի անել: Մեկը, պայմանական ասած, «փոթորիկների կազմակերպիչների», մյուսը՝ սպառողների՝ սովորական մարդկանց համար:
Առաջին հայացքից թվում է, որ եթե ինչ-որ ուժ տիրապետում է մեծաթիվ մեդիա ռեսուրսների՝ լրատվամիջոցներ, «ֆեյքերի ֆաբրիկաներ» և այլն, միանշանակ առաջատար կարող է լինել հանրային ուշադրությունը գրավելու հարցում: Դա միգուցե ճիշտ էր մոտ տասը տարի առաջ, բայց հիմա սա վիճելի մոտեցում է: Քանի որ հիմա մենք հանդիպում ենք մեր երկրորդ հասկացությանը՝ digital կամ media detox-ին, երբ մարդիկ պարզապես արգելափակում են կոնկրետ թեմայով բովանդակությունը՝ անկախ նրանից, թե քանի տեսակ մեդիայով ու հարթակով են դա ստանում. փոխում են ալիքը, ռեփորթ են անում պոստերը և այլն: Այսինքն, շատ մեդիա ռեսուրսների տիրապետելը բոլորովին չի նշանակում հասնել շատ մարդկանց, դա հիմա ավելի շատ նշանակում է՝ հասնել նույն մարդկանց: Իսկ եթե դրան գումարած՝ քաղաքական ուժերի խոստումները իրականությունից կտրված են, չեն համապատասխանում մարդկանց առաջնային կարիքներին, դա նշանակում է՝ անիմաստ ռեսուրսների վատնում: Քանի որ կենսունակ է այն բովանդակությունը, որը հանդիպում է մարդկանց իրական կարիքների հետ՝ անկախ դրա տարածման միջոցից ու անգամ մասշտաբից։
Մյուս դիտարկումը վերաբերում է սպառողներիս՝ հանրությանը: Նախընտրական մանիպուլյացիոն փոթորիկը ենթադրում է կեղծ օրակարգերի տարածում: Այն աշխատում է հետևյալ կերպ: Կոնկրետ ուժի կողմից կառավարվող մեդիաները սկսում են պարբերաբար ու շատ ագրեսիվ տարածել թեզեր՝ փորձելով դրանց հանրային պահանջի ձև հաղորդել: Դրա վառ օրինակն է կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը. երբ իշխանական ուժը համարում է, որ դա հանրության համար առաջնային օրակարգ է, մինչդեռ նույն ժամանակաշրջանում արված՝ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից հարցումները բոլորովին այլ առաջնային պահանջներ են բացահայտում:
Հիմա՝ ինչպե՞ս խուսափել այդ բազմաշերտ մանիպուլյացիաներից ու փորձել իրավիճակը սթափ գնահատել: Նախընտրական այս շրջանում առաջարկում եմ մեր քաղաքացիներին հետևյալ պարզ վարժությունը կատարել. որոշեք ձեզ համար, որոնք են երեք առաջնային խնդիրները, և փորձեք վերլուծել, թե որ ուժի համար են նաև դրանք առաջնային եւ ով կարող է դրանք լուծել իրականում, ոչ թե ստելով:
Օրինակ, ինձ, որպես սովորական քաղաքացու (ոչ որպես մասնագետի) համար առաջնային են հետևյալ երեք խնդիրները.
ա/ Արդյո՞ք կարող եմ հետագայում անվտանգ այցելել Վայոց ձորի մարզում բնակվող իմ հարազատներին, եթե Տիգրանաշենը որպես անկլավ հանձնվի Ադրբեջանին և արդյո՞ք Ջերմուկում բնակվող իմ հարազատներն իրենց անվտանգ են զգալու հետագա տարիներին:
բ/ Մտահոգում է գրեթե անկառավարելի գնաճը: Ընդ որում՝ ոչ միայն ներմուծվող ապրանքների, այլև, օրինակ, տեղական կաթնամթերքի: Ցանկը, վստահ եմ, դուք կարող եք շարունակել: Հետևաբար, այն թեզը, թե ժողովուրդն սկսել է վերջին տարիներին ավելի լավ ապրել, կամ կանխամտածված սուտ են, կամ հասարակությունից օտարված լինելու հետևանք:
գ/ Մտահոգում է այն, որ անվտանգ ու հարմարավետ չեմ զգում իմ քաղաքում՝ Երևանում: Միայն մեկ տարվա ընթացում իմ շրջապատում երեք հոգի բախվել է ավտոմեքենաների թալանի դեպքերի, իսկ չորրորդի դեպքում՝ օրը ցերեկով կոտրել էին մեքենայի ապակին ու տարել օրենքի պահանջով արդեն թափանցիկ դարձած պատուհանից երևացող դրամապանակը: Ընդ որում, այդ դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել: Նաև ամաչում եմ իմ եվրոպացի հյուրերիս առաջ քաղաքային իշխանությունների, մեղմ ասած, ոչ կոմպետենտ որոշումների հետևանքների համար: Մինչև հիմա չեն կարողանում տրանսպորտի վճարման նորմալ համակարգ ներդնել, հետն էլ՝ մետրոյի ամեն կայարանում ոստիկաններ ու հսկիչներ են տեղակայված, որ չվճարողներին պատժեն:
Այս պարզ վարժությունը, հուսով եմ, որոշ չափով կօգնի կողմնորոշվել ու նաև խնայել ձեր նյարդերը:
Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: