Որպես հաղորդակցության մասնագետ՝ սարսափով եմ հետևում նրան, ինչ կատարվում է Հայաստանի հանրային կյանքում: Օգտագործվում են PR և քաղաքական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք սովորական «սև» չեն, այլև նողկալիության աստիճանի այլանդակ և վտանգավոր մեր հանրության համար:
Մասնագիտության բերումով բազմաթիվ «սև PR» -ի օրինակներ եմ ուսումնասիրել, այդ թվում՝ տարբեր երկրների ընտրարշավներից, բայց այսպիսի ստորագույն տեխնոլոգիաներ հնարավոր չէ գտնել: Իմ արտասահմանցի գործընկերներից մեկն ասում էր, թե անգամ «սև PR» -ը ունի կանոններ, մինչդեռ մեր՝ հայաստանյան իրողություններում այդ տեխնոլոգիաներն ընտրվում են՝ ելնելով այն կիրառողների և դրանց պատվիրատուների ստորության ու այլասերվածության աստիճանից: Դա է պատճառը, որ դրանք նաև անսպասելի ու շոկային բնույթ ունեն:
Հայաստանում այսօր օգտագործվող տեխնոլոգիաները, եթե փորձեմ դրանց քիչ թե շատ մասնագիտական ձևակերպում տալ, քայքայիչ են, պառակտող և ահաբեկչական: Եվ դրա թիրախը ոչ թե մեր հակառակորդներն են (որոնք, ի դեպ, բավականին արդյունավետ հակաքարոզչություն են անում Հայաստանի դեմ միջազգային ասպարեզում), այլև՝ հենց մեր ժողովուրդը:
Այն, ինչ պետք է անենք մենք՝ մասնագետներս, այսօրվա տեխնոլոգիաներն արձանագրելն է, դրանց սոցիալ-հոգեբանական և այլ ազդեցություններն ուսումնասիրելն ու, որպես անթույլատրելիության դասագրքային օրինակ, ներկայացնելը:
Ամոթալի մյուս երևույթը ներկայիս ղեկավարության հանրային հաղորդակցությունն ու հանրային խոսքն է: Ինձ միգուցե առարկեն՝ ասելով, որ բոլորն են հիմա հայհոյախառն բառապաշարով խոսում: Այդ ընդհանուր անկումն առկա է և, անշուշտ, շատ ցավալի է: Բայց բարձրաստիճան պաշտոնյաների, երկիր ներկայացնողի համար այդպիսի հանրային խոսքը դուրս է ամեն սահմանից:
Հասցեատեր ունեցող (կապ չունի՝ այդ հասցեատերը մեկ անձ, խումբ, քաղաքական ուժ, թե կազմակերպություն է) ցանկացած խոսք, էլ չասենք՝ գռեհիկ խոսք և հայհոյանք, ինքնին ազդեցություն է, որն անպայման հակազդեցություն է առաջացնելու: Եթե ինչ-որ մեկը, առավել ևս՝ պաշտոնյան, թույլ է տալիս գռեհկաբանություն կամ հայհոյանք, պետք է պատրաստ լինի հակազդեցության: Ու դա շարունակելը դառնում է արատավոր շրջան, որից դուրս գալը դժվար է:
Գրագետ հանրային խոսքը մշակույթ է, արժեք է: Գրագետ հանրային խոսքը սերունդներ է կրթում ու ձևավորում: Նրանք, ովքեր թերագնահատում են դրա արժեքը, առաջարկում եմ դիտել The King's Speech ֆիլմը:
Վերջերս կարդում էի Արամ Աբրահամյանի խմբագրականը, որտեղ ասում էր.
«ժամանակին մարդիկ թեթեւ հեգնանքով էին վերաբերվում առաջին նախագահի ռաֆինացված լեզվին: Բայց հիմա ես մտածում եմ, որ պետական մակարդակով այդպիսի լեզվով խոսելը կարեւոր է»: Ուղղակի ավագ գործընկերոջս լրացնեմ՝ որ ոչ միայն կարևոր է՝ այլ հաղորդակցության տեսանկյունից՝ պարտադիր:
Վերջում մի հռետորական հարց՝ պետական համակարգում դեռ մնացած հատուկենտ պրոֆեսիոնալներին: Դուք համաձա՞յն եք և հավանությո՞ւն եք տալիս նման վարքագծին:
Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: