Մայիսի 30-ին հրավիրված էի «Երկխոսություն Ռուբենի հետ» միջոցառմանը, որի ժամանակ թարգմանիչ Արտաշես Էմինը շատ կարեւոր բան ասաց. Բաքվի բանտում «Ռուբեն Վարդանյանը պահում է բոլորիս պատիվը եւ արթնացնում է մեր նիրհող արժանապատվությունը»:
Այս շաբաթ՝ Առաջին Հանրապետության օրվա առիթով, որոշել էի վերընթերցել Նիկոլ Փաշինյանի մայիսի 28-ի բոլոր ուղերձները: Արդյունքը կարող եք տեսնել Փաշինյանի մայիսի 28-ի ութ ուղերձները. «Անհնարինն անելուց» մինչեւ «Իրական Հայաստան» հրապարակման մեջ:
Այս աշխատանքի ընթացքում ինձ հանդիպեցին նաեւ Ռուբեն Վարդանյանի խոսքերը Սարդարապատի մասին, որոնք նա ասում էր նախքան Արցախի պետական նախարար նշանակվելը եւ այդ պաշտոնը թողնելուց հետո:
Դրանք եւս ներկայացնում եմ առանց մեկնաբանությունների:
2022թ. սեպտեմբերի 1
Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, որ Արցախ տեղափոխվելու «դժվարին որոշում է կայացրել»։ Դիմելով հայրենակիցներին՝ նա ասում է, որ «այսօր մենք ապրում ենք գոյաբանական Սարդարապատ, եւ եթե բոլոր ոչ անտարբեր մարդիկ միմյանց չօգնեն, մենք կկորցնենք մեր ապագան»։
2022թ. սեպտեմբերի 12
Ռուբեն Վարդանյանն ասում է, որ Ադրբեջանի «հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու»։
«Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո'ւժ ու վճռականություն բոլորիս»:
2022թ. հոկտեմբերի 4
Մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից ստացված առաջարկը՝ Արցախի պետական նախարարի պաշտոնը ստանձնելու մասին, Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասում է.
«Արցախի փրկությունն այսօր իմ կյանքի գլխավոր նպատակն է: Ես տեղափոխվեցի այստեղ, որպեսզի իմ հայրենակիցների հետ ամեն ինչ անեմ հանուն հայկական քաղաքակրթության այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգված է Արցախի գոյությունը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպես ազգ, մեր ապագան է դրված»։
2023թ. փետրվարի 23
Արցախի կառավարության նիստում Ռուբեն Վարդանյանը հանդես է գալիս ելույթով (նախքան իրեն պաշտոնից ազատելու մասին Արցախի նախագահի հրամանագրի հրապարակումը)։
«Ինձ համար դա Սարդարապատ էր: Երբ ասում եմ Սարդարապատ, ես հասկանում եմ ճգնաժամ, ուրիշ օրակարգ, եւ ինձ համարում եմ զինվոր, որն անում է ամեն ինչ, ինչ պետք է մեր հայրենիքի փրկության համար»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: