Թոմասը, Թոմը եւ Բրոդսկու «շողքը» - Mediamax.am

Թոմասը, Թոմը եւ Բրոդսկու «շողքը»
221 դիտում

Թոմասը, Թոմը եւ Բրոդսկու «շողքը»


90-ականների սկզբին ես, ինչպես եւ իմ սերնդակիցներից շատերը, տարված էի Իոսիֆ Բրոդսկիով: Այսօր էլ նրան համարում եմ մեծագույն պոետ եւ երազում, որ մի օր ժամանակ կունենամ առանձնանալ նրա բանաստեղծությունների հաստափոր հատորի հետ, որին ամեն օր նայում եմ գրապահարանիս կողքով անցնելիս:

90-ականների սկզբին, իհարկե, չէի պատկերացնի, որ 25 տարի անց Երեւանում ոչ միայն կտեսնեմ Բրոդսկու ընկերներից մեկին, այլեւ նրա հետ հանդիպում կվարեմ:

2017 թվականի մայիսին զանգ ստացա իմ լավ բարեկամ, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասից: Ասաց, որ հունիսին Հայաստան է հրավիրել լիտվացի հայտնի բանաստեղծ եւ թարգմանիչ Թոմաս Վենցլովային եւ առաջարկեց, որ վարեմ նրա հետ հանդիպումը Mirzoyan Library-ում: Իհարկե, համաձայնեցի: Ինչպես կարելի էր հրաժարվել հանդիպումից մի մարդու հետ, ով ընկերություն է արել Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Իոսիֆ Բրոդսկու եւ Չեսլավ Միլոշի հետ:

Հանդիպման ժամանակ Վենցլովան ներկայացրեց «Լիտվական նոկտյուռն» բանաստեղծության պատմությունը, որը Բրոդսկին իրեն է նվիրել: Ասաց, որ
Բրոդսկին սկսել էր այդ բանաստեղծությունը դեռ Խորհրդային Միությունում, անավարտ էր թողել, հետո ԱՄՆ-ում կրկին վերադարձել էր դրան եւ ավարտել:

«Բավական հաճախ էր ինձ զանգում՝ տարբեր մանրամասներ ճշտելու համար: Բանաստեղծության մեջ նա հիշատակում է լիտվացի օդաչուներ Դարիուսին եւ Գերենասին, որոնք 1933 թվականին ԱՄՆ-ից թռչեցին Լիտվա եւ վախճանվեցին Գերմանիայի տարածքում: Մասնավորապես, Բրոդսկին հարցնում էր, նրանք մոնոպլա՞ն էին վարում, թե բիպլան: Երբ բանաստեղծությունն ավարտեց, զանգահարեց ինձ եւ կարդաց: Իհարկե, ինձ շատ հաճելի է, որ Բրոդսկին ինձ նման բանաստեղծություն է նվիրել», - պատմում էր նա:


Թոմաս Վենցլովան եւ Թոմ Սթոփարդը

Իսկ 2000-ականների սկզբին ես բաց թողեցի Բրոդսկու հետ անուղղակի կապ ունեցող մեկ այլ Թոմի հետ ծանոթանալու հնարավորությունը: Բրյուսելում էի, ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի ամենամյա Brussels Forum-ին: Ընդմիջումներից մեկի ժամանակ նկատեցի, որ ընդդիմադիր բելառուս պատվիրակները զրույցի են բռնվել պատկառելի տարիքի մի տղամարդու հետ: Մեկ էլ հասկացա, որ հայտնի անգլիացի դրամատուրգ Թոմ Սթոփարդն է:

Սթոփարդը հայտնի դարձավ 1966 թվականին, երբ լույս տեսավ նրա «Ռոզենկրացն ու Գիլդենշտերնը մահացած են» պիեսը: Մի քանի տարի անց Բրոդսկին թարգմանել էր այն:

«Բրոդսկուն հանդիպել եմ մի անգամ՝ նրա հրատարակչի կազմակերպած ընդունելության ժամանակ: Նա ասաց, որ թարգմանել է իմ պիեսը։ Շատ
շոյված եւ շփոթված էի: Դա նրա Նոբելյան մրցանակ ստանալուց մի քանի շաբաթ անց էր», - ժամանակին պատմել էր Սթոփարդը:

Մի պահ որոշեցի մոտենալ նրան եւ ծանոթանալ, բայց հետո ամաչեցի ու բավական երկար հեռվից հետեւում էի նրա եւ բելառուսների զրույցին: Հետո որոշեցի, որ կմոտենամ հաջորդ ընդմիջման ժամանակ, բայց այլեւս դահլիճում Թոմ Սթոփարդին չտեսա:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին