Ապրիլի 15-ին գնացել էի ««Հրազդան» ստադիոնը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին, որի մասին կարող եք կարդալ այստեղ:
«Հրազդանն» ինձ համար շատ հարազատ թեմա է: Հայրս մարզադաշտի կոնստրուկտորական խմբի կարեւոր անդամներից էր՝ չնայած երիտասարդ տարիքին (1971 թվականին, երբ «Հրազդանը» բացվեց, նա 31 տարեկան էր): Մեր տանը միշտ հատուկ վերաբերմունք կար մարզադաշտի հանդեպ: Այդ հպարտությունը նաեւ ինձ էր փոխանցվում՝ բոլոր ընկերներս գիտեին, որ պապան մասնակցել է «Հրազդան» ստեղծմանը:
Ինձ շատ էին զարմացնում էին հորս պատմություններն այն մասին, թե ինչպես էր Կարեն Դեմիրճյանը գալիս ու հետեւում մարզադաշտի կառուցման ընթացքին` հորս դիմելով «սիրուն տղա»: Երեխա էի, չէի հասկանում, թե ինչպես կարող էր այդ կարեւոր մարդը այդքան անմիջական խոսել հորս հետ:
Այս անցագիրը (այն թարմացվում էր ամեն տարի) պապային տվել էին՝ որպես «Հրազդան»-ի ստեղծման մասնակցի, ուստի եթե որոշում էինք ֆուտբոլի գնալ, գիտեինք, որ «տոմս» միշտ ունենք: Անցագրի վրա 1989 է գրված՝ ենթադրում եմ, որ դրանից հետո այն չի թարմացվել:
Ֆուտբոլ գնալը հետաքրքիր «ծես» էր: Գրեթե միշտ ոտքով էինք գնում` Սարյանի փողոցով հասնում էինք մինչեւ թունելները, անցում էինք դրանց միջով եւ շարունակում էինք քայլել Հրազդանի կիրճով:
Իսկական «ճանապարհորդություն» էր: Այն ժամանակ Հրազդանի կիրճում հատուկենտ մեքենաներ ու մարդիկ էին հանդիպում ու թվում էր, որ «քաղաքից դուրս» ենք: Ինձ այդ երկվությունը շատ էր դուր գալիս՝ գիտակցել, որ քաղաքում ես, բայց միաժամանակ վայելել «քաղաքից դուրս» լինելու զգացումը: Հրազդանի կիրճում 1980-ականների վերջում արված շատ հետաքրքրիր նկարներ ունի բելգիացի լուսանկարիչ Կարլ դե Կեյզերը:
Գրքի շնորհանդեսի ժամանակ թե՛ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւ թե՛ ինժեներ-կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանը հատուկ շեշտում էին թիմային ստեղծագործելու ոգին, որը կար «Հայպետնախագիծ» ինստիտուտում:
Փոքր էի, բայց հիշում եմ, որ երբ հայրս ինձ տանում էր աշխատավայր, այնտեղ ամեն ինչը շատ տարբերվող էր նրանից, ինչ տեսնում էի այլ վայրերում: Նրանք թիմային եւ ստեղծագործ էին ոչ միան աշխատանքում, այլեւ «քեֆ անելուց»:
Աչքի լույսի պես պահում եմ պաստառը, որը «Հայպետնախագծի» նրա ընկերները պատրաստել էին 1982 թվականին՝ պապայի 40-ամյակի առիթով: Պաստառի վրա պատկերված է Դոն Կիխոտը, որի դեմքը պապայի լուսանկարն էր, իսկ ներքեւի հատվածում բառախաղի գլուխգործոց գրություն՝ Тонки Влад (պապան նիհար էր ու բոյով):
Մի քանի տարի առաջ մեր գրասենյակ էր եկել իմ ընկեր եւ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի ուսանող Արման Սաֆարյանը: Պարզվեց, որ նա իմ սիրելի դասախոս Ալեքսանդր Սաֆարյանի որդին է: Բայց դա միակ անակնկալը չէր: Պարզվեց նաեւ, որ Արմանի մայրիկը հրաշալի ճարտարապետ Լեւոն Խրիստաֆորյանի դուստրն է: Պապան եւ Լեւոնը (որին ընկերները «Խրիստ» են անվանում) շատ մտերիմ էին: Բայց գլխավոր անակնկալն առջեւում էր: Արմանը՝ տեղյակ լինելով պապայի եւ Լեւոն Խրիստաֆորյանի ընկերության մասին, իր հետ թվայնացված լուսանկարներ էր բերել պապիկի արխիվից:
Այս լուսանկարում ճարտարապետ Լեւոն Խրիստաֆորյանը (ձախից) եւ ինժեներ-կոնստրուկտորներ Իննա Բաղրամյանը եւ Վլադիմիր Թադեւոսյանը ինչ-որ աշխատանքային հարց են քննարկում: Սեղանին դրված էսքիզին պատկերված է Լենինականի «Շիրակ» օդանավակայանի էսքիզը: Այն նախագծվել է 1978-1979 թվականներին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի, Լեւոն Խրիստաֆորյանի եւ ինժեներ-կոնստրուկտորներ Էդուարդ Թոսունյանի եւ Վլադիմիր Թադեւոսյանի կողմից: Գուրգեն Մուշեղյանն, ի դեպ, չնայած պատկառելի տարիքին, պայքարում էր ոչ միայն «Հրազդան» մարզադաշտի, այլեւ «Շիրակ»-ի աղավաղումների դեմ:
Իսկ այս լուսանկարով «Հայպետնախագիծ» ինստիտուտի աշխատակիցներն ապացուցում են, որ ոչ միայն լավ աշխատում էին, այլեւ հրաշալի անցկացնում էին ազատ ժամանակը:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: