«Մյունխենյան սկզբունքները»՝ 5 տարի անց - Mediamax.am

«Մյունխենյան սկզբունքները»՝ 5 տարի անց
3734 դիտում

«Մյունխենյան սկզբունքները»՝ 5 տարի անց


Փետրվարի 14-ին Երեւանում տեղի էր ունեցել «44. Պարտություն» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում հեղինակներից մեկը՝ Կարեն Հարությունյանն, ասել էր.

«Պատերազմի երկու բաղադրիչ պետք է առանձնացնել՝ ռազմական եւ քաղաքական։ Այս պատերազմը նախ եւ առաջ քաղաքական պարտություն էր։ Մենք այս գրքում բավականին մանրամասն վերլուծում ենք ռազմական բաղադրիչը, սակայն նախ եւ առաջ գործ ունենք դիվանագիտական, քաղաքական ձախողման հետ։ Այն մեծ թափ առավ 2018թ.-ից հետո՝ իշխանության պոպուլիզմով, ոչ կոմպետենտությամբ եւ իրականությունը ճիշտ գնահատելու անկարողությամբ»։

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Մյունխենի անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսին: Գերմանիա մեկնելուց առաջ նա Ազգային Ժողովի ամբիոնից հերթական անգամ ուղիղ եւ անուղղակի մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի նախկին նախագահների հասցեին՝ կարգավորման գործընթացը տապալելու կամ փակուղի տանելու համար:

5 տարի առաջ Մյունխենյան կոնֆերանսի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետի անփառունակ բանավեճը Ադրբեջանի նախագահի հետ, որը Փաշինյանը «շրջադարձային» էր անվանել:



Բանավեճից հետո Փաշինյանը ոչ միայն հրապարակեց իր կազմած «Մյունխենյան սկզբունքները», այլեւ պնդեց, որ դրանք կարգավորման գործընթացում «նոր բովանդակություն» են ապահովում:

Փաշինյանն ասում էր, որ 2018 թվականի մայիսից հետո Ադրբեջանը փորձում էր համոզել միջազգային հանրությանը, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի, իսկ Մյունխենի քննարկումն ապացուցեց, որ հենց Ադրբեջանն է հանդես գալիս ապակառուցողական, «երբեմն էլ ռասիզմի հասնող դիրքերից»:

Մեկնաբանելով «Մյունխենյան սկզբունքներից» մեկը՝ «չկա տարածքների խնդիր, կա անվտանգության խնդիր», Հայաստանի վարչապետն ասում էր, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել «ոչ թե հաճույքի համար, այլ այն պատճառով, որ այլ տարբերակ չեն ունեցել»:

Նա հավելել էր, որ նպատակը եղել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հնարավորինս հեռացնել Արցախի սահմաններից, եւ «եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը կարող է առաջարկել անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ գործիքներ, հայ ժողովուրդը պատրաստ է դա քննարկել»:

Նիկոլ Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքներից» եւս մի քանիսը հիշեցնեմ.

«Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը»:

«Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը»:

«ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

Մյունխենի «շրջադարձային» քննարկումից 7 ամիս անց Ալիեւը պատերազմ սկսեց:

«Մյունխենյան սկզբունքների» հռչակումից 5 տարի անց Փաշինյանը առաջ է տանում «Իրական Հայաստանի» թեզը: Այն նույն Փաշինյանը, որը հինգ տարի առաջ Մյունխենում Ալիեւին ասել էր.

«Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիեւն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որեւէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Accuradio-ն եւ 1976-ը
Մեր ընտրանին