USAID-ի փակման «ողբը», մեդիաների ինքնաբավության հրամայականը եւ ամենօրյա չարչարանքը - Mediamax.am

USAID-ի փակման «ողբը», մեդիաների ինքնաբավության հրամայականը եւ ամենօրյա չարչարանքը
682 դիտում

USAID-ի փակման «ողբը», մեդիաների ինքնաբավության հրամայականը եւ ամենօրյա չարչարանքը


ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի թիրախում հայտնվելուց հետո Հայաստանում քննարկումներ են գնում այն մասին, որ ամերիկյան օգնության սառեցումը կամ դադարեցումը անխուսափելիորեն վնասելու է նաեւ հայկական մեդիային:

Ինչպես միշտ, նորմալ քննարկում տեղի չի ունենում: Մի բեւեռում գտնվողները չարախնդում են. «գրանտակերների վերջը եկավ»: Մյուս բեւեռի «հնաբնակները» գուժում են, որ «այլեւս անկախ մեդիա չենք ունենալու»: Ու գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, որ իրապես անկախ մեդիան պետք է ֆինանսապես ինքնաբավ լինի:

Երբ 26 տարի առաջ ստեղծում էինք Մեդիամաքսը, ինքնաբավության հասնելը (դա տեղի ունեցավ գործունեության մեկնարկից մոտ 6 ամիս անց) մեզ համար անկյունաքարային էր: Այն ժամանակ մենք սոսկ լրատվական գործակալություն էինք, եւ մեզ ասում էին, որ հայկական փոքր շուկայում արդեն 4 կայացած գործակալություն կա, եւ մենք մրցակցությանը չենք դիմանա: Բայց մենք ամենասկզբից սկսեցինք մատուցել ծառայություններ, որոնք տարբերվում էին շուկայում եղածներից, եւ դա նպաստում էր ոչ միայն Մեդիամաքսի հեղինակության բարձրացմանը, այլեւ գումար վաստակելուն:

Ստեղծվելուց մոտ 5 տարի անց մենք հասկացանք, որ ինտերնետի զարգացումը եւ տարածումը վաղ թե ուշ «սպանելու է» զուտ բաժանորդագրային մոդելը, որի վրա կառուցված էր բոլոր գործակալությունների գործունեությունը: Այդպես՝ 2006 թվականին ստեղծվեց www.Banks.am կայքը, որի նպատակներից մեկն այն ժամանակ մարդկանց ֆինանսական գիտելիք տրամադրելն էր: Banks.am-ը եկամտաբեր դարձավ ստեղծումից մի քանի ամիս անց, իսկ այսօր՝ գրեթե երկու տասնամյակ անց, այն ոչ միայն գործարար եւ ֆինանսական տեղեկատվության Հայաստանի ամենահարգված հարթակն է, այլեւ Մեդիամաքս մեդիա ընկերության ֆինանսական անկախությունն ապահովող հենասյուներից մեկը:

2019 թվականին գրել էի Անհատույց տարածքներն ու «խեղճ» մեդիան սյունակը, որի համար շատ քննադատվեցի որոշ գործընկերների կողմից: Բայց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այն ժամանակ գրածս յուրաքանչյուր բառի տակ, քանի որ որեւէ մեկը չի կարող ինձ բացատրել՝ ինչո՞ւ Մեդիամաքսը պետք է շուկայական վարձավճար վճարի իր զբաղեցրած տարածքի համար, իսկ այլ մասնավոր մեդիաներ պետությունից անվճար կամ խորհրդանշական գնով տարածք ստանան եւ աղմուկ բարձրացնեն պայմանների փոփոխության դեպքում:

Փոքր դրամաշնորհները, որոնք ժամանակ առ ժամանակ ստանում ենք կոնկրետ նախագծերի իրականացման համար (օրինակ՝ Կոտրելով պատնեշները), երբեք չեն գերազանցել մեր տարեկան հասույթի 1-2 տոկոսը: Մնացած 98-99 տոկոսը Մեդիամաքս մեդիա ընկերությունը վաստակում է ամենատարբեր եղանակներով՝ գովազդի վաճառք, գործընկերային հրապարակումներ եւ հատուկ նախագծեր, մեդիայի մոնիտորինգ եւ վերլուծություն: Դրա արդյունքում 1999-2024թթ. ընթացքում Մեդիամաքսի վճարած հարկերի եւ այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալը կազմել է 724.5 միլիոն դրամ, որից 348.7 միլիոնը (մոտ 48%) կազմել են ուղղակի հարկերը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ ունենք Mediamax Premium հարթակը, որի բաժանորդները փոքր գումար դիմաց շաբաթը երկու անգամ ինձնից նամակներ են ստանում: Չեմ ասի, որ այստեղից մեծ եկամուտ ունենք, բայց կրկին՝ այլընտրանքային աղբյուր է:

Մի քանի ամիս է, ինչ գործում է մեր առցանց գրախանութը, որը եւս հավելյալ եկամուտ է ապահովում:

Առաջիկայում նոր պրոդուկտներ ենք գործարկելու, որոնք նորություն են լինելու հայաստանյան շուկայում:

Այս ամենը ներկայացնում եմ ոչ թե «գլուխ գովելու», այլ ցուցադրելու համար, որ ցանկության դեպքում Հայաստանում կարելի է ինքնաբավ մեդիա ստեղծել ու զարգացնել: Այո, դա ամենօրյա դժվարին եւ «սեւագործ» աշխատանք է պահանջում, բայց նույն դժվարություններն այսօր աշխարհում ունեն բոլոր որակյալ մեդիաները եւ հենց դա է ստիպում նրանց ստեղծագործ լինել ու հանդես գալ նոր գաղափարներով:

Իմ խորին համոզմամբ, անկախ կարող է կոչվել միայն այն մեդիան, որն ինքնաբավ է եւ ֆինանսական կախում չունի պետությունից, քաղաքական կուսակցություններից, տնտեսական խմբերից, օտարերկրյա կառավարություններից եւ հիմնադրամներից: Բացառություն կարող են լինել միայն նիշային մեդիաները: Օրինակ, հստակ է, որ հետաքննական լրագրությամբ զբաղվող Hetq.am-ը չունի իր բովանդակությունը մոնետիզացնելու նույն ազատությունը, որն ունենք մենք: Բայց եթե խոսքը գնում է ընդհանուր ուղղվածության մեդիաների մասին, ապա դրանք բոլորը պետք է գործեն շուկայական տրամաբանությամբ: Կամ՝ չգործեն:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Accuradio-ն եւ 1976-ը
Մեր ընտրանին