Այսօր մի քանի թերթեր հոդվածներ են հրապարակել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտալուտ հրաժարականի մասին: Չգիտեմ` ճի՞շտ են դրանք, թե ոչ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվության նման համակարգված արտահոսքը պատահական չի լինում:
Երբեք չեմ թաքցրել, որ համակրանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանին: Պատճառներից մեկն այն է, որ երկու տարի առաջ, լինելով «Հայռուսգազարդի» ղեկավարը, նա աջակցեց մեր «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրին: Այդ ծրագիրը հավակնոտ երազանքից իրականության վերաճեց նախեւառաջ Կարեն Կարապետյանի շնորհիվ:
Այնպես որ, կարող եմ ասել, որ այս հարցում օբյեկտիվ չեմ: Բայց, կարծում եմ, որ միայնակ չեմ. Հայաստանում կա մարդկանց մի մեծ խումբ, որոնց մոտ Կարեն Կարապետյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում մեծ հույսեր առաջացրեց: Հույսերը հիմնականում կապված էին նրա հետ, որ առանցքային պաշտոններից մեկում նշանակվեց մի մարդ, ով էապես տարբերվում էր մնացած գործիչներից:
Նա գիտի, ինչ է «դրայվը» ու չի ամաչում դրա մասին բարձրաձայն խոսել: Ու ամենաշատը այդ բառերի համար նրան քննադատում էին նրանք, ովքեր «դրայվ» զգալու ունակություն պարզապես չունեն: Զարմանալու բան չկա. «մուտիլովկան» կյանքի ու աշխատանքի ոճ հռչակածները «դրայվ» զգալ չեն կարող: Որովհետեւ «դրայվ» զգալու համար պետք է ունենալ սիրտ եւ ուղեղ, իսկ «մուտիտ անելու» համար դրանց առկայությունն ամենեւին պարտադիր չէ:
Եթե Կարեն Կարապետյանը հեռանա քաղաքապետի պաշտոնից, դա կնշանակի, որ համակարգն իրոք չի հանդուրժում մարդկանց, որոնք չեն համապատասխանում «փողատեր-հարց լուծող-ձայն բերող» (ձեւակերպումները կարելի է երկար շարունակել) հավաքական կերպարին:
Եթե Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցն իրոք օրակարգում է, ուրեմն, դրա համար կան հիմնավոր պատճառներ: Միգուցե, նրա աշխատանքից դժգոհ է ՀՀԿ-ն, որը Կարեն Կարապետյանին առաջադրել է քաղաքապետի պաշտոնում եւ լիակատար իրավունք ունի գնահատական տալ նրա գործունեությանը: Կամ էլ քաղաքապետն ինքն է հասկացել, որ չի կարողանում իրագործել իր նախանշած ծրագրերը: Բայց ինձ համար հնարավոր հրաժարականի կոնկրետ պատճառն այնքան էլ կարեւոր չէ:
Կարեւորն այն է, որ աշխատանքը լավ կամ վատ կատարելը, ըստ էության, մեզնում որոշիչ գործոն չէ: Որոշիչը տեսակի խնդիրն է: Եվ հաղթում է այն տեսակը, որին պատկանում է, օրինակ, Գյումրիի քաղաքապետը:
Եթե Կարեն Կարապետյանը հեռանա Երեւանի քաղաքապետի պաշտոնից, ես կհուսահատվեմ: Կհուսահատվեն նաեւ բոլոր նրանք, ովքեր ոգեւորվեցին նախորդ տարվա դեկտեմբերին, երբ տեղի ունեցավ այդ անսպասելի նշանակումը: Կհուսահատվեն անգամ նրանք, ովքեր քաղաքապետի Facebook-ի էջը պարբերաբար օգտագործում էին սեփական բազմաթիվ բարդույթները արտահայտելու եւ սեփական ego-ն առաջ տանելու համար: Անգամ նրանք, ում բարձրագույն գեղագիտական ճաշակը թույլ չէր տալիս հանդուրժել Երեւանի շենքերի նոր գույները: Բայց այդ հուսահատությունը երկար չի տեւի. կնշանակվի նոր ու ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել էր մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերը: Ու այլեւս ոչ մի «դրայվ»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: