«Հայկական կարմիր» գիրքն ու Ջոն Ռեպսի տեսած 60-ականների Երեւանը - Mediamax.am

«Հայկական կարմիր» գիրքն ու Ջոն Ռեպսի տեսած 60-ականների Երեւանը
167 դիտում

«Հայկական կարմիր» գիրքն ու Ջոն Ռեպսի տեսած 60-ականների Երեւանը


2024 թվականը Մեդիամաքսն ավարտում է «Հայկական կարմիր» գիրք-ալբոմով, որի վրա քրտնաջան աշխատել ենք 7 ամիս: Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ մեր դիզայներ Աննա Աբրահամյանին եւ նախագծի ղեկավար Արամ Մակարյանին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ գիրքն իրականություն դարձավ:

Եթե ամանորյա նվեր եք փնտրում, «Հայկական կարմիր» գիրքը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/haykakan-karmir: Այս պահին նաեւ հատուկ առաջարկ ունենք՝ «Հայկական կարմիր»-ը գնելով՝ «Երեւան. XX դար» գիրքը կարող եք ձեռք բերել 50 տոկոս զեղչով:



«Հայկական կարմիր»-ի շապիկին Մաշտոցի (այն ժամանակ՝ Լենինի) պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկն է: Լուսանկարն արված է վեց տասնամյակ առաջ՝ 1964 թվականին, ամերիկացի Ջոն Ռեպսի կողմից:

2019 թվականին դեկտեմբերին պատահաբար մի բլոգում գտա Խորհրդային Միություն այցելած Ջոն Ռեպսի լուսանկարները: Պատմաբան-ուրբանիստը եղել էր Մոսկվայում, Լենինգրադում, Երեւանում եւ Բաքվում: Նրան հետաքրքրում էր նոր բնակելի թաղամասեր կառուցելու եւ քաղաքային միջավայրը նախագծելու խորհրդային փորձը:



Նա ականավոր հետազոտող էր, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ։ Նրա հանրահայտ «Քաղաքային Ամերիկայի ստեղծումը» աշխատությունը ամերիկյան քաղաքների պատմության ուսումնասիրության հիմք հանդիսացավ։ Իր երկար կյանքի ընթացքում Ռեփսը 13 է գիրք գրել, այդ թվում՝ աշխատություններ ԱՄՆ-ի, Կանբերայի եւ աշխարհի այլ մասերի քաղաքաշինության պատմության վերաբերյալ:
Նա հիմնադրել էր Historic Urban Plans ընկերությունը, որը վերարտադրում էր պատմական քարտեզները:



Նկարները գտնելուց հետո տեղեկացա, որ Ջոն Ռեպսը ողջ է: 2019 թվականին նա 98 տարեկան էր եւ հանդիսանում էր Քորնելի համալսարանի պատվավոր պրոֆեսորը:

Համալսարանի կայքում նշված էր նրա էլեկտրոնային հասցեն, ուստի որոշեցի նամակ գրել Ջոն Ռեպսին՝ խնդրելով պատմել 55 տարի առաջ տեղի ունեցած այցի մասին: Հոգուս խորքում կասկածում էի. արդյո՞ք 98 տարեկան մարդը օգտվում է էլեկտրոնային փոստից:

Կասկածներս անհիմն էին՝ ժամեր անց ստացա պրոֆեսոր Ռեպսի պատասխանը:

«Խորհրդային Միություն այցելել էի ՄԱԿ-ի՝ Նոր քաղաքների խմբի պատվիրակների եւ դիտորդների պատվիրակության կազմում: Երեւանը գեղեցիկ էր: Ինձ հատկապես տպավորել էին տուֆից շենքերը կենտրոնում: Շուկայի շենքը («Փակ շուկայի») ապշեցնող էր:  Այցի ամենատպավորիչ կետերից մեկն այցելությունն էր Հայաստանի պատմության թանգարան: Այդ ամենը շատ վաղուց էր, ես հիմա 98 տարեկան եմ, բայց մինչեւ հիմա հիշում եմ կենտրոնական հրապարակի գեղեցիկ շենքը», - գրել էր Ջոն Ռեպսը:



98-ամյա պրոֆեսորը, բարեբախտաբար, չգիտեր, որ շուկայի «ապշեցնող շենքից» մնացել էին միայն արտաքին պատերը, իսկ ներսում եռահարկ անդեմ հանրախանութ է:

Երկուշաբթի մտքովս անցավ նորից նամակ գրել պրոֆեսոր Ռեպսին եւ տեղեկացնել, որ գրքի շապիկին իր լուսանկարն է: Իհարկե, գիտակցում էի, որ նա դժվար կենդանի լինի, բայց որոշեցի նամակն ուղարկել, հետո համացանցում նայել: Ուղարկելուց հետո տեղեկացա, որ Ջոն Ռեպսը մահացել է 2020 թվականին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին