Եթե Mediamax.am կայքի որոնման բաժնում մուտքագրեք «Հովիկ Աղազարյան», ընդամենը մեկ հիշատակում կգտնեք՝ 2022 թվականի սեպտեմբերին գրված իմ «Գերագույն գլխավոր անզորը» սյունակում.
«Պատկերն ամբողջացնում էին Փաշինյանին հարց տվողները՝ Սերգեյ Բագրատյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան, Հայկ Սարգսյան: Առաջին երեքը, որ նախկինում այլ կուսակցությունների անդամներ էին եւ պատկառելի տարիքում հանգրվանել են «Քաղաքացիական պայմանագրում», նույնքան կեղծ են, որքան «խաղաղության օրակարգի» հայեցակարգը»:
Որեւէ այլ անգամ մենք Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին չենք գրել եւ, կարծում եմ, չենք գրելու: Պատճառը շատ պարզ է. երբեք չենք համարել, որ հիշյալ անձնավորությունը կարող է ինչ-որ բան ասել կամ անել, որը հետաքրքիր կլինի մեր ընթերցողներին:
Ապշում եմ՝ հետեւելով վերջին շաբաթներին պատգամավորի շուրջ ծավալվող «բուռն իրադարձություններին»: Սիրիան կանգնած է նոր պատերազմի շեմին, հալեպահայերի ապագան վտանգված է, աշխարհը շունչը պահած սպասում է Թրամփի «երկրորդ գալստյանը», Վրաստանում իրավիճակը ամեն օր կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այս ամենը կարեւոր չէ՝ ամեն օր վերնագրերում Հովիկ Աղազարյանն է ու իր մանդատը վայր դնել-չդնելը: Ոչ միայն անորակ «լրատվականները», այլեւ իմ կողմից հարգված մարդիկ առավոտից երեկո քննարկում են պատգամավորի ճակատագիրը:
Մի պատգամավորի, որը 6-7 տարվա ընթացքում ոչ մի բանով աչքի չի ընկել՝ մանր ու միջին սկանդալներից բացի: Բայց իր մասին այդ 6-7 տարվա ընթացքում այնքան են գրել ու խոսել, որ ինքն իրեն սկսել է «գործիչ» համարել:
Իրականում «Հովիկ Աղազարյանը» մեր հասարակության մի զգալի մասի հավաքական ախտանունն է: Այս սյունակն այն մասին չէ, թե արդյո՞ք վարչապետը իրավունք ունի պատգամավորին «խնդրել» մանդատը վայր դնել: Ոչ էլ այն մասին է, որ Քննչական կոմիտեի նախագահը չպետք է պատգամավորների հետ խոսի այնպես, ինչպես խոսում էր (անկախ այդ պատգամավորների որակներից): Անգամ այն մասին չէ, որ քաղաքացու վրա թքող Ազգային Ժողովի նախագահը հաստատ այն մարդը չէ, ով պետք է գնահատական տա ուրիշների վարքին:
Այն մասին է, որ «Հովիկ Աղազարյան» երեւույթը ինքն իրեն չի ծնվում: Հասարակությունն ու «լրատվականներն» են նրան, «Դոգին» (ցանկը կարելի է շարունակել) դարձնում մի կերպար, որը սկսում է նոր կյանքով ապրել եւ հավատալ, որ ինքն իսկապես «դեմք է»:
Երբ ձեզ թվում է, որ մեր հասարակությունը անշեղորեն գլորվում է դեպի անդունդը, մի զարմացեք: Դուք եւս նպաստում եք դրան՝ անգամ այն դեպքում, երբ կարծում եք, որ Հովիկ Աղազարյանի վրա «կայֆավատ» լինելը «անշառ» զբաղմունք է:
Հասարակությունները սկսում են կործանվել այն ժամանակ, երբ անընդունելին մերժելու փոխարեն սկսում են այն զվարճանքի առարկա դարձնել: Մեր հասարակությունը դրանում, ցավոք, վարպետացել է:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: