Ինքս սառնարանի վրա փակցվող մագնիսների մեծ սիրահար չեմ, բայց մեր տան սառնարանը գրեթե ամբողջությամբ պատված է դրանցով: Ճանաչում եմ մարդկանց, որոնց համար այդ մագնիսները իսկապես շատ կարեւոր են՝ նրանք կարող են լրջորեն նեղանալ, եթե հերթական ճամփորդությունից այդ փոքրիկ նվերը չբերես: Դա առավել եւս չեմ հասկանում՝ ի՞նչ հաճույք կարող է պատճառել ուրիշի հիշողության մասնիկը քեզ մոտ պահելը:
Վերջերս հայտնաբերեցի, որ այդ մագնիսներին վերաբերյալ գիտական հոդված է հրապարակվել: Post-holiday memory work: Everyday encounters with fridge magnets հոդվածը հեղինակել են հինգ բրիտանացի գիտնականներ: Մի ժպտացեք՝ դրանք ոչ թե այն վերացական «բրիտանական գիտնականներն» են, որոնց գրեթե ամեն օր տարբեր (եւ հիմնականում՝ ոչ հավաստի) գաղափարներ են վերագրում, այլ շատ իրական: Երկուսը դասավանդում են Մանչեսթերի Metropolitan համալսարանում, մեկը՝ Լիվերպուլի համալսարանում:
Հետազոտությունն անցկացնելու համար հեղինակները նախ ուսումնասիրել են մարդկանց օգտահաշիվները սոցիալական ցանցերում եւ առանձնացրել են նրանց, ովքեր պարբերաբար ճամփորդում են եւ կարող ենք մագնիսների հավաքածու ունենալ: Հետազոտությանը չեն մասնակցել մարդիկ, որոնց սառնարանների վրա
20-ից պակաս մագնիս կա՝ գիտնականները որոշել են, որ այդ քանակը բավարար չէ բովանդակային զրույց ունենալու համար:
Ահա մի հատված հոդվածից.
«Մասնակիցներն ասել են, որ գնել են մագնիսները՝ հիշողություններ արթնացնելու դրանց ունակության պատճառով: Ինչպես նշել է Գերտրուդը, արձակուրդը վայելելիս, նա «հիշողություն է ուզում»։ Սակայն, մագնիսների եւ հիշողության աշխատանքի փոխազդեցությունը բարդ է, բազմաշերտ եւ շատ ավելի հեռուն է գնում, քան նախորդ արձակուրդային փորձառություններ վերհիշելը»:
Մասնակիցներից շատերն ասել են, որ իրենց հավաքածուների մագնիսները հիշեցնում են հատուկ եւ եզակի փորձառությունների մասին, որոնք իրենք չեն զգացել մեկ այլ արձակուրդի ժամանակ:
Կարող եք կարդալ ամբողջական հոդվածը (այն իսկապես հետաքրքիր է), բայց կառաջարկեմ այլ բան անել: Եթե ձեր սառնարանի վրա կան մագնիսներ, այսօր առանձնահատուկ հայացքով նայեք դրանց եւ վերհիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ երջանիկ ու անհոգ եք եղել:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: