Վազգեն Սարգսյան. Սա պատմական շանս է, որ չի կրկնվելու - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Սա պատմական շանս է, որ չի կրկնվելու
1692 դիտում

Վազգեն Սարգսյան. Սա պատմական շանս է, որ չի կրկնվելու


Մաս 14

Շատերն էին նկատել, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ԱՄՆ այցից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը փոխվել է: Ինչո՞վ: Դժվար է ասել: Բայց ԱՄՆ-ում կայացած հանդիպումները ու պայմանավորվածությունները, որ մի կես տարում դառնալու էին պայմանագրեր ու համաձայնագրեր, Հայաստանի Հանրապետության համար ապահովելու էին այն իրավապայմանագրային հիմքը, որի վրա տնտեսության զարգացումը, արդյունաբերության վերագործարկումը ու ժողովրդագրական պատկերի փոփոխությունը Հայաստանն իսկապես դարձնելու էր տարածաշրջանի ամենակայուն ու ուժեղ պետությունը:

1999-ի հոկտեմբերի 5-ին կառավարությունում հրավիրած ասուլիսում Վազգեն Սարգսյանը մանրամասն պատմեց իր այցի ու հանդիպումների մասին.

-ԱՄՆ այցելության պատճառը Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովն էր: Ամեն տարի տեղի են ունենում նման ամփոփիչ համաժողովներ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացված էր վարչապետով, տնտեսական նախարարներով: Քանի որ համաժողովը Վաշինգտոնում էր, նախատեսված էին մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ի տնտեսական-ֆինանսական կազմակերպությունների, քաղաքական գործիչների հետ: Տեղի ունեցան հանդիպումներ և քննարկումներ Համաշխարհային բանկի, Եվրաբանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Զարգացման ամերիկյան գործակալության, Եվրամիության, մի շարք ֆինանսական ընկերությունների հետ, ինչպիսիք են «ԷԿԶԻՄ» բանկը, ՕՊԻԿ-ը և այլն: Հիմնական հանդիպումները, իհարկե, ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրաբանկի և Զարգացման ամերիկյան գործակալության հետ էին:

Ի սկզբանե նշեմ, որ հանդիպումները և քննարկումները անցնում էին հետևյալ բանաձևումով՝ ցավալի է, բայց փաստ, որ ՀՀ-ն ներդրումների տոկոսով նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների համեմատ պոստսովետական տարածքում գրավում է վերջին տեղը, և հակառակը՝ մարդասիրական օգնության գծով պոստսովետական տարածքում և Արևելյան Եվրոպայի երկրների հետ համեմատ գրավում է առաջին տեղը: Մարդասիրական օգնությունների հոսքը Հայաստան սկսվեց 1988-ի երկրաշարժից և այդ սկզբունքը շարունակվում է մինչև այսօր: Մենք փորձում էինք ապացուցել, որ ժամանակն է մարդասիրական օգնություններից անցնել լիարժեք համագործակցության, որպեսզի աշխատենք զարգացման ծրագրերի վրա: Պիտի ասեմ, որ դա մեզ հաջողվեց: Ոչ մեծ դժվարությամբ, որովհետև իրենք ևս կողմնակից էին նման սկզբունքային լուծման:

ՀԲ-ի հետ մեր բանակցությունների ժամանակ պայմանավորվեցինք երրորդ տրանշի վերաբերյալ, որ տրվելու է դեկտեմբերին: Տրանշը ստանալու համար անհրաժեշտ է, որ մենք կատարենք համատեղ պարտավորությունների մեր մասը: Բավականին կոշտ ժամանակացույց է, բայց, կարծում եմ, այդ պարտավորությունները կկատարենք:



2000-2003-ի զարգացման ծրագրերի համար ՀԲ-ն բանակցությունների արդյունքում նախատեսում է մեզ տրամադրել շուրջ 238 միլիոն դոլարի արտոնյալ վարկեր և պատրաստ է այդ վարկերի օգտագործումը, որ նախնական բաշխում ունեցել է, վերաքննարկել և վերաբաշխել՝ ելնելով 2000-2003-ին Հայաստանի զարգացման ծրագրից, որ մենք պատրաստվում ենք դեկտեմբերի վերջին ներկայացնել Ազգային ժողովի և մեր ժողովրդի դատին: ՀԲ-ի տնօրեն Ջեյմս Վուլֆենսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաև բիզնես ֆորումի խնդիրը, որը, ըստ իր առաջարկի, պիտի իրականացվի հայ խոշոր բիզնեսմենների մասնակցությամբ: Պայմանավորվեցինք, որ բիզնես ֆորումը տեղի կունենա 2000-ի մայիսին, Լոնդոնում՝ ՀԲ-ի և ՀՀ կառավարության համատեղ ձեռնարկմամբ: Ֆորումին մասնակցելու իրենց համաձայնությունը տվեցին նաև Եվրաբանկը, ԱՄՀ-ը, ֆինանսական-տնտեսական այլ կազմակերպություններ: Պարոն Ջեյմս Վուլֆենսոնն առաջարկեց ֆորումը միջազգայնացնել՝ ինքը կհրավիրի խոշոր բիզնեսմենների, ֆինանսական- տնտեսական կազմակերպությունների աշխարհի այլ երկրներից: Մինչև հոկտեմբեր մենք կներկայացնենք այն հայ բիզնեսմենների ցանկը, որ կհրավիրվեն: Մինչև դեկտեմբերի 1-ը կներկայացնենք շուրջ 10 ծրագրեր՝ ճյուղային զարգացման կամ առանձին ձեռնարկությունների զարգացման, որպեսզի խոսակցությունը նաև առարկայական լինի: Համատեղ այդ 10 ծրագրերից կընտրենք 7-8-ը և դեկտեմբերի վերջին կուղարկենք հրավերները: Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է: Կարծում եմ՝ եթե մենք պատվով անցկացնենք, օգտակար գործողության գործակիցը շատ բարձր կլինի: Ջեյմս Վուլֆենսոնը հետաքրքրվում էր նաև Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներով: Նա ասաց, որ մասնակցելու է Կառնեգի հոլում անցկացվելիք միջոցառմանը և ցանկություն հայտնեց Հայաստանում լինել այդ օրերին:

ԱՄՀ-ի հետ բանակցությունները վարվեցին նույն կտրվածքով, նույն հարցերի շուրջ: Թերևս հոկտեմբերի 8-ին կամ 9-ին ԱՄՀ-ը մեզ տրամադրի 25 միլիոնանոց վարկը, որը ՀՀ Կենտրոնական բանկի համար է նախատեսված: Միաժամանակ, որպեսզի ԱՄՀ-ն իր դրական կարծիքը տա ՀԲ-ի երրորդ տրանշի շուրջ, մենք պետք է կատարենք համատեղ պարտավորությունները, որ ստանձնել ենք 1996-ից: Այս խնդրում իրենք առաջնային են համարում էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, որի մրցույթի պայմանները, ըստ նախնական պայմանավորվածության, կհայտարարվեն հոկտեմբերին: Խոսվեց նաև Հայաստանի 2000-ի բյուջեի ձևավորման մասին: Մենք ստանում ենք վարկեր ՀԲ-ից և ԱՄՀ-ից թե զարգացման ծրագրերի համար, այսինքն՝ արտաբյուջետային վարկեր, թե բյուջեի դեֆիցիտը փակելու վարկեր: Այսպես կոչված՝ սակերը բյուջեի դեֆիցիտը փակելու համար տրամադրվող վարկեր են:

2000-ին մենք, թերևս, ելք չունենք և բյուջեի դեֆիցիտի դիմաց վերցնենք այնքան վարկ, ինչքան այս տարի (շուրջ 50 միլիոն): Այդ բանակցությունների շնորհիվ մեզ հնարավորություն կընձեռվի բյուջետային վարկ ստանալ ՀԲ-ից մինչև 25 միլիոն դոլարի չափով: Սա, թերևս, վերջին հնարավորությունն է: Հետագա տարիներին բյուջետային վարկեր Հայաստանի Հանրապետության համար չեն նախատեսվում: Պայմանավորվեցինք նաև 2000-ին անցկացնել դոնոր երկրների հավաք ՀԲ-ի և ԱՄՀ-ի համատեղ նախաձեռությամբ: Պայմանավորվեցինք նաև ձևավորել բանակցային թիմ: Հոկտեմբեր-նոյեմբերին ՀՀ կժամանեն և ՀԲ-ի, և ԱՄՀ-ի աշխատախմբերը՝ մեր ներկայացուցիչների հետ վերոնշյալ ծրագրերի շուրջ աշխատելու: Այս ոլորտում ես չափազանց կարևոր եմ համարում 238 միլիոն զարգացման վարկերի տրամադրումը: Եվ չափազանց կարևոր եմ համարում, որ այդ վարկերի տնօրինման իրավունքը փաստորեն տրված է մեզ, և մենք կարող ենք ծառայեցնել 2000-2003-ի պետական զարգացման ծրագրերին:

Երկրորդ կարևոր հանգամանքը բիզնես-ֆորումն է, որով խիստ շահագրգռված էր Ջեյմս Վուլֆենսոնը, և դա մեզ չափազանց ոգևորեց:

Եվրաբանկի հետ մեր բանակցություններն անցան նախագահի և տեղակալի մակարդակով: Քննարկվեցին մի շարք հարցեր: Եվրաբանկը արդեն մեկ տարի է     պատրաստակամություն է հայտնել «ԱրմենՏելին» մեծածավալ վարկեր տրամադրելու, որպեսզի այդ վարկերի միջոցով կարողանա կատարել իր պայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ: Ցավոք, «ԱրմենՏելը» մինչև հիմա այդ վարկերից չի օգտվում: Չօգտվելով՝ միաժամանակ չի կատարում պայմանագրային պարտավորությունները: 2000-ի մարտին կլրանա պայմանագրի առաջին փուլը, որի ընթացքում շուրջ 100 միլիոնի ներդրում պիտի անեին, բայց այդ ներդրումներն արված չեն: Եվրաբանկը վերստին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու «ԱրմենՏելին» վարկերով: Մենք ևս կարծում ենք, որ խնդիրը պիտի արագացվի:

Եվրաբանկը իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման շուրջ 20 միլիոն դոլարի չափով կամ 20 տոկոսի չափով, որը բանակցելու առարկա է: Եվրաբանկը «Հրազդան-5»-ի սեփականաշնորհման խնդիրը համարում է նաև իր խնդիրը և փնտրում է կազմակերպություններ, որոնք կարող են «Հրազդան-5»-ը սեփականաշնորհել: Եթե մենք ունենանք այլ տարբերակներ, Եվրաբանկը պատրաստ է ընդունել և իր մասնակցությունը բերել: Նույն սկզբունքով Եվրաբանկը պատրաստ է մասնակցել Կարբոտերմինալի հետագա ճակատագրի խնդրին՝ պատրաստ է ՀՀ-ի հետ իրեն պարտքի չափով (շուրջ 16 միլիոն դոլար) դառնալ բաժնետեր: Եվրաբանկը նաև խոստացավ վարկային գիծ բացել Հայաստանի բանկերի համար: Խոսքը 3 բանկերի մասին է, 10 միլիոնի չափով: Խոստացավ նաև 10 միլիոնի չափով բանկային երաշխավորագրեր տրամադրել Հայաստանի բանկերին: Սա մեզ համար լուրջ ներարկում է: Եվրաբանկը հետաքրքրված է Հայաստանի Խնայբանկի վերակառուցման՝ փոստ-բանկի ստեղծման խնդրով և պատրաստ է օգնել առողջացման գործընթացին: Միաժամանակ, Եվրաբանկը հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի առանձին ձեռարկությունների առողջացման և աշխատանքի կազմակերպման ուղղությամբ, հատկապես գունավոր մետալուրգիայի ասպարեզում, ցեմենտի արտադրության և այլուր: Այս ծրագրերը քննարկման կարիք ունեն և պայմանավորվեցինք  ՀՀ կառավարության ներկայացուցիչներին հոկտեմբեր-նոյեմբերին գործուղել Լոնդոն՝ այս և այլ հարցերի շուրջ բանակցելու նպատակով: Եվրաբանկի նախագահը ցանկություն հայտնեց 2000-ին լինել Հայաստանում, և մենք սիրով հրավիրեցինք նրան համատեղ աշխատելու:

ԱՄՆ-ի Զարգացման գործակալության հետ պայմանավորվեցինք, որ տարածաշրջանային զարգացման իրենց առաջարկած խնդիրները, որ մենք քննարկել էինք Վիլ Քելլերի այցելության ժամանակ, մնում են ուժի մեջ: Չնայած Ադրբեջանը առայժմ չի համաձայնում այդ ծրագրին, ծրագիրն ուժի մեջ է: Նախատեսվում էր Հայաստանին տրամադրել 90 միլիոն դոլար՝ օգնության զարգացման ծրագրերի համար: ԱՄՆ Կոնգրեսում հիմա լուրջ բանավեճեր են ծավալվում նման կարգի բոլոր օգնությունների վերաբերյալ, սակայն խոստացվեց, որ մեր 90 միլիոնը կպահպանվի:  Նաև խոստացվեց, որ 90 միլիոնից 15-ը կտրամադրվի աղետի գոտում բնակարանային շինարարության կամ բնակարաններ ձեռք բերելու ուղղությամբ և, ամենակարևորը, մենք պայմանավորվեցինք մնացած 75 միլիոնի նպատակային օգտագործումը համատեղ որոշել: Այսինքն՝ այս հիմնադրամը ևս, որ տարիներ շարունակ մեզ օգնություններ է ցուցաբերել, համաձայն է օգնության ծրագրերից անցնել զարգացման ծրագրերի և համաձայնեցնել մեր տարեկան և եռամյա զարգացման ծրագրերին: Սա ես համարում եմ շատ կարևոր ձեռքբերում: Շուտով Հայաստան կժամանի բանակցային խումբը և համատեղ կճշտվեն առաջնահերթությունները: Պայմանավորվեցինք, որ Սենատը խոստացել է այս օգնությունների որոշակի կառուցվածք և որոշակի տրամաբանություն, և մենք պիտի կարողանանք մոտ մնալ այդ կառուցվածքին և տրամաբանությանը: Ճկունության գործոնը մեծ չէ:

Տեղի ունեցան նաև մի շարք այլ հանդիպումներ, համապատասխան նախարարները հանդիպեցին իրենց ամերիկացի գործընկերներին գյուղատնտեսության նախարարությունում, ֆինանսների դեպարտամենտում, խոշոր բանկերի տնօրենների հետ, և ամենուր կար փոխըմբռնում, համագործակցելու ցանկություն կար:

Քաղաքական հանդիպումերից կցանկանայի առանձնացնել ԱՄՆ-ի փոխնախագահ Ալբերտ Գորի հետ հանդիպումը: Բնականաբար խոսվեց տարածաշրջանի խնդիրների շուրջ, Հայաստանի և իր հարևանների հարաբերությունների կարգավորման շուրջ, Ղարաբաղի հարցի շուրջ: Մենք ևս մեկ անգամ պնդեցինք մեր կարծիքը, որ համաձայն ենք տարածաշրջանային ինտեգրման և կոոպերացիայի ծրագրերին, բայց եթե դա սահմանափակվի միայն կովկասյան ֆորումով, ապա օգտակար գործողության գործակիցը չափազանց փոքր կլինի, եթե այդ գործընթացի մասնակից չլինեն մեր երկու հարևանները՝ Թուրքիան և Ռուսաստանը: Ցանկացած տարածաշրջանային ինտեգրում Հայաստանի դեպքում զարկվում է Թուրքիայի պատերին և մեզ համար մնում է փաստորեն զրոյական վիճակ: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի վարչակազմը կնպաստի շրջափակումների վերացմանը, հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների մերձեցմանը, ինչպես նախկինում խոստացվել էր: Միաժամանակ՝ ընդգծեցինք, որ Ռուսաստանի Դաշնությանը ամենևին չի կարելի դուրս թողնել այս գործընթացներից, այլապես եթե անգամ հաջողվի որոշ սահմանագծեր բացել, ակամա, կարծես թե, ստեղծում ենք նոր սահմանագիծ մեր մյուս հարևանի հետ՝ տարածաշրջանի իմաստով:

Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում գրեթե համակարծիք էինք, որ միջազգային կազմակերպությունները, պետությունները պիտի օգնեն, որ ընդհանուր եզրեր գտնենք, բայց հարցը լուծողները մենք ենք՝ Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան, և պիտի քաղաքական կամք ցուցաբերել այս հարցում վերջնական լուծում գտնելու համար:

Շատ կարևոր եմ համարում ԱՄՆ-ի փոխնախագահ Ալբերտ Գորի հետ բանակցությունների ժամանակ համաձայնեցված խնդիրը հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին: Դա, իհարկե, Գոր-Չեռնոմիրդին հանձնաժողովը չէ, բայց նախարարների մակարդակով հարցը վաղուց բարձրացված էր և հիմա, ըստ էության, դրական արձագանք գտավ: Կարծում եմ՝ մինչև 2000-ը նաև առարկայական լուծում կունենա:

Այդ խնդիրներն ավելի խորացվեցին ԱՄՆ նախագահի տարածաշրջանային առևտրական հարաբերությունների գծով խորհրդական Յան Կալիցկու հետ հանդիպման ժամանակ: Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հարցում մենք բանակցեցինք և Կալիցկու, և Բոլշևսկու հետ: Խնդիրներ կան, որ իրենք պատճառաբանում են հատկապես ՙԱրմենՏելի՚ մոնոպոլիայով, պատճառաբանում են մի շարք հարցերով, որ ԱՄՆ-ի կառավարության, Նորվեգիայի կառավարության հետ բանակցային փուլում են: Այնուամենայնիվ, խոստացան, որ կնպաստեն մեզ՝ այս փուլում անդամակցելու ԱՀԿ-ին:

Հանդիպում եղավ և Պենտագոնում՝ ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Ջոն Հեմի և ռազմավարության ու անվտանգության գծով նախարարի տեղակալ Էդվարդ Ուորների հետ: Նախարարը բացակայում էր ԱՄՆ-ից: Քննարկվեցին հայ-ամերիկյան տնտեսական և ռազմաքաղաքական հարաբերությունների հարցերը: Հայ-թուրքական հարաբերությունները ևս դարձան քննարկման նյութ: Ինչպես նաև՝ ԼՂՀ հարցը: Մենք տեղյակ պահեցինք մեր դիրքորոշումներին: Միաժամանակ նշվեց միջուկային զենքի չտարածման պայմանագրի վավերացման մասին: Մենք խոստացանք ուսումնասիրել և առաջիկա ամսվա ընթացքում պատասխանել, թե որքանով ենք պատրաստ այդ փաստաթղթի վավերացմանը: Խոսքը միայն անվտանգության մասին չէ: Խոսքը նաև մաքսային վերահսկողության մասին է, որտեղ մի շարք մտավախություններ կան:

Այս ամենից ելնելով՝ մեր հիմնական խնդիրները համարում ենք այս ամսին և այս եռամսյակում հետևյալը՝ առաջին կարևորության խնդիրը 2000-ի բյուջեի կազմավորումն է՝ ըստ նշված ժամանակացույցի: Նոյեմբերի 1-ին բյուջեի նախնական տարբերակը պիտի ներկայացնենք Ազգային ժողով: Քանի որ բյուջեի հարցը ոչ միայն մեզնից է կախված, կան բյուջետային վարկերի խնդիրներ, բնականաբար, բյուջեի հարցը շատ դեպքերում քննարկում ենք նաև ԱՄՀ-ի, ՀԲ-ի հետ: Մենք պիտի հասցնենք ավարտել աշխատանքները նախքան նրանց հանձնաժողովների գալը, որպեսզի քննարկենք մեր դիրքերից, մեր տեսանկյուններով:

2000-ի բյուջեի մասին մենք առանձին խոսելու առիթ կունենանք, ուզում եմ ճշտել, որ 2000-ի բյուջեն պիտի լինի իրական, կոշտ, բայց հարգանք ներշնչող, անպայմանորեն կատարման ենթակա բյուջե: Եվ այս բյուջեն պիտի հատկապես ուղղված լինի զարգացման ծրագրերի ապահովմանը:

Գերկարևոր խնդիր է մեզ համար 2000-2003-ի Հայաստանի զարգացման ծրագիրը, որն իր առաջին տարբերակով դեկտեմբերի վերջին կներկայացնենք Ազգային ժողով, կհրապարակենք մամուլով: Ժողովուրդը հնարավորություն կունենա ծանոթանալու, առաջարկություններ անելու, կհրավիրենք ՀԲ-ին, ԱՄՀ-ին, Զարգացման միջազգային գործակալությանը, մեր մյուս գործընկերներին, որպեսզի կարողանանք նախատեսված ֆինանսավորումը բանակցություններով դարձնել խիստ նպատակային: Նրանք ևս այդ ծրագիրը չափազանց կարևորում են: Մարդիկ ուզում են տեսնել իրենց տրամադրած միջոցների նպատակային օգտագործումն ու արդյունքը: Չի կարելի ասել, թե նրանց համար միևնույնն է, թե իրենց տրամադրած միջոցները որտեղ են ծախսում: Այլ հարց է՝ թե դու ինչքան պատվախնդիր ես, ինչքան շահագրգիռ ես ու ինչքան ավելի խելացի ես ծախսելիս:



Երրորդ կարևոր խնդիրը հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի ձևավորումն է: Մյուս խնդիրը Զարգացման հայկական գործակալության ծավալման խնդիրն է, որ հատկապես սփյուռքի շրջանակներում մեծ հույսեր է ներշնչում, և մենք պարտավոր ենք ուղղակի առաջիկա 6 ամիսներին ծավալել այս գործակալությունը և աշխատեցնել ամբողջ մասշտաբով:

Չափազանց կարևոր ևս մեկ խնդիր՝ սփյուռքի հետ աշխատանքների համար մենք պետք է ունենանք պետական որևէ մարմին: Ես հարցը արդեն քննարկել եմ հանրապետության նախագահի հետ, կա նրա հավանությունը: Թերևս 1999-ին պետական այդ կառույցը կսաղմավորվի և կծնվի, այլապես սփյուռքի հետ կատարելիք աշխատանքների ծավալը, հատկապես Հայաստան-սփյուռք խորհրդաժողովից հետո ծնվելիք լուծումները լուրջ, կազմակերպչական, պետական մոտեցում են պահանջում:

ԱՄՆ-ի իմ հանդիպումներից ուզում եմ կարևորել սփյուռքահայության հետ հաղորդակցությունները: Հերթական անգամ ես համոզվեցի, որ մենք ավելի լուրջ ուժ ենք, ավելի լուրջ ներուժով, քան կարծում ենք: Ցավոք սրտի: Սփյուռքի ներուժը համակարգելու, ուղղորդելու խիստ այսօրեական անհրաժեշտություն կա: Սփյուռքը միշտ աշխատել է մեզ հայտնի մի շարք հարցերի ուղղությամբ, բայց նրա հնարավորությունները չափազանց ավելի մեծ են: Թեկուզ ԱՄՆ Կոնգրեսում մեր եղբայրների ունեցած կշիռը: Ես այցելեցի Սենատ, շուրջ 40 սենատորներ իջան ինձ հետ հանդիպման, և դա իմ արժանիքների շնորհիվ չէր, դա այն հարգանքն էր, որ նրանք տածում էին մեր հայրենակիցների նկատմամբ: Շուրջ 70 սենատոր կա ԱՄՆ հայկական հանձնախմբում՝ և դեմոկրատներ, և հանրապետականներ: Նրանք հայկական ու հայաստանյան հարցերի լուծման համար մեծ գործ են անում: Այդ ուժը պիտի օգտագործել: Մենք նույնիսկ նորմալ, հստակ հաշվառում չունենք: Առաջին խնդիրը պիտի լինի հաշվառել այդ բանակի մարդկանց, որ ամբողջ աշխարհում սփռված են: Նրանք միայն բիզնեսմեններ չեն, միայն բարերարներ չեն, նրանք բարձրակարգ քաղաքական գործիչներ են, նրանք մշակույթի հայտնի դեմքեր են և յուրաքանչյուրն իր տեղում ունի մեծ ազդեցություն և մեծ կշիռ: Մենք նրանց տեղն ուղղակի չգիտենք: Շատերի տեղը: Այս և այլ նպատակների համար պետական կառույց պարտավոր ենք ստեղծել:

Չափազանց կարևոր է բիզնես ֆորումի խնդիրը: Հոկտեմբերից պիտի նախապատրաստվենք: Ներդրումների հոսքը Հայաստան էապես կախված է մթնոլորտից: Դա երկրաչափական ձև չունի, որ քառակուսին փոխես եռանկյունու, եռանկյունին՝ բազմանկյան և հարց լուծես: Մթնոլորտ պիտի ձևավորել: Տրամադրություն: Կարծիք պիտի ձևավորել: Վերաբերմունք: Եվ այս ֆորումը չափազանց կարևոր է այդ առումով: Պատկերացրեք՝ եթե իրոք մասնակցեն բոլոր խոշոր հայ բիզնեսմենները, իրենց նեղություն տան, բոլորը գան, ամբիցիաները վար դնեն ու ներկա լինեն, մասնակցեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խոշոր բիզնեսմեններ աշխարհի տարբեր երկրներից՝ Վուլֆենսոնի հրավերով, և ընթացքում մենք հասցրած լինենք 2000-2003-ի ծրագիրն ունենալ ու ներկայացնել իրենց, 7-8 կարգին ծրագիր ներկայացնենք՝ ճյուղային ու առանձին ձեռարկությունների, Զարգացման հայկական գործակալությունը ծավալենք և ասենք, որ այդ պատուհանը, որ խոստացել ենք, բաց է և ամբողջապես աշխատում է: Հասցրած լինենք ներսում ինքներս սեփական ներդրումների միջոցով մի քանի հստակ, ռեալ քայլ արած լինել: Եթե ավելացնենք, որ հասցրած լինենք կոռուպցիայի դեմ պայքարը իր հունի մեջ դնել, համոզված եմ՝ այդ ֆորումից հետո Հայաստանում ներդրումների հոսք կլինի:

Կոռուպցիայի մասին պիտի խոսվի առանձին: Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուղղակի որպես հայ մարդ անչափ վիրավորված էի և անչափ մեծ ցավ էի զգում, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ գրեթե խոսվում էր Հայաստանի կոռումպացված լինելու մասին: Շրջափակումից հետո, ղարաբաղյան խնդրի առկայության ռիսկայնության գոտի լինելուց հետո թերևս երրորդ պատճառը, որ Հայաստանում ներդրումները բացակայում են, կոռուպցիան է: Բոլորն այդ մասին խոսում են: Անչափ ցավալի է: Մենք սրա դեմ լուրջ ծրագիր ենք մշակում, այդ պատճառով ես չեմ ուզում ժամանակից շուտ քայլեր անել: Սա տոտալ և երկարատև աշխատանքի կարիք ունի: Դա թերևս եկամուտների հայտարարագրի հաստատումն է, լիցենզավորման, ձեռնարկությունների գրանցման հարցում էապես պարզեցումն է: Դա ժողովրդի հետ պարզ խոսելն է: Վատ է: Շատ վատ է: Ամոթալի է: Ամոթալին մի կողմ, նաև վնասակար է: Չափազանց կարևոր է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի ճիշտ կազմակերպումը: Դրսում շատ շահագրգռված են, և մենք կարող ենք տոնակատարությունը միջազգայնացնել: Բարոյական-մշակութային ձեռքբերումներից զատ կարող ենք նաև քաղաքական ու տնտեսական ներդրումներ ունենալ: Ինչի մասին էլ խոսենք, ինչքան էլ բանակցությունները հաջող լինեն, ինչքան էլ մեզ հետ համագործակցողները շատ լինեն, այնուամենայնիվ, մեր տունը մենք ենք կառուցելու: Ոչ մի գործընթաց չի կարող սկսվել և արագ զարգանալ, եթե առաջիկա 5-6 ամիսներին ներսում, մեր ուժերով, մեր սեփական ներդրումներով, պետական միջամտությամբ չկարողանանք ներդրումների նորմալ դաշտ ստեղծել նախ, և ապա՝ ինքներս չկարողանանք մեր տնտեսության մի շարք ճյուղեր, մի շարք ձեռնարկություններ ոտքի կանգնեցնել: Պիտի ցույց տանք, որ կարող ենք ինքներս մեզ օգնել:

Տնտեսության ճյուղային և ձեռնարկությունների առաջնահերթության մասին 7-8 տարի խոսում ենք: Ըստ էության՝ արդեն ուրվագծված է, շուտով այդ մասին կհայտարարենք: Շատ ձեռարկությունների շուրջ արդեն բանակցում ենք տեղական ներդրողների հետ, պետական ամբողջ աջակցությունը կապահովվի, որպեսզի 7-8 գործարաններ առաջին մեկ տարում աշխատեն: 10 գործարաններ: Վստահ եմ: Անելու ենք:

Չպետք է վախենալ պետական միջամտությունից: Հիմա արդեն կարող եմ համարձակ ասել՝ մեզ ուղղակի թյուրիմացության մեջ են գցել: ԱՄՆ-ի պես հզոր պետությունը իր բիզնեսմեններին, որոնցից շատերն առանձին պետությունների չափ կապիտալ ունեն և ուժ, իր ձեռնարկատերերին, վարկատուներին օժանդակելու համար ունի պետական գերինստիտուտ՝ խորհրդատվության համար, գերինստիտուտ՝ ապահովագրության համար, գերինստիտուտ՝ վարկավորման համար: Մեզ ասում էին, որ եթե գործարանները սեփականաշնորհել եք, մնացածի հետ գործ չունեք, իրենք իրենց համար կզարգանան: Հակառակի մասին խոսելը, պետական օժանդակության մասին խոսելը գրեթե հավասար է հերետիկոսության: Ամբողջ աշխարհով մեկ գերինստիտուտներ են գործում, տեղեկատվություն են հավաքում, որպեսզի օգնեն իրենց ռոկֆելլերներին, իրենց գործարաններին, ապահովագրեն նրանց ցանկացած ներդրում աշխարհի ցանկացած պետությունում, հետո վարկավորում են, հետո հետևում են, որ վարկերը ճիշտ ծախսվեն, և պետությունները հանկարծ իրենց ձեռնարկատերերին չխաբեն: Այսպես են երկրները զարգանում, տնտեսությունները զարգանում, ոչ թե ապրիորի: Սեփականաշնորհումը հարցերը չի լուծում: Սեփականաշնորհումով  հարցերի լուծումը նոր սկսվում է: Հայաստանում արդեն հասունացել է ինվեստիցիոն հիմնադրամ ստեղծելու խնդիրը: Սա ևս առաջիկայում՝ 2000-ին համարելու ենք մեր հիմնական խնդիրներից մեկը:

Ահա այն ամենը, ինչ ուզում էի ձեզ ասել:

***

Ասուլիսում Վազգեն Սարգսյանը ոչ միայն մանրակրկիտ պատմեց հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին, այլև պատասխանեց թեմայից դուրս հարցերին: Ընդհանուր տպավորությունը՝ նոր Հայաստանը իրականություն է դառնալու արագ և անխուսափելի: Որևէ մեկը չէր կարող կասկածել, որ Վազգենի խոսքը գործ է, իսկ պայմանավորվածությունները գործնական էին:

«ՀԲ-ն դեկտեմբերին տրամադրելիք երրորդ տրանշի համար պահանջում է կատարել ստանձնած պարտավորությունները: Ի՞նչ պարտավորություներ են» հարցին Վազգեն Սարգսյանը պատասխանեց.

-Հիմնականում ֆինանսական և ֆինանսատնտեսական զուտ ընթացակարգային խնդիրներ են: Չի կարելի ասել, թե դրանք Հայաստանի Հանրապետության համար սկզբունքային քաղաքական նշանակություն ունեն, ուղղակի ֆինանսատնտեսական վիճակի պարզաբանում: Այլ հարց է, որ ժամանակն է շատ կարճ: Միակ խնդիրը, որ թե տնտեսական, թե քաղաքական առումով ՀՀ-ի համար մեծ նշանակություն ունի, էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանների սեփականաշնորհումն է: Սկզբում դրված էր միայն Երևանի խնդիրը, բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ չի կարելի Երևանը առանձնացնել, որովհետև այլևս ոչ ոք հետաքրքրություն չի ունենա մարզերի նկատմամբ: Եթե սեփականաշնորհումը այդքան բարեբեր, առողջարար է, ինչպես մեզ համոզում են, պետք է ամբողջությամբ դիմել այդ քայլին: Սա խնդիր է, որ դեռ կրքեր է բորբոքելու, անհամաձայնություններ են լինելու, քննարկենք՝ տեսնենք՝ ինչ ենք որոշում: 2000-2003-ին ՀԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել 238 միլիոն դոլար արտոնյալ վարկ, որը պիտի ծախսվի զարգացման ծրագրերի վրա՝ կարևորը խելոք լինել և ճիշտ օգտագործելն է:

-Ի՞նչ կողմնորոշում ունի ԱՄՆ-ը՝ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները կարգավորելու հարցում:

-Հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջխաղացում չկա: Թուրքիան մեզ հետ բոլոր հարաբերությունները շարունակում է կապել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ: Միայն այդ հարցի լուծումից հետո է Թուրքիան պատրաստ շրջափակման, տնտեսական հարաբերությունների հաստատման, այլևայլ հարցեր:

-Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ չզգացվե՞ց Հայաստանին Ռուսաստանից կտրելու միտում:

-Հայ-ռուսական հարաբերությունները իրենց խորությամբ ու արմատներով հետաքրքրական են շատերի համար: Մենք ի սկզբանե հայտարարել ենք և մեր դիրքորոշումից շեղվելու նպատակ չունենք: Մենք մեր քաղաքականությունը չենք կառուցում այլ պետությունների հակասությունների վրա, հատկապես՝ գերտերությունների: Մեր առավելությունը տարածաշրջանում այն է, որ յուրաքանչյուր գերտերություն ցանկացած պահին ի դեմս Հայաստանի ունի մի երկիր, որտեղ կարող է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու օգնական գտնել: Հայաստանը չի կարող մոռանալ, արյամբ, գեներով չի կարող մոռանալ՝ ինչ պատմական նշանակություն է ունեցել Ռուսաստանն իր համար: Նույն կերպ Հայաստանը երբեք երախտամոռ չի կարող լինել այն օգնության համար, որ ԱՄՆ-ն է ցույց տվել 1988-ի երկրաշարժից սկսած մինչև այսօր: Երբ 1990-1991-ին ամբողջ աշխարհը դռները փակել էր, միայն պարսկական կամուրջն էր գործում՝ սա ևս Հայաստանը երբեք չի կարող մոռանալ: Գերտերությունները տարաձայնություններ կունենան, կվիճեն, կբարեկամանան, մենք պարտավոր ենք մեր դժվարին ժամանակներում առավելագույնս խելացի և շրջահայաց լինել՝ չմոռանալով մեր խնդիրների մասին:

Իմ հարցերը վերաբերում էին հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովին և սփյուռքի հետ աշխատանքների կանոնակարգման կառույցին.

-Կառույցի կարգավիճակը էական չէ, կարող է լինել վարչություն, կոմիտե, նախարարություն: Կարևորը սկսելն է, կառույցը ձևավորելը, աշխատանքի ընթացքում կճշտվի և կարգավիճակը: Իսկ հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովը պիտի ունենա նույն կարգավիճակը և նույն գործառույթները, ինչ մյուս տնտեսական հանձնաժողովները: Հանդիպումներ, բանակցություններ, համաձայնագրեր, համաձայնագրերի կատարման վերահսկում: ԱՄՆ-ի հետ մեր առնչությունները չափազանց մեծ են: Ես ներկայացրի միայն միջազգային կազմակերպությունների մասին, բայց կան ճյուղային նախարարությունների, առանձին ոլորտների խնդիրներ, որոնք և հանձնաժողովը պիտի ուղղորդի և կանոնակարգի:      

***

Ասուլիսից հետո գնացի վարչապետի հետևից՝ էքսկլյուզիվի: Կառավարության նիստերի դահլիճից՝ վարչապետի աշխատասենյակ ճանապարհին կար մի ընդարձակ սրահ՝ կլոր սեղանով: Պատրաստվում էի համոզել, որ համարյա երկու ժամանոց ասուլիսից հետո Վազգեն Սարգսյանը պատասխանի իմ հարցերին, բայց նա նստեց սեղանին ու դեռ հարց չտված հարցրեց՝ ո՞նց էր, ի՞նչ հիշեցիր: «Որ մարդասիրական օգնություններից անցնում ենք զարգացման ծրագրերի, այսինքն՝ աշխարհի հետ հարաբերության մակարդակ ենք փոխում, վաղուց ժամանակն էր՝ և գործնական խնդիրներ է լուծում, և՝ արժանապատվության հարց է…»: «Հա, առանցքը գտել ես, բոլոր ծրագրերը այդ առանցքով են՝ տնտեսություն+մթնոլորտի փոփոխություն: Վերջում ստանալու ենք ինքնիշխանության մեծացում: Ձայնագրիչդ անջատի, ուղղակի խոսում ենք»: Անջատեցի, թեպետ մտածում էի՝ ինչպես եմ հիշելու: Ի՞նչ հիշել, վերջում ասաց՝ ասածներիցս ոչինչ չգրես, ես կասեմ՝ երբ գրես, հիմա գրես՝ գործին կվնասենք: «Նոր ժամանակներ են սկսվում, նոր իրավիճակ, քաղաքական կամքը կա, ֆինանսները գալու են, արդյունաբերությունը աշխատելու է ամբողջ թափով, պատկերացնու՞մ ես՝ ինչ երկիր ենք ունենալու մի հինգ տարուց: Շատերի հետ եմ խոսել, հայերն ուզում են վերադառնալ: Գնալիս մտածում էի՝ ես ի՞նչ եմ ասելու, ինձ ի՞նչ են ասելու, ի՞նչ եմ պատասխանելու: Ռիսկերը շատ են, բայց այս շանսը կորցրինք, երկրորդը չի լինելու: Դառնալու ենք տարածաշրջանի առաջին երկիրը: Սա աննախադեպ շանս է, պիտի առավելագույնս քամենք»՝ Վազգեն Սարգսյանը խոսում էր իրեն բնորոշ արագախոսությամբ, հատ-հատ շեշտելով բառերը՝ ինչ-որ պահից թվում էր՝ ինձ մոռացել է ու ինքն իր հետ է խոսում, ինքն իրեն է համոզում, ինքն իրեն է առարկում ու բացատրում՝ ՀԲ-ի ու Եվրաբանկի տրանշներով ինչքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու, ո՞ր ծրագրերն են իրականացվելու, «Հրազդան-5»-ը ինչպե՞ս է սեփականաշնորհվելու, ՀԷՑ-երը չի վաճառելու՝ ում պատահի, Եվրաբանկը ինչպե՞ս է ֆինանսավորելու գունավոր մետալուրգիայի ու ցեմենտի արտադրության ընդլայնումը: 2000-ին Լոնդոնում ի՞նչ է բանակցելու Եվրաբանկի նախագահի հետ՝ թվերով, ձեռնարկությունների անուններով… Աղետի գոտու լիարժեք և վերջնական վերականգնում, նոր ձեռնարկություններ Շիրակի ու Լոռու մարզերում… 90 միլիոն դոլար ՎԶԵԲ-ից զարգացման ծրագրերին… ԱՄՆ-ում առաջարկվել էին տարածաշրջանային ծրագրեր, թեպետ Ադրբեջանը դեռ չի համաձայնում, բայց դա լուծվելիք հարց է: Հետո բացվելու են ճանապարհները… Հայ-թուրքական սահմանը… Հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի ձևավորում… Կոռուպցիայի մասին ցավոտ խոսակցություն՝ ցուցակով… Ինձ համար գլխապտույտ էր, թեպետ ասուլիսի ժամանակ առավել քան բաց խոսակցություն էր եղել, բայց Վազգեն Սարգսյանը ասում էր թվեր, անուններ, պայմանավորվածություններ՝ կոնկրետ՝ ժամկետներով… Հարցրի՝ որևէ մեկին պատմե՞լ եք այս ամեն ինչը: Ասաց՝ դեռ չէ, ոլորտային խնդիրները նախարարների հետ է քննարկել, հանձնարարականներ է տվել, բայց մանրամասների մասին՝ ոչ, ու՝ չի էլ ուզում, ժամանակի հետ ամեն ինչ բոլորն էլ կիմանան, գաղտնիք չկա:
-Ինչու՞ ես հարցնում:

-Չգիտեմ, անիրական է թվում: Ինչ-որ շատ լավ է:

-Ինձ էլ, բայց անելու եմ: Դու էլ լուսաբանելու ես ու գալու ես ախմախ հարցեր տալու՝ ոնց որ հիմա:

…Ասուլիսից խմբագրություն չէի գնում, թռչում էի՝ ես տեսել էի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Այսօր այս ասուլիսը թվում է սագա սպանված շանսի՝ պետության ու ժողովրդի: Այո, գուցե և հուշագրության ժանրին չի համապատասխանում: Բայց Վազգեն Սարգսյանի պարագայում հնարավոր չէ նրա անձն առանձնացնել գործից, իսկ գործը իր իսկ բառերով չներկայացնելը ևս հնարավոր չէ: Սա արդեն ոչ միայն իր, այլև պետության ժամանակագրությունն է: Նաև՝ պատճառների թվարկումը, թե ինչու՞ եղավ հոկտեմբերի 27-ը…

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին