Վազգեն Սարգսյան. Առաջին անգամ ապրում ենք մեր հաշվին - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Առաջին անգամ ապրում ենք մեր հաշվին
1182 դիտում

Վազգեն Սարգսյան. Առաջին անգամ ապրում ենք մեր հաշվին


Մաս 12

1999թ. հունիսի վերջին «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրին և ինձ վարչապետ Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ հնարավորություն տրվեց մասնակցել կառավարության նիստերին՝ իրավիճակին լավագույնս տեղեկանալու, հարցազրույցներ անելու և պաշտոնաթերթում կառավարության աշխատանքը ներկայացնելու նպատակով (այդ արտոնությունը պահպանեց և վարչապետ Արամ Սարգսյանը, նրան հաջորդած Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ դա անհավասարություն է ստեղծում լրատվական դաշտում և արգելեց): Ամեն հինգշաբթի ես գնում էի կառավարության նիստի և մի քանի ժամ հնարավորություն ունեի՝ համոզվելու, թե ինչ խելահեղ ծավալի աշխատանք է կատարվում և ինչ խորքով, իրականում ինչ վիճակում է երկիրը և ինչքան շատ են խնդիրները: Նա ամեն ինչ գրի էր առնում իր նշանավոր սև տետրում, ինչքա՛ն էի ուզում կարդալ այդ գրառումները՝ իր կարմիր գրիչով ու մարգարտաշար ձեռագրով, որ երբեմն արագ գրելիս հապավում էր բառերը: Որևէ կիսալուծում բացառվում էր, Վազգենը հարցը զեկուցողին այնքան հարցեր էր տալիս, որ երբեմն խղճում էի նախարարներին, երբ չէին կարողանում հիմնավորել իրենց տեսակետները: Վազգեն Սարգսյանը սկսել էր երկրի գույքագրումը՝ մանրակրկիտ, համակարգված և պահանջում էր ճշգրիտ տվյալներ՝ անգամ ցախանոցների հաշվառումով: Կառավարության բոլոր նիստերն ամփոփվում էին հստակ հանձնարարականներով ու նպատակների ձևակերպումով: Ես նրանից սովորում էի … գրել: Սովորում էի գլխավորն ու երկրորդականը զատել: Մտածել էի սովորում: Նիստերից մեկի ժամանակ, երբ նախարարներից մեկը բացահայտ անպատրաստ էր որոշման նախագիծը ներկայացնելու, Վազգենը հարցրեց.

-Ե՞րբ է տրվել հանձնարարականը:

-10 օր առաջ:

Վազգենը լռեց, հետո բռունցքը խփեց սեղանին.

-Դու ունեիր 240 ժամ ու հիմա եկել ես ասես՝ դեռ պետք է ուսումնասիրե՞լ: 240 ժամ ի՞նչ ես արել: Տղայիդ տարել են հիվանդանոց՝ վիրահատելու, բժիշկը 240 ժամ հետո գա ասի՝ դեռ պետք է ուսումնասիրե՞լ:

Լռությունը այնպես ծանրացավ, որ ֆիզիկապես շոշափելի էր:

-Վերջին անգամը լինի, չեմ հանդուրժի ոչ մեկիդ, եթե կրկնվի: Ոչ մեկիդ:

***
Վարչապետ Վազգեն Սարգսյանը սելեկտորային խորհրդակցություններ էր անում մարզպետների հետ: Ամենաապշեցուցիչը՝ ինքն ավելի լավ գիտեր մարզերի խնդիրները ու մշտապես մարզպետներին փաստի առաջ էր կանգնեցնում՝ թվերով, փաստերով, տեղեկացվածությամբ: Խորհրդակցությունները երկար էին տևում՝ մի քանի ժամ, երկիրը բաց ափի պես փռվում էր աչքիդ առաջ… Սեպտեմբերի 10-ին երկրորդ խորհրդակցությունն էր (սելեկտորայիններին մասնակցում էին նախարարները, վարչապետի խորհրդականները, քննարկվող հարցերին առնչվող գերատեսչությունների ղեկավարները, լրագրողները՝ Երևանից, մարզպետները՝ մարզերից): Առաջինի (հունիսի 16-ին) հանձնարարականների կատարումը պարզելուց հետո՝ մարզպետների հետ համատեղ ճշտել գյուղատնտեսական հողատարածքների վիճակը և տարածքները, գյուղտեխնիկան, գյուղատնտեսության նախարար Գագիկ Շահբազյանը զեկուցեց, որ հողերի գույքագրմանը զուգահեռ ստուգվում են գյուղսպասարկման կենտրոնները, որոնց հիման վրա պիտի ստեղծվեն ծառայություններ: Համաշխարհային բանկի ծրագրով մարզերում գործում են խորհրդատվական կենտրոններ: Նպատակը երեք կառույցների միավորումը և մարզերում լիարժեք կենտրոնների ստեղծումն էր: Վարչապետը շեշտեց, որ կոմբայններով ու տրակտորներով պետությունը մասնակից է դառնում այդ ծրագրին:

Մթերումների մասին հանձնարարականի կատարման համար էլ մարզպետների ու ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակների) տնօրենների հետ 4 խորհրդակցություն էր եղել: Գյուղատնտեսության հարցը վարչապետը վերջակետեց.

«2000 թիվը պիտի սկսենք նոր որակով, բոլորովին նոր որակով, պիտի կանոնավորել հողային շուկայի հարցը, հողի օրենսգիրքը պետք է ընդունել, գյուղացիական տնտեսությունները պետք է ոտքի հանել: 2002-2003-ին նորմալ գյուղատնտեսություն ենք ունենալու, ոչ թե ինքնաբավ-նատուրալ տնտեսություն»: Վազգեն Սարգսյանը հանձնարարեց՝ մարզպետների հետ պարզել և սեպտեմբերի վերջին ամփոփ տեղեկանք ներկայացնել. «2000 թվականին մենք հստակ պետք է իմանանք՝ ո՞ր մեռած գործարաններն ենք ոտքի հանում, որոնց հետ ոչ մի առնչություն չենք ունենում: Մայր գործարանները մարզերում և Երևանում պարտավոր ենք աշխատացնել, որպեսզի 2000-ին մթերման ոչ մի խնդիր չունենանք»: Վարչապետը հանձնարարեց մեկ ամսում մշակել ցուցանիշների հաշվման արժանահավատ մեթոդիկա. «Ցավոք, մեր երկիրը փոքր երկիր է, բայց այս երկրում չենք կարողանում ունեցածը կարգին հաշվել»:

Նոր ուսումնական տարվա սկիզբը հանրապետության դպրոցներում ներկայացրեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը: Խնդիրները քննարկվում էին եռաստիճան՝ դպրոցական շենքերի վիճակը, դպրոցների ապահովվածությունը ուսուցիչներով ու դասագրքերով: ՀԲ-ի վարկավորած ծրագրում ներկայացված էին 32 դասագրքեր և 16 ուղեցույցներ: «Հոկտեմբերի առաջին կիրակին ուսուցչի օրն է»՝ շեշտեց նախարարը, հիշեցնելով, որ պետք է տոնը հավուր պատշաճի կազմակերպել: Վարչապետը հանձնարարեց լավագույն դպրոցի և լավագույն ուսուցչի մրցույթ անցկացնել ուսումնական տարվա արդյունքներն ամփոփելով: Փառահեղ տոնակատարություն պիտի կազմակերպվի ուսուցչի օրը՝ բոլոր մարզերից Երևան հրավիրվեն լավագույն ուսուցիչները և պարգևատրվեն: Մարզպետները ևս ներկայացրին դպրոցների վերանորոգման, դասագրքերով ապահովվածության պատկերը: Ընդհանուրը՝ ոչ բոլոր մարզերն են ապահովված ուսուցիչներով, գյուղական դպրոցներում մեծ է մայրենիի, օտար լեզուների, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի ուսուցիչների պակասը: «Երբ ուսուցիչները վարչապետ են դառնում, այդպես է լինում»՝ կատակեց վարչապետը և նախարարությանը հանձնարարելով հարցը լուծել բարձրագույն կրթությամբ զինվորների և սպաների ներգրավելով սահմանային գյուղերում: Ընդգծվեց զինվորական ծառայությունից ազատված և սահմանամերձ գյուղերում աշխատող ուսուցիչների իրապես աշխատելու ստուգման խնդիրը: «Երկուստեք ստուգելու ենք»՝ զգուշացրեց վարչապետը, ճշտելով, որ տվյալներ է ներկայացնելու նաև պաշտպանության նախարարությունը: Վարչապետը հատկապես կարևորեց գյուղական դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակը՝ առաջարկելով բազմափորձ ուսուցիչներին, որ տարիքի պատճառով են դպրոցից հեռացել, վերադարձնել դպրոց՝ հօգուտ ուսման որակի վերականգնման: Վազգեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետների հետ միասին հաշվառել ամբողջ դպրոցական կապիտալը. «Դուք պիտի խճանկարին տիրապետեք, սկսած էվակուացման և քանդման ենթակա դպրոցներից, ավարտած ոչնչի կարիք չունեցող դպրոցներով: Ապա մեր ունեցած միջոցները՝ բյուջետային ու վարկային, դրամաշնորհները, հովանավորների օգնությունները ծրագրված բաշխել է պետք, այլապես ոչ մի գումար իր նպատակին չի ծառայելու: Ես խնդիր էի դրել ապահովել դպրոցների արտաքին պատշաճ տեսքը, ի՞նչ է արված: Պետք է ստուգել: Տնօրեններից պահանջվում էր իրենց ձեռքով իրենց դպրոցի շրջակայքը կարգի բերել: Չանողները կպատժվեն: Ամբողջ երկրով մեկ: Ստուգելու եմ անձամբ»: Բարձրացվեց նաև պրոֆտեխուսումնարանների ճակատագրի հարցը: «Եթե պիտի պահպանենք այդ օղակը, պիտի ճյուղային մասնագիտացման ուղղվածություն հաղորդել, օրինակ՝ ոսկերչական, գորգագործական, կոշկագործական… 5-6, ոչ ավել, որովհետև ինչ անուն էլ փոխենք, այդ օղակի առկայությունը կարծես նոր պայմաններում արդարացված չէ»՝ ճշտեց վարչապետը:

Մարզպետները և Երևանի քաղաքապետը անդրադարձան մերօրյա ցավոտ մի խնդրի՝ մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաների ճակատագրին: Ցավոք, միայն Երևանում չէ, որ կան դպրոցներից ու ընտանիքից օտարված երեխաներ: Վարչապետը հանձնարարեց մարզպետներին, Երևանի քաղաքապետին, շահագրգիռ նախարարներին ի մոտո զբաղվել խնդրով ու վերջապես լուծում գտնել: Մեկ և ընդմիշտ: Հանձնարարվեց քաղաքապետարանում համատեղ խորհրդակցություն հրավիրել՝ առարկայացնելու հնարավորությունները: Եվ ոչ միայն երեխաների. «Մարդկանց պետք է պատերի տակից վեր կացնել: Շրջայց կատարեք, հետաքրքրվեք մուրացկաններից ով ինչ հոգս ունի: Շատերի խնդիրները մի քանի հազարով լուծելի են»: Ամփոփիչ տեղեկանք պահանջվեց Երևանի քրջի բազարի առնչությամբ: «Մեր գործարարներն ու բարեգործները օրը մի եկեղեցի են կառուցում: Լավ են անում: Բայց մեզ այսօր արդյունաբերություն է պետք: Բանակ է պետք: Դպրոց է պետք: 21-րդ դարում մեր ժառանգները մեզնից այդ են պահանջելու: Ճիշտ օգտագործեք այդ բարոյական և նյութական միջոցները մարդկանց օգնելու համար: Հիմա: Աշխատանքով: Գործով: Թե չէ…»՝ ամփոփելով դպրոցաշինության խնդիրները՝ ասաց վարչապետը: Ընդգծելով հատկապես Երևանի քաղաքապետի առաջարկների ու մտահոգությունների կարևորությունը, Վազգեն Սարգսյանը կատակով ամփոփեց.

-Հայրենիքը ձեզ չի մոռանա, պարոն Բազեյան:

-Ձեզ ևս, պարոն վարչապետ,-անմիջապես հետևեց պատասխանը:

Հավարտ սելեկտորային խորհրդակցության՝ բոլոր մարզպետներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց հատկապես հուզող խնդիրները, որոնք անմիջապես լուծումներ գտան նախարարների օգնությամբ, եթե կային նման հնարավորություններ և հանձնարարվեց լուծումներ գտնել, եթե երկարատև ուսումնասիրություններ էին պահանջում: Իբրև ամփոփում Վազգեն Սարգսյանը հանձնարարեց.

-Տարածքային կառավարման և արդյունաբերության նախարարներին՝ մարզպետարանների հետ անցկացնել խորհրդակցություն և ներկայացնել առաջարկություն մինչև տարեվերջ մարզերում կարևոր արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման վերաբերյալ: Որ ձեռնարկությունը մտավ այդ փաթեթի մեջ, ես, իբրև վարչապետ, տեր եմ կանգնելու այդ ձեռնարկությանը: Երեք դասակարգում կա՝ գործարաններ, որոնք հընթացս հնարավոր է աշխատեցնել, և գործարաններ, որոնք վերագործարկելի են երկար ժամանակում կամ կարճ: Քննարկեք և ներկայացրեք: Անձամբ եմ ստուգելու: Հանձնարարականների փաթեթում պիտի մնա մինչև հարցի վերջնական լուծումը նաև մարզպետարանների, նախարարությունների և համայնքների միջև լիազորությունների վերաբաշխման խնդիրը, որ կարևորագույնն է մեր լուծելիք խնդիրներից:

Այլևայլ հրատապ խնդիրների քննարկումից հետո Վազգեն Սարգսյանն ասաց.

-Առաջին անգամ ապրում ենք մեր հաշվին: Արդեն չորս ամիս՝ առանց արտասահմաններից կոպեկ ստանալու, ուրեմն կարող ենք ապրել, ճաք չենք տվել: Ուրեմն ուժեղ երկիր ենք:

Ընթացիկ հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև ոռոգման ջրի, խմելու ջրի վարձավճարների և տեղական բյուջեների կատարման հարցերը: Վարչապետը նշեց, որ հաջորդ սելեկտորային խորհրդակցությանը մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղը և զգուշացրեց.

-Բայց հեռուն գնացող եզրակացություններ չանեք, դա պետք է տնտեսական նկատառումներով:

… Ինչու՞ մանրամասն անդրադարձա անցած դարի ու նույնիսկ հազարամյակի ինչ-որ խորհրդակցության: Որովհետև Վազգեն Սարգսյանը այսպես էր աշխատում ու այս աշխատանքի արդյունքում բոլորովին այլ Հայաստան, այլ տնտեսություն ու այլ բանակ էինք ունենալու՝ ինքնիշխան, հզոր երկիր, որ մեզ չներվեց…

***

Վազգեն Սարգսյանը մի օր ինձ լավ դաս տվեց, երբ ասացի, որ երբեք հարցազրույցի չեմ պատրաստվում: Ասաց՝ երբ ինքն էր գնում հարցազրույցի, նախապես ուսումնասիրում էր մարդուն, թեման՝ իր բոլոր մանրամասներով, որ հասկանա պատասխանը ճի՞շտ է, թե՞ ստում են իրեն, հարցերի մի քանի տարբերակ էր գրում: Պատմեց, որ ակնարկ գրելիս նախապես պլան էր գրում՝ ինչի՞ն է անդրադառնալու, սկիզբն ու վերջը ինչպե՞ս է իրար կապելու, ի՞նչ եզրակացությունների է հանգելու ու ի՞նչ եզրակացություններ է ուզում, որ ընթերցողը ինքնուրույն հանգի:

Պատասխանեցի՝ եթե ես այդքանն անեմ, ոչ մի տող չեմ գրի, օրաթերթը կկանգնի, ու երկուսով էլ հռհռացինք:

***   

Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց 1999-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ռազմական շքերթը նախկին պաշտպանության նախարար ու վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքի ամենաերջանիկ օրերից էր: Զինվորների, ռազմական տեխնիկայի, Սու-երի մուտքը Հանրապետության հրապարակ Վազգենն ապրում էր իբրև իր առաջնեկի հաջողության ապացույց: Նա առանձնանում էր տրիբունայում բոլորից՝ աչքերը, շարժումները, հայացքը, շքերթից հետո կարճ խոսքը անկախության մասին՝ գերանկեղծ ու գերդիպուկ, երջանկությունը մատնող դավաճան արցունքի հետ այն պատվանդանն էին, որի վրա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ այլևս:



Անկախության ութերորդ տարելիցի շքերթից հետո երեխաները վազվզում էին հրապարակում ու հավաքում… զինվորների ճտքակոշիկներից պոկված նալերը՝ իբրև թալիսման: Դա բանակի ու ժողովրդի այն միասնությունն էր, որ կենտրոնում ՎԱԶԳԵՆ ուներ, ուրեմն՝ անպարտ էր:

… «Հայաստանի Հանրապետությունում», որի փոխխմբագիրն էի այդ ժամանակ, «Հայաստան ասելիս» վերնագրով հոդվածից հետո խմբագրությունում կառավարական հեռախոսով զանգ հնչեց, համոզված էի՝ ով կարող է լինել…

-Դու ինձ նալ ես պարտք:

-Ի՞նչ իմացաք, որ ես էլ եմ նալ թռցրել, չէի գրել…

-Նո՞ր եմ քեզ ճանաչում, նալդ ինձ կտաս, վերջ, մի արցունք էլ դու պոկեցիր:

Իսկապես տվեցի, երկա՛ր շոշափեց, կարծես շոյում էր, ու դրեց… ծոցագրպանը:

***  

Մի օր ասաց. «Եթե Աստված մի օր մի ձեռքով հարթեցնի մեր ձորերն ու կիրճերը, մյուս ձեռքով՝ մեր լեռներն ու սարերը, Հայաստանի պես մեծ երկիր աշխարհում չի լինի: Ի՞նչ ծովից ծով: Օվկիանոսից օվկիանոս…  Գլխապտույտ խորություն ու խորք ունի Հայաստանը, գնում-գնում, տեղ չես հասնում, ու չես հասնի երբեք, որովհետև այսօր չես անցնի այն ճանապարհով, որ անցել ես երեկ ու վաղը չես անցնի այն ճանապարհով, որով այսօր ես անցել: Ամեն ինչ փոխվում է, թեպետ թվում է անփոփոխ: Առաջինը դու արդեն դու չես, երկրորդը՝ աշխարհն արդեն նույն աշխարհը չէ, երրորդը՝ միշտ կա չորրորդ չափում, որտեղ չգիտես՝ ինչ է կատարվում, բայց գիտես, որ կատարվում է ու … Կարևորը՝ դու քեզ հավատարիմ մնաս»…

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին