Վազգեն Սարգսյան. Մտածեք էս երկրի մասին - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Մտածեք էս երկրի մասին
1783 դիտում

Վազգեն Սարգսյան. Մտածեք էս երկրի մասին


Մաս 11

Տասնմեկերորդ կանգառը՝ Շաքիի ջրվեժ: Պաշտոնապես կանգառ էլ չէր՝ աշխատանքային այցի ավարտն էր: Բնության այս հրաշքը Որոտանի կիրճում է, Սիսիանից 3 կմ հեռավորության վրա, բարձրությունը 18 մետր է:  Բայց սա ոչինչ չասող վիճակագրություն է, իրականում ջրվեժն ուղղակի սքանչելի է: Հենց ջրի մեջ վարչապետին մոտեցա ձայնագրիչով ու հարցրի երկու օրվա ուղևորությունից իր տպավորությունները: Մերժեց, ուրիշ հարց պահանջեց՝ ջրի մասին, բնության, սիրո մասին…

-Ե՞րբ եք վերջին անգամ գրել:

-Չեմ հիշում, բայց գրելու եմ, անպայման գրելու եմ: Չեմ կարող չգրել: Ուրիշ հարց տուր՝ օրինակ ծաղիկների մասին: Գիտե՞ս՝ դաշտային ծաղիկներ ինչքան եմ սիրում՝ մանուշակ, զանգակ, երիցուկներ: Եղրևանի շատ եմ սիրում:

-Իմ ամենասիրած ծաղիկն է:

-Ծաղիկները կանանց նման են:

-Իսկ կանա՞յք…

-Կանայք ի՞նչ:

-Կանայք ու՞մ են նման:

-Տիեզերքին: Մայրս ինձ համար տիեզերք է, գնաս-գնաս՝ տեղ չհասնես, որովհետև սեր է, ամբողջությամբ սեր է ու անվերջ է:

-Եվ, այնուամենայնիվ, Երևանում մարզերի մասին ունեցած պատկերը և մարզերում տեսածը շա՞տ են տարբերվում:

-Գրեթե չեն տարբերվում, ես իրավիճակը հստակ գիտեմ և լավ պատկերացնում եմ անելիքներս: Միայն հասցնեմ:

-Ինչու՞ չեք հասցնի:

-Կհասցնեմ: Օր առ օր, ժամ առ ժամ, տարի առ տարի գիտեմ՝ ինչ ու ինչպես եմ անելու, կարևորը՝ ումով եմ անելու: Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ամենազարգացած երկիրը՝ բոլոր նախադրյալները կան ու այլևս ոչ մի կին փողոցում իր վարչապետին չի ասելու՝ ինչու՞ ես թոշակս ուշացնում, ինչու՞ ես աշխատանք չունեմ, իմ տղան ու աղջիկը ինչու՞ են ինձ թողել, ռուսաստաններն ընկել՝ փող աշխատելու: Գիտես՝ ի՛նչ ցավ է դա լսելը: Բայց ցավը՝ ցավ, պիտի վիճակ փոխես: Այլապես իզուր եմ թողել իմ գործն ու վարչապետի գործ եմ անում:

-Դեռ չե՞ք համակերպվել, որ վարչապետի գործը Ձեր գործն է:

-Համակերպվելը ո՞րն է, եթե ես ինչ-որ գործ եմ անում, պիտի գերագույն արդյունքը ստանամ: Առավելագույն: Հնարավոր ու անհնար: Ժամանակ շատ ենք կորցրել, ժամանակ չկա՝ պիտի հասցնեմ… Ինչու՞ ես այդպես թերահավատ նայում, չե՞ս հավատում:

-Ձեզ հավատում եմ, բայց ամեն ինչ Ձեզնից կախված չէ, նաև կատարողներից է կախված:



-Հիմար պատճառաբանություն է՝ խնդիրը դիր, բացատրի, օգնի: Չկատարե՞ց, կատարող միշտ կա: Եթե քո տրամաբանությամբ շարժվեի, ոչ բանակ կունենայինք, ոչ զենք, ոչ էլ իմաստ կունենար քաղաքականությամբ զբաղվելը: Անեկդոտը գիտե՞ս… Չէ, չեմ պատմի, ցենզուրայից դուրս է, նուրբ ականջներդ եմ խնայում: Լավ, հերիք է, ջուրը մեզնից կնեղանա, որ իր կողքին կանգնել ու ինչի՞ց ենք խոսում…

***

Եվ, այնուամենայիվ, ինձ հաջողվեց խոսակցությունը շարունակել ու ես ստացա Վազգեն Սարգսյանի «էմոցիանալ խոսքը», որ չհրապարակեցի, համարեցի, որ աշխատանքային այցի հետ կապ չունի: Եվ միայն 1999-ի հոկտեմբերի 28-ին, հարցերը հանած, նրա խոսքը տպագրվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում.

…Կյանքիս ամենալավ ժամանակը, գիտե՞ս, որն էր: Բեռնակիր էի, օրը 60 տոննա շիֆեր էինք բարձում: Ինձ չէին ուզում ընդունել, մի թուրք կար՝ Աբասը, նա վերցրեց, միասին էինք աշխատում: Աբասն առավոտը շուտ էր գալիս, երկու դռնանի վագոն էր վերցնում, երկու դռնանիները ավելի հեշտ էր բարձել: Ափերս կոշտացել էին, չէին փակվում:

…Այս օրը շատ է դուրս գալիս: Վերջին ամիս ու կեսի իմ գործունեությունը, իմ պաշտոնը դուրս չեն գալիս, բայց անում եմ, անելու եմ մինչև վերջ: Մի տեղից եկել եմ մի ուրիշ տեղ: Էնտեղ կար ժողովուրդ, որին շատ սիրում էի, հիմա եկել եմ մի տեղ, որտեղ կա ժողովուրդ, որին վատ եմ հասկանում: Էնտեղ մի 40 մարդ կար, որոնց կարող էի հենվել, էստեղ 10-ն էլ չունեմ, բայց 6-7-ը հաստատ կան, դա մեծ բան է: Նախորդները 6-7-ն էլ չեն ունեցել:

…Սա իմ վերջին էմոցիոնալ շեղումն է: Հաստատ վերջին:

…Սիրեք, հարգեք բանակը: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի՝ ինչ է լինելու: Ոնց որ թե ավելի կանխատեսելի է, քան 6 տարի առաջ: Քան նույնիսկ 50 տարի առաջ: Մեծ կովկասյան պատերազմ կլինի՞-չի՞ լինի՝ դժվար է կանխատեսել: Հոտը գալիս է: Պաշտպանության նախարարը դառնա վարչապետ, լրագրողները դառնան պաշտպանության նախարար կամ արդյունաբերության, երկրի առանցքը բանակն է: Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են:

Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին: 1992-ին Հայաստանը, Ղարաբաղը վերցնում է Շուշին, Երևանի մետրոպոլիտենը գործադուլ է անում: Դա ի՞նչ է: Դա անբարոյականություն է: Շուշին մեր ազգի վերջին 1000 տարվա մեծագույն նվաճումն է եղել: Քո «չունեմները» մոռացիր, դրանք բոլորն էլ ստեղծվելիք բաներ են, էն, որ պիտի ստեղծվի արյունով, դա է ամենադժվարը: Վերջին 1000 տարվա քո մեծագույն հաղթանակի՝ քո որդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակի օրը, գործադուլ է լինում, ու ոչ մեկն էդ մասին չի գրում: Դա անբարոյականություն է: Մեկ: Դուք էսօր չեք ճանաչում մեր հրամանատարներին: Մանավանդ նրանց, որ էդ հաղթանակները տարել են: Երկու: Ադրբեջանի մամուլն ավելի լավ է ճանաչում ձեր հրամանատարներին, որոնց ժողովուրդը պարտավոր է սիրել, որովհետև ամեն ինչից բացի, հաղթելուց հետո ուրիշների նման չեն հաբռգել: Էն, որ գրում եք՝ մեկը-մյուսը շուկա ունի… Բոլորն էլ կարող էին ունենալ: Չունեցան, որովհետև պետական մտածողություն ունեն: Երեք: Եվ չորրորդը՝ ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել: Չի ավարտվել, Աստված գիտի՝ ի՞նչ է լինելու: Մենք մի քիչ թուլացանք, պարտվելու ենք: Զգոն եղեք, որ չպարտվենք, մանավանդ հաղթելուց հետո: Էս տղերքը, որ հիմա կան, 8 տարի հետո պետք չեն լինելու: 8 տարի հետո ես վարչապետ եղա, մարզպետ կտանեմ իրանց: 8 տարի հետո: Եվս 5 տարի իրանք ոչ մի տեղ չեն գնալու: Ոչ մի տեղ: Իրենց տեղը բանակն է լինելու: Իրանք հարստություն են: Իրանք պետք են էս երկրին: Իրանք էս քարն ու թուփը անգիր գիտեն: Եթե իրանցից մեկն ու մեկը մարզպետ լիներ, բոլոր գյուղապետերը զգաստ կանգնած կլինեին, բոլոր հարցերը լուծած կլինեին: Համայնքի ու պետության: Եթե այսօր իրանք լինեն մարզպետ, պետության հարկահավաքությունը 100 տոկոս կլինի: Բոլոր կարգի հրամանների կատարումը 100 տոկոս կլինի: Շինարարությունը 100 տոկոս կլինի: Բյուջեի խնայողությունը՝ 50 տոկոս: Հա, իմ ունեցած բյուջեն ինձ չի հետաքրքրում, որովհետև դա բյուջե չի: Երբ ես իմ ուզած բյուջեն կունենամ, էն ժամանակ կիմանամ, էսօրվա բյուջեն իմը չի: Միտումնավոր չեմ ուզում իմանամ՝ ինչ կա: Իմ բյուջեն 2000-ինն է լինելու: Իմ կառավարությունը 2000-ինն է լինելու: Բայց ես էս տղերքին չեմ բերում մարզպետ, որովհետև պատերազմ կա դեռ: Հասկացեք վերջապես: Վերջին անգամ եմ ասում: Էլ չեմ ասելու: Սա իմ վերջին էմոցիոնալ խոսքն է: Էդ հաճույքն էլ ձեզ չեմ պատճառելու: Էսքան անկեղծանալու հաճույքը:

Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը: Ցավալիորեն:

Մտածեք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես:

…Հա, մեկ էլ ասեմ, որ ամենից շատ սիրում եմ դաշտային ծաղիկներ, էդ պաշտոնական ծաղիկները սրտովս չեն, դաշտի ծաղիկը հոտ ունի, գույն ունի, դեմք ունի ու քեզ ասում է, որ ինքը կա, դու լինես-չլինես, ինքը կա, ու՝ Աստված կա:

***           

Շաքիի ջրվեժի մոտ որոշվել էր նշել գնդապետ Հովհաննես Ազոյանի ծննդյան օրը: Մինչ սեղաններն էին գցում, Վազգեն Սարգսյանը հանեց հագուստներն ու… մտավ ջրվեժի տակ: Բնականաբար՝ լրագրողների բուռն բացականչությունների ու նախանձի նույնքան բուռն դրսևորումների դեմ հանդիման՝ Վազգենը ջրից դուրս եկավ ու մեզ մեկ առ մեկ մտցրեց ջրվեժի տակ՝ հենց հագուստներով: Երբ դու հայտնվում ես վրադ թափվող անկանգ ջրերի տակ՝ շնչելու օդ չկա, Վազգենը երկու ձեռքը պահել էր իմ գլխավերևում, որ կարողանամ շնչել: Աննկարագրելի զգացողություն էր՝ շառաչող ջուրը, այրող արևը ու… Վազգենի ափերը գլխավերևումս: Ջրի տակից դուրս գալուց հետո նա բոլորիս ստիպեց… մի գավաթ կոնյակ խմել, որ չմրսենք ու չհիվանդանանք՝ մինչև արևի տակ մեր հագուստները կչորանային:



Հետո ես սկսեցի հարցեր տալ նախարարներին ու երբ զրուցում էի տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի հետ, Վազգենը անցավ մեր կողքով, թևով դիպավ ուսիս ու նետեց.

-Իզուր հարցազրույց մի արա, հունվարին գործից հանելու եմ, հունվարից իմ կառավարությունն եմ ունենալու ու իմ բյուջեն…

Ու՝ ծիծաղելով գնաց: Պետք էր տեսնել Խոսրով Հարությունյանի դեմքը՝ ոչ նա, ոչ ես չհասկացանք՝ լու՞րջ էր ասում, թե՞ կատակ էր:

***

Քանի դեռ սեղանն էին պատրաստում, մենք լրագրողների խմբով գնացինք տարածքն ուսումնասիրելու: Շատ չէինք հեռացել, համարյա ճանապարհին էինք հասել, մի աղբյուր գտանք ու սկսեցինք ջուր խմել: Եվ տեսանք՝ ինչպես է ձիու վրա վարգելով մեզ մոտենում վարչապետ Վազգեն Սարգսյանը, դեռ հեռվից ձայն տալով.

-Էս ու՞ր եք գնացել, ձեզ գտնելու համար ձի եմ գտել:

Չգիտեմ՝ ումից էր ձին վերցրել, հրաշալի ձիավարում էր, բնականաբար, լրագրողներն էլ ուզեցին ձի հեծնել: Վազգեն Սարգսյանը թամբից ցած թռավ ու ասաց.

-Դե եկեք, ո՞վ է ուզում:

Միակ համարձակը Վիկտորիա Աբրահամյանն էր՝ Ա1+-ից: Վազգեն Սարգսյանը Վիկային նստեցրեց թամբին՝ ձեռքին պահելով ձիու սանձը, բայց ձին բնավ դեմ չէր հեծյալի փոփոխությանը՝ հակառակ մեր բարձրաձայնվող վախերին, որ ձին հաստատ լրագրող չի սիրում ու հիմա ցած է գցելու անկոչ հեծյալին: Բայց դա ավելի շատ նախանձ էր՝ արևի տակ, լեռների մեջ, աղբյուրի կողքին, Վազգեն Սարգսյանը՝ սանձը բռնած՝ ձիու վրա… Ո՞վ չէր նախանձի, բայց և Վիկայից բացի ոչ ոք չհամարձակվեց…    

***

Շաքիից մենք գնացինք Հերհերի հէկ՝ ջրային ռեսուրսներին տեղում ծանոթանալու ոչ մի հնարավորություն Վազգեն Սարգսյանը բաց չէր թողնում: Վայոց ձորի մարզում կան 9 ջրամբարներ՝ Հերհերի, Մարտիրոսի 1-ին և 2-րդ, Աղավնաձորի, Գնդեվազի, Քարագլխի, Հորսի, Բարձրունու, Արտավանի: Հերհերի ջրամբարում 26.3 միլիոն խորանարդ մետր ջուր է հավաքվում: Հերհերի հէկ-ը շահագործման է հանձվել 1998-ին, նրա շնորհիվ մեկ տարում մեկ միլիոն 800000 դրամի հոսանք է խնայվում: Երկու ագրեգատ է գործում: Մարզի հեռանկարների առումով մեծ խնդիր է լուծված: Այստեղ հավաքված ջուրը խնայվում է Սևանից: «Մեր երկիրը հարուստ է գետերով և եթե դեռ չենք կարողանում հնարավորինս ամբողջությամբ օգտագործել մեր ռեսուրսները, մեղավորը մենք ենք: Մտածել է պետք, վիճակը պետք է փոխվի: Աստված տվել է, մենք վատնում ենք»՝ ջրային թեման ամփոփեց Վազգեն Սարգսյանը:

***

Վերջին կանգառը՝ Նորավանք: Լրագրողներիս խնդրանքով: Մոմիկ անունով ճարտարապետը մի քանի հարյուր տարի առաջ կառուցեց այս վանքը իբրև ամրոց և գիտության կենտրոն: Մոմիկ անունով ճարտարապետը մեզ քարե հրաշք նվիրեց, որ իր տեսակով եզակի է նույնիսկ եկեղեցիներով հարուստ Հայաստանում, ու մենք դարեր անց նրա հանճարով հիանալու հնարավորություն ունենք: Մենք այսօր աշխարհին Նորավանք ցույց տալու երջանկություն ունենք՝ բարձր լեռներում ծվարած արծվաբույն:

Օրն էր երկար, թե խաղողօրհնեքն էր պատճառը, Վազգեն Սարգսյանը վանքում մոմեր վառելուց հետո նստեց բակում՝ քարերից մեկի վրա ու սկսեց պատմել ինչպես են տարիներ առաջ կառուցել Նորավանք տանող ճանապարհը ու սկսել վանքի վերականգնումը Վանո Սիրադեղյանի հետ: Լրագրողներից մեկը հարցրեց՝ Վանո Սիրադեղյանի հետ հիմա հանդիպու՞մ եք: Կիսափակ, թե կիսաբաց աչքերով այնպես հավեսին էր պատմում, որ … ձայնագրիչս անջատեցի: Զգացի, որ չի կարելի: Պարզապես չի կարելի ամեն ինչ ձայնագրել, ամեն ինչ նկարել: Զգացի, որ ոչ էլ կարևոր է, որ մենք էլ այդտեղ` գետնին, նստած ենք իր կողքին: Ինքը իր հետ էր ու իր հիշողությունների ու իր կարոտների, իր երազների ու իր մենակության: Գուցե մեզ չէր էլ նկատում: Եվ խոսում էր այնպես՝ ասես պատմվածք էր գրում՝ կերպարներով, իրավիճակներով, հանգույց-հանգուցալուծումով… Վստահաբար՝ գրում էր, ինչ-որ տեղ, ներսում, որ հետո, երբ ժամանակ լինի, սպիտակ թղթին վստահի…

…Նորավանքից Երևան ճանապարհին անցած 250 և ավելի կիլոմետրերին տեսածս ու լսածս ամփոփելիս՝ ակամայից արձանագրեցի, որ մենք միմյանց ու մեր երկիրը համարյա չենք ճանաչում: Այս երեք օրում իմ երկիրն ու իմ երկրի վարչապետը ինձ ներկայացան բոլորովին այլ տեսանկյունից՝ ներսից, ու ես հասկացա, որ իրավ աշխարհի ամենահզոր զենքը փոխըմբռնումն է, մնում է այդ զենքից կատարելապես օգտվել՝ մարդկանց հետ խոսել անմիջական ու պարզ, շիտակ, բացատրել ու ներկայացնել ամեն ինչ ինչպես կա, ձեռք մեկնել ու ձեռքսեղմումի պատիվն ունենալ…

***

Եվ Երևան վերադարձին, գիշերվա մեջ հստակ ընդգծվեց՝ Մասիսի վրա կրակներ էին վառվում: Ու դա ավելի ընդգծում էր՝ մեր հայրենիքը իրավ սահմանամերձ է, Երևանի կենտրոնն իսկ սահման է, ու իր սահմանամերձ հայրենիքում մեզնից յուրաքանչյուրը սահմանապահի գիտակցությամբ ու սրտով մտածելով պետք է ապրի:

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին