Վազգեն Սարգսյան. Մենք ենք այս երկրի տերը, մենք պիտի մեր հարցերը լուծենք - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Մենք ենք այս երկրի տերը, մենք պիտի մեր հարցերը լուծենք
1511 դիտում

Վազգեն Սարգսյան. Մենք ենք այս երկրի տերը, մենք պիտի մեր հարցերը լուծենք


Մաս 9

1999-ի օգոստոսի 10-ի հանկարծամահ էր եղել Էդուարդ Եգորյանը, վերջին հրաժեշտի արարողությունը Կամերային տանն էր: Վազգեն Սարգսյանը եկավ ու արագ քայլերով մտավ սրահ, գունատ էր ու մռայլ: Մի քանի րոպե կանգնեց Էդուարդ Եգորյանի կողքին, լուռ սեղմեց հարազատների աջը ու դուրս եկավ, զգացվում էր, որ հուզված է, ոչ մեկի հետ չխոսեց ու արագ հեռացավ: Հենց այդտեղ էլ կառավարության լրատվականի պետ Տիգրան Հակոբյանից տեղեկացա, որ վարչապետը աշխատանքային այցով մեկնում է Արարատի ու Սյունիքի մարզեր ու ես պիտի հետը գնամ:

…Ու ես չգիտեի, որ այդ այցի ոչ մի րոպեն երբեք չեմ մոռանալու…

***

…Եվ գիշերվա մեջ հստակ ընդգծվեց՝ Մասիսի վրա կրակներ են վառվում: Սկզբից ինձ թվաց տեսողական պատրանք, բայց ճանապարհին խտացող մթի հետ Մասիսի վրա չգիտեմ լույսերը, չգիտեմ կրակներն ավելի էին ընդգծվում: Տխուր էր: Հաստատ որոշել էի՝ այս անգամ ոչ մի տող չեմ գրելու Լեռան մասին, հետո ինչ, որ ամբողջ օրն անընդհատ երևում էր: Չեմ գրելու, որովհետև դառնում է ավանդույթ՝ Արարատյան դաշտի, Արարատի մարզի մասին գրելիս անպայման հաստատել Արարատի հեռու թե մոտ՝ անհասանելի ներկայությունը: Չէի գրի, եթե անվերջ տագնապի պես չամրագրվեր այն գիտակցությունը, որ այս հայրենիքն ըստ էության ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ է, և միայն երազներն են, որ կիլոմետրերի ու սահմանների հետ ընդհանուր ոչինչ չունեն: Առավելևս՝ Հայրենիքի մասին:

***

Առաջին օրվա առաջին կայանը Մխչյանն էր: Ընտրարշավի ժամանակ տրված խոստումների կատարման և հանրապետության յուրատեսակ «գույքագրման»՝ ունեցած ու չունեցածների հաշվեմատյաններին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ, օգոստոսի 14-ին եղավ Արարատի մարզում: Ծրագրով նախատեսված առաջին կանգառը Մխչյանի պոմպակայանն էր, որ կառուցվել է 1962-ին: Վարչապետ Վազգեն Սարգսյանը պոմպակայանի աշխատանքի տեղազննումից ու աշխատակիցների մանրամասն բացատրություններից հետո ասաց. «Պետք է բացատրել, որ մարդիկ հասկանան՝ այս աղքատ պետության վրա այս ջուրը չափազանց թանկ է նստում: Այս 8 պոմպերի աշխատանքը գնում է պետության գրպանից: Սա չափազանց թանկ ջուր է, որի արժեքի 75 տոկոսը պետությունն իսկզբանե ինքն է տալիս: Այդ մասին ժողովուրդը չգիտի: Նոր տնօրենն ասաց, որ նորոգումները արվել են Համաշխարհային բանկի փողով: Հասկանանք, որ այդ փողերը Համաշխարհային բանկը մեզ նվեր չի տալիս, վարկ է տալիս, որ վերադարձնելու ենք մենք և մեր սերունդները: Եթե ջրի սակագնին ավելացնենք նաև վարկի մարման տոկոսները, կպարզվի, որ մենք համարյա ձրի ջուր ենք տալիս: Քաղաքում ինձ զեկուցել էին, որ պոմպակայանի նորոգումը նորմալ է կատարվել: Ուզում էի անձամբ համոզվել: Տեսա, իսկապես հզոր պոմպակայան է, բյուջեի միջոցներից ընթացիկ վերանորոգումները մշտապես կարվեն և առաջիկայում այլևս կապիտալ նորոգման կարիք չի լինի: 2000-ին Ծրագրերի իրականացման գրասենյակի ծրագրերով ունենք ջրանցքների վերանորոգման խնդիր, որը կնվազեցնի ջրի կորուստները և արդյունքում կհանգեցնի ջրի ինքնարժեքի իջեցմանը: Այնուամենայնիվ, ջրի սակագնի իջեցումը նպատակամետ քայլ չէր: Կեղծ փարիսեցիություն էր, որ բնավ չէր նպաստում հանրապետության ջրային համակարգի զարգացմանը: Հասկանանք, թե երկրի համար ի՞նչ նշանակություն ունի, որ ոռոգման ջուրը շատ ավելի թանկ է իր ինքնարժեքից: Հասկանանք և բացատրենք մարդկանց: Որպեսզի կարողանանք և տալ, և պահանջել»:

Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը պոմպակայանում հավաքված մխչյանցիների հարցերին պատասխանեցին: Կարևորվեց, որ 2000-ի գարնան գյուղատնտեսական աշխատանքներից առաջ գյուղնախարարությունը կբերի ավելի էժան և որակով պարարտանյութեր և սերմացու:

…Ավելի ուշ Վազգեն Սարգսյանը ասաց, որ հանձնարարել է մարզպետին կազմել Արարատյան դաշտի բոլոր արտեզյան ջրերի ճշգրիտ քարտեզ, ջրի որակի ստուգումով, ճահճուտների ու ջրին առնչվող բոլոր խնդիրների մանրամասն նկարագրությամբ: Երբ հարցրի՝ չկա՞ն նման տեղեկություններ, պատասխանեց՝ կամ չկան, կամ հին են, իրեն վերջին տեղեկություններն են պետք, որ Արարատյան դաշտում վերջնականապես կարողանան լուծել ոռոգման խնդիրը: Իսկ հետո հավելեց, որ ջուրը՝ ջուր, կան նաև կազմակերպական խնդիրներ, որ համակարգային են, ճիշտ կլինի ամբողջ հանրապետության մասշտաբով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը ստուգվի, իսկ դրա համար նոր կառույց է պետք և գուցե այդ կառույցը դառնա ջրային ռեսուրսների ուսումնասիրման ու կառավարման նախարարություն: Կա նաև կաթիլային ջրարբիացման տարբերակը, որ պետք է ուսումնասիրել Հայաստանին նման կլիմա ունեցող երկրներում, ջուրը նաև պետք է արտահանել, չէ, իսկապես նախարարություն է պետք… Լիքը գործ կա, ջուր լինի, հողը ոսկի կտա…

***

Հաջորդ կանգառը Արտաշատի պահածոների գործարանում էր: Մուտքի առաջ շարված էին ամենատարբեր մակնիշի մեքենաներ՝ գյուղացիները հանձնում էին պոմիդորի բերքը: Ի տարբերություն նախկինի՝ հանձնելուց անմիջապես հետո ստանում էին գումարը՝ կիլոգրամը 22 դրամ: Հանպատրաստից հանրահավաքի ժամանակ  հավաքվածերը Աժ նախագահին ու վարչապետին ներկայացրին իրենց խնդիրները՝ կենտրոնացված ապահովել պարարտանյութերի ու սերմերի մատակարարումը, որ հստակ լինեն պատասխանատուները մատակարարման ծավալների, որակի ու ժամկետների մասով: Վազգեն Սարգսյանը արձանագրեց. «Մենք պետք է անպայման ապահովենք բերքի մթերումը: Յուրաքաչյուր մարզում խոստացել ենք, որ գոնե մրգերի ու բանջարեղենի 2-3 մթերող գործարան աշխատի: Այդ նպատակով կազմակերպել ենք վարկառուների ու վարկատուների հանդիպումներ, կարծես թե գործը 95 տոկոսով ստացվում է: Գյուղացին արդեն կշեռքի վրա ստանում է իր գումարը: Եթե կարողանանք այս տարի բերքն անկորուստ մթերել և գյուղացու վստահությունը ստանալ, համոզված եմ, որ հաջորդ տարի Արարատյան դաշտում գյուղացին իր հողերը չի դնի միայն ցորենի տակ: Ափսոս են Արարատյան դաշտի հողերը, յուրաքաչյուր հող իր ցանքատեսակն ունի: Եթե այս տարի վստահություն ներշնչենք, գյուղացին իր հազարամյակներով մշակած խաղողի, դեղձի, պոմիդորի հետևից կգնա: Քար առ քար պիտի վերականգնենք և 2003-2004-ին արդեն կունենանք լիարժեք աշխատող գյուղատնտեսություն: Հատկապես կարևորում եմ լրատվության դերը: Մենք վատ ենք ճանաչում իրար՝ կառավարություն ու ժողովուրդ կապը թույլ է, հաղորդակցության դաշտը փակել ենք իրար առաջ: Մինչդեռ տեղեկացվածությունը պետք է լինի փոխադարձ, լիակատար և խնդիրները, բարդությունները, լուծման ուղիները համատեղ պիտի պարզենք ու համատեղ լուծենք: Հաջորդ տարի պիտի փորձենք լուծել վարկավորումների խնդիրը: Ոչ ոք մեզ հենց այնպես լավություն չի անում, ամերիկացին հենց այնպես ոչինչ չի տալիս, Համաշխարհային բանկը չի տալիս, մեզ վարկ են տալիս, պարտք են տալիս, որ վերադարձնելու ենք: Ցավոք, ժողովրդի մեջ այն տպավորությունն է, որ փեշքեշ ձիու ատամները չեն հաշվում, բայց այսօրվա յուրաքանչյուր դոլարի ու դրամի համար վաղը տոկոսով ենք հատուցելու: Պոմպակայանի վերանորոգման համար ծախսված փողի արժեքը պիտի ջրի վարձից հանենք, ուրիշ ճանապարհ չկա: Պատճառահետևանքային մի ամբողջ շղթա կա, որ պիտի օղակ-օղակ վերականգնելով առաջ գնանք: Մենք ենք այս երկրի տերը, մենք պիտի մեր հարցերը լուծենք: Բոլորս միասին: Ու լուծելու ենք՝ մի վայրկյան անգամ չկասկածեք»:

***

Հետո գնացինք Տափերական՝ պարզելու միջնակարգ դպրոցի վերանորոգման ընթացքը: Թե արտաքինից, թե ներսից դպրոցը անմխիթար վիճակում էր: Մարզպետն ասաց, որ 17 դպրոց արդեն նորոգվել են, մարզին հատկացվել է 165000 դոլար: Վարչապետը խոստացավ հատկացված 3 միլիոնին ևս 5 միլիոն դրամ ավելացնել:

…Դպրոցի բակում կիսաայրված խոտերով մարզադաշտանման տարածք կար, դարպասներն էլ կային, բայց առանց ցանցերի: Որտեղից չգիտեմ՝ գնդակ հայտնվեց ու… վարչապետ Վազգեն Սարգսյանը Տափերականի դպրոցից հեռանալուց առաջ հանդարտ քայլերով գնաց դեպի 11 մետրանոցի նշակետը, որ շատ պայմանական էր՝ հազիվ էր երևում, կամ չէր երևում, գնդակը դրեց գետնին, կարճ տարածություն հետ գնաց ու հընթացս հարվածեց գնդակին, որ մխրճվեց պայմանական դարպասի մեջ՝ առանց ցանցերի, իսկ իրականում թռավ մարզադաշտից դուրս… Դա իմ տեսած, իսկ ես մոլի ֆուտբոլասեր եմ, ամենագեղեցիկ 11 մետրանոցն էր…

Բայց չգիտեմ ինչու՝ դպրոցի խարխուլ շենքն ու շքեղ 11 մետրանոցը վարչապետ Վազգեն Սարգսյանին տարան դեպի կառավարման համակարգ. «Տեղական ինքնակառավարման համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Գյուղի օրինակով քննարկենք: Նախկինում ովքե՞ր էին գյուղի պատասխանատուները՝ կոլխոզի կամ սովխոզի նախագահները: Լավ, թե վատ՝ կար կառավարման կուռ կառույց՝ կոլխոզի ու գյուղսովետի նախագահները 15 տեղ պատասխանատու էին, ունեին պարտավորությունների հստակ ոլորտ: Երկու ժամ գյուղից չէին կարող բացակայել առանց վերադասի գիտության: Եթե պլանը մեկ տոկոսով չէին կատարում, հեռացնում էին: Մենք դեմոկրատական պետություն ենք ու պիտի դառնանք, սա անկասկած է: Անկասկած է, որ ընտրությունները վերջին հաշվով լավ ու ճիշտ են: Բայց ի՞նչ կատարվեց հիմա: Մենք 1996-ի նոյեմբերին ընդունեցինք տեղական ինքնակառավարման օրենքը: Ո՞վ է հիմա գյուղի տերը: Գյուղապետը: Մի մարդ, որ ինքն է նշանակում իր աշխատակազմը, ինքն է տնօրինում բյուջեն: Գյուղապետեր կան, որ ամիսներով բացակայում են գյուղից, ոչ ոք չգիտի: Որովհետև գյուղապետը որևէ մեկին պատասխանատու չէ: Ժողովրդի առաջ պատասխանատվությունը գիտե՞ք՝ ինչքան հեղհեղուկ է: Ժողովուրդը դեռևս չի ընտրում իր ուզածին, ոչ էլ այդ հնարավորությունը տրվում է նրան շատ հաճախ: Ըստ էության՝ մենք ստեղծել ենք մի վիճակ, որ գյուղերում գրեթե 90 տոկոսով գյուղապետ են ընտրում, կոպիտ ասած՝ ղոչերը կամ մեծ ցեղի ներկայացուցիչները: Գյուղ կա, ընդամենը 100-200 ընտանիքով՝ երկու ցեղ: Ընտրության ժամանակ թշնամանում են ու՝ գնա՛ց… Երեք տարով ընտրում ենք գյուղապետին, առաջին տարում չի հասկանում՝ ինչ պիտի անի, նախընտրական խոստումներ է կատարում, վերջին տարին էլ պոպուլիստական քայլերի է գնում, որ վերընտրվի: Արդյունքում ոչինչ չի արվում ոչ ժողովրդի համար, ոչ պետության: Սա պիտի հստակ բացատրվի ժողովրդին: Մեր պետության առաջին օղակն է սա, որով պիտի լուծենք պետության բոլոր խնդիրները՝ սկսած զորակոչից՝ տեղական բյուջեի ձևավորում, որ դառնում է բարեկարգվող ճանապարհ, նորոգվող դպրոց, մշակույթի օջախ, ջրմուղ-կոյուղու համակարգ, մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձ… Նրանք պիտի հավաքեն ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարները, հարկերը… Մինչդեռ… Պետության այս ինստիտուտը ձևավորված չէ, չի աշխատում այս օղակը: Մենք սխալ ենք արել ու հիմա պիտի մի քայլ հետ գնանք՝ դադար տանք ու կամ գյուղապետերը նշանակվեն, ավագանին ընտրվի, կամ գյուղապետերի, համայնքապետերի, մարզպետերի լիազորությունների վերաբաշխում պիտի լինի: Այսպես չենք կարող այսպես շարունակել, այս ընթացքով վաղը դպրոց ու մանկապարտեզ չենք ունենա, ջրմուղ-կոյուղին լրիվ կքայքայենք, չորս տարի հետո միլիարդներ պիտի դնենք, որ վերանորոգման ենթական նորից կառուցենք: Մենք մեզնից առաջ ենք ընկել: Անիմաստ ու անհեռանկար: Չպատճառաբանված ակտիվությամբ: Կամ օրենքը պիտի փոփոխվի, կամ՝ Սահմանադրությունը: Առաջիկա 5-10 տարին պիտի գյուղապետերը նշանակովի լինեն, ժամանակները ու ժողովրդի վիճակը բարելավելուց հետո կվերադառնանք ընտրության տարբերակին: Այն ժամանակ հնարավորություն կստեղծվի իսկական ընտրություն կատարելու: Մենք պիտի մեր տունը կառուցենք»:

***

Վեդու գինու գործարանը չորրորդ կանգառն էր: Պարզվեց՝ 1999-ի յոթ ամիսներին  թողարկվել է 175 միլիոն դրամի ապրանք, մինչև տարեվերջ կարտադրվի ևս 200 միլիոնի: Գործարանի տնօրեն Մանվել Ղազարյանը մանրամասն պատմեց աշխատանքների ու կնքված պայմանագրերի մասին, պարզվեց՝ առաջին անգամ Հայաստանը միջազգային ցուցահանդեսում արծաթե մեդալ է ստացել՝ ներկայացնելով Վեդու գործարանի արտադրած դառը գինին: Մառանում համտեսված գինին բարձր գնահատականի արժանացավ:



Հինգերորդ կանգառը Արարատում էր: Օրվա կեսին՝ ամենաշոգին, Արարատի քաղաքապետարանի առաջ հավաքված մարդիկ ուզում էին տեսնել Աժ նախագահին ու վարչապետին՝ բողոքելու, որ չունեն աշխատանք, բարձր են էլեկտրաէներգիայի վարձավճարները, ուշ են ստանում թոշակները ու ընդհանրապես կյանքն անտանելի է ու անհեռանկար: Հատկապես բարձր աղմկող մի կին վարչապետին հրավիրեց իր ապրուստը տեսնելու, Վազգեն Սարգսյանը գնաց: Միայնակ ապրող Կատյա Պողոսյանը իր տանը բողոքեց թոշակի ուշացումից, նպաստը ժամանակին է ստանում, բայց գումարը չի հերիքում: Տնտղելով տունը՝ Վազգեն Սարգսյանը ասաց, որ հոկտեմբերից թոշակների ուշացումներ չեն լինի, նպաստի գումարն էլ հետը միայնակ ապրողին պիտի հերիքի՝ դա է պետության այսօրվա հնարավորությունը: Շենքի բակում հավաքված արարատցիներին վարչապետը խոստացավ լուծել Արարատի խմելու ջրի հարցը, եթե քաղաքը հավաքի պահանջվող 14000 դոլարի գոնե կեսը: «Պետությունը չի կարող 15000 դոլար տալ, եթե դուք չեք կարողանում 14000-ը տալ: Պետությունը կթու կով չէ, պետությունը դուք եք, ես եմ, մնացածն են, մեզնով է պետությունը գոյանում: Եթե չաշխատենք, պետությունը փող չի ունենալու, վարձավճարները չմուծենք, պետությունը փող չի ունենալու: Հասկանանք իրար: Գործարաններն աշխատելու համար շուկա է պետք: Սպառում չկա: Պահանջարկ չկա: Մեր վիճակն այս է: Անգամ այս պայմաններում ես լուծում եմ ձեր ջրի հարցը: Բայց քաղաքի բյուջեն դուք պիտի լցնեք հարկերը վճարելով: Բյուջեի 28 տոկոսն է կատարվել, այդ վճարների հաշվին պիտի կատարվեն հանրային ծախսերը: Տիգրան Մեծից սկսած ժողովրդից հարկ են վերցրել: Ինչու՞: Պետությունը պահելու համար: Ժողովրդին պահելու համար: Այս մասին մտածեք: Պահանջելուց առաջ պետության հնարավորությունների մասին մտածեք»:

***

Եվ, իհարկե, մենք պիտի գնայինք զորամաս: Արարատի զորամասում ամեն ինչ կոկիկ էր:  Զինվորները պատվի առան Աժ նախագահի ու վարչապետի առաջ, հրամանատարը զեկուցեց աշխատանքների ընթացքի մասին: Եվ … պաշտպանության նախին նախարար Վազգեն Սարգսյանն օրվա մեջ առաջին անգամ ժպտաց: Կարոտով զրուցեց զինվորների հետ ու… նորից ժպտաց: Նայեց իրեն ուղեկցող նախարարներին ու Աժ նախագահին և ասաց. «Խելոք մարդը էս զինվորներին կթողներ, կգնա՞ր էս նախարարներին ղեկավարելու: Անելու՞ բան էր»: Կարեն Դեմիրճյանը շատ լուրջ պատասխանեց. «Հետդարձ չկա: Սկսել ես, պիտի առաջ գնաս»: Պատասխանը այնքան լուրջ ստացվեց, որ երկուսով ծիծաղեցին: Քիչ հեռվում կանգնած նախարարները ոչինչ չլսեցին, զինվորները ձգվում էին, որ չժպտան, և միայն լրագրողերի ձայնագրիչներն էին ամեն ինչ արձանագրում: Օրն ավարտվում էր…

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին