Վազգեն Սարգսյան. Կամ Հայաստանի պատմության թանգարանին կտաս, կամ՝ իմ - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Կամ Հայաստանի պատմության թանգարանին կտաս, կամ՝ իմ
1571 դիտում

Վազգեն Սարգսյան. Կամ Հայաստանի պատմության թանգարանին կտաս, կամ՝ իմ


Մաս 8

Դեռ քարոզարշավի ժամանակ «Միասնության» հանրահավաքներում ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը խոստանում էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում վերագործարկելու է մեծ արդյունաբերությունը, վարչապետ Վազգեն Սարգսյանը առաջին իսկ օրից ձեռնամուխ եղավ այդ գործին: Նախ գույքագրվեց ամբողջ երկրի տնտեսական ներուժը, ուսումնասիրվեցին չաշխատող ձեռնարկությունները, ըստ վիճակի սովորաբար երեք որոշում էր կայացվում՝ քաղաքական որոշումով վերագործարկել, գործող օրենքներով վերականգնել, հայտարարել սնանկ: Քաղաքական որոշումների շրջագծում սկսել էր աշխատել Քանաքեռի ալյումինի գործարանը: Հուլիսի 28-ին վարչապետը այցելեց արդեն արտադրանք տվող գործարան: Մինչ բակում Ռոբերտ Ենգոյանը հպարտ-հպարտ պատմում էր կարճ ժամանակում ինչքան գործ են արել ու ինչքան են դեռ անելու: Վազգենն ասում է.

-Էդ գլուխդ ինչու՞ ես կարմիր ներկել: Չի սազում, գույնը կփոխես, մեկ էլ քեզ կարմրագլուխ չտեսնեմ, հա, պարոն Ենգոյան, ասում ես՝ քանի՞ աշխատող ունես:

Նախորդ օրը մազերս ներկել էի ու ստացվել էր անկանխատեսելի՝ «կարմիր»: Մինչ ես համարյա մազերիս գույն եմ դառնում, իսկ Ռոբերտ Ենգոյանը արդարանում է, որ ինքը կյանքում մազերը չի ներկել, Վազգենը ծիծաղելով առաջ է ընկնում՝ գնանք, գնանք-տեսնենք ի՞նչ ես արել: Աշխատող 3 արտադրամասերում ամեն հաստոցի մոտ կանգնում ու նայում է, ավելի շատ հարցեր էր տալիս գործարանի տնօրենին ու աշխատողներին, քան բոլոր լրագրողներս միասին: Մեկ էլ՝ անսպասելի աշխատողին ասաց. «Էդ ֆոլգադ իսկականի՞ց ամուր է»։ Տղան խառնվեց իրար. «Պարոն վարչապետ, հա, բարձր որակ է, փորձել ենք, շատ լավն է»։ «Դե մի կտոր պոկի»: Դեռ տաք փայլաթիթեղը պտտվում էր գլանի վրա… Պոկեցին մի մեծ կտոր ու տվեցին: Երկար շոշափեց, լույսի դիմաց պահեց, հետո… կիսեց ու. «Առ, կեսն` ինձ, կեսը` քեզ, պահի, թանգարանին կտաս»։ Ես ծիծաղեցի. «Ֆոլգայի թանգարա՞ն ենք բացելու»: «Չէ, կամ Հայաստանի պատմության թանգարանին կտաս, կամ` իմ»: …Վազգենի ձեռքով կիսված ֆոլգան մեր տանն է:



Իսկ այցից հետո վարչապետը ասաց, որ 2000-ին լրանում է գործարանի 50 տարին և մինչ այդ գործարանը պիտի նորմալ աշխատի. «Յուրաքանչյուրս ամեն օր 4-5 տեսակի փայլաթիթեղի հետ է շփվում կենցաղում՝ ամենալայն սպառման ապրանքներ են արտադրվում այստեղ: Երբ քաղաքական-տնտեսական որոշում կայացվի Քանաքեռի ալյումինի գործարանի մասին, վերագործարկման մասին, չի բացառվում, որ որոշ պարտքեր գուցե սառեցնելու, որոշ պարտքեր գուցե ներելու որոշում կայացվի: Ալյումինի գործարանը հիանալի գործարան է, ամեն ինչ պիտի անենք հանուն վերագործարկման»:

«Նաիրիտ» գնալու մասին հարցին Վազգեն Սարգսյանը պատասխանեց. «Նաիրիտի» հարցը դեռ չի քննարկվել: 14 միլիարդ դրամի պարտք պարտք ունի «Նաիրիտը» միայն էներգետիկներին, դա սարսափելի թիվ է: Պիտի կայացվի համարձակ քաղաքական որոշում՝ կամ «Նաիրիտի» հետագա գործարկման կարգն ուձևը պիտի որոշվի, կամ, եթե գործարկման եղանակ չկա, գործարանը պիտի լուծարվի: Այլապես թողնել պետության և ժողովրդի վզին՝ այլևս անհնար է»:

…«Նաիրիտը» վերագործարկեց և օգուտով աշխատեցրեց վարչապետ Արամ Սարգսյանը:

***

Նույն օրը վարչապետը Քանաքեռից գնաց… «Զվարթնոց», որ «ոչ միայն Հայաստանը աշխարհին կապող օղակ է, այլև՝ հիմնահարցերի բարդ հանգույց»: Երևի իր գործելու օրից «Զարթնոցը» այդպիսի «հետախուզության» չէր ենթարկվել՝ Վազգեն Սարգսյանը եղավ օդանավակայանի բեռնահամալիրում, ծանոթացավ տեղափոխվող բեռների մշակմանը, «Ավիավառելիք», «Ավիասնունդ» ՊՓԲԸ-ներում և «Զվարթնոց» վերլուծական կենտրոնում, ուղևորների սպասարկման բաժանմունքներում, ճշտեց, թե ուղևորը որքա՞ն ժամանակ է անցկացնում օդանավակայանում (1-1.5 ժամ նվազագույնը) և ի՞նչ ծառայություններից է անցնում (սահմանապահ, մաքսային, վիզաների և գրանցման բաժին): Իբրև կարևորագույն խնդիր նշվեց ինքնաթիռներով ապահովվածության հարցը՝ Եվրոպան 2001-ից այլևս իր օդանավակայաններում չի ընդունելու այսօրվա ինքնաթիռները՝ տեխնիկական վիճակի պատճառով և այդ մասին պետք է այսօր մտածել: «Որո՞նք են Ձեր ակնկալիքները այս ուսումնասիրություններից» հարցին Վազգեն Սարգսյանը պատասխանեց.

«Կառուցողական: Այնպես պիտի անենք, որ օդանավակայանով անցնող մարդը ինքն իրեն հարգի: Եվ զգա, որ սա Հայաստանն է, անմիջապես զգա»: …Օդանավակայանի զննությունից հետո հենց տեղում Վազգեն Սարգսյանը ավիացիոն ծառայության ղեկավարների, նախարարների, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ու ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, բայց այդ օրվանից հիշողությանս մեջ մնաց անակնկալ մի դրվագ: Սպասասրահում խոսակցություն էր սպասասրահի խնդիրների մասին, հանկարծ Վազգեն Սարգսյանը պոկվեց տեղից ու վազեց (ես նրան առաջին անգամ էի տեսնում վազելիս), զուտ մեխանիկորեն հետևեցի նրան: Աթենք-Երևան ինքնաթիռի ուղևորներից 20-ը նրա զինվորներն էին, վերադարձել էին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Աթենքի զինվորական ակադեմիայում ուսումն ավարտելուց հետ: Մեկնել էին 3 տարի առաջ, ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը անձամբ էր ճանապարհել, դիմավորում էր վարչապետ Վազգեն Սարգսյանը: Մինչ զինվորները զգաստ կանգնած պատիվ էին տալիս իրենց նախարարին, Վազգենը մեկ առ մեկ գրկում էր նրանց, անուն առ անուն հարցնում՝ ո՞նց են, ի՞նչ սովորեցին, տանը ի՞նչ կա, ի՞նչ են անելու: Մանրամասն: Սրտանց: Հոր պես: «Կապը չկորցնեք, տղերք»՝ ասաց, երբ զգաց, որ պիտի վերադառնա իր բուն գործին: Զինվորների աչքերից չգիտեմ ինչու (լավ էլ գիտեմ, ես էլ էի լացս հազիվ զսպում) արցունքներ էին գլորվում, իսկ Վազգենը թևով ստեպ-ստեպ աչքերն էր մաքրում:

Կարդացեք նաեւ.

Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող

Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես

Վազգեն Սարգսյան. Եթե «Միասնություն» դաշինքը չկայանար, ես ընտրություններին չէի մասնակցի

Վազգեն Սարգսյան. Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի

Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ

Վազգեն Սարգսյան. Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, երկրին պետք ենք

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին