Վազգեն Սարգսյան. Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, երկրին պետք ենք - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, երկրին պետք ենք
1256 դիտում

Վազգեն Սարգսյան. Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, երկրին պետք ենք


Մաս 7

1999-ի հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանը նշանակվեց վարչապետ: Որևէ մեկի համար անակնկալ չէր՝ «Միասնությունը» հաղթել էր խորհրդարանական ընտրություններում, մեծամասնություն էր խորհրդարանում, բոլորն էլ գիտեին, որ Կարեն Դեմիրճյանը կընտրվի ԱԺ նախագահ, Վազգեն Սարգսյանը կնշանակվի վարչապետ ու կկազմավորի իր կառավարությունը: Հունիսի 12-ին «Հայաստանի Հանրապետությունում» «Վճռական մենակից վճռական միասնության անցնելու ժամանակը» վերնագրով և Վազգեն Սարգսյանի՝ «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է կռվի» նախախոսքով կարճ անդրադարձել էի.

«Պետության և երկրի, ժողովրդի անհրաժեշտությունը միշտ ստեղծում է մարդիկ, որ, իրենց համար նույնիսկ անակնկալ, դառնում են բոլորի մեջ մեկը, հետո՝ միակը: Ասել է՝ դառնում են առաջնորդ և անհրաժեշտաբար սովորում են երկիր կառավարել: 1988-ից մեր փորձով համոզվեցինք նաև, որ անհրաժեշտությունը ստեղծում է առաջնորդներ և անհրաժեշտությունը նրանց հեռացնում է ասպարեզից: Պատմության ընթացքի անխուսափելիությունը և անկասելիությունն իրենց մաշկի վրա զգում են նրանք, ովքեր կրում են պատմությունը ու կոչված են պատմությունից:

Դարավերջյան մեր հարափոփոխ կյանքում Վազգեն Սարգսյանը եղավ այն քաղաքական, ռազմական, պետական գործիչը, որ բոլոր հանգամանքներում ու միշտ երկրի և պետության գոյության հենասյուն դարձավ: Ամենակարևորը՝ երաշխիքներ կորցնող մեր կյանքում եղավ երաշխիք: Երաշխիք մեր դրսի և ներսի սահմանների համար: Եվ հենց պատմության զարգացման օրինաչափությամբ էլ վերջին ժամանակների վճռական մենակը ինքը պիտի ցրեր իր մենակության առասպելը և միասնության կոչ աներ: Առաջին հերթին՝ ժողովրդի: Նախևառաջ մեզնից յուրաքանչյուրի, որովհետև միայն մենակությունն ապրածը գիտի միասնության գինը: Միասնության ուժը: Ուրեմն և օրինաչափ է, որ երկրի զինվորի առաջին քայլով սկսված ճանապարհը պիտի հասցներ վարչապետության, իմա՝ անմիջական պատասխանատվության ստանձնման այս երկրի և այս ժողովրդի առաջ: Առաջին հերթին պատասխանատվության, հետո՝ իրավունքի, որովհետև միայն այդպես են ՏԵՐ լինում: Իսկ տիրոջ գաղափարը քաղաքականության այբուբենի «Այբ»-ն է:

Այս քայլի կենսական անհրաժեշտությունը զգում ենք բոլորս, վարչապետը այլևս նահանջի տեղ չունի: Եվ՝ իրավունք: Նրան ընտրել է ժողովուրդը, նրան հավատացել է ժողովուրդը: Իսկ ժողովուրդը սխալները ներել չգիտի: Թուլությունը՝ ևս: Եվ ուրեմն՝ իրավ, նրա նահանջը բոլորիս պարտությունն է, ուրեմն ոչ մեկս չհաղթելու իրավունք չունենք: Եվ՝ առաջին հերթին՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, մարդ, որ գիտի և մենակության, և միասնության ուժը»:

... Ոչ այդ օրը, ոչ հաջորդ օրը Վազգեն Սարգսյանը ինձ չզանգահարեց՝ իզուր էի սպասում՝ իմանալու ՎՃՌԱԿԱՆ ՄԵՆԱԿԻՑ՜ ՎՃՌԱԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ անցնելու բանաձևիս գնահատականը: Բնական է՝ մտածեցի, նախ՝ երևի ժամանակ էլ չի ունեցել կարդալու, հետո էլ՝ եսիմինչ չէի գրել, որ այդքան զբաղվածության մեջ անպայման արձագանքեր: Կարդացել էր, բայց արձագանքեց … մի քանի ամիս հետո, հոկտեմբերին. «Հիշու՞մ ես՝ ի՞նչ էիր գրել վճռական մենա՛կ, վճռական միասնությու՛ն… Ահագին մտածել եմ: Ոչ վճռական մենակդ էր ճիշտ, ոչ վճռական միասնությունդ: Այսօր կարող եմ ասել: Մեզ միասնություն չի պետք, մեզ միասնականություն է պետք՝ որոշումներ կայացնելիս ու կատարելիս: Կատարելիս՝ հատկապես»: Հետագա հարցերիս չպատասխանեց՝ հիմա չէ, մի օր կպատմեմ՝ ինչու՞ ու ինչպե՞ս…

…Տարիներ անց  հարցազրույց էի անում Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հետ, և նա այդ օրերի մասին պատմեց. «Ընտրություններում հաղթեցին: Մենք էդ ժամանակ իր մոտ էինք: Ուզում էինք տուն գնալ, չթողեց, թե մի գնացեք դեռ: Մի օր եկավ, թե խոսելու բան կա: Ասեց՝ երկու-երեք ամիս համոզում են, որ վարչապետ դառնամ, ասեք-տեսնեմ՝ դուք ի՞նչ եք ասում: Ասեցի, Վազգեն ջան, էդքան տարի չարչարվեցիր, էրեխու պես բանակը պահեցիր-մեծացրիր, ոտքի հանեցիր, հիմի մի քիչ հանգիստ է, գոնե հիմա հանգիստ քո բանակով զբաղվիր: Արտաշես արքայի որդի Արտավազդի օրն ես ընկնելու՝ էս ավերակներին ո՞նց ես թագավորելու… Ասեցի՝ Վազգեն ջան, կարո՞ղ է՝ ուզում են թևերդ կտրել, որ չկարողանաս էդ տնտեսությունը ոտքի հանել, ձախողվես ու քեզ մրոտեն-հանեն: Ծիծաղեց, ասեց՝ Մոսոյի նման ես մտածում: Ասեց՝ էս երկու ամիս տալիս-առնում եմ, ինձ վարչապետություն պետք չի, չեմ ուզում գնալ, բայց մտածում եմ, որ չկա էնպես մեկը, որ նստի էդ աթոռին ու մտածի երկրի ու ժողովրդի մասին: Երկիր չի մնացել, ժողովուրդ չի մնացել, տնտեսություն չկա: Բանակը տնտեսությունից առաջ է անցել, երկու տարի հետո բանակը պահելու հնարավորություն չենք ունենալու: Ոչ մի նորմալ երկրում չի լինում, որ բանակը տնտեսությունից առաջ անցնի: Ես գնում եմ, որ տնտեսությունը ոտքի հանենք, որ կարողանանք բանակ պահել, պատերազմը դեռ չի ավարտվել, ինչ իմանաս՝ ի՞նչ կլինի: Հայրն էլ ասաց՝ մարդը երեսունից քառասուն տարեկանում է կյանք անում, տուն-տեղ դնում, ամուսնանում, դու քո կյանքի լավագույն տարիներն անցկացրիր: Կուզեի, որ նախարարությունն էլ թողնեիր, ոչ մի աթոռ չունենայիր, գայիր, կողքիս նստեիր, ամուսնանայիր, հանգիստ կյանքով ապրեիր, դու գիտես՝ ինչ ուզում ես արա:

Եթե ինքը չդառնար վարչապետ, էդ ամեն ինչը չէր լինի: Ախմախ-ախմախ ասեցի՝ գնա, տղա ջան, Աստված քո թիկունքին է: Երազիս մեջ տեսել էի, որ մեջքը լվանում եմ, մաքրում եմ՝ թիկունքին Մարիամ Աստվածածնի նկարն է բացվում՝ Հիսուսը գրկին: Ուրախացել էի, որ Աստված իր թիկունքին է: Մարիամ Աստվածածինը իրեն շատ փորձանքներից է փրկել: Փոքր ժամանակից: Ասեցի՝ տղա ջան, Քրիստոսն իր խաչը տարավ, դու էլ քո խաչը տար, գնա: Գնաց: Հաջորդ օրը շուտ տուն եկավ, զարմացա՝ էս ինչի՞ եկար: Ասաց՝ արդեն ներկայացնելու են: Անտրամադիր էր, խոսել չէր ուզում: Ես էլ, հայրն էլ անտրամադիր էինք: Գնաց գործի, եկավ տուն: Գնաց գործի, եկավ տուն: Վերջին անգամ՝ գնացի, ձեռքս գցեցի ուսին ու ասացի՝ անհանգիստ եմ շատ, էնքան լավ կլինի, իրենց որոշումը փոխեն: Ասեց՝ չէ, Սոֆի ջան, հրամանս տվել են: Ասեցի՝ տղա ջան, դու կհաղթես, դու որ պատերազմում հաղթեցիր, չեղած տեղից բանակ սարքեցիր, տնտեսությունը ոտքի կհանես:

Մի ամիս հետո եկավ տուն, պառկեց խոտերին, գնացի կողքը նստեցի, հարցրի. «Վազգեն ջան, բալա, ի՞նչ ես անում, գլուխ հանու՞մ ես»: Մի տարուց ավելի տնտեսագիտական գրքեր էր կարդում, ծանոթանում էր տնտեսությունը վարելուն, ասեց. «Հա, Սոֆի ջան, էդքան էլ դժվար չի, ինչքան պատկերացնում էի: 91 թվին շատ ավելի դժվար էր, երկու տարում ամեն ինչ կկարգավորվի»:

…Նա նույնիսկ մեկ տարի չունեցավ…

***     

Կյանքում երբեք այդ օրը չեմ մոռանա՝ 1999-ի հուլիսի 17-ը՝ ընտրարշավն անցյալ էր՝ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր արդեն մեկ ամիս: Տասնյակ ելույթներ էի լսել ու տեսել: Որ Վազգենի խոսքը էլեկտրականացնում էր, բացարձակ նորություն չէր, որ Վազգեն Սարգսյանը գիտի գլխավորից խոսել ու համոզել, նույնպես բացարձակ նորություն չէր, որ Վազգեն Սարգսյանը անպարագիծ սիրում է իր երկիրը, ընդհանրապես նորություն չէր: Բայց տեսնել նրան հուլիսի կեսօրվա կիզիչ արևի տակ քրջի բազարում… կառավարության անելիք քայլերի մասին խոսելիս, բացարձակապես անհավանական ու անկանխատեսելի էր: Շոգ, արև, առևտուր չկա, փոշի, հինումին ինչ ասես վաճառելու վրա օրվա հացի փողի հույս դրած մարդիկ ու նրանց առաջ… վարչապետը: Ու վարչապետի խոսքից մեկ էլ տեսնում ես, որ գետնին անկանոն, ցաքուցրիվ փռված իրենց ապրանքատեսականու կողքին կքած մարդիկ շտկում են մեջքը, դառնում բարձրահասակ, գեղեցիկ, անհասկանալի փայլում են նրանց աչքերը ու Վազգեն Սարգսյանին նայում են այնպես, ասես իրենց առաջ ոչ թե միս ու ոսկորից մարդ է, այլ՝ նվազագույնը այլմոլորակային, որ իրենց հետ խոսում է իրենց ցավից ու իրենց հոգսից…

Մտքումս Չարենցն էր՝ «Երևան: Աստաֆյան: Փոշի»: Վարդանանց փողոցը, որ ինչ-որ տեղ հատում է Աստաֆյանը:

…«Խիղճ ունեցիր, մի կտոր հաց դիր մեր բերանը: Դու շատ լավ մարդ ես երևում, մեղք ենք, աշխարհը ծախեցին-կերան, մենք սոված մեռնում ենք: 72 տարեկան կնիկ, ի՞նչ գործ ունեմ էս արևի տակ»…

…«Ես փախստական եմ, գրանցում չունեմ, 11 տարի ապրում եմ այստեղ: Մի բան մտածի մեր մասին, գրանցեք մեզ: Գնացել եմ ընտրության, չեն թողնում ընտրեմ, անձնագիր չեն տալիս: Չենք ուզում, ախպեր, էդ լգոտները, մեզ մարդու իրավունք տվեք: Մարդ իր հայրենիքում էսքան երկար գաղթական չի կարող մնալ: Պարոն վարչապետ, մենք հայրենիք ենք ուզում»:

…«Պարոն վարչապետ, հեչ չմտածես, մենք քեզնից հաց չենք ուզում, փող չենք ուզում: Մենք մուրացկան չենք: Մենք քեզնից աշխատանք ենք ուզում: Էս քրջի բազարի 40 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցողներ ենք՝ շինարարներ, ինժեներներ, ուսուցիչներ: Ի՞նչ եք մտածում, օրը կես դառավ, 200 դրամ եմ վաստակել: Ես շինարար եմ, ես գործ եմ ուզում, ոչ թե չարչիություն»:

…«Էս քրջուփալասն էլ որ պրծավ, ի՞նչ ենք անելու: Մարդ ենք, վերջապես, աշխատանք ենք ուզում: Էսօրվա օրով ինչի՞ պիտի քեզնից օգնություն ուզենք՝ քեզ օգնելու տեղակ»:

…«Պարոն վարչապետ, ինչ անես-չանես, հոսանքը չթանկացնես: Հազիվ կոպեկը կոպեկին հասցնում ենք: Մի ճար արա, աշխատենք, անգործ մեռանք»:

…«Պարոն վարչապետ, մի բան ասեմ, չնեղանաս, որ երկու-երեք տարի ճիշտ աշխատես, էս վիճակից դուրս կգանք, մեր հույսը մենակ դու ես, մենակ դու, ուրիշ տեղ չունենք ձեռք գցելու»…



Ու դարուփոսերի մեջ Վազգեն Սարգսյանը ընտրում է համեմատաբար բարձրադիր քար, բարձրանում վրան, որ ասի.

-Ժողովուրդ, նոր բան ինձ չասեցիք: Ձեր կարծիքով՝ ինչի՞ եմ եկել: Ինչի՞ վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ էստեղ եմ եկել: Որովհետև որոշել եմ գնալ այնտեղ, որտեղ ամենածանրն է: Ձեր վիճակը ես գիտեմ, շատ լավ գիտեմ, չասեք էլ, գիտեմ: Ես ուզում եմ հասկանանք՝ ինչու՞ է էս վիճակը ստեղծվել: Ինչպե՞ս եղավ, որ ինժեները, շինարարը, ուսուցիչը հասան էս օրին: Ուզում ենք գտնել ելքեր էս վիճակից դուրս գալու համար: Ցավոք, դեռ ինչ-որ ժամանակ էս քրջի բազարը կգոյատևի, վերացնելու հնարավորություն չկա: Նախ պիտի մարդավայել առևտրի պայմաններ ստեղծվեն, դա ընթացիկ հարց է, հեշտ է, դա կանենք: Ամենադժվար խնդիրը աշխատանք գտնելն է: Վաղը, մյուս օրը իմ մարդիկ կգան, յուրաքանչյուրիդ վիճակը մեկ առ մեկ ուսումնասիրելու, ում կկարողանանք, գործի կտեղավորենք: Ուզում եմ՝ իմանաք՝ էլեկտրաէներգիայի, հեռախոսավարձերի գները չեմ բարձրացնելու: Ինձ ստիպում էին ու ստիպում են, բայց չեմ բարձրացնելու: Էլեկտրաէներգիայի գծով 49 միլիարդ դրամ պարտք ունի պետությունը: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե չկարողանանք վճարել: Վաղը-մյուս օրը կկրկնապատկվի, կդառնա 200 միլիոն դոլար, մեկը կգա, պարտքը կտա ու կդառնա էս երկրի տերը: Ինչ որ կռվով պահեցինք, փողով մեր ձեռքից կառնեն: Պետք է ձևեր գտնենք, միջոց գտնենք մեր տունը մերը պահելու, էլեկտրաէներգիայի կորուստը պակասեցնելու, գողությունը քչացնելու: Ժողովրդին պետք է հստակ բացատրվի ամեն ինչ: Օրինակ՝ ո՞նց են գոյացել պարտքերը: 1991 թվից էլեկտրաէներգիան արտադրել ենք, շատ թե քիչ, տվել ենք ժողովրդին, գործարաններին, գյուղացուն ու կոպեկ հետ չենք ստացել: Ոչ գյուղացին է էլեկտրաէներգիայի ու ոռոգման վարձը տվել, ոչ քաղաքացին է վճարել հոսանքի դիմաց: Տարեցտարի կուտակվում, պարտքի չափը մեծանում է: Էսօր 49 միլիարդ դրամ է՝ 100 միլիոն դոլար: Ոչ մի հնարավորություն չկա էլեկտրաէներգիայի գինն իջեցնելու: Ինձնից պահանջում են բարձրացնել՝ ասացի: Մեկ է՝ չեմ թանկացնի: Ասում են՝ չես թանկացնի, վարկ չենք տա, իսկ վարկը բյուջեում արդեն հաշվված է, աշխատավարձ է դառնալու… Չեմ թանկացնի, ուրիշ տեղից փող կգտնեմ: Ասում են՝ էլեկտրաէներգիայի սակագինը միջազգային արժեքին հասցրու: Ես ասում եմ՝ մեր ժողովուրդը միջազգային արժեքին համապատասխան աշխատավարձ չի ստանում, որ բարձրացնեմ: Իրենք ճիշտ են, Համաշխարհային բանկը ճիշտ է, ասում է՝ ես փողը տալիս եմ, որ ժողովրդին պահես, տալիս եմ, բայց ո՞նց ես վերադարձնելու: Շատ ծանր վիճակ է: Շատ: Տաս օր է՝ բանակցում ենք, որ գոնե 25 միլիոնը տան: Ես ձեր արանքում կանգնած մարդ եմ, իմ խնդիրը էս վիճակից ձեզ էլ, նրանց էլ դուրս բերելն է: Երկիրն անվերջ չի կարող պարտքեր անել ու վարկերով ապրել: Մենք պիտի մեր արդյունաբերությունը աշխատացնենք: Մի գործարան աշխատացնելը բոլորիդ հեշտ ու հանգիստ է թվում գուցե: Մի, երկու, մի քանի գործարան աշխատեց, բայց երկրի արդյունաբերությունը աշխատացնելը ահռելի դժվար է, շուկա է պետք, հումք է պետք, սպառում է պետք, նոր տեխնոլոգիաներ են պետք, նոր մասնագետներ են պետք: Սովետական Միությունը մեծ ու հզոր երկիր էր, այստեղ արտադրում, Վլադիվոստոկում ծախում էր: Հիմա մեր ապրանքը առնող չկա, մրցունակ չենք շուկայում: Շուկայում մեր տեղը չունենք: Ուրիշ խնդիր էլ կա՝ այսքան վարկերը որ բերվել են, խելացի չեն օգտագործվել, նպատակային ծախսեր չեն արվել: Օրինակ, «Զվարթնոցում» մեծ շինարարություն է եղել, որ այսօր մեզ պետք չի, բայց վաղը, մի երեք-չորս տարի հետո պետք է գալու: Հինգ տարի հետո օգուտները կերևան: Կամ էլ՝ Երևանի ջերմաէլեկտրակայանը, ճիշտ է, լրիվ հզորությամբ այսօր չի աշխատում, բայց վաղը, մյուս օրը, որ ստիպված լինենք ատոմակայանը կանգնեցնել, ՋԷԿ-ը պիտի աշխատի: Հոկտեմբերի 1-ից աշխատավարձերի, թոշակների, նպաստների պարտքերը կբերենք-կհասցնենք զրոյական վիճակի, որ ամիս-ամիս ստանաք: 2000 թվին և Որոտանի թունելն ենք ավարտելու, և Արփա-Սևանն ենք վերանորոգելու: Շինարարներն աշխատանք կգտնեն: 2000 թվին շինարարական կազմակերպությունները լրիվ թափով կաշխատեն: Դժվարը էս երեք-չորս տարին  է, ճահճից պոկվելու խնդիրն է, անկումը կասեցնելու խնդիրն է: Որ պոկվեցինք, գնացքը գնալու է: Ուրիշ ելք չունենք, մեր երկիրն է: Արդյունաբերությունն աշխատացնելու եմ, շուկաների հարցերը լուծելու եմ, լուծում եմ: Որ տնտեսությունը չշնչի, բանակը չենք կարող ոչ պահել, ոչ նոր զենքեր բերել: Գիտեք՝ պատերազմն ավարտվե՞լ է, չի ավարտվել, ժողովուրդ, հաղթել ենք, բայց հարցը չենք լուծել, բանակը պիտի մարտունակ պահենք: Ուրիշ ելք չունենք, գնալու տեղ չունենք: Ամեն ինչ անելու ենք: Ես եմ ասում: Ազնիվ, լավ, կազմակերպված աշխատանքի դեպքում 25 տոկոսով կարելի է վիճակը լավացնել, հետո էլի 25, հետո… Ես էդ հույսով եմ եկել: Միասին ենք աշխատելու: Ես մենակ չեմ, դուք եք ինձ օգնելու: Միասին ենք անելու, որովհետև մենք իրար պետք ենք, որովհետև մենք երկրին պետք ենք…

Ու Վազգեն Սարգսյանը մեկ առ մեկ շրջում, կռանում, վաճառվող հնոտին էր տնտղում, հարցուփորձ անում մարդկանց: Այն ժամանակի քրջի բազարը հողապատ, քարքարոտ, դարուփոսերով տարածք էր, տեղ-տեղ չէի հասցնում հետևից իմ բարձրակրունկներով, որ խրվում էին քարերի արանքում ու քայլելը դարձնում վտանգավոր: Ինչ-որ պահի, երբ էլի խրվել էի քարակույտում, Վազգենը հետ դարձավ, կտրեց ինձ գետնից ու դրեց հարթ տեղ, հետն էլ հասցրեց կշտամբել՝ բարձրակրունկների ժամանա՞կ ես գտել, էս քեզ համար կառավարության նիստերի դահլիճը չէ, որ կտկտացնելով ֆռֆռաս…

Իսկ ես ոչինչ չէի նկատում՝ բացի նրա ֆանտաստիկ աուրայից, որ քրջի բազարը դարձնում էր աշխարհի ամենազարգացած մայրաքաղաքի ամենաշքեղ տոնավաճառը, որտեղ…

Վազգենը գնացել էր, ես պտտվում էի մարդկանց մեջ՝ ձայնագրիչը ձեռքիս ու ուզում էի նրանց կարծիքն իմանալ: Մի տատիկ ասաց, որ աչքով չտեսներ, չէր հավատա, թե վարչապետ մարդ բանուգործը թողած՝ վեր կկենա, կգա իրեն բացատրելու, թե ինչ վիճակում է երկիրը, որ իրեն էլ մարդատեղ կդնի ու կասի՝ չմտածես, սենց չի մնալու: Այդ օրը Վարդանանց փողոցում կատարվածը իսկապես էլ հրաշք էր: Անհավանական, բայց իրական: Վազգեն Սարգսյանը եկավ ու աշխարհից-կյանքից հոգնած, մի քիչ էլ խռով իր հայրենակցին ասաց՝ վեր կաց, վերև նայի, դու մենակ չես, ես քեզ հետ եմ, հենց քեզ ու դու պետք ես քո երկրին: Արդեն հեռանում էի քրջի բազարից, երկու ծերունու խոսակցությունը կանգնեցրեց.

-Դու կհավատայի՞ր, որ Վազգենը կգա ստեղ:

-Չէ, ո՞վ կհավատար:

-Մեկ էլ Աղասի Խանջյանն էր ժողովրդի մեջ ման գալիս ու մարդկանց հետ մարդավարի խոսում:

-Հա, հանկարծ Խանջյանի նման գլուխը չուտե՞ն:

-Չէ՛, ո՞վ ռիսկ կանի:

-Խանջյանի գլուխը ո՞վ կերավ, նա էլ ռիսկ կանի…

-Բերիան, հիմա Բերիա չկա:

-Միշտ էլ մի Բերիա կա:

…Ես, իհարկե, նրանց խոսակցության մասին չգրեցի, թեպետ ինքս էլ գիտեի, որ միշտ էլ Բերիա կա…

Կարդացեք նաեւ.

Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող

Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես

Վազգեն Սարգսյան. Եթե «Միասնություն» դաշինքը չկայանար, ես ընտրություններին չէի մասնակցի

Վազգեն Սարգսյան. Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի

Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին