Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ
1771 դիտում

Վազգեն Սարգսյան. Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ


Մաս 6

Ընտրարշավի ժամանակ, ուր էլ գնայինք, Վազգեն Սարգսյանը միշտ ժամանակ էր գտնում՝ զորամաս մտնելու (հատկապես մեծ զորամասեր): Չեմ կարող ստույգ հիշել՝ որտե՞ղ էինք, բայց լավ հիշում եմ, որ շարքով մեծ ու հողոտ տանկեր էին կանգնած՝ իրարից որոշակի հեռավորության վրա: Առաջին անգամ էի այդքան մոտիկից մարտական տանկ տեսնում: Չգիտեմ ինչու՝ փորձեցի բարձրանալ թրթուրների վրա, չստացվեց, հետո որոշեցի նայել, թե տանկի տակ ի՞նչ կա: Կիսապառկած փորձում եմ խցկվել տանկի տակ, համարյա հաջողվել է ու մեկ էլ լսում եմ Վազգենի ձայնը.

-Էս ու՞ր:

-Լավն է:

-Դուրդ եկա՞վ:

Վազգեն Սարգսյանը ծնկել է, ես էլ դուրս եմ սողում տանկի տակից, փոշոտ ու հողոտ՝ տանկի պես, ու պատասխանում եմ.

-Շատ լավն է:

-Բայց ինչի՞ ես տանկի տակ մտնում:

-Չգիտեմ, մի տեսակ քաշեց, ուզեցի՝ բարձրանալ, չկարողացա, մնաց տակը մտնելը:

-Դու գիժ ես: Ասում ես՝ դուրդ եկա՞վ:

-Հա, շաաաատ:

Ու Վազգեն Սարգսյանը ամբողջ ձայնով բղավում է.

-Պարոն Շիրխանյան, ու՞ր ես, արի:

Ես փորձում եմ փոշուց մաքրել հագուստներս, հետո մեխանիկորեն ձեռքս դնում եմ թրթուրներին ու սկսում եմ թրթուրների փոշին մաքրել: Վազգենը ծիծաղում է, գալիս է ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը:

-Պարոն Շիրխանյան, էս տանկը դուրս գրեք ու որ երեկոյան կանգնած լինի էս գժի տան առաջ: Հասցեդ ասա: Շիրխանյան, ստուգելու եմ:

Վահան Շիրխանյանը տարակուսած նայում է Վազգենին, ինձ, տանկին…

-Պարոն նախարար, ո՞նց, ինչու՞…

Ու հնչում է Վազգենի պատմական քրքիջը.

-Շիրխանյան, հավանել են իրար, հո չենք բաժանելու…

… Տանկը, իհարկե, ես չստացա, արդեն վարչապետ՝ մարզային այցերից մեկի ժամանակ շատ լուրջ խոսակցությունը ընդմիջելով՝ Վազգեն Սարգսյանը հանկարծ հարցրեց.

-Շիրխանյանը տանկը ուղարկե՞ց:

-Չէէէէէէ:  

-Գործից հանելու եմ: Լսի, բայց մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչու՞ էիր մտել տակը:

-Չգիտեմ, դուրս եկել էր:

-Բա թրթուրներն ինչու՞ էիր թաշկինակով մաքրում:

-Փոշոտ էին:

-Չէ, դու իսկապես գիժ ես:

(Եվ, այնուամենայնիվ, ես իմ «տանկը» ստացա՝ գնդի տեսքով: Արամ Սարգսյանից: Չարենցավանի պղնձաձուլական գործարանն էր վերագործարկվել, մեզ տարան մի արտադրամաս, որտեղ աղացներ էին ձուլվում: Առաջին հայացքից դա անհնար է աղաց անվանել՝ հրաշեկ գնդեր էին, այնքան կատաղի ու գեղեցիկ էին պտտվում, ակամայից ձեռքս պարզեցի, որ … լսեմ արտադրամասի պետի ճիչը՝ ձեռք չտաք, կայրի: Վարչապետ Արամ Սարգսյանը հարցրեց՝ «Ինչու՞ էիր ուզում բռնել»: «Չգիտեմ, ֆանտաստիկ գեղեցիկ էր, չէի ուզում հանել, ուզում էի…»: Գործարանից դուրս գալիս արտադրամասի պետը վազքով հասավ իմ հետևից ու ինձ պարզեց խնամքով փաթեթավորված մի տոպրակ՝ «Վարչապետ Արամ Սարգսյանը խնդրեց Ձեզ փոխանցել»: Չհասցրի՝ հարցնել՝ ի՞նչ է, արտադրամասի պետը տոպրակը տվեց ու վազքով էլ հեռացավ: Ծանրությունից քիչ էր մնում գցեի ոտքիս, արագ բացեցի: Արդեն սառած ու անվտանգ …գունդն էր: Նվազագույնը 7 կիլոգրամանոց այդ գունդը դարձավ իմ թալիսմանը ու հիմա մեր տանն է…):

***

Ախուրյանում ընտրարշավի ժամանակ հանրահավաքն ավարտվել էր, շատերն արդեն նստել էին մեքենաները՝ ճանապարհը շարունակելու, ես սովորության համաձայն՝ մոտեցրել էի Վազգեն Սարգսյանին՝ հանդիպման ամփոփում խնդրելու, մի տարեց կին արագ-արագ եկավ ու կառչելով Վազգեն Սարգսյանի պիջակի օձիքից՝ ասաց.

-Հիշիր ինձ, ես ո՞վ եմ:

Վազգենը անակնկալի էր եկել, ես էլ:

-Ես ո՞վ եմ, դու քո ձեռքով իմ որդուն բերիր տուն ու քո ձեռքով հողը դրիր, դու ինձ ասեցիր, որ էլի կգաս, չեկար, ինչու՞: Ինչու՞ տարար կռիվ ու ինչու՞ ինձ երկուսդ էլ մենակ թողեցիք: Ես ո՞վ եմ, չե՞ս հիշում, չէ՞: Ես ո՞վ եմ, ասա:

Հիշել էր, գրկեց տարեց կնոջը՝ իր էլ, որդու էլ անունն ասաց ու ասաց, որ մենակ չի թողել, դեռ գալու է:

Կինը ոնց զայրացած եկել էր, այդպես էլ միանգամից փլվեց.

-Չէ, մի արի, ցավդ տանեմ, տեսնում եմ՝ գլուխդ խառն է, քեզնից ուզում եմ տղիս կարոտն առնեմ: Դու ես ինձ տղա մնացել, Վազգեն ջան, տղա ջան, քեզ լավ պահի, ինձ դու ես մնացել, ցավդ տանեմ, քեզ լավ նայի… Աղջիկ ջան, դու էլ..

Նույն արագ-արագ քայլերով տարեց կինը գնաց: Ես լացս հազիվ էի զսպում, Վազգեն Սարգսյանը լաց էր լինում, արցունքները՝ իրար հրելով, գլորվում էին…

-Լսի՝ ծածկի ինձ, որ ոչ ոք չտեսնի, խոսի, իբր հարցազրույց ենք անում…

Ու ես փորձում եմ թևս այնպես բարձրացնել, որ ծածկեմ Վազգենի դեմքը, մյուս ձեռքով պահել եմ անջատված ձայնագրիչը ու խոսում եմ-խոսում եմ… Ի՞նչ եմ ասում, ես էլ չգիտեմ: Իսկ արցունքները, մեկ է, գլորվում են, Վազգենի էլ, իմ էլ…

…Ախուրյանից հետո հանդիպումները Կարեն Դեմիրճյանը մենակ շարունակեց:

***

Մայիսի 24-ին Աշոցքում էինք: Հանրահավաքն սկսել էր Կարեն Դեմիրճյանը: Անխուսափելի էր, որ օրը մի քանի հանդիպում անցկացնես ու ինքդ քեզ չկրկնես:

 

Ինքնաշեն հարթակում, որ իրականում աստիճաններից էր, Վազգեն Սարգսյանի կողքին էի կանգնած՝ մաքուր ձայնագրության խնդիր կար: Կարեն Դեմիրճյանը կրկնում էր՝ ինչ ասել էր մեկ ժամ առաջ՝ նախորդ հանդիպմանը, ու Վազգենն ինձ ասաց.

-Մի նոր միտք չկա՞, հիմա, որ խոսեմ, ես էլ եմ ինձ կրկնելու:

Նկատել էի, որ հանդիպմանը նաև դպրոցականներ կան՝ տոնական հագնված ու պիջակներին զանգակներով, վերջին զանգի օրն էր: Վազգենին ասացի.

-Այսօր վերջին զանգն է, շրջանավարտներին շնորհավորեք, իրենց դերը կարևորեք պետության համար:

-Լավ:

Վազգենը սկսում է խոսել՝ «Միասնության» նպատակները, անելիքները ու մեկ էլ լսում եմ.

-Սիրելի շրջանավարտներ, ձեզ պիտի շնորհավորեի, ասեի, որ դուք պետության անհրաժեշտությունն եք, որ մնամ պաշտպանության նախարար՝ տղաներին բանակ եմ տանելու, բայց խոստանում եմ բոլորիդ, որ ընդունվեք բուհեր, ուսման վարձը ես եմ տալու՝ մինչև ավարտեք…

Ծափերի տարափի տակ Վազգենը մի զայրալից հայացք է նետում վրաս.

-Արածդ ֆոկուսը քեզ դուր եկա՞վ, տեսար՝ ինչ ծախսի տակ գցեցիր ինձ:

Ու մինչ ես ուզում եմ արդարանալ, Վազգեն Սարգսյանը ծիծաղում է իր՝ աշխարհում ամեն ինչ բեկանող ու նոր աշխարհ հաստատող ծիծաղով…

***

Ընտրարշավի զավեշտներից՝ արդեն երկու ժամից ավելի ճանապարհին էինք: Բաց դաշտում ավտոշարասյունը կանգ առավ, երբ Վազգեն Սարգսյանի կանաչ «Ջիպը» կանգնեց, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը իջան մեքենայից, բոլոր մեքենաների դռները բացվեցին, մենք էլ դուրս եկանք բաց դաշտ՝ չհասկանալով ինչու՞ ենք կանգնել: Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը մի քանի րոպե զրուցեցին ու նստեցին մեքենան: Շարժվեցինք: Կես ժամից ինչ-որ կիսավեր շինության կողքին «Ջիպը» նորից կանգնեց, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճանը իջան, բոլոր մյուս մեքենաների ուղևորները՝ նույնպես: Ոչ ոք չէր հասկանում՝ ինչու՞ ենք կանգնում, բայց հենց կանգառ էր լինում, բոլորը դուրս էին թռչում մեքենաներից: Չգիտեմ արդեն որերորդ կանգառն էր, մեքենայից իջավ միայն Վազգենը, մեգաֆոնը ձեռքին ու հայտարարեց.  «Մենք գնում ենք զուգարան, դուք կարող եք մեզ հետ չգալ»… Եվ մեգաֆոնով կանաչ դաշտում զրնգաց Վազգենի հոմերական քրքիջը: Մենք շարունակեցինք ճանապարհը, մի քանի րոպեից «Ջիպը» հասավ ու անցավ մեզ, բայց Վազգենի քրքիջը դեռ բազմապատկվում ու տարածվում էր: Վստահ եմ՝ բոլոր մեքենաներում, մեր լրագրողական «Ռաֆ»-ում մինչև օրավերջ դեռ ծիծաղում էինք:

***

Ընտրարշավի ժամանակ, երբ բոլորը նստել էին հացկերույթի, որոշեցի ծաղիկներ հավաքել, դիմացի սարը խելահեղ ձգողականություն ուներ: Սկսեցի լանջից, հետո ինձ համար էլ աննկատ բարձրացել էի` այ էն վերևի կապույտ ծաղիկի համար, մի քիչ այն կողմը` դեղինի: Արդեն մեծ մի փունջ ծակծկում էր բաց թևերս, բայց բարձրանում էի, երբ թիկունքից լսեցի. «Դե կանգնի, ի՞նչ ես խլացել, գոռում եմ, գոռում եմ, չես լսում»։ Շրջվեցի, որ տեսնեմ` Վազգեն Սարգսյանին իմ փնջից մեծ փնջով: «Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ»,- ուրիշ ոչինչ չգտա ասելու: «Ես դաշտային ծաղիկներ եմ սիրում, տեսա` գնացիր հավաքելու, հետևիցդ եկա: Արի փոխանակենք, էս ի՞նչ անպետք խոտեր ես հավաքել, սրանք թունավոր են, դեն գցի»: Երբ իջնում էինք սարից, ու ես հարցրել էի, թե ընտրություններում հաղթելուց հետո ի՞նչ է անելու, ստացել էի պատասխան՝ դեռ պետք է հաղթել: Չգիտեմ՝ վաղուց, չգիտեմ՝ այդ պահին որոշեց.

-Կառավարության կառուցվածք պիտի փոխվի, նախարարներին կես տարի ձեռք չեմ տա, իմ կառավարությունը կսկսի աշխատել 2000-ին, երբ իմ կազմած բյուջեն կընդունվի: Կառավարման որակ պիտի փոխվի: Արդյունաբերությունը պիտի աշխատի, որ բանակը հզորանա՝ պատերազմը դեռ չի ավարտվել, որ մարդիկ վերադառնան: Հա, ու մեկ էլ՝ Երևանն եմ տեսքի բերելու: Հռոմից հի՛ն է, քաղաքամա՛յր է: Հռոմը տեսե՞լ ես: Իսկ Փարի՞զը: Լոնդո՞նը: Մայրաքաղաքնե՛ր են:

***

Ընտրարշավի ժամանակ ինչքան էլ հոգնած լիներ, ես իմ ձեռքի շարունակությունը դարձած ձայնագրիչով ձգտում էի էքսկլյուզիվ ստանալ: Աշտարակում էինք, կարճ դադար էր, ու ես հարցազրույցի հնար գտա.

-21-րդ դարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Մեծ, անչափ մեծ: Մեր պետության ու մեր ժողովրդի համար նոր ժամանակներ են սկսվելու: Մեծ հույսեր եմ կապում ընտրությունների, նորմալ խորհրդարան ունենալու, ժողովրդի վստահության հետ: Քաղաքական պայքարը փողոցներից պիտի Ազգային ժողով տեղափոխվի, քաղաքակիրթ ձև ստանա: Մեծ հույսեր եմ կապում Հայաստան-սփյուռք հարաբերությունների հետ: Շատ շատերը ինձ հետ համաձայն չեն, անհնար են համարում սփյուռքի հետ կարգին աշխատելը: Բայց ամեն ինչ պետք է սկսել: Սկսում ես, ու մեկ էլ՝ ստացվում է: Էդ հարաբերությունները շատ են կարևոր, մեր համաշխարհային դիմադրողականությունը իսկապես մեծացնելու համար պիտի ունենանք կազմակերպված սփյուռք, որը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով: Սփյուռքի հարցերով զբաղվող ոչ մի կարգին կառույց չունենք: Վարչություն է պետք գոնե, եթե կուզես ճիշտն իմանալ՝ ուժեղ, հզոր նախարարություն է պետք՝ մեծ լիազորություններով, որ ցաքուցրիվ ուժերը հավաքի մի տեղ ու գործ անի: Պետք է ճշտել խնդիրների առաջնահերթությունը: Յուրաքանչյուր իրեն հայ համարող մարդ, որ ուզում է հայրենիքին օգտակար լինել, աշխարհի յուրաքանչյուր մասում պետք է իմանա` հատկապես ինչպես ու հատկապես որտեղ օգտակար լինի: Հզոր ուժ է սփյուռքը, եթե ճիշտ աշխատես: Դարից ի՞նչ սպասելիք ունեմ: Դարը շուռ է գալիս, էջ ենք թերթում: Նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով: Ուրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ունենալու մեր ինքնագիտակցության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը ուժ է տալիս: 88-ը հիշիր: Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է:

-Նոր տարին նոր չափանիշներ է բերելու, մենք պատրա՞ստ ենք:

-Քիչ, շատ քիչ: Համարյա պատրաստ չենք: Ժամանակ չենք ունենում՝ մենք մեզ հասկանալու: Ինքնահոսով ենք ապրում: Ցավոք, մենք մեր ընկերների մասին էլ հաճախ թյուր կարծիք ենք ունենում: Էնքանների մասին ասացին՝ ձեր գործը կռվելն է, գնացեք կռվեք, որ սկսեցինք հավատալ: Հետո պարզվեց, որ նրանց տեղը պակաս մնաց: 1991 թվից իմ մասին ինչ ասես գրում են, ճի՞շտ է: Որ քաղաքական քննարկումների հիմքը «Վազգեն Սարգսյանը Գրաչովի աղջկա հետ կամուսնանա», թե՞ չի ամուսնանա» հարցն է լինում, ի՞նչ չափանիշ:

-Չե՞ք վախենում, որ ժողովուրդն իր բոլոր հույսերը Ձեզ հետ է կապում:

-Շատ եմ վախենում: Այս ընթացքում 60 000 նամակ են տվել ինձ: Կարդում եմ՝ գիտես: Բոլորը կարդում եմ ու ավելի եմ վախենում: Այսպիսի վիճակ է ստեղծվել: Առանց այն էլ ինձ հետ են ամեն ինչ կապում: Կամ պիտի լեգիտիմ դարձնեմ այդ վիճակը, կամ պիտի թողնեմ-հեռանամ:

-Դրա համար պիտի նախագա՞հ դառնալ:

-Բացի նախագահից, բազմաթիվ պաշտոններ կան, բազմաթիվ դիրքեր, որտեղ քո գործը կարող ես անել քո երկրի համար: Կառավարությունը իր գործը նորմալ աներ, ինձ այսքան նամակ չէին տա: Ինձ համար պաշտպանության նախարարի տեղը և դերը երկրի համար ամենակարևորն է: Քանի երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարևորը, այնուամենայնիվ, մնում է բանակը՝ և աշխարհի հետ հարաբերություններում, և անվտանգության համար: Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի: Ինձ համար չափազանց լավ կլիներ, եթե նախագահական ընտրություններից հետո միանգամից խաղից դուրս գայի, ասեի՝ շնորհակալություն, ես հիմա միայն ու միայն պաշտպանության նախարար եմ ու ուրիշ ոչնչով չեմ զբաղվում: Հավատա, որ կհերոսանայի, հավատա, որ բոլորը կասեին՝ տեսար՝ ինչ տղա է: Շանս չկար:

-Բոլորը գուցե ասեին, բայց Դուք, անձամբ Դուք կասեի՞ք:

-Ասող լինեի՝ կասեի, էլի: Երկընտրանք եղել է, բայց չեմ արել: Ինձ պաշտպանողները քիչ էին: Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացածը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

-Ինչո՞ւ չեք փոխում: Փոխեք:

-Ես արտիստ չեմ: Ո՞նց փոխեմ: Ես քայլեր եմ անում, նորմալ ներկայացման կարիք ունեմ, նորմալ ընկալման կարիք: Նորմալ ընկալող մարդիկ թող ճիշտ ներկայացնեն: Ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել: Այդպես չի լինում: Իմ ամպլուան չի: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Դե դու քո կերպարը փոխի: Կփոխե՞ս: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի: Ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ՝ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար: Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը: Գալիս է պահ՝ ինքդ քեզնից հոգնում ես, հեռանալ ես ուզում: Նշանակում է՝ մեջդ այլևս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Էնքան ընկերներ ունենք, որ դրսում դարձել են քննադատ: Է, մնային, աշխատեին, վարչապետ էին, պաշտպանության նախարար էին, անվտանգության գլխավոր խորհրդական էին, ինչ ասես՝ էին, մնային, չխռովեին, չհեռանային: Գիտես՝ խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ, համարյա թե Արշակ Սադոյանի պես ման գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն: Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում:

-Նոր տարվա գիշերը ի՞նչ եք անելու: Դար է փոխվում, հազարամյակ, Դուք չե՞ք փոխվելու:

-Մարդը մի օրում, մի գիշերում չի փոխվում: Մարդը կաթիլ-կաթիլ, անընդհատ-աննկատ է փոխվում, մեկ էլ տեսար՝ դու դու չես: Բայց ես չեմ փոխվելու: Չհավատաս: Հա, նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնալու:

…Եվ ոչ ոք չգիտեր, որ նոր տարին նա Եռաբլուր չի գնա, Եռաբլուրում կլինի:

Կարդացեք նաեւ.

Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող

Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես

Վազգեն Սարգսյան. Եթե «Միասնություն» դաշինքը չկայանար, ես ընտրություններին չէի մասնակցի

Վազգեն Սարգսյան. Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին