Քոչարյան-Բուրջանաձե հանդիպման «գաղտնալսման» պատմությունը - Mediamax.am

Քոչարյան-Բուրջանաձե հանդիպման «գաղտնալսման» պատմությունը
16775 դիտում

Քոչարյան-Բուրջանաձե հանդիպման «գաղտնալսման» պատմությունը


Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները կարեւոր կլինեն ոչ միայն այդ երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Այդ առիթով որոշեցի մի պատմություն պատմել, որ տեղի է ունեցել 20 տարի առաջ:

2004 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով Վրաստանում էր, ես էլ այցը լուսաբանող լրագրողների խմբում էի: Թաթուլ Հակոբյանի հետ, ով այն ժամանակ «Ազգ» օրաթերթի թղթակիցն էր, հյուրանոցային մի սենյակում էինք մնում:

Այցի առաջին օրը Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին քննարկել էին «Եվրոպական հարեւանություն քաղաքականության» շրջանակում երկու երկրների ջանքերի համաձայնեցման հարցերը:



Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպմանը Քոչարյանն ասել էր, որ Հայաստանը եւ Վրաստանը կարող են ստեղծել փորձագետների խումբ, որը փաստաթուղթ կմշակի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում երկու երկրների առաջնահերթությունների մասին: Հայաստանի նախագահը նկատել էր, որ Եվրոպական Միությունը դեռ պատրաստ չէ ձեւակերպել իր առաջարկները եւ «մենք կարող ենք օգտագործել այս պահը` մեր ակնկալիքների մասին ավելի ակտիվ հայտարարելու համար»:

Քոչարյանի եւ Բուրջանաձեի հանդիպմանը, սակայն, շատ ավելի հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել: Կհարցնեք՝ որտեղի՞ց գիտեմ այդ մասին:

Սովորաբար այցերի ժամանակ լրագրողները ներկա են լինում պաշտոնական հանդիպումների մեկնարկին եւ արարողակարգային րոպեներից հետո դուրս են հրավիրվում: Այս անգամ էլ այդպես եղավ, սակայն երբ դուրս եկանք հանդիպման սենյակից, մեզ առաջարկեցին սպասել ոչ թե միջանցքում, այլ ընդունարանում: Դա միայն նորույթը չէր: Ընդունարանում բարձրախոս էր դրված, որը հեռարձակում էր Քոչարյանի եւ Բուրջանաձեի զրույցը (նրանք ռուսերեն էին խոսում): Մի քանի անգամ աշխատակիցներից հարցրեցինք՝ սա նորմա՞լ է: Իրենք էլ բավական անտարբեր դեմքերով դրական պատասխան էին տալիս: Մենք էլ ոգեւորված գրի էինք առնում ու ձայնագրում: Չեմ կարող ասել, որ շատ սենսացիոն բաներ էին խոսում, բայց, օրինակ, Նինո Բուրջանաձեն բաց տեքստով ռուսներից էր բողոքում, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ԵԱՀԿ դիտորդների կողմնակալությունից:

Հանդիպումն ավարտվեց, ոգեւորված եկանք հյուրանոց, որ նյութերը գրենք ու Երեւան հաղորդենք: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր, երբ մեր խմբի բոլոր լրագրողների հետ կապ հաստատեց նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության պետ Հասմիկ Պետրոսյանն ու ասաց, որ իրականում այդ հեռարձակումը տեխնիկական խոտանի արդյունք է եղել, ուստի փակ հանդիպման բովանդակությունը չենք կարող հանրայնացնել: Այդպես «ձեռնունայն» մնացինք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին