Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես
2368 դիտում

Վազգեն Սարգսյան. Այլեւս ժամանակ չկա փորձեր անելու, պիտի գործ անել՝ տիրոջ պես


Մաս 3

Ես, որ լուսաբանել եմ անկախ Հայաստանում 20-րդ դարի բոլոր քարոզարշավները ու անցել եմ բոլոր ճանապարհներով մի քանի անգամ, անձամբ եմ համոզվել, որ Հայաստանը մեծ արագությունների երկիր չէ, բայց Հայաստանը խորքով ու չճանաչված երկիր է:

1999-ին «Միասնության» քարոզարշավը տարբերվում էր բոլոր քարոզարշավներից: Հարցը ոչ այնքան Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մասնակցությունն էր, որքան նրանց ընդունելությունը: Ժողովուրդը նրանց հավատում էր: Ժողովուրդը նրանց սպասում էր: Ժողովուրդը ուզում էր, որ նրանք լինեն իր իշխանությունը: Նախորդ քարոզարշավներից ես արդեն ճանաչում էի մարզային պրոֆեսիոնալ «քարոզիչներին»՝ կին թե տղամարդ, որ իբր պատահաբար դուրս էին գալիս ժողովրդի միջից ու սկսում թեկնածուի (նախագահի, թե պատգամավորի կարեւոր չէ, անունները փոխվում էին, ելույթների բովանդակությունը նույնն էր) գովքը, դա լավ բեմադրված թատրոն էր, որին իբր երկու կողմերն էլ հավատում էին, երկու կողմերն էլ գոհ էին:



«Միասնության» քարոզարշավում այդ «դերասանները» չկային, նրանց փոխարեն իրական մարդիկ էին, որ անկեղծ սրտով գառներ ու ոչխարներ էին մորթում Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ ու նույնիսկ փորձում էին նրա ձեռքերը համբուրել, իսկ Վազգեն Սարգսյանին դիմում էին կոնկրետ խնդրանքներով (քարոզարշավի ամեն օրավարտին ես նրան էի փոխանցում տասնյակ չծրարված նամակներ, որ հավաքում էի իր հանձնարարությամբ)՝ վստահ, որ միմիայն Վազգենը կարող է լուծել իրենց հարցը: Եվ դա համաժողովրդական հավատ էր, հույս ու վստահություն, որ երկիրը փոսից դուրս է բերվելու ու ամեն ինչ լավ է լինելու իրենց ու բոլորի համար: Կառուցելու են ու պաշտպանեն: Աներկբա: Իսկապես վախենալու հավատ էր…

***

-Քանի՞ կիլոմետր դարձավ,- գիշերվա 4.30-ին հարցրի հոգնատանջ վարորդին:

-400-ն անց:

Հայրենիքի ճանապարհներով 400 եւ ավելի կիլոմետր՝ Երեւան-Տավուշ, այսինքն՝ մեծ ու փոքր գյուղեր ու քաղաքներ, այսինքն՝ մարդիկ՝ իրենց մեծ ու փոքր խնդիրներով, որ բնականաբար, նախընտրական պայքարում հայտնվում են ուշադրության կենտրոնում: «Միասնություն» դաշինքի նախընտրական հանդիպումները մայիսի 12-ին սկսվել էին Գեղարքունիքում, շարունակվեցին Տավուշում: Ավանդաբար մորթվող ոչխարներով, ելույթներով, նամակ-բողոքներով, ինչպես կարգն է, եւ իհարկե, նախընտրական ծրագրի դրույթների ներկայացումով: Սկսվեց Ծիլքարում: Անդրանիկի արձանը Ծիլքարում հայտնվել է պատահաբար, թե օրինաչափ, դժվար է ասել, բայց արձանը ճիշտ իր տեղում է, որովհետեւ սուրը ձեռքին ԶԻՆՎՈՐԸ միշտ պետք է կանգնած լինի սահմանին: Ու պիտի արթուն լինի: Ու պիտի ԱՆԴՐԱՆԻԿ լինի: Համենայն դեպս՝ Ծիլքարում արձանը կանգնեցնելուց հետո տղա նորածիններին ավելի հաճախ սկսեցին Անդրանիկ անվանակոչել:

Սահմանային Բերդում հավաքված ժողովրդին (թվում էր՝ քիչ կլինեն մարդիկ, բայց շատ-շատ էին) ներկայացվեցին «Միասնություն» դաշինքի կայացման պատճառներն ու նպատակները, կարեւորվեցին լուծվելիք խնդիրները՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, վարկային ծրագրերն ու ներդրումների ապահովումը, կենսամակարդակի բարձրացումը, դպրոցի խնդիրների լուծումը, մշակութային կյանքի վերականգնումը: Ոչ Կարեն Դեմիրճյանը, ոչ Վազգեն Սարգսյանը խոստումներ չտվեցին, եղան գործնական առաջարկներ, թե ինչ կանի դաշինքը՝ վստահության քվե ստանալուց հետո: Վազգեն Սարգսյանը ասաց. «Եթե գնացքի ուղին ճիշտ է, գնացքի շարժումը հեշտ է: Բայց եթե ուղին սխալ է ընտրված, գնացքը տեղ չի հասնի: Մեր փորձն ու իմաստնությունն այսօր արդեն թույլ են տալիս այդ ուղին ճշտել»:

«Ինչու՞ ՀՀԿ-ն ու ԵԿՄ-ն դաշնակցեցին ՀԺԿ-ի հետ» հարցին Վազգեն Սարգսյանը պատասխանեց.

-Այդ հարցը հաճախ են տալիս, ասում են՝ անցյալ տարի հակառակորդներ էիք, այսօր՝ դաշնակիցներ: Այո, բայց անցյալ տարի հակառակորդ էինք ու թշնամի չէինք: Հենց ընտրությունների ամենաթեժ պահին անցյալ տարի ես բացահայտ ասացի իմ կարծիքը Կարեն Սերոբիչի մասին, որ կարող եմ այսօր էլ կրկնել՝ նրա փորձն ու իմացությունը, գիտելիքները ափսոս են եւ պետք է օգտագործվեն երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Վերջապես՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Եվ եթե կան մարդիկ, որ ինձ մեղադրում էին Կարեն Դեմիրճյանին խանգարելու մեջ, հիմա այդ մեղադրանքն էլ է դուրս գալիս: Անշուշտ, առանձին-առանձին խորհրդարանում մենք կունենայինք մեր պատգամավորները, բայց մենք ուզեցինք իսկզբանե լուծել մի շարք խնդիրներ: Առանց այդ էլ նախընտրական կրքերն այնքան են լարվում, որ շերտավորված ու բզկտված ժողովրդին ավելի են ապակողմնորոշում: Խոստովանենք, որ ընտրությունների նկատմամբ հավատն էլ քիչ է: Մենք որոշեցինք մեր անձով վերականգնել այդ հավատն ու մարդկանց հույս ներշնչել: Որովհետեւ այլեւս ժամանակ չկա փորձեր անելու: Պիտի գործ անել: Տիրոջ պես: Ու դրա համար պետք է միաբանվել: Մենք հաղթել ենք, բայց դեռ չենք ավարտել պատերազմը, մենք դեռ վերջնական չենք լուծել Ղարաբաղի հարցը, ունենք զինադադար, բայց ոչ համաձայնագիր: Մենք դեռ աղքատ ու պարտքերի մեջ կորած երկիր ենք, մեր տնտեսությունը պետք է լիաթոք շնչի, մեր արդյունաբերությունը պիտի աշխատի, որ դուք աշխատանք ունենաք, տուն ու տեղ չթողնեք, գնաք: Մենք պիտի ուժեղանանք, որ կառուցենք ու պաշտպանենք մեր երկիրը: Որ հանկարծ ու հանկարծ իրավիճակը մեր դեմ չշրջվի: Իսկ կշրջվի, եթե մենք թուլանանք ու հաճույք ստանանք, թե հաղթել ենք, վերջ: Մենք պիտի մեծացնենք մեր երկրի դիմադրունակությունը: Ո՞վ պետք է անի: Մենք: Բոլորս: Իրար հետ ու միասին: Միասնությունը դա է ու մեր «Միասնությունը» դրա համար է:

***

Թովուզում, Վազաշենում, Այգեհովտում, Պառավաքարում, Իջեւանում, Դիլիջանում եւ նախապես ծրագրված ու ծրագրից դուրս հանդիպումներում (պարբերաբար հարկ էր լինում կանգնել ու զրուցել ճանապարհներին հավաքված մարդկանց հետ, կանգառները դառնում էին մինի հանրահավաքներ՝ հարց ու պատասխանով) Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ներկայացնում էին իրենց ծրագրերն ու բացատրում նպատակները, այդ նպատակներին հասնելու մեխանիզմները, ժամկետները: Ես արդեն ինձ համար հստակեցրել էի, որ պետության ու ժողովրդի ճակատագրում բախտորոշ նշանակության հիմնահարցերի լուծման քաղաքականության պատասխանատվության ստանձնումը (որ ստեղծված իրավիճակում գլխավորն էր) ներառում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ՝ բարոյահոգեբանական ծանր իրավիճակի ռեալ հաղթահարում:



Եվ հանդիպումից հանդիպում զգացվում էր, որ փոխվում է մարդկանց վերաբերմունքը, թերահավատությունը (դե հա, ձայնն է պետք, եկել՝ համոզում եք, գնալու եք, մեզ մոռանաք) նահանջում է հավատի առաջ (չէ, որ Դեմիրճյանն ու Վազգենը միասին են, որ Վազգենն է ասում՝ անելու է: Ինչ ասում է՝ անում է): Ու հենց վերաբերմունքի այդ փոփոխությունն էր, որ «Միասնության» ընտրարշավը դարձնում էր առանձնահատուկ՝ իրավիճակ էր փոխում:

***   

Տավուշի մարզում քարոզարշավը ինձ համար վատ սկսվեց՝ ճանապարհի ոլորաններին հետ էի տալիս ու մեր մեքենան (այդ օրը խմբագրության մեքենայով էինք) պարբերաբար դուրս էր գալիս շարասյունից, որ ես «ելույթս» ունենայի: Հետո գերարագություն էինք հավաքում՝ շարասյանը հասնելու, որից ավելի վատ էի զգում: Հերթական կանգառի ժամանակ (երբ հասցրել էի լվացվել ու շունչս տեղը բերել), վարորդը դուրս եկավ մեքենայից ու ասաց՝ Վազգենը: «Վազգենն ի՞նչ»՝ չէի հասցրել հարցնել, երբ տեսա արագ-արագ մոտեցող Վազգեն Սարգսյանին:

-Ի՞նչ է եղել:

-Վատ եմ զգում, արդեն անցավ, հիմա կշարժվենք,- կմկմացի ես:

-Պայուսակդ վերցրու, գնում ենք իմ մեքենան, տեսնեմ՝ ո՞նց ես նստելու Կարեն Սերոբիչի կողքին ու հետ տաս:

-Չէ, չէ, ոչ մի դեպքում, արդեն անցավ, չեմ գա:

-Կգաս, քո կամակորության պատճառով միտինգից չենք ուշանալու, մարդիկ սպասում են:

-Դուք գնացեք, մենք կհասնենք: Էլ չենք կանգնի, արագ կգանք:

-Պայուսակդ ու՞ր է:

Վազգեն Սարգսյանը ձեռքս բռնած՝ արագ-արագ քայլերով ինձ տարավ դեպի իր պատմական կանաչ «Ջիպը»՝ մղձավանջ, որից ավելացավ գլխապտույտս: Նստելով վարորդի կողքին՝ նա սկսեց անվերջ խոսել ու ինչ-որ պատմություններ պատմել՝ պարբերաբար շրջվելով ու դեմքիս նայելով՝ մինչեւ Կարեն Դեմիրճյանն ասաց.

-Վազգեն, գույնը տեղն ընկավ, հանգստացի: Վատ կզգա, ես լիմոն ունեմ:

Կարեն Դեմիրճյանն իսկապես գրպանից հանեց կլորիկ մի կիտրոն ու պարզեց ինձ.

-Վերցրու, կծի, լիմոնը կօգնի:

-Կարեն Սերոբիչ, գրպանումդ էլ ի՞նչ կա,-քրքջալով հարցրեց Վազգենը:

Հետեւեց Կարեն Դեմիրճյանի աֆորիստիկ պատասխանը.

-Ղարաբաղը չուզես, գրպանումս չի, որ հանեմ-տամ:

…Որպեսզի «խելքս տեղը գա», հենց այդ օրը Վազգեն Սարգսյանը խոստացավ հանդիպումներից հետո վերջապես հարցազրույց տալ: Դիլիջանում: «Լեռնային Հայաստան» համալիրում:

Կարդացեք նաեւ. Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Կարդացեք նաեւ. Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին