Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող - Mediamax.am

Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող
2512 դիտում

Վազգեն Սարգսյան. Իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող


Մաս 2

1999-ի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 40-ամյակի օրը «Հայաստանի Հանրապետությունում» շնորհավորական խոսք էի գրել «Վճռական մենակը» վերնագրով.

«Դժվար է լինել քաղաքացին մի երկրի, որ չի տեղավորվում իր սահմանների մեջ, որի սահմանները փոքրանում ու մեծանում են օրվա ու օրերի մեջ, որոնց տերը դու պիտի լինես:

Դժվար է լինել քաղաքացին մի երկրի, որ հանկարծ հիշում է իր պատմությունը ու ուզում է պատասխանել այդ պատմության անթիվ հարցերից մի քանիսին գոնե:

Դժվար է լինել քաղաքացին մի երկրի, որ ժամանակի ու տարածության մեջ որոնում է իր տեղը և, ուրեմն, դարձյալ ու դարձյալ առաջադրում է հարցեր, որոնք պահանջելու են անհապաղ պատասխան:

Ժամանակի մեջ, անհայտ մի տեղ ձևավորվում է անհրաժեշտությունը ու գտնում իրեն անհրաժեշտ մարդկանց, որ առանց հետահայացի ստանձնում են պատասխանատվություն, չեն վախենում վճռական «Այո»-ի ու «Ոչ»-ի տեր լինել:

Քառասուն տարեկանը սահմանագիծ է, որ աննկատելի ու հաստատուն հատում է կյանքը ու պարտադրում պատասխանել շատ հարցերի՝ ո՞վ ես, ինչի՞ ես հասել, ի՞նչ ես անում, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անելու և ու՞ր ես գնում:

Քառասուն տարեկանը սահմանագիծ է՝ հասկանալու, որ ավարտվել է որոնելու ու չգտնելու ժամանակը, սխալվելու ու մոլորվելու հնարավորության ժամանակը և այսուհետ բոլոր քայլերն ունենալու են ներքին շատ ավելի խիստ դատավոր, պետական մեղադրող ու դատախազ մեկ դեմքով՝ սեփական խիղճը, որ այսուհետ չունի նրբացուցիչ դեպք հանցանաց:

1959-ի մարտի 5-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում ծնված Վազգեն Սարգսյանի համար քառասուն տարեկանը արածի ու անելիքի որոշման սահմանագիծ է: Մեր կյանքի ժամանակի մեջ նրա անձնական կենսագրության համար գրեթե ժամանակ չի մնում, որովհետև հենց այն ժամանակ, երբ մենք ազգովին որոշեցինք ազգային պետություն դառնալ ու ազգային հարցեր լուծել, Վազգեն Սարգսյանը հարցեր-պատասխաններ խաղի մեջ չմտավ, իսկզբանե հասկացավ, որ այդ պարագայում երկրին բանակ է պետք: Ներքին ու արտաքին բոլոր խնդիրները լուծելու համար բանակ է պետք: Եվ նա բոլորիս աչքի առաջ կամավոր երկրապահներից ու 18-ամյաների ցեղի տղամարդկանցից ձուլեց մարտունակ ու հաղթելու ընդունակ բանակ, որ այսուհետ իր երկիրը միջազգային քաղաքականության սուբյեկտ դառնալուց զատ կարևոր գործոն դառնա: Կարողացավ, որովհետև փառահեղ հասկանում էր. «Ամենամեծ նվաճումը՝ բանակի կայացմանը զուգընթաց ռազմական հաջողություններն էին: Ես միտումնավոր դրանք հաղթանակներ չեմ կոչում, որովհետև հաղթանակներն ամրագրվում են քաղաքական փաստաթղթերով, այդպիսիք դեռ չկան: Դարասկզբին մեր բանակը հասավ մինչև Վան, սակայն այսօր այդ մասին քչերն են հիշում: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև ի վերջո վերջնական հաղթանակներն են միայն գրանցվում»:

Իսկ վերջնական հաղթանակների համար այդ բանակը երկար ճանապարհ էր անցել, իր՝ պաշտպանության նախարարի, բնորոշմամբ. «1990-1992-ի ազգային զարթոնքի ալիքի վրա կամավորականության ձևավորում ու պոռթկում: Նրանց պատմական հաղթանակների թիկունքում զորակոչային բանակի սաղմնավորումը: 1993-1994-ին բանակային կառույցների վերջնական ձևավորում-ամրապնդում, և դարձյալ ռազմական ակնառու հաջողություններ՝ թե 93-ի հարձակողական, թե 94-ի պաշտպանական գործողությունների ժամանակ: 1995-1996 հարաբերական՝ նվաճած խաղաղության պայմաններում բանակի ծավալային զարգացման ավարտը և որակական զարգացման սկիզբը»:  

«Մենք ունենք 5 տարեկան բանակ, որն արդեն 10-12 տարեկանի գործ է արել: Պահանջել նրանից 20-25 տարեկանի հասունություն՝ սխալ է: Եթե այսօր հայկական բանակը տնտղենք ֆրանսիացու աչքերով, իհարկե՝ բանակի վիճակը վատ է, նախարարին էլ կարելի է կախաղան հանել: Սակայն մեկընդմիշտ հասկանանք՝ այս բանակը մեր ընդհանուրի արդյունքն է:

…Բանակն ազգային արժեք է: Բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Սա խորապես անկուսակցական բանակ է, այս տարածաշրջանի և ժամանակի համար՝ շատ մարտունակ: Եվ՝ մեզ հավերժորեն անհրաժեշտ է»:

Եվ հիմա նույնիսկ դժվար է առանձնացնել Վազգեն Սարգսյանի կյանքը բանակի կյանքից, դժվար է նրա գործունեության մեջ գտնել այլ նախապատվություններ, ասենք, անդրադարձ գրական կյանքին ու գրական անցյալին: «Հացի փորձություն» կոչվող նրա անդրանիկ գիրքը պինդ ու ուժեղ արձակագրի մուտք էր երաշխավորում մեծ գրականություն: Հետո կյանքը այլ փորձություններ առաջադրեց, բայց հավատարմությունը հացին ու հողին մնաց նույնը, այս երկրի տերը մենք ենք, մենք ենք այս երկրի ծառան: Ու կյանքում ամեն ինչ հանուն այս երկրի է արվում: ՀԱՆՈՒՆ: Եվ դրա համար «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է կռվի»: «Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից պետք է հանի այնքան մարդ, որ կարող են երկիրը պահել»: Իսկ դրա համար մեկ ճանապարհ կա միայն՝ «Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը»:

Ժամանակներն այնքան արագ են փոխվում, ժամանակների մեջ արագ են փոխվում նաև… առաջնորդները: Դարավերջի մեր բոլոր փոփոխությունների մեջ Վազգեն Սարգսյանը եղավ այն քաղաքական ու պետական գործիչը, որ միշտ ու բոլոր հանգամանքներում երկրի ու պետության գոյության հենասյուն դարձավ: Եվ արդեն երաշխիքները կորցրած մեր կյանքում ամենակարևորը երաշխիք լինելն էր՝ երաշխիք, կա բանակ և կա մարդ, որ պաշտպանում է երկրի սահմանները ոչ միայն դրսից, այլև… ներսից: Կա մարդ, որ պահպանել է չափանիշները, ունի սկզբունքներ ու տաբուներ: Կա մարդ, ում հավատում ես: Կա մարդ, որ իրավունք ունի ասելու. «Արժի անկախ լինել՝ թեկուզ աղքատ, սոված: Սովը, աղքատությունը անցողիկ են, մնայունը անկախությունն է: … Ես հավատում եմ Հայաստանի ապագային: Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն: 21-րդ դարն անկասկած մերն է լինելու: Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ: Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այդ գաղափարները՚: ՙԵս կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք»:  

Ահա այսպես է, որ դառնում ես քառասուն տարեկան, տարիք, որ սահմանագիծ է բոլորիս անձնական կյանքում, բայց Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործչի պարագայում դառնում է սահմանագիծ այս երկրի համար արած ու անելիք գործերի: Հաղթական գործերի, որովհետև իրավ էլ 21-րդ դարը մեզ համար նահանջի ոչ մի կամուրջ չի թողնելու: Վճռական մենակների ժամանակը նրանց իսկ շնորհիվ դառնալու է վճռական ժողովրդի ժամանակ, որ տերն է իր երկրի ու իր երկրի սահմաններն ինքն է որոշում»:

…Շնորհավորական խոսքը ստորագրված էր «Հայաստանի Հանրապետություն», բայց հաջորդ առավոտյան սենյակումս զնգաց կառավարական հեռախոսը.

- Ամեն ինչի հետ համաձայն եմ, բայց ես վճռական եմ, ես մենակ չեմ: Հերիք է էդ մենակի գաղափարը զարգացնեք, ինձ հետ լիքը ժողովուրդ կա:

- Ի՞նչ իմացաք, որ ես եմ գրել, ստորագրված չէր:

- Դու ինձ ու՞մ տեղն ես դրել, խաչը իմն է, զորությունը ես գիտեմ:

- Մի տարբերակ էլ կա՝ մեռելն իմն է, գիտեմ ինչ գյոռբագյոռն է:

Եվ իմ սենյակը լցվեց Վազգեն Սարգսյանի վարար քրքիջով…

***

1999-ի մայիսի 9-ին Հայաստանի Նկարիչների միությունում Պաշտպանության նախարարությունը ցուցահանդես էր բացել՝ մայիսյան հաղթանակների առիթով՝ զինվորների կտավներ ու քանդակներ: Ցուցահանդեսն ավանդական էր, հետաքրքիր՝ ոչինչ, կտավներում՝ սարեր, ծաղիկներ, դեմքեր, մի քանի քանդակ: Օրվա կարևորը … ցուցահանդեսը չէր՝ սպասվում էր ՊՆ նախարարի այցը:



Վազգեն Սարգսյանը եկավ ճիշտ ժամանակին, խոնարհ ձեռքսեղմումների ու իր ժպիտն ակնկալողների բազմության վրա ժամանակ չվատնելով՝ մտավ ցուցասրահ: Խոսափողների ու տեսախցիկների տարափը տեսնելով՝ ժպտաց ու ասաց, որ ուզում է կտավները նայել, բայց խնդրեցին բացման խոսք ասել: Խոսեց կարճ ու դիպուկ.

-Հայ ազգն աշխարհին ներկայանալու ավելի լավ ձև չունի, քան մշակույթը: Մեր բանակը լավն է, իսկապես լավն է, շատ անգամ լավն է, բայց մեր բանակով մենք աշխարհին զարմացնել չենք կարող, շատ ավելի հզոր բանակներ կան: Միակ իրողությունը, որով կարող ենք մեծ աշխարհ դուրս գալ, մշակույթն է, հատկապես նկարչությունը: Հայկական անպարփակ նկարչությունը, որ սահմաններ չունի…

Խոսակցությունը ինքնին ստացվեց՝ մի կտավի առաջ, ուր եղրևանիների փունջ էր՝ շքեղ ու բուրումնավետ: Ես մեխվել էի այդ կտավի առաջ, որովհետև եղրևանիներն իմ սիրած ծաղիկներն են ու ինձ թվում էր՝ ցուցասրահում տարածվում է նրանց բույրը: Երբ կողքիս լսեցի՝ «Յասամանի հոտ չե՞ս զգում», առաջին արձագանքս զարմանքն էր.

-Հա, ես էլ էի մտածում, բարի օր, ինչպե՞ս եք:

-Մի քիչ հոգնած եմ, ընտրարշավն սկսվել է ու օրը մի տեղ եմ:

-Գիտեմ, կարդում եմ:

-Ինչու՞ ձեր թերթից դու չես գալիս, դու՞ ես հրաժարվել:

-Չէ, հարմար են գտել, որ տղամարդ լինի:

-Տղամարդն ի՞նչ կապ ունի: Ինձ գրող է պետք, որ իր գրածը գոնե ինքը հասկանա: Դու կգաս ու վերջ:

-Լավ, Ձեր տպավորությունը ո՞նց է՝ ծա՞նր է վիճակը:

-Ոնց ասեմ՝ լավն էլ կա, սարսափելին էլ կա: Բայց մի բան՝ սպանում է՝ հավատը…

-Սպանու՞մ, հավատն ապրեցնո՞ղ չէ:

-՜Էդ՝ գրքերում, կյանքում դժվար է, որ քեզ էդքան մարդ իր կյանքն է վստահում, սկսում ես սարսափել:

-Բանակում նույնը չի՞:

-Բանակում քո զինվորն է, բանակում կոնկրետ իրավիճակ է՝ գիտես՝ ինչ, ոնց, երբ ու ինչու պիտի անես, գիտես, որ չանել չես կարող, էստեղ՝ համարյա նույնն է, բայց չգիտես՝ ինչ անել:

-Հա, ժողովուրդը ոնց որ խելքը թռցրել է՝ տեսնում եմ՝ ինչ է կատարվում…

-Ժողովուրդը խելքը չի թռցրել, ժողովուրդը ուզում է ճիշտ խոսք ու ճիշտ գործ, ժողովուրդը շատ է համբերել ու հիմա հոգնել է իրեն խաբված զգալուց ու առաջին հերթին ինձնից է ուզում էդ խոսքն ու գործը, որովհետև երևի իմ … Լավ, էս պատմությունը վերջանա, քեզ մի երկար հարցազրույց կտամ…

-Չեմ հավատում, «Երկիր Նաիրիից» խոստացաք ու ցրեցիք…

-Լավ, սրանից հետո մի ամիս ինձ գտնելը քո անհավատության պատիժը կլինի:

1999-ի մայիսի 9-ից սկսվեցին մեր համարյա ամենօրյա հանդիպումները՝ Աժ ընտրությունների քարոզարշավում:

Կարդացեք նաեւ. Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին