Բագրատ Սրբազանի իրական ֆենոմենը - Mediamax.am

Բագրատ Սրբազանի իրական ֆենոմենը
7276 դիտում

Բագրատ Սրբազանի իրական ֆենոմենը


Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը չի մարում, որքան էլ հակառակը պնդեն իշխող ուժի ղեկավարը, նախարարները եւ պատգամավորները: Իմ կարծիքով, չմարելու կարեւոր պատճառներից մեկն այն է, որ Բագրատ Սրբազանը փոխում է շատերիս պատկերացնումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին (կամ՝ կարող էր լինել վերջին տասնամյակների ընթացքում):

Թերեւս, սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս չենք բարդույթավորվում այն բանից, որ նա արքեպիսկոպոս է (պատկերավոր ասած՝ «եկեղեցական գեներալ»), իսկ մենք՝ «հասարակ մահկանացուներ»: Դա ավելի ցայտուն է դառնում, երբ իրական (կոչումով) գեներալը՝ Զինված ուժերի շտաբի պետը, անկարող լինելով քողարկել սեփական անզորությունը, ինքնահաստատվում է՝ կոպտելով լրագրողներին:

Բագրատ Սրբազանը ցույց է տալիս, որ սովորական մարդ է, որը ունի հույզեր, որը կարող է հոգնել կամ տրամադրություն չունենալ: Սիրում է հումոր անել, ու միշտ չէ, որ կատակները տեղին կամ հաջող են ստացվում: Քաղաքական գործընթացներում մեծ փորձառություն չունենալով՝ չի կաշկանդվում ընդունել սեփական վրիպումները կամ խոստովանել սխալ արված մեջբերումները: Միեւնույն ժամանակ, քաղաքական պայքարի մեջ մտնելով, չի խուսափում կոշտ որակումներ տալ եւ «Ա»-ն ասելով՝ ասում է նաեւ «Բ»-ն:


Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Իշխանական քարոզիչները եւ լրատվամիջոցները Բագրատ Սրբազանին համառորեն կոչում են իր աշխարհիկ անունով՝ Վազգեն Գալստանյան: Կարծում եմ՝ նպատակը հստակ է՝ փորձել ամեն կերպ չեզոքացնել հասարակության մեջ սկիզբ առնող այն ընկալումը, որ եկեղեցին կարող է ներկայանալ Բագրատ Սրբազանի դեմքով:

Անկախ հանգամանքից, թե ինչպիսի ավարտ կունենա քաղաքական պայքարը, որը առաջնորդում է Բագրատ Սրբազանը, մեկ բան հստակ է՝ նա ցույց է տալիս, թե ինչպես պետք է հարաբերվի եկեղեցին հասարակության հետ: Ոչ թե հանդես գա որպես ընտրյալ եւ «էլիտար» մեկը, այլ ներկայանա անկեղծ խոսքով եւ պարզ երեսով: Սա արդեն մեծ հաջողություն է: Եվ հենց այս հաջողությունից են սարսափում տարատեսակ փոխնախարարները, որոնք իրենց բան ու գործը թողած, ամեն օր գրառումներ են անում «միջնադարի վերադարձի» մասին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին