Ինչ գրեցի`գրեցի - Mediamax.am

Ինչ գրեցի`գրեցի
2209 դիտում

Ինչ գրեցի`գրեցի


Մաս Բ

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

2013-ին Իսրայելն ապրում է 5773 թվականը իր գոյության: Մայիսի 3-ին Երուսաղեմում, ինչպես ամբողջ աշխարհում, ուրբաթ էր: Բայց իսրայելյան ուրբաթն ամբողջ աշխարհից տարբերվում է, որովհետև ուրբաթը նախորդում է շաբաթին, իսկ շաբաթն Իսրայելը 5773 տարի ապրում է ամբողջ աշխարհից տարբեր: Բայց դա շատ հին պատմություն է, որ Ավագ շաբաթվա հետ կապ չունի: Սիոն լեռը Աստծո սիրած լեռն է, ու եթե աշխարհն Աստծո աչքն է, Սիոնը աչքի բիբն է՝ այդպես են ասում Երուսաղեմում: Սիոն լեռան վրայի սրբավայրերը արդեն ամեն ինչ ասում են իրենք իրենց մասին: Խորհրդավոր ընթրիքը հիշու՞մ եք: Այսօր վերջին այդ ընթրիքի, որն այն ժամանակ բոլորովին էլ խորհրդավոր չի կոչվել, վայրում Վերնատունն է՝ սրբավայր, որ բազում դարերի մեջ բազում փորձությունների է ենթարկվել: Հիսուսն ասում է, որ իրեն մատնելու է նա, ով իր աջ կողքին է նստել, ու Հուդան հարցնում է՝ մի՞թե ես եմ քեզ մատնելու: Հիմա Վերնատան այն սենյակում, որտեղ վերջին անգամ միասին են եղել Հիսուսն ու իր աշակերտները, նաև մուսուլմանական սրբատեղի կա, ու դարերի պատմությունը չես սրբագրի: Դավիթ մարգարեի գերեզմանը ևս Սիոն լեռան վրա է: Իսկ մի քանի քայլ այն կողմ Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցին է, որտեղ քրիստոնյա բոլոր ժողովուրդներն ունեն իրենց խորանները: Եկեղեցին իրոք սքանչելի է ոչ միայն իր պատմությամբ, ողջ քաղաքի վրա իշխող դիրքով, ճարտարապետությամբ ու խորհրդով, այլև ամբողջացնում է քրիստոնեության պատմության տրամաբանությունը, պատմությունը սկսում է սկզբից ու շարունակում ավարտից հետո՝ Տիրամայրը վախճանվում է 60 տարեկանում, որդուց հետո, երբ արդեն բոլոր աշակերտները ցրվել էին աշխարհով մեկ: Նրա մահվան նախորդ օրը աշակերտները, որ արդեն առաքյալներ էին դարձել, առանց մեկմեկու տեղեկացնելու, հավաքվում են, Հայաստանից չի գալիս միայն Բարդուղիմեոսը: Նա ուշանում է ու երբ հասնում է, Տիրամորը գտնում է վախճանված, բայց որովհետև շատ էր ցանկանում նրան տեսնել, գերեզմանը բացում են ու տեսնում են, որ Տիրամայրը համբարձվել է նաև մարմնով: Ու նրա համար ոչ թե հրեշտակները, այլ Հիսուսն ինքն է գալիս: Բարդուղիմեոսին ի մխիթարություն տալիս են այն կտավը, որ Տիրամայրը հպել էր դեմքին ու որի վրա նկարվել էր նրա դեմքը, որովհետև առաքյալները որքան էլ փորձում էին, չէին կարողանում Տիրամորը նկարել: Բարդուղիմեոսը կտավն իր հետ բերում է Հայաստան: Նրա սպանությունից հետո Աստվածամոր պատկերի համար կառուցվում է եկեղեցի, բայց այսօր այդ կտավը՝ Աստվածամոր միակ իրական պատկերը… պարզապես չկա, չի պահպանվել դարերի ավերումների ու կորուստների մեջ: Ավանդություն կա, որ Հիսուսը պատկերը վերադարձրել է մորը…

Սիոն լեռան վրա նաև Պետրոս առաքյալի զղջման եկեղեցին է: Մինչև աքաղաղի կանչը Պետրոսը հասցնում է երեք անգամ հրաժարվել իր ուսուցչից ու նրա եկեղեցու վրա խաչի հետ նաև աքաղաղ կա: Հիսուսը, իհարկե, ասել էր, որ նա երեք անգամ հրաժարվելու է իրենից, բայց նաև ասել էր, որ Պետրոսն իր եկեղեցու վեմն է դառնալու ու Պետրոսին է հանձնում երկնքի բանալիները: Տարիներ անց Պետրոսը դառնալու էր Հռոմի առաջին եպիսկոպոսը, փաստորեն՝ պապը: Ու եթե Հռոմում սուրբ Պետրոսի տաճարն է՝ Դոնատո Բրամանտեի նախագծով, Միքելանջելոյի ձեռամբ կառուցված, Սիոնի լեռան վրա Պետրոս առաքյալի զղջման եկեղեցին է, որի պատմությունը ևս խորհրդավոր է: Եկեղեցին քարայրների վրա է, ինչպես ամբողջ Երուսաղեմը: Եկեղեցին սկզբում եղել է հայերինը, հետո հույներինը, մի քանի անգամ ավերվել է ու վերաշինվել, այսօր եկեղեցին գերմանացիներինն է: Պեղումների ժամանակ բացված ճգնարանների պատերին սև ու կարմիր խաչեր են, նաև քարերի վրա դաջված ճգնավորի կերպարը: Անհայտ ճգնավորի, գուցե և սուրբ Պետրոսի, որ ճգնում է իր ուրացումների համար թողություն ստանալու: Իսկ գուցե և մեր բոլորի պատկերն է, որ հոգու խորքի խորքում, այնուամենայնիվ, պահում-պահպանում ենք անխաթար մի անկյուն, ուր կարող ենք ապաստանել ու թողություն ստանալու համար ապաշխարել:



Սրբոց Հակոբյանց տաճարում ավագ ուրբաթ օրը թաղման կարգ կատարվեց, երկարատև ու գեղեցիկ մի արարողություն, որ ևս մասն է ավագ շաբաթի իրադարձությունների:

***

Երկուշաբթի օրվանից Երուսաղեմը կամաց-կամաց դառնում է լեզուների խառնարան: Այս օրերին բոլոր ազգերի ներկայացուցիչների կհանդիպես փողոցներում, բոլոր գույների քրիստոնյաների և անտարբեր ու իրադարձություններին միակ անմասն ու անհաղորդ կարծես միայն տեղաբնակներն են: Իսկ գուցե այդպես է եղել նաև մեր թվարկության 33 թվականին, երբ քահանայապետ Հովսեփ Կայիափան ուզում էր ապստամբություն ու հռոմեական կայսրության դեմ պատերազմ, իսկ կուսակալ Պոնտացի Պիղատոսն ուզում էր խաղաղություն և բոլորովին այնպես չէ, որ նա մահվան դատապարտեց Հիսուս Նազովրեցուն: «Ինչ գրեցի՝ գրեցի»,- ասաց Պոնտացի Պիղատոսը, որովհետև գիտեր, որ Հռոմեական կայսրությունում ինչ էլ կատարվի, պատասխանատուն հռոմեացիներն են:

***

Մայիսի 4-ի առավոտը հայ ուխտավորների համար Երուսաղեմում բացվեց ժամը 6-ից՝ քաղաքի փողոցները հիշեցնում էին Բաբելոնի աշտարակաշինության ժամանակները, երբ հայտնի պատճառով խառնվել էին լեզուները: Իսրայելի ոստիկանների համար օրը թերևս ամենադժվարներից մեկն է, որովհետև միանգամից քաղաքում հայտնվում են հազարավոր ուխտավորներ և նույն ժամին բոլորը ցանկանում են լինել նույն վայրում: Իհարկե, օրվա բովանդակությունը ոչ մի կապ չունի օրվա ձևի հետ: Որովհետև սուրբ Հարության տաճարում Հիսուսի գերեզմանի տեղում կառուցված մատուռում այդ օրը հայտնվում է լույսը՝ կրակի տեսքով և այդ լույսի հայտնությունը, որ ձևով հիշեցնում է հրաշք, իրականում ամեն տարի հաստատում է, որ մարդկությունը շարունակում է դեպի Աստված իր ճանապարհը, մարդը որոնում ու գտնում է Աստծուն, ում պատկերով ու նմանությամբ ստեղծվել է ինքը: Իսկ Աստված շարունակում է մնալ մարդու հետ և նրան հույս տալ, որ չարը չի կարող ընդմիշտ իշխել, որ Աստված մարդու հետ կիսում է նրա վիշտն ու վախը, կորուստներն ու փորձությունները, անգամ մահը և, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, ու դա ամենամեծ հրաշքն է, որ տրված է մարդուն:
Երուսաղեմյան այսօրվա խառնարանում այս պատկերը կամ չկար, կամ շատ խորքում էր, որովհետև մինչև սուրբ Հարության տաճար արաբական շուկայի միջով անցնող իրենց շատ դժվար ճանապարհին ուխտավորները լուծում էին շատ ավելի պրագմատիկ խնդիրներ՝ տեղ հասնել:



Սրբոց Հակոբյանց մայրավանքից մինչև սուրբ Հարության տաճար հայ ուխտավորները հասան ոչ միանգամից: Առավոտյան, երբ պետք է բացվեր մայրավանքի դեպի տաճար տանող դուռը, այնտեղ կարողացավ հասնել մի մասը միայն, մյուսներին այդ հնարավորությունը տրվեց մի քանի ժամ հետո՝ արդեն պատրիարքի հետ միասին, որ ժամը 11-ին ժամանում է տաճար՝ հոգևորականների, ուխտավորների ու Հոմէնդմենի սաների թմբուկների ու կոչնակների ուղեկցությամբ: Տեսարանը, իրոք, տպավորիչ է և բազմաձայն: Ամեն տարի այս օրը Երուսաղեմում որոշակի լարվածություն է առաջանում, թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն ու ամեն ինչ կարող են կանխատեսելիության ու կառավարելիության շրջանակներում պահել, բայց միակ անդրդվելին մնում են ոստիկանները, իսկ տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորները, և տարբեր հնարքներով հայկական թաղամասում նրանց միացած այլազգիները, որ փորձում են հաստատել սուրբ Հարության տաճար հասնելու իրենց իրավունքը, ստեղծում են անցանկալի միջադեպերի մեծ վտանգ: Այս պարագայում հայ հոգևորականների համար շատ դժվար է հայկական թաղամասում լինել ու մնալ դրության տերը: Բայց հավատացեք, որ ամեն ինչ՝ հոգնությունը, շոգը, նյարդայնությունը, մի վայրկյանում մոռացվում են, երբ տաճարի մատուռից՝ Կուվուկլայից հայ և հույն հոգևորականների աղոթքից հետո հայտնվում է սուրբ լույսը՝ կրակի տեսքով: Տաճարի լույսերը մարում են ու հազարավոր մարդիկ դառնում են մեկ մարդ, մարդ, որ սրտատրոփ սպասում է լույսին: Ասում են, որ եթե Հիսուսի գերեզմանի վրա հայտնվող լույսը չվառվի, տաճարում հավաքված բոլոր մարդիկ կմեռնեն: Բայց դա առասպել է, որովհետև դեռ երբեք Տերը մարդուն մենակ չի թողել: Կուվուկլա մտնում են հայ և հույն հոգևորականները միայն, դուռը զմռսվում է և այդ պահից ժամանակը սկսում ես զգալ ֆիզիկապես, հաշվում ես ոչ միայն րոպեները, անգամ վայրկյանները: Երբ կատարվում է հրաշքը, լույսը փոխանցվում է Կուվուկլայի պատուհանից: Մի վայրկյանում ամբողջ տաճարը լցվում է լույսով, մեկ մոմից, բայց կարծես միանգամից վառված բոլոր մոմերը սկսում են այրվել սպիտակ լույսով, որը իսկապես չի այրում: Հավատացեք, ես փորձել եմ: Աջիս մեջ վառվող կրակը չի այրել ոչ ափս, ոչ մատներս, ոչ դեմքս Զգացողությունն անիմաստ է բառավորել, որովհետև խիստ անձնական է ու անանվանելի: Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանից հատուկ չվերթներով սուրբ Հարության տաճարում վառված լույսը արդեն ուղևորվել է քրիստոնեական երկրներ՝ ավետելու, որ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Մարդկանց դեմքերին խաղաղության ու երջանկության այնպիսի երանելի արտահայտություն էր դրոշմել տաճարում բռնկված լույսը, որ թվում էր նոր ժամանակի սկիզբ ու նոր մարդկության սկիզբ:



…Իսկ փողոցում նույն կիզիչ արևն էր, որը, սակայն, տարօրինակորեն չէր այրում, այլ ընդամենը լուսավորում էր տաճարից դուրս եկողների ճանապարհը դեպի առօրյա, որ երբեմն միայն ընդմիջվում է Տիրոջ հայտնությամբ: Հավելեք նաև քամին, որ այս սպիտակ քաղաքում որոնում ու չի գտնում փոշի:

***

Մայիսի 5-ին Երուսաղեմյան առաջին կիրակին սկսվեց ժամը 2-ին՝ Սուրբ Հարության տաճարում ժամերգությունով և Քրիստոսի լույս գերեզմանի շուրջ թափորով, որին մասնակցում էին հայ, ղպտի ու ասորի հոգևորականները: Տաճարի կիսադատարկ կամարների տակ հայ երգը հնչում էր հատկապես հանդիսավոր ու թվում էր խոսակցություն Աստծո հետ: Խիստ անձնական ու բացարձակապես համամարդկային խոսակցություն Աստծո հետ: Երկու-երեք գիշերվա անքնությունից ու ծեսերից հետո վարժարանի սաները ճոճվում էին հոգնածությունից, բայց նրանց ձայնն ու աչքերը մատնում էին բոլորովին այլ հոգեվիճակ: Երեք անգամ Քրիստոսի լույս գերեզմանի վրա կառուցված մատուռի շուրջ պտտվելով՝ հայ, ղպտի ու ասորի հոգևորականները Աստծո հետ հաղորդակցվելու իրենց երջանկությունը փոխանցում էին կեսգիշերային Երուսաղեմի միջով սուրբ Հարության տաճարում հավաքված հայրենակիցներին: Գիշերային Երուսաղեմն ապրում է շատ ակտիվ կյանքով, թերևս ցերեկվա շոգի պատճառով: Աղմուկը փողոցներում սովորական է բոլորի համար՝ ցերեկային, թե գիշերային: Իսկ լուսադեմին հայ հոգևորականները հանդիսավոր պատարագ մատուցեցին Հիսուսի գերեզմանի վրա: Պատարագ, որին մասնակցում էին արդեն համարյա բոլոր այլազգիները, որ դեռ չեն հեռացել Երուսաղեմից: Ռուս ուխտավորների խմբերը Երուսաղեմ են գալիս նույնիսկ այսօր՝ Զատիկից հետո, բացարձակ մեծամասնություն ռուսներից ու հայերից հետո կազմում են իտալացիները: Ամենուր հնչում է նրանց ոգևորված ու բարձրաձայն խոսքը: Մինչև պատարագը՝ սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որ չի մտնում պաշտոնական արարողակարգի մեջ, բայց մշտապես արվում է ծայրահեղ բծախնդիր ու սիրով: Հայ ուխտավորները մաքրեցին և կարգի բերեցին տաճարի մուտքից ու Գողգոթայից մինչև Հիսուսի գերեզման տարածքը, որ այս օրերի իրարահաջորդ արարողություններից հետո երկու մեծ պարկ շշեր ու հարակից «մանրամասներ» էր պարունակում: Ասեմ, որ անհավանական զգացողություն է, երբ հսկա ավելով մաքրում ես տաճարը: Գուցե ավելն էր կոշտ, գուցե ես էի անսովոր նման արարողության, հավարտ ափիս մեջ վերք էր բացվել ու ես ստիպված թաշկինակով կապել էի ափս, թաշկինակս կարմրել էր արյան կաթիլներից: Վիրակապված ձեռքս նկատեց մեր քահանաներից մեկը ու ձեռքը ուսիս դրած ինձ տարավ իրենց սենյակը: Անհարմար էի զգում ու ուզում էի խուսափել, իսկ նա ծիծաղում էր վրաս ու ասում. ՙԿտեսնեք, որ հենց հիմա ոչ մի վերք չի մնա, հենց հիմա՚: Թաշկինակս իր ձեռքով հանեց, իր գրպանից հանեց իր մաքուր թաշկինակը, ցողեց ամբողջ գիշեր տաճարում վառված կերոնի սուրբ ձեթով ու դրեց վերքիս, չհասցրի ճչալ… Ես սպասում էի սովորական յոդով, կամ սպիրտով ախտահանման, իսկ նա… ձեթով… Հինգ րոպեից վերքիցս մնացել էր միայն մի բարալիկ սպի: ՙՈ՞նց՚՝ չհարցրի, համարյա ճչացի, իսկ նա, որ շարունակում էր ծիծաղել, պարզապես շշնջաց. ՙԴուք Սուրբ Հարության տաճարում եք, Աստծո հովանու տակ ու ձեզ ոչինչ չի կարող լինել՚:

***  

Երուսաղեմի ճերմակ քարից հատված տաճարի խորանը կառուցված է այն քարայրի տեղում, որ դամբարան է եղել խաչված Հիսուսին երեք օր: Խորանն արտաքուստ հիշեցնում է եկեղեցի՝ եկեղեցու մեջ, իսկ ներսում գործում է ֆենոմենալ մի աուրա, որ ներգործում է նույնիսկ այն հավատացյալների վրա, ովքեր խորան են մտնում նվերների ու անձնական իրերի, նամակների ու երկտողերի ծանր բեռով՝ հավատացած, որ օրհնվում են բոլորեքյան: Խորանի դռան աջ ու ահյակ կողմերում ժամանակի մեջ գոյացել են բավականին զգալի ու տեսանելի ճեղքեր քարերի արանքում: Լույսի խաղերի հետ երբեմն նաև թվում է, թե վերնաքարերը կախված են օդում, բայց այդպես այնքան երկար ժամանակ է, որ նույնիսկ դադարել են ուշադրություն դարձնել: Խորանի ներսում պարզ մի սեղան է՝ վառվող երկու մոմերով, իսկ ավելի խորքում, ուր հնարավոր է մտնել միայն կիսածալ, որովհետև պահպանվել է քարայրի կոնֆիգուրացիան, այն սալերն են, որոնց վրա եղել է Հիսուսի մարմինը: Ու ամեն ինչ այնքան իրական է, որ անհավատալի է թվում:

…Երբ դուրս էի գալիս սուրբ Հարության տաճարից, լույսն արդեն բացվել էր, կեսգիշերվա համեմատական խաղաղությունից հետո տաճարը սկսել էր ապրել իր բազմազգ կյանքով, ամենատարբեր լեզուներով, բայց ընդհանրական խոսքով Աստծուն դիմող մարդիկ մոմեր էի վառում ու սպասում էին հրաշքի: Ես այդ հրաշքն ապրել էի Հիսուսի գերեզմանատեղիից ճառագած լույսով լվացվելով ու արյունոտ ափովս, որտեղ մի բարալիկ սպի էր միայն…

Կարդացեք նաեւ Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին