Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ… - Mediamax.am

Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…
2448 դիտում

Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…


Մաս Ա

Այս պատմությունը երկար նախաբան ունի, իսկ վերջաբան՝ ոչ:

Եվ պատմության սկիզբը բնավ ես չեմ՝ 2007-ից Այդին Մորիկյանը տարված էր մարդկության պատմության ամենազարմանալի ու ամենաանհայտ երեք օրերով՝ Հիսուսի խաչելությունից մինչև նրա հարությունը: Իրականում՝ անհայտ, որովհետև անգամ Ավետարաններում համարյա ոչինչ այդ օրերի մասին չկա՝ կոնկրետ ի՞նչ է եղել Երուսաղեմում, Հիսուսի աշակերտներն ի՞նչ են արել ու ինչո՞վ են զբաղվել: Հայտնի է՝ Հիսուսն ի՞նչ է արել, իսկ մյուսնե՞րը: Պոնտացի Պիղատո՞սը: Հովսեփ Կայիափա՞ն: Բարրաբա՞ն: Մարիա՞մը: Մարիամ Մագթաղինեցի՞ն: Հովհաննե՞սը: Ընդհանրապես՝ ի՞նչ է կատարվել նիսան ամսին Զատկի տոներից հետո Երուսաղեմում՝ լիալուսնի ու Բեթղեհեմի աստղի տակ… Ի՞նչ է կատարվել այն օրերին, երբ սկսվում էր մեր թվարկությունը, երբ գրված չէին Ավետարանները, երբ քրիստոնեությունը որպես այդպիսին գոյություն չուներ, երբ հրեաները խաչեցին Աստծո որդուն… Այդին Մորիկյանը հավաքել էր հնարավոր բոլոր պատմական ու ժամանակակից աղբյուրները, ժամանակի ու մեր օրերի քարտեզները, կանոնիկ ու պարականոն Ավետարանները… Ու նույնիսկ ապագա գրքի պլանն էր կազմել: Ես օգնում էի նրան գրքեր ու քարտեզներ, տեղեկություններ հավաքելու մեջ, հաճախ էինք խոսում այդ ժամանակներից՝ ի՞նչ ու ինչու՞ եղավ, ի՞նչ կարող էր լինել, եթե այս ու այն իրադարձությունը այլ ընթացք ունենար… 2009-ին Այդինը հեռացավ… Ինձ համար էլ անակնկալ՝ 2012-ին ես սկսեցի գրել այդ գիրքը: Ու գրել այնքան արագ, որ… վախեցա: Նորմալ չէ, որ ամեն գիշեր սկսում ես գրել Հիսուսի, Աստվածամոր, Հուդայի, առաքյալների, Պիղատոսի, Կայիափայի, Բարրաբայի, Հերովդեսի, Մարիամի, մոգերի ու Կայիափայի վկաների մասին և երբեք չգիտես՝ թե հաջորդ բառն ի՞նչ ես գրելու, բայց գրում ես այն արագությամբ, որ նույնիսկ երկար բառերը կրճատում ես, որ հասցնես հաջորդ բառը գրել… Ու ես դիմեցի ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օգնությանը: Գնացի Վեհարան ու ամեն ինչ պատմեցի նրան, խնդրեցի որոշել՝ գրե՞մ, թե՞ ոչ: Ու բացատրել՝ ի՞նչ է ինձ հետ կատարվում: Առավելևս, որ ես Այդինի համար նյութեր հավաքում էի, բայց այդ նյութերից շատ քչերին էի տեղյակ, իմա՝ թեման իմը չէր ու որոշումը իմը չէր: Ցանկությունը իմը չէր: Վեհափառը շատ ուշադիր լսեց, մի քանի հարց տվեց ու ասաց՝ գրի, ավարտես՝ բեր, կկարդամ: Չգրել չի կարելի: Ու ես մի քանի ամսում ավարտեցի երեք օրերի պատմությունը՝ ՙԵս դուռն եմ՚ գիրքը, որը տպագրելուց հետո տարա Վեհափառին: Սրտատրոփ: Եվ միայն այդ ժամանակ Վեհափառն ինձ հարցրեց՝ իսկ դու Երուսաղեմում եղե՞լ ես: Չէի եղել: Ասաց՝ արի քեզ ուղարկեմ Երուսաղեմ, հիմա, երբ արդեն գրել ես, Երուսաղեմ գնալը քեզ չի խանգարի՝ կտեսնես, կհամեմատես գրածիդ հետ, կհասկանաս՝ ի՞նչ ես գրել ու ի՞նչ ես տեսնում: Գուցե օգնի, որ գիրքը շարունակվի: Բնականաբար՝ երջանիկ էի առաջարկից: Ու 2013-ի ապրիլի վերջին, մայիսի սկզբին ուխտավորների խմբի հետ ես հայտնվեցի սուրբ քաղաք Երուսաղեմում՝ իմ անանվանելի տագնապների ու անանվանելի սպասումների հետ: Քիչ է ասել՝ վախենում է՝ իսկ եթե ես գրել, նկարագրել ու պատմել եմ մի քաղաքի մասին, որ իրականում չկա: Կապ չունի, որ ես գրել եմ մեր թվարկության սկզբի մասին ու պարտադիր չէ, որ 2013-ի Երուսաղեմը այդ օրերին համապատասխանի: Կար ոգու ու ճշմարտության հարցը: Իսկ եթե ես ուղղակի ստե՞լ եմ: Կամ՝ ինձ են ստել… Միով բանիվ՝ դժվար ուղևորություն էր:

***

Ուղիղ չվերթ Երևան-Թել Ավիվ 2013-ին չկար, ուխտավորների մեր խումբը ապրիլի 30-ին Երևանից ավտոբուսով մեկնեց Թբիլիսի, Թբիլիսիից ինքնաթիռով՝ Ստամբուլ, Ստամբուլից՝ Թել Ավիվ: Թել Ավիվից՝ ավտոբուսով Երուսաղեմ: Անհավատալի էր թվում, որ նույն օրը հասանք ու ՙՋեռուսալեմ Թաուեր՚ հյուրանոցում տեղավորվելուց հետո երեկոյան արդեն Սուրբ Հարության տաճարում էինք:   

…Ես, որ երջանկություն եմ ունեցել Հռոմի սուրբ Պետրոսի տաճարը տեսնել, եղել եմ Փարիզի Աստվածամոր տաճարում, Դուվրի կրկնակի եկեղեցիում, Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում, Ֆլորենցիայի մայր տաճարում, Մադրիդի, Բրյուսելի, Սոֆիայի, Կիևի, Սանկտ Պետերբուրգի… արդեն թիվը կորցրել եմ՝ քանի՞ քաղաքի քանի՞ տաճարներում, Երուսաղեմի սուրբ Հարության տաճարի հետ ոչինչ համեմատել չեմ կարող: Պարզ պատճառով՝ սուրբ Հարության տաճարում կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա ու չի կարող լինել՝ Կուվուկլան՝ Հիսուսի գերեզմանատեղին, Գողգոթան ու այն սրբության զգացողությունը, որ զգում ես մաշկովդ…  

***

Երուսաղեմը… Կանտը ասում էր՝ Cogito ergo sum` կասկածում ես, ուրեմն կաս: Որովհետև չէր եղել Երուսաղեմում: Այս քաղաքի համար չի ասված, այս քաղաքում կասկածներ չկան, այս քաղաքում եղել են ու կան միայն հայտնություններ: Չկա ու չի եղել հավատ, որովհետև նույնիսկ երբ սուրբ Հարության տաճարում պատարագ է, տաճարի դռներից դուրս ականջ է ծակում մոլլայի ազանը: Ու մարդիկ այդպես էլ ապրում են, որովհետև այս քաղաքում երեք կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, իսլամի, սրբավայրեր են ու որևէ հավատացյալի չես կարող ասել՝ դու մի հավատա, հիմա իմ հավատալու ժամն է: Կամ՝ պատարագը: Այս քաղաքի պատմությունը ամբողջ աշխարհի պատմության հետ է շաղկապված: Ու այս քաղաքի փողոցներում քայլելը դարերի միջով քայլելու զգացողություն է առաջացնում: Երբեմն էլ՝ գլխապտույտ:

***

Մայիսի 1-ի չորեքշաբթին սկսում ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, որ գտնվում է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Սիոն լեռան վրա: Մայրավանքը գտնված բառ է, ամենաճիշտ ու ամենատաք բառն է՝ եկեղեցու համար, գրադարանի, հրատարակչատան, թանգարանի, որ դեռ չի գործում, ու մարդկանց համար, որ ապրում են մայրավանքի տարածքում՝ հոգևորականներ, թե պարզապես հայեր, որ Երուսաղեմում այլ բնակավայր չունեն: Ու՝ տարիներով ապրում են սրբությունների կողքին, սրբությունների մեջ, բայց հաստատ չես ասի, որ զգում են, ասենք, սուրբ Հակոբոսի մասունքների ներկայությունը: Որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Մայրավանքում ամփոփված են սուրբ Հակոբոսի գլուխը և սուրբ Հակոբոս Տեառնեղբոր մարմինը: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ սուրբ Հակոբոսի մարմինը, գլուխը սրով հատելուց հետո հայտնվել է Իսպանիայի ափերին և Իսպանիան նրա մարմինն ընդունելով՝ նրան ճանաչել է երկրի հովանավոր: Իսկ նրա գլուխը հողին է հանձնել Մարիամը, նույն ինքը՝ Հիսուսի մայրը: Սուրբ Հակոբոսը առաքյալ չի եղել, բայց Հիսուսի մերձավորներից առաջինն էր, որ գլխատվել է հռոմեացի զինվորի սրով՝ քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Նա առաջինն է հայտնվել Հիսուսի կողքին: Իսկ Հիսուսի եղբայր Հակոբոսի մասունքները հիմա մայրավանքի խորանի տակ են: Ու երկու Հակոբոսները այսօր այն անանց ու անկորնչելի արժեքներն են, որ պահպանում են հայ Երուսաղեմը: Իսկ հայ Երուսաղեմը, ու բոլորն այդ ասում են խորին ցավով, պակասում ու պակասում է: Պակասում է այնքան, որ դժվար է դառնում արդեն պահպանել հայկական ներկայությունը այն քաղաքում, ուր գրվել է քրիստոնեականն քաղաքակրթության այբուբենը: Խունկն ու մոմն այս քաղաքում կարող են մրցակցել միայն խաչի հետ: Որովհետև ժամանակակից քիստոնյաներս, ինչպես մեր բոլոր նախնիները, հավատը սկսում ենք ըմբռնել, երբ թարգմանում ենք նյութական, շոշափելի, տեսանելի, զգալի արժեքների: Մեզ համար այդպես ավելի հեշտ է, հասկանալի, պարզ ու, գուցե, իմաստավորված: Բայց Հիսուսը հաստատ չի խաչվել երկրային թագավորության համար, ու երբ նա ասում էր, որ իր թագավորությունը երկնքում է ու հետո պիտի գա, հրեաները նրան խաչեցին: Հրեաները նրան խաչեցին, որովհետև ուզում էին իրական ապացույցներ, ուզում էին իրենց իրական թագավորն ունենալ, ուզում էին անկախանալ Հռոմից ու կայսրություն ընդունում էին միայն սեփականը: Բայց եկել էր մեկը, որ ուզում էր հոգու թագավորություն հաստատել, որ քարոզում էր սեր, հավատ, կատարելություն ու ներդաշնակություն էր բերում, որ ոչ մեկին պետք չէր: Պետք չէր մեր թվարկության 33 թվականին ու պետք չէ հիմա, ահա թե ինչու խունկը, մոմն ու խաչը իմաստավորված աստվածային գոյությամբ ու զորութամբ, այսօր արաբները շահով վաճառում են աշխարհի չորս ծայրերից Երուսաղեմ եկող քրիստոնյաներին: Իսկ Հիսուսը շարունակում է նրանց հավատալ ու շարունակում է մնալ այն դուռը, որը բաց է: Բախիր, և՝ կստանաս:



Սրբոց Հակոբյանց մայրավանքի ճերմակ քարերը այսօր էլ մնացել են ճերմակ՝ անապատի բարկ արևի տակ, բայց տաճարի գմբեթը չկա: Տաճարն իր փառահեղ գմբեթը կորցրել է, երբ Երուսաղեմը թուրքերի տիրապետության տակ էր: Դարեր առաջ՝ երբ հերթական թուրք նվաճողը, որի անունը պատմությունը պահպանել է, բայց բոլորովին պետք չէ, որ հիշատակվի, հեռվից տեսնելով տաճարի գմբեթը՝ որոշում է նամազ անել ու միայն մոտենալուց հետո է հասկանում, որ ալլահին ուղղված աղոթքը հայկական եկեղեցուն է ուղղել: Թուրքը հրամայում է ավերել եկեղեցին: Եկեղեցին, իհարկե, չեն կարողանում քանդել, բայց գմբեթը ավերել հասցնում են: Ու որովհետև եկեղեցին արգելափակված էր հայերի առաջ, պատի մեջ կառուցում են երկու խորաններ, որ այսօր էլ կան: Ինչպես կան երկու կոչնակները՝ փայտե ու երկաթե: Ու երբ երկաթե կոչնակին զարկում ես, հայկական ամբողջ թաղամասը լսում է: Նույնիսկ 21-րդ դարի աղմուկի միջից: Որովհետև մարդիկ առանց հավատի ապրել չեն կարող, նույնիսկ եթե ընտելացել են հավատը ամփոփել խունկի, մոմի ու խաչի եռանկյունու մեջ:

Cogito ergo sum` ասում էր Կանտը, բայց նույնիսկ Կանտը չգիտեր, որ երբ կասկածում ես, ուրեմն չկաս:

***

Մայիսի 2-ին մենք նորից պատարագի ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, բայց խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր: Առավոտյան Սրբոց Հակոբյանց տաճարում Ավագ հինգշաբթիի պատարագն էր, որին հաջորդեց ոտնլվայի արարողությունը: Հայ համայնքի անդամներից բացի ներկա էին աշխարհի չորս ծագերից հավաքված ուխտավորներ՝ իտալացիներ, անգլիացիներ, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ: Նրանց արձագանքը հայ պատարագին շատ հետաքրքիր էր, համենայն դեպս հավերժորեն շտապող օտարերկրացիները սկզբից մինչև վերջ ներկա էին բազմաժամյա պատարագին, նույնիսկ երգում էին, իհարկե, խաչակնքվում, ու դա գեղեցիկ էր:

Սքանչելին Հիսուսի Չարչարանաց հիշատակի թափորն էր, որ անցավ նրա երկրային վերջին օրերի ճանապարհով: Աշխարհի ամենաերկար ճանապարհն անցնում է Երուսաղեմի հայկական թաղամասով: Վանքը կոչվում է Հրեշտակապետաց, ու այդ վանքում առաջին արգելարանն է, որտեղ Հուդայի մատնությունից հետո արգելափակել էին անմեղ մարդուն, ում խաչելու էին: Իսկ խաչելուց առաջ, ըստ ավանդության, նրան ձաղկել են քահանայապետ Հովսեփ Կայիափայի հրամանով՝ հասցնելով մտրակի 39 հարված, ու այն կոճղը, որին կաթել է Հիսուսի արյունը՝ ծաղկել է: Ձիթենին այսօր էլ կա Հրեշտակապետաց վանքի բակում: Ու այդ ձիթենու պտուղների կորիզները ամենափնտրվածն են Երուսաղեմի բոլոր ձիթենիների պտուղներից՝ լինելով բուժիչ: Սուրբ լինում են նաև ծառերը, երբ մարդիկ ուզում են մեղքերը քավել: Սուրբ Փրկչի վանքում է Հիսուսի երկրորդ արգելարանը՝ Ձիթենյաց այգում, որը ևս Երուսաղեմի հայկական թաղամասում է: Ես անցա այդ ճանապարհը թափորի հետ, հետո նաև մենակ: Կիզիչ արևի տակ, քարե պարսպի սպիտակությունը թվում է հայելի, որտեղ դու տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ ու քո՝ քեզ անհայտ պատկերը, այլև տեսնում ես մարդկանց, ում չես ճանաչել, բայց ովքեր ապրել են այն կյանքը, որ իրենցից հետո ապրելու էինք բոլորս ու ամեն ինչ սկսվելու էր ընտրությունից: Մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ, եթե հոգում Աստված չունեն: Նրանց ընտրության իրավունք տրվում է մեկ անգամ միայն, միայն մեկ անգամ ու հետո մնացած ամբողջ կյանքը, որ նրանցից ոմանք անվանում են նաև ճակատագիր, ապրվում է ըստ այդ ընտրության: Ու այնպես չէ, որ նրանք չեն սխալվում, նրանց տրված զղջումի ու ապաշխարանքի հնարավորությունը, սակայն, բնավ երաշխիք չէ, որ այլևս չեն սխալվելու: Ու հենց այդ պատճառով նրանք միշտ որոնելու են մեկին, որ մեղավոր է իրենց սխալների համար՝ առաջինը, երկրորդը՝ որ հասկանալու է իրենց, և երրորդը՝ որ ներելու է: Ներելու է ու սխալն ուղղելու հնարավորություն է տալու:



Երկրորդ խոստովանությունս՝ արդեն երրորդ օրը Երուսաղեմում արտաքին բոլոր դրսևորումների մեջ, որ պահպանել է պատմությունն իբրև նյութական արժեք, ես որոնում եմ ներքինը, ես որոնում եմ նրան, ով Ալֆան է ու Օմեգան: Այս բոլոր տաճարները, խորհրդանիշները, քարերն ու հիշատակները պատյանն են, իսկ ես որոնում եմ մարգարիտը խեցու մեջ, որ դեռ ավազահատիկ է: Որովհետև այն, ինչ կա, կա ու եղել է միշտ, բայց մենք հասկանում ենք միայն այն, ինչ ունենք մեր փորձով ու մեր գիտակցությամբ: Մեզնից ոմանք ունեն նաև այն, ինչ չկա երկրում, ինչ ունի միայն երկնային ծագում, բայց կամ չենք գիտակցում, կամ չգիտենք ինչ անել: Օդում ճախրում է հավերժությունը, ու մենք, որ ժամանակի պատանդներն ենք, ստեպ ստեպ հաղորդակցվում ենք հավերժությանը, բայց մնում ենք անտեղյակ: Ու Աստված ապրում է մենակ, որովհետև երբ մարդիկ կարող են Աստծուն խաչել, իսկ նա կարողանում է նրանց ներել, հավերժությունը այլևս ոչ թե ճախրում է օդում, այլ ապրում է մեր մեջ:

Խոստովանություն երրորդ՝ կյանքը զբաղմունքի փնտրտուք է, բայց շատ քչերն են որոնում ու առավելևս գտնում իրենց առաքելությունը:

…Հայաստանից բերված գաթան հայտնվել էր մի սեղանի, որի շուրջ հայեր էին բոլոր այն երկրներից, որտեղ հայ կա: Գաթան շատ չէր, բայց հերիքեց բոլորին ու նրանց համար նշխար էր: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում այս իրողությունը, որ տեղ ուներ այսօրվա մեջ՝ 2013-ի մայիսի 3-ին Սիոն լեռան վրա, հայկական հարկի տակ: Ձիթենյաց այգու ճյուղը կանաչ է արդեն 2000 տարի ու դալար է մնալու, քանի կա ժամանակը:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին