Զեմֆիրան, Բրայան Մեյը եւ Մեդիամաքսը - Mediamax.am

Զեմֆիրան, Բրայան Մեյը եւ Մեդիամաքսը
3557 դիտում

Զեմֆիրան, Բրայան Մեյը եւ Մեդիամաքսը


25 տարի առաջ, 1999 թվականի մայիսի 10-ին թողարկվեց Զեմֆիրա Ռամազանովայի առաջին ալբոմը, որն այդպես էլ կոչվում էր` «Զեմֆիրա»: Մեդիամաքսը հիմնադրել էինք 1999 թվականի մարտին, եւ կայացման առաջին դժվարին ամիսները ինձ մոտ ասոցացվում են հենց Զեմֆիրայի առաջին ալբոմի հետ՝ երեկոյան մինչեւ ուշ մնում էի գրասենյակում եւ այն շատ էի լսում:

2001 թվականի սեպտեմբերին, հարսանեկան ուղեւորությունից վերադառնալիս, երկու օր Մոսկվայում մնացինք: Երեկոյան «Պեկին» հյուրանոցի սենյակում միացրեցի հեռուստացույցը եւ հանկարծ՝ Առաջին ալիքը ցույց էր տալիս Զեմֆիրայի ամբողջական համերգը՝ այդպես առաջին անգամ նրան ոչ միայն լսում էի, այլեւ դիտում:

2010 թվականին, Իեն Գիլանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկու համերգները կազմակերպելուց հետո մի պահ «հավեսի էինք ընկել» եւ մտածում էինք Զեմֆիրային Երեւան «բերելու» մասին: Անգամ նամակներ փոխանակեցի նրա մենեջերի հետ, բայց հետո հասկացա, որ մեր «խելքի բանը չէ»:

Երկու տարի անց Զեմֆիրան համերգ էր տալիս Թբիլիսիի ակումբներից մեկում, պետք է գնայինք մեր ընկերների հետ, սակայն վերջին պահին կինս ու ես ստիպված եղանք հրաժարվել՝ մեր դուստրը հիվանդացել էր եւ բարձր ջերմություն ուներ:

2010 թվականի աշնանը Լոնդոնում հանդիպել էի Queen-ի կիթառահար Բրայան Մեյի հետ: Նա Rock Aid Armenia նախագծի ամենաակտիվ մասնակիցներից էր, բայց 2009 թվականին չէր կարողացել Հայաստան գալ եւ ստանալ իր Պատվո շքանշանը: Քանի որ պետք է Լոնդոն մեկնեի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ մտածեցինք, որ շքանշանը Մեյին կարելի է հանձնել մեր դեսպանությունում: Ծանոթությունից հետո Բրայան Մեյի հետ երբեմն նամակներ էինք փոխանակում:

2004 թվականին՝ MTV Russia Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Զեմֆիրան Queen-ի հետ կատարել էր We Are the Champions երգը եւ Բրայան Մեյը շատ գոհ էր մնացել համագործակցությունից: 2012 թվականին, երբ Queen-ը կրկին Մոսկվայում էր, Զեմֆիրան նրանց հետ կատարեց Life is Real երգը:



2013-ի դեկտեմբերին Զեմֆիրան հարցազրույց էր տվել Կոմերսանտ թերթին, որտեղ խոսել էր նաեւ Queen-ի մասին: Այդ հատվածը թարգմանել էի եւ ուղարկել Բրայան Մեյին: Պատասխան նամակում գրել էր, որ 2014-ի փետրվարին երգչուհի Քերի Էլիսի հետ համերգ է ունենալու Մոսկվայում եւ միգուցե կարելի է Զեմֆիրային առաջարկել Քերիի հետ միասին որեւէ երգ երգել: Բրայան Մեյը նամակի ստացողների մեջ նշել էր նաեւ Քերի Էլիսին, նա էլ արձագանքել էր. «Հրաշալի գաղափար է»:

Բրայան Մեյի եւ Քերի Էլիսի համերգը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կայացավ 2014 թվականի մարտի 16-ին, բայց Զեմֆիրան բեմ չբարձրացավ: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչու:

Իսկ մայիսի 11-ին ես մեկնում եմ Բրատիսլավա, որտեղ կայանալու է Գարիկ Իսրայելյանի եւ Բրայան Մեյի հիմնադրած STARMUS յոթերորդ փառատոնը: Մեծ հույս ունեմ, որ 14 տարի անց կկայանա Բրայան Մեյի հետ իմ երկրորդ հանդիպումը:




Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին