Երկար ընդմիջումից հետո Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Վերջին անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Հայաստան էր եկել 2012 թվականի սեպտեմբերին՝ այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդերս ֆոգ Ռասմուսենը: ՆԱՏՕ ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են երեք անգամ՝ երկու անգամ Նյու Յորքում, մի անգամ՝ Դավոսում: Ընդ որում, նրանց վերջին հանդիպումը 2022 թվականի սեպտեմբերին էր՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից մի քանի օր անց:
Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ Ստոլտենբերգը հանդիպելու է Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, Հայաստանում եւ Վրաստանում նա հանդիպելու է միայն նախագահների (որոնք որոշումների կայացմանը չեն մասնակցում) եւ վարչապետների հետ:
Յենս Ստոլտենբերգը Երեւանում չի հանդիպի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում մեծ առաջընթացի գլխավոր ճարտարապետներից (եթե ոչ գլխավոր) մեկին՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Չի հանդիպի, որովհետեւ Դավիթ Տոնոյանն արդեն 2,5 տարի գտնվում է անազատության մեջ՝ շինծու քրեական գործով, որի իրական նպատակը, իմ կարծիքով, նախկին նախարարին 2020 թվականի պատերազմում Հայաստանի կրած պարտության համար «գլխավոր մեղավոր» կարգելն է: Չնայած Տոնոյանը բարձրաձայնում է իր իրավունքների խախտման մասին եւ պահանջում է բաց դատավարություն, այդ ուղերձները ոչ միայն գործնական արդյունք չեն տալիս, այլեւ որեւէ ուշադրության չեն արժանանում Հայաստանի արեւմտյան գործընկերների կողմից, որոնք վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող որեւէ խախտում «չեն նկատում»:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների բովանդակությունը մեծապես ապահովվել է Դավիթ Տոնոյանի ջանքերով՝ 2004-2005 թվականներից սկսած, երբ նա Հայաստանի ռազմական ներկայացուցիչն էր ՆԱՏՕ-ում: Ընդ որում, այդ բովանդակության առյուծի բաժինը ստեղծվել է նախքան 2018 թվականի իշխանափոխությունը, իսկ վերջին 6 տարվա ընթացքում գրեթե չի հարստացվել, եթե չասենք, որ հարաբերություններում հետընթաց է գրանցվել:
Բնականաբար, քաղաքական որոշումները ընդունում են քաղաքական ղեկավարները: Եթե չլիներ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որակը եւ խորությունը փոխելու Ռոբերտ Քոչարյանի որոշումը, Դավիթ Տոնոյանը եւ այլ պաշտոնյաները որեւէ բան անել չէին կարողանա: Բայց պատմությունը բազմիցս ապացուցել է, թե որքան բան է կախված կայացված քաղաքական որոշումներին «միս ու արյուն» տվող մարդկանց անհատական ջանքերից:
Վստահաբար կարող եմ պնդել, որ առանց Դավիթ Տոնոյանի 2006 թվականին չէր ընդունվի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործողությունների գործողության առաջին ծրագիրը (ԱԳԳԾ/IPAP), որն իսկապես հեղափոխական բան էր մի երկրի համար, որին Արեւմուտքում գրեթե բոլորն ընկալում էին որպես Ռուսաստանի «կցորդ»: Հենց Դավիթ Տոնոյանի ջանքերով 2006 թվականի աշնանը Երեւանում բացվեց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը, որը երկար տարիներ օժանդակում էր Հայաստանի եւ դաշինքի հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացումը եւս Դավիթ Տոնոյանի հետեւողական աշխատանքի արդյունք էր:
Հենց Տոնոյանի նախաձեռնությամբ Հայաստանի զինված ուժերում ՆԱՏՕ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Ռազմավարական պաշտպանական վերանայումը (Strategic Defense Review- SDR)՝ չափազանց աշխատատար եւ զգայուն գործընթաց, որը թույլ է տալիս վեր հանել խնդիրները եւ դրանք շտկելու ուղիներ է առաջարկում: Այն պահին (2010-2011 թվականներ), երբ Հայաստանի զինված ուժերում ընթանում էր SDR գործընթացը, այն չէր իրականացվել անգամ ՆԱՏՕ-ի շատ անդամ-երկրներում:
2016 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին Երեւանում խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, կարծիք էր հայտնել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նոր փուլի շրջանակում կարելի է հատուկ ուշադրություն դարձնել զորքերի փոխհամատեղելիությունը: «Մի քանի հայկական ստորաբաժանումներ արդեն իսկ հավաստագրված են եւ համապատասխանում են ՆԱՏՕ-ի բարձրագույն ստանդարտներին, եւ դա մեծ ձեռքբերում է», - ասել էր դաշինքի ներկայացուցիչը:
«Ինչպես ասում են մեզ մոտ, տանգո պարելու համար զույգ է պետք: Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են՝ տանգո պարելու համար», - ասել էր Ջեյմի Շին:
Զուգընկերն, իհարկե, կարեւոր է, բայց նախ պարելու ունակություն է պետք ունենալ: Ու եթե այն չունես, գոնե պետք չէ բանտում պահել մեկին, ով բազմաթիվ նման «պարեր» է պարել:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: