«Սոչիի համաձայնությունը լավ նորություն է փախստականների համար» - Mediamax.am

«Սոչիի համաձայնությունը լավ նորություն է փախստականների համար»
6278 դիտում

«Սոչիի համաձայնությունը լավ նորություն է փախստականների համար»


 

Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին ձեռնարկել վաղուց հասունացած կոնկրետ քայլեր վստահության ամրապնդման համար: Շփման գծում տեղի ունեցած եւս մեկ ողբերգական միջադեպի լույսի ներքո, որի արդյունքում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվեց 20-ամյա հայ զինծառայող Գրիգոր Շախկյանը, կողմերը որոշեցին, որ այսուհետ նմանօրինակ յուրաքանչյուր միջադեպ ենթարկվելու է մանրամասն քննության ԵԱՀԿ-ի կողմից: Բացի այդ, հակամարտող կողմերը պայմանավորվեցին կատարել ռազմագերիների ու վիրավորների փոխանակում: 

Մինչդեռ Հայաստանին ու Ադրբեջանին պետք էր շնորհավորել այդ հաջողության առիթով, Ադրբեջանի քաղաքականության ավելի ցածրաստիճան ներկայացուցիչների եւ Բաքվի հետ կապված ոչ կառավարական կազմակերպությունների արձագանքը սադրիչ էր: Հայտարարություն էր տարածվել, որ այդ համաձայնագիրը հաջողված է միայն հայաստանյան կողմի համար, եւ «870 000 ներքին տեղահանվածներ» այժմ ստիպված կլինեն ավելի երկար սպասել տուն վերադառնալուն: Մի կողմ թողնելով թվերի անսահման չափազանցման հանգամանքը /ԽՍՀՄ-ում մարդահամարը երբեք այդպիսի թվեր չի հաշվարկել/ եւ նույնիսկ միավորելով բոլոր վիճահարույց տարածքներն ու էթնիկ խմբերը` այդ ցուցանիշը լավագույն դեպքում հավասար կլինի այն անձանց թվին, որոնց Ադրբեջանը տեղակայել է փախստականների համար նախատեսված հատուկ ճամբարներում: Այդպիսի հայտարարությունները հիմնված են միջնադարյան այն մտածողության վրա, որ մի կողմը հաղթանակ կարող է տանել միայն մյուսի պարտության դեպքում: Այդ տրամաբանության համաձայն, այն ամենը, ինչ կարող է հանգեցնել խաղաղ լուծման եւ ենթադրում է փոխզիջում, երկարացնում է ցավը: Փոխարենը ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ տեղի բնակչության կամքին դեմ ուղղված պատերազմները միշտ ծնում են այնպիսի իրավիճակ, որում թաքնված են շատ մեծ ռիսկեր անկանխատեսելի երկարաժամկետ հետեւանքներով, որոնք հիմնականում հանգեցնում են բոլոր կողմերի պարտությանը: 

Ահա ինչու Սոչիի հայտարարությունը լավ նորություն է թե ներքին տեղահանվածների, թե փախստականների համար: Դա նշանակում է փոքր, սակայն կոնկրետ եւ կարեւոր քայլ խաղաղության ուղղությամբ: Ես հանդիպել եմ մի քանի փախստականների Ղարաբաղում եւ Հայաստանում, եւ նրանց տառապանքներն ու պատմության ցավերը հասկանալի պատճառ են Ադրբեջանի նկատմամբ անվստահության եւ նույնիսկ ատելության համար: Սակայն այդ բոլոր նախադրյալների մեջ առկա է ցանկություն, որն ամեն ինչից ուժեղ է. “իմ երեխաներին թույլ չտաք վերապրել այդպիսի տանջանքներ”: Այստեղ կարող է լինել միայն մեկ ճանապարհ, որը թույլ կտա բացահայտել ճշմարտությունը թե հարկադրաբար տեղահանվածների, թե փախստականների համար` խաղաղություն: 

Գերմանիան` մի երկիր, որը ես ամենալավն եմ ճանաչում, վերջին հարյուր տարվա ընթացքում սանձազերծել էր բազմաթիվ պատերազմներ, որոնց մեծամասնությունը` հարեւան Ֆրանսիայի հետ: Փախստակաների եւ ներքին տեղահանվածների տառապանքները համադրելի եւ նույնիսկ ավելի մեծ էին, քան ղարաբաղյան հակամարտության գոտում: Դպրոցներում երեխաներին սովորեցնում էին, որ նրանց հարեւանները չար են եւ պետք է մահանան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունից հետո մենք հասկացանք, որ պետք է վերջ տալ անվերջ պարտություններին եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վստահություն կառուցելու ուղղությամբ` ինչպես դա արվեց Սոչիում: 

Եվրոպական Համայնքների (ավելի ուշ` ԵՄ) առեւտրային համաձայնագրերից միայն 20 տարի անց եւ «հարաբերական խաղաղության» երկու սերունդ հետո` 1991թ. մարտի 15-ին ձեւակերպվեց պաշտոնական խաղաղության պայմանագիրը: Ի դեպ, Օդեր եւ Նեյսե գետերի արեւելյան ափերի գերմանացի փախստականերն ընդունեցին (ոմանք` ցավագին) այն հանգամանքը, որ չեն կարող վերադառնալ, սակայն հանուն խաղաղության եւ բարեկեցության նրանք պետք է ապագա կառուցեն իրենց եւ իրենց երեխաների համար: 

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա «տնային աշխատանքը» պետք է կատարեն բոլորը: Իհարկե, հնարավոր է, որ Բաքուն անտեսի Սոչիի պայմանավորվածությունները, ինչպես դա եղավ 2008թ. Մոսկովյան հռչակագրի դեպքում: Այդ գործողությունները խարխլեցին Բաքվի նկատմամբ վստահությունը եւ պատերազմի ամենօրյա ուղղակի սպառնալիքների համադրությամբ Ադրբեջանը վերածեցին «պատերազմի սոված» թվացող երկրի: Սակայն հիմնական խնդիրն այն է, որ Բաքուն անցյալում իրեն զրկել է քաղաքական տարբերակներից իր բնակչության, հատկապես ներքին տեղահանվածների ծայրահեղականացման ճանապարհով: Այդպիսի ծայրահեղականացված բնակչությունը կպահանջի միայն մեկ բան` լիակատար հաղթանակ, ինչին հասնելն անհնարին է: Սակայն իրական քաղաքական գործիչը պետք է կարողանա ընտրություն կատարել մի քանի տարբերակների միջեւ, հակառակ դեպքում նա կդառնա զուտ վարչարար, որը ոչինչ չի որոշում: Հենց այդ պատճառով նախագահ Ալիեւը պետք է տեսնի եւ այդ հաջողությունը «վաճառի» իր բնակչությանը, ինչը ազդանշան կհանդիսանա. դա հպարտ քայլ է խաղաղության եւ նրանց տառապանքների ավարտի ճանապարհին: Եթե նա չի կորցրել կապը իրականության հետ, եթե նա չի ցանկանում երեւալ ինչպես Մուամար Քադաֆին, ապա պետք է սկսի այն անկյունից դուրս գալու փորձեր ձեռնարկել, որի մեջ ինքն է իրեն մղել` իր հայրենիքում խաղարկելով հաջող բանակցությունների պատմությունը եւ այդպիսով վերադարձնելով տարածաշրջանային ու միջազգային վստահությունը: Դա ենթադրում է հասարակությանն իրազեկել այն մասին, որ Մադրիդյան սկզբունքների իրականացումն ընդհանուր առմամբ` որպես համապարփակ խաղաղ ծրագիր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության բոլոր տարրերը, միակ միջոցն է, որը կանխատեսելիորեն կհանգեցնի հարկադրաբար տեղահանվածների վերադարձին: 

Հայաստանն արդեն ընդունել է Մադրիդյան սկզբունքները եւ պետք է կրկին տեղեկացնի այդ մասին, քանի որ դա կնշանակի, որ «խաղաղությունը մոտ է եւ պատերազմի անհրաժեշտություն չկա»: Սակայն հիմա անհրաժեշտ է գտնել դիվանագիտական հաջողության դժվարին հաշվեկշիռը, ինչպիսին է Սոչիի հայտարարությունը` դեմառդեմ կանգնելով հարեւանի առջեւ, որը դեռ պետք է ապացուցի իր հուսալիությունը: Բոլորին հայտնի է, որ Հայաստանը պատրաստ կլինի դիմակայել Ադրբեջանի հարձակումներին, սակայն Երեւանը ոչինչ չի ստանա, եթե արձագանքի պատերազմի յուրաքանչյուր սպառնալիքի: Փոխարենը Երեւանը պետք է շարունակի ցույց տալ, թե ինչու է ինքը արժանի բարձր բարոյական եւ միջազգային աջակցության Լեռնային Ղարաբաղի հարցում. 1991թ. միջամտությունը միայն արձագանք էր, որն անհրաժեշտ էր մարդկային տառապանքների դադարեցման համար, որոնք պայմանավորված էին ադրբեջանական ջարդերով` այսպես կոչված, «Օղակ» գործողությամբ, ինչպես նաեւ այնպիսի իրադարձությունների կանխման համար, որոնց ականատեսը մենք դարձանք Նախիջեւանում: Հայաստանը ագրեսիվ տրամադրված չէ, նա պատրաստ է խաղաղության եւ հակասող ոչինչ չի անում: Չկա Ղարաբաղի շրջանների «հայաֆիկացման» տեսանելի ծրագիր, եւ Հայաստանը հուսալիորեն կատարում իր միջազգային պարտավորությունները: Հայաստանը նաեւ հայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդներից: Դա վստահության ամրապնդման եւ խաղաղության իրական ճանապարհ առաջարկելու եղանակ է: 

Անհրաժեշտ է արժանին մատուցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը մի քանի տարվա ընթացքում «կրիայի առաջընթացից» անցել է «կոնկրետ քայլերի» մոտեցմանը, ինչը հիմնականում տեղի է ունեցել ՌԴ կառավարության նախաձեռնությունների շնորհիվ: Միջազգային բոլոր դերակատարներից Ռուսաստանն ամենաշատը կտուժի հնարավոր ցանկացած սրացումից` թե քաղաքականորեն, թե տնտեսապես: Ռուսաստանը կպաշտպանի իր նպատակները, եթե առաջվա պես շարունակի ընթանալ նույն ճանապարհով եւ արժեքավոր միավորներ հավաքի միջազգային ասպարեզում, որտեղ Մոսկվային զգուշորեն հետեւում են 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Եթե Ֆրանսիան ցանկանում է ընդգծել, որ իրավամբ «միայնակ» ներկայացնում է Եվրոպան Մինսկի խմբի համանախագահող երկրների թվում, ապա նա պետք է ջանքեր գործադրի Սոչիի հայտարարությունը կյանքի կոչելու ուղղությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը դե-ֆակտո մանդատ են տվել ԵԱՀԿ-ին շփման գծում ավելի լայն դիտարկում անցկացնելու համար, եւ Ֆրանսիան պետք է դա իրականացնի դիտորդների թվի զգալի ավելացման եղանակով, ընդ որում, այս դեպքում այնքան էր կարեւոր չէ, թե Մինսկի խմբի անդամ որ երկիրն են նրանք ներկայացնելու: 

Իսկ փախստականները եւ ներքին տեղահանվածները... Նրանք պետք է դառնան վստահության կառուցման միջոցառումների հաջորդ փուլի մի մասը: Նրանք ծայրահեղականացումից շահույթ չունեն, միակ ճանապարհը հավատարմությունն է խաղաղության կառուցմանը հանուն իրենց երեխաների: Իրական խաղաղության հասնելու համար դեռ պետք է երկար ճանապարհ անցնել: Սակայն եթե դա կարող է տեղի ունենալ ամենուր, եւ եթե բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց երկիրը, իրենց ուժերն ուղղեն խաղաղ լուծումներին, ապա դա կարող է տեղի ունենալ նաեւ Ղարաբաղում: 

Մայքլ Քամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Էրդողանի հիստերիան

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Մեր ընտրանին