Անգամ եթե Փաշինյանը թուղթ ստորագրի, դա ժամանակավոր շեղում կլինի պատմության բնականոն ընթացքից - Mediamax.am

Անգամ եթե Փաշինյանը թուղթ ստորագրի, դա ժամանակավոր շեղում կլինի  պատմության բնականոն ընթացքից
4089 դիտում

Անգամ եթե Փաշինյանը թուղթ ստորագրի, դա ժամանակավոր շեղում կլինի պատմության բնականոն ընթացքից


Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաեւ, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաեւ կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամաբանությամբ»։

Այս բոլորը բացատրվում եւ արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում եւ աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։

Նախ արձանագրենք, որ Հայաստանում եւ Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ եւ անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։

Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։

Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի եւ այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ եւ պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող եւ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում եւ մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը եւ կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության։

Միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջեւ։

Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է եւ դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից։

Կարդացեք նաեւ.

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի

Արցախի ինքնորոշման գործընթացը անշրջելի է

Համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին