Ալեն Սիմոնյանը թքում է, իսկ Արեւմուտքի համար «անձրեւ է գալիս» - Mediamax.am

Ալեն Սիմոնյանը թքում է, իսկ Արեւմուտքի համար «անձրեւ է գալիս»
12078 դիտում

Ալեն Սիմոնյանը թքում է, իսկ Արեւմուտքի համար «անձրեւ է գալիս»


Վերջերս հրավիրված էի ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ off-the-record հանդիպման՝ մի քանի այլ լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Դեսպանը, որը շատ համակրելի տիկին էր, ցանկանում էր մեր կարծիքն իմանալ Հայաստանում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված: Գրեթե բոլորս որոշակի մտահոգություններ հնչեցրեցինք, որոնք, հուսով եմ, դեսպանը ի նկատի կառնի:

Մի հարց էի ցանկանում ուղղել տիկին Քվինին, բայց չկարողացա՝ ժամանակի սղության պատճառով: Ուզում էի հարցնել.

«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի նախկին ղեկավարների ժամանակ մարդու իրավունքների կամ խոսքի ազատության մեծ կամ փոքր խախտմանը հետեւում էին ԱՄՆ դեսպանության (ինչպես նաեւ Եվրամիության պատվիրակության) դատապարտող հայտարարությունները, իսկ վերջին տարիներին մենք նման հայտարարություններ չենք լսում: Չենք լսում անգամ այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում գործող վարչապետը նախընտրական հավաքներին ներկայանում էր մուրճով եւ ատելության խոսքի ակնհայտ դրսեւորումներով»:

Մի քանի օր առաջ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կենտրոնում թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու դեմքին, որը պաշտպանվելու հնարավորություն չի ունեցել, քանի որ իր ձեռքերը պինդ բռնել էին Սիմոնյանի թիկնապահները: Սիմոնյանը հպարտորեն հաստատել է տեղի ունեցածը:

Ո՛չ ԱՄՆ դեսպանությունը, ո՛չ Եվրամիության հանձնաժողովը որեւէ ձեւով չեն արձագանքել խորհրդարանական ժողովրդավարություն համարվող Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այս այլանդակ արարքին: Թերեւս, այստեղ տեղին է մեջբերել հատված Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունից.

«Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որեւէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Կարող է զարմանալի թվալ, եթե, օրինակի համար, հիշեցնեմ, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արեւելյան Եվրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար եւ Քլինտոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար»:

ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ասացի, որ ինձ շատ է մտահոգում մեր քաղաքական կյանքում, հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում առկա բեւեռացումը: Դեսպանը համաձայնեց, որ բեւեռացումը, իսկապես, խնդիր է: Բայց անգամ այսպիսի զարհուրելի դեպքերում լռություն պահպանելով՝ ԱՄՆ դեսպանությունը միայն նպաստում է այդ բեւեռացման խորացմանը, որի վերջին կանգառը լինելու մի իրավիճակ, երբ Հայաստանում բոլորն ատելու են բոլորին: Վստահ եմ, որ տիկին Քվինը չի կարող սա չգիտակցել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին