23 տարիները, BBC Monitoring-ը եւ Հայաստան-Ուէլս ֆուտբոլային խաղը - Mediamax.am

23 տարիները, BBC Monitoring-ը եւ Հայաստան-Ուէլս ֆուտբոլային խաղը
11995 դիտում

23 տարիները, BBC Monitoring-ը եւ Հայաստան-Ուէլս ֆուտբոլային խաղը


Ցանկացած բաժանորդի կորուստը (անկախ այն բանի, թե որքան է վճարում) միշտ ցավալի է: Ու թեեւ գրեթե միշտ բաժանորդագրությունից հրաժարվելու պատճառը պայմանավորված է ոչ թե մեր ծառայությունների որակով, այլ բաժանորդի տարբեր խնդիրներով, միեւնույն է, ինչ-որ «դառնահամ» միշտ մնում է: Բայց երբ այս շաբաթ ստացա BBC Monitoring ծառայության աշխատակից Սառա Պոյսոների նամակը, որում տեղեկացնում էր, որ բյուջետային եւ խմբագրական քաղաքականության փոփոխությունների հետեւանքով ստիպված են հրաժարվել Մեդիամաքսի բաժանորդագրությունից, ոչ մի դառնահամ էլ չունեցա: Ավելին, հպարտացա, որ 23 (!!!) տարի հանդիսացել ենք աշխարհի ամենակարեւոր տեղեկատվական ծառայություններից մեկի մատակարարը:

Երբ Մեդիամաքսը հիմնեցինք 1999 թվականին, այն «դասական» լրատվական գործակալություն էր: Մենք պատրաստում էինք լուրեր ու վերլուծություններ եւ վաճառում էինք դրանք տեղական թերթերին եւ հեռուստաընկերություններին, օտարերկրյա դեսպանություններին եւ միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան մեդիաներին:

2000 թվականին իմ ընկեր Արման Ջիլավյանը, ում հետ միասին աշխատել էինք «Սնարք» լրատվական գործակալությունում, ինձ տվեց Բաքվում տեղակայված BBC Monitoring-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աննե Թոմփսոնի էլ. հասցեն: Նամակում պատմեցի, որ նորաբաց լրատվական գործակալություն ենք եւ ցանկանում ենք մեր արտադրանքը ներկայացնել իրենց: Մի քանի ամիս անց արդեն Աննեն մեզ հետ բաժանորդագրության պայմանագիր կնքեց:

BBC Monitoring-ը ստեղծվել էր նախքան ինտերնետի դարաշրջանը եւ լրատվություն էր ձեռք բերում ամբողջ աշխարհից՝ դրա հիման վրա տարբեր նյութեր պատրաստելով, որոնք օգտագործում էր ոչ միայն բուն BBC-ն, այլեւ բրիտանական եւ արտասահմանյան տարբեր պետական եւ մասնավոր կառույցներ: Ուստի մեզ համար BBC Monitoring-ի մատակարար լինելը կարեւոր էր ոչ միայն գումար վաստակելու համար, այլեւ Հայաստանից որակյալ եւ օպերատիվ տեղեկատվություն ապահովելու տեսակետից:

Բնականաբար, BBC Monitoring-ը նաեւ այլ հայկական լրատվական գործակալությունների բաժանորդն էր, սակայն առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ 2000 թվականների սկզբին գրեթե բոլոր կարեւոր իրադարձությունների մասին լուրերը նրանք վերցնում էին հենց Մեդիամաքսից:

2000 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց վարչապետ Արամ Սարգսյանին եւ նոր կառավարություն ձեւավորեց՝ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Նոր կառավարության կազմը արտաքին աշխարհին առաջինը հենց մենք հաղորդեցինք, BBC Monitoring-ն էլ իր լրահոսում ներառեց Մեդիամաքսի լուրը: «Չար լեզուները» պնդում էին, թե իբր կառավարության նոր կազմը «ներքին կարգով» մեզ ավելի շուտ էին տրամադրել ու հենց դա էր մեր օպերատիվության պատճառը: Իրականությունը, սակայն, այլ էր. ընդամենը նախապես կազմել էինք լուրի «կմախքը», որի մեջ ներառել էինք բոլոր նախարարությունների անունները եւ երբ հրամանագիրը հրապարակվեց, մնում էր միայն լրացնել նախարարների անունները եւ թողարկել լուրը:

BBC Monitoring-ը մեր բաժանորդն էր 23 տարի, ինչը բացառիկ ցուցանիշ է: Երբ այդ մասին գրեցի Սարա Պոյսոներին, նա ասաց, որ BBC Monitoring-ում աշխատում է «ընդամենը» 14 տարի:

Ի դեպ, 2000-ականների սկզբին Մեդիամաքսը միակ հայկական լրատվական գործակալությունն էր, որը պաշտոնապես լուրեր էր մատակարարում թուրքական պետական Anadolu գործակալությանը: Կապ հաստատեցինք նրանց Թբիլիսիի գրասենյակի հետ, առաջարկեցինք մեր ծառայությունները եւ այդպես հիմք դրվեց համագործակցության, որը տեւեց մի քանի տարի: Այս պարագայում կրկնակի կարեւոր էր «առաջին ձեռքից» արժանահավատ տեղեկատվոթյուն տրամադրելու հնարավորությունը:

Չնայած Աննե Թոմփսոնը վաղուց չի աշխատում BBC Monitoring-ում, մենք լավ բարեկամներ ենք մնում: Աննեն Ուէլսից է եւ երբ 2000-ականներին Երեւանում հանդիպում էին Հայաստանի եւ Ուէլսի ֆուտբոլի հավաքականները, միասին մարզադաշտ գնացիք: Աննեն մեծ եռանդով երկրպագում էր հարազատ թիմին, իսկ ես փորձում էի չնկատելու տալ մեր հայրենակիցների զարմացած հայացքները: Լավ ժամանակներ էին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին