Գերագույն գլխավոր անզորը - Mediamax.am

Գերագույն գլխավոր անզորը
5724 դիտում

Գերագույն գլխավոր անզորը


Երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտնեց, որ վերջին մարտերի ընթացքում հայկական կողմը 49 զոհ է տվել եւ ասաց, որ թիվը, ցավոք, վերջնական չէ, թվում էր, թե երկրի ղեկավարը պետք է փորձի ոգեւորել մարդկանց եւ ներկայացնել, թե ինչպես է պատկերացնում պայքարի շարունակությունը երկրի «ինքնիշխանության եւ ազատության համար» (իր բառերն են):

Ի վերջո, այդ նույն մարդը, որն այսօր բողոքում էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն «բոլորը» հարցնում էին պատերազմը կանգնեցնելու, այլ ոչ թե դրանում հաղթելու մասին (դարձյալ իր բառերն են), պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020թ. օգոստոսի 28-ին, Տավուշի մարտերի մասնակիցներին պարգեւատրում էր 71 «Մարտական խաչով» եւ ասում.

«Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն»:

Արդեն պատերազմից հետո՝ 2021թ.-ին, Հանրապետության տոնի առթիվ ուղերձում նա ասել էր.

«Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք եւ կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում եւ թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին»:

Այսօր Փաշինյանը մոտ երկու ժամ խոսեց խնդրի «ընդհանուր համատեքստի», գործընթացի «նրբությունների» եւ «սառնասրտությունը» պահպանելու կարեւորության մասին՝ ոչ մի նոր բան չասելով: Այն, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը «փակված» է համարում, մենք գիտեինք: Այն, որ «խաղաղության օրակարգը» Ալիեւի մոտ միայն քմծիծաղ է առաջացնում, եւս գիտեինք: Չգիտեինք եւ չգիտենք, թե ինչպես է Փաշինյանը մտադիր կանգնեցնել «սողացող պատերազմը»:

Փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի ղեկավարը մոտ երկու ժամ խոսեց եւ ասաց միայն այն, որ շարունակելու է հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»: Այսինքն՝ մի բանին, որը նոր զոհեր եւ նոր տարածքային կորուստներ է բերում:

Պատկերն ամբողջացնում էին Փաշինյանին հարց տվողները՝ Սերգեյ Բագրատյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան, Հայկ Սարգսյան: Առաջին երեքը, որ նախկինում այլ կուսակցությունների անդամներ էին եւ պատկառելի տարիքում հանգրվանել են «Քաղաքացիական պայմանագրում», նույնքան կեղծ են, որքան
«խաղաղության օրակարգի» հայեցակարգը:

Փաշինյանի հավատարիմ զինակից Հայկ Սարգսյանն էլ, որը վերջին 4 տարիների ընթացքում ամենատարբեր սկանդալների մեջ էր հայտնվել, հիշեցրեց վերջին պատերազմին վարչապետի որդու մասնակցության մասին: Զարմանալի է, թե ինչու մոռացավ հիշատակել «Էրատո» ջոկատի փառահեղ մարտական ուղին:

Պատրանքներով չեմ ապրում եւ չէի ակնկալում, որ Ազգային Ժողովում Փաշինյանը պետք է նմանվեր Չերչիլին կամ դը Գոլին, որոնք Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում իրենց ելույթներով ուժ էին տալիս մարդկանց այն պահերին, երբ թվում էր, որ ամեն ինչ կորած է: Բայց եւ չէի սպասում, որ սեփական անզորությունը եւ իրական օրակարգի բացակայությունը փորձելու է քողարկել «նրբություններով», որոնք իրականում իր կործանված լինելու ապացույցներն են:

«Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետեւ ուներ Արամ Մանուկյանի պես նվիրյալ առաջնորդ, ով պատրաստ էր ոչ թե զոհել եւ վայելել իշխանության բարիքները, այլ կրել զրկանքներ եւ զոհվել հանուն սեփական ժողովրդի, ով պատրաստ էր հանուն իր ժողովրդի կռիվ տալ մինչեւ կյանքի վերջին վայրկյանները»:

Այս խոսքերը Փաշինյանն ասել էր 2018 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում՝ իշխանության գալուց հետո մի քանի շաբաթ անց:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին