«Դոգի» քաղաքական պոռնոյի սիրահարները - Mediamax.am

«Դոգի» քաղաքական պոռնոյի սիրահարները
13433 դիտում

«Դոգի» քաղաքական պոռնոյի սիրահարները


Այսօր առավոտյան մարզասրահում հեծանիվ վարելիս սովորականի պես մտա Youtube, որպեսզի դիտեմ երեկվանից կիսատ մնացած մի հարցազրույց: Եվ նկատեցի, որ «Դոգ» մականունով հայտնի ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի վերջին «եթերը», որի պրեմիերան կայացել էր 7 ժամ առաջ, արդեն 45 հազար դիտում ունի:

Մի քանի օր առաջ էլ նստած էի ընկերներիս հետ, որոնցից մեկն ասաց, որ «էն օրը Դոգն ասում էր, որ…»: Անկեղծ ասած, բռնկվեցի ու ասացի, որ չեմ հասկանում, թե ինչպես կարող է կրթված, լավ աշխատանք ու ընտանիք ունեցող մարդն այդպիսի «կոնտենտ» սպառել:

Բայց իրականությունն այն է, որ «Դոգին» դիտում են շատ-շատերը: Դեռ մեկ-մեկուկես տարի առաջ հայտնի մի մարդ տարակուսած պատմում էր ինձ, որ մի օր երեկոյան մտնում է տուն եւ տեսնում է, որ կինը եւ զոքանչը կլանված լսում են «Դոգին», որն իր «վերլուծությունները» առատորեն «համեմում» է հայհոյանքներով: Այս դեպքում էլ ունկնդիրները կիրթ, կայացած, ապահովված մարդիկ էին:

Մի արտահայտություն կա՝ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Կարծում եմ, որ կարելի է վերաշարադրել եւ ասել, որ «մենք այն կոնտենտն ենք, որը սպառում ենք»:

Չեմ ընդունում նման պատճառաբանությունները կամ արդարացումները. «Լսում ենք, որովհետեւ համով ա խոսում, համ էլ բոլորի պորտը տեղն ա դնում»: Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում լսել մի մարդու, ով անդադար հայհոյանքներ է տալիս՝ քաջ գիտակցելով, որ իրեն նաեւ կանայք եւ անչափահասներ են լսում: Ընդ որում՝ դա անում է Հայաստանից հեռու գտնվելով եւ որեւէ պատասխանատվություն չկրելով իր ասածների համար: Խոսքը թե իրավական, թե բարոյական եւ թե տղայական պատասխնատվության մասին է:

Ամերիկացի գրող, փիլիսոփա եւ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման հինգ տարի առաջ ասել էր, որ «Հայաստանի ամենամեծ խնդիրներից են պետական ինստիտուտները եւ պետության որակը»: Ես կավելացնեի՝ եւ հասարակության որակը: Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել լսել «Դոգին», եթե դուք դա չեք ցանկանում: Ամեն օր նայելով նրա քաղաքական պոռնոն՝ բթացնում եք ձեր ուղեղը եւ նսեմացնում եք բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք փորձում են ձեզ նորմալ բովանդակություն մատուցել:

Հաճախ ենք այսպիսի հարցեր հնչեցնում՝ «ինչո՞ւ նոր Հրանտ Մաթեւոսյաններ կամ Արտավազդ Փելեշյաններ չենք ունենում»: Որովհետեւ չեն կարող դրանք ի հայտ գալ մի հասարակությունում, որի սիրած զբաղմունքներից մեկը «Դոգին» լսելն է:

Ամոթ է: Իշխանություններին եւ ընդդիմությանը բարոյականության խրատներ տալուց առաջ սկսեք ձեզանից: Փորձեք ձեզ նայել կողքից ու հասկանալ՝ ինչո՞վ եք տարբերվում շարքային թմրամոլից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին