Շառլ Միշելին «փուռն է տալիս», մեզ էլ ապուշի տեղ է դնում - Mediamax.am

Շառլ Միշելին «փուռն է տալիս», մեզ էլ ապուշի տեղ է դնում
83510 դիտում

Շառլ Միշելին «փուռն է տալիս», մեզ էլ ապուշի տեղ է դնում


«Տաք հետքերով» հոդված գրել չեմ սիրում՝ թեման պետք է «եփվի»՝ հնարավորինս գոլորշիացնելով հույզերը: Բայց այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում այնպիսի բաներ է խոսել, որ չեմ կարող ինձ զսպել:

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներով Շառլ Միշելը հանդես եկավ ծավալուն հայտարարությամբ:

Մայիսի 25-ին՝ Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելու հարցում:

Նա ասաց, որ Բրյուսելում տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները.

«Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը համարում է լուծված է, Հայաստանը համարում է, որ այն լուծված չէ: Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները եւ օրակարգը ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ համաձայնություն չի եղել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է հայտարարություն անել, որը հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ համոզել, որ Եվրամիության ղեկավարներից մեկը փորձել է «փազլ» հավաքել Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներից՝ ամեն մեկից «մի քիչ» վերցնելով: Վերջին 4 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների յուրատեսակ ընկալում ունի, բայց այս անգամ նա գերազանցել է ինքն իրեն:

Մի քանի մեջբերում անեմ Շառլ Միշելի հայտարարությունից.

«Նրանք համաձայնության եկան (ընդգծումն իմն է-Ա.Թ.)տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար»:

 «Նրանք համաձայնության եկան (ընդգծումն իմն է-Ա.Թ.) սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում»:

«Ղեկավարները պայմանավորվեցին (ընդգծումն իմն է-Ա.Թ.) առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները»։

Առնվազն երեք կետում Եվրոպական խորհրդի նախագահ հստակ եւ միանշանակ խոսում է ձեռքբերված համաձայնությունների եւ պայմանավորվածությունների մասին եւ որեւէ կետում չի ակնարկում անհամաձայնությունների մասին:

Մեծ ճիգ գործադրեմ ու փորձեմ հավատալ Փաշինյանի խոսքերին: Բայց ի՞նչ է նշանակում «Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»:

Ցանկացած մարդ, ով տարրական պատկերացում ունի դիվանագիտության մասին, կարող է փաստել, որ նման հայտարարությունները հրապարակվելուց առաջ համաձայնեցվում են կողմերի հետ: Այլ տարբերակ լինել չի կարող: Այլընտրանքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փաշինյանն ու իր թիմի անդամները չեն ցանկացել նախապես ծանոթանալ Միշելի հայտարարության տեքստին: Եթե Հայաստանի եւ Արցախի ապագայի համար ուղենիշային կարեւորություն ունեցող փաստաթղթերից մեկի մասին պետության ղեկավարն ասում է «ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է», ցավոք, դա էլ բացառել չենք կարող:

Այս հոդվածն այն մասին չէ, թե արդյո՞ք «լավն» է կամ «վատն» է Շառլ Միշելի հայտարարությունը: Այն մասին է, որ պետությունը կառավարվում է ինքնուս վարչապետի կողմից, որին թվում է, թե կարող է Շառլ Միշելին «փուռը տալ»՝ սեփական դեմքը փրկելու համար, մեզ էլ՝ ապուշի տեղ դնել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Խարազ»-ի հիշատակին
Մեր ընտրանին