Հայաստանի ճակատագրական ընտրությունը - Mediamax.am

Հայաստանի ճակատագրական ընտրությունը
3421 դիտում

Հայաստանի ճակատագրական ընտրությունը


Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար  նոր թափ հավաքող եւ նոր ձեւեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, եւ նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի եւ ձեւաչափի հարց է ։

Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, եւ երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորություն։

Այս երկու բեւեռների միջեւ Փաշինյանը  փորձելու է դեռ  մանեւրել, եւ  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երեւում է, եւ կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում։

Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու եւ գնալու միջեւ է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։

Ու, թեեւ հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, եւ որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, եւ ի վերջո կառուցենք հարատեւող եւ կենսունակ  պետականություն։

Այս իմաստով պետք է լինել անկեղծ  եւ  ընդունել,  որ Փաշինյանը  թեեւ մեր դժբախտությունների խորհրդանիշն է եւ կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը  կամ պատճառները  պետք է  փնտրել  հայության առնվազն  600 տարի  տեւած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը,  մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական եւ վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել  հարմարվողականությունն  ավանդական  ստեղծարար ոգու կողքին, լայն  տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։

Մեր ազգային վերազարթոնքը, թե՛ 19-րդ դարի, եւ թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է  եղել  կրթված, ստեղծագործ եւ պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը եւ հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, եւ 101 տարի անց էլ տառացիորեն  նույն ուրվագծերով կրկնվող  սցենարով․ գիշատիչ եւ հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ եւ մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արեւմուտք եւ այս ավանդական մուրճի,  զնդանի եւ մեխի միջեւ մնացած, թույլ եւ շփոթահար Հայաստան, որը  ստիպված է ընտրել նորից վատի եւ վատագույնի միջեւ։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման եւ պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեեւ արտաքնապես նման է, բայց ունի նաեւ էական տարբերություններ։

Չթվելով բոլոր դրանք՝  ընդամենն ընդգծենք,  որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, եւ հայությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ եւ կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը եւ ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը եւ Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարեւորության զգալի մասը  եւ սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք  վերականգնենք  այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան եւ ավել տարիների  ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն,  ընդ որում, երեքն էլ միասին։

Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարեւան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։

Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարեւան յուրաքանչյուր երկրի դեպքում։

Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը եւ անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան  տարածաշրջանում լավագույնը եւ առնվազն իրենց որակով չզիջեն  մեր հարեւաններից ոչ մեկին։

Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարեւանների հետ եւ  հետեւողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։

Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, եւ այս պահին այնտեղ տանող ճանապարհը  պատված է  մշուշով եւ անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, եւ այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջեւ է եւ Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի եւ պայքարի սեփական հարատեւությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, եւ ոչ միայն հեռացնի պարտվողական եւ թուլամորթ իշխանությանը, այլեւ անձնական եւ կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով եւ պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ եւ հարատեւող հայկական միասնական պետությունը։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին