Ինչպես Ռուբեն Մաթեւոսյանի օգնությամբ հաղթեցինք Անկարայում - Mediamax.am

Ինչպես Ռուբեն Մաթեւոսյանի օգնությամբ հաղթեցինք Անկարայում
3791 դիտում

Ինչպես Ռուբեն Մաթեւոսյանի օգնությամբ հաղթեցինք Անկարայում


Մամուլում օրերս կարդացի, որ ժողովրդական երգի մեծ վարպետ Ռուբեն Մաթեւոսյանը դեկտեմբերին բոլորել է իր 80 տարին, իսկ հոբելյանը նշվելու է հունվարին: Սա առիթ էր, որ հիշեմ, թե ինչպես դեռ երեխա՝ նրա երգով զմայլվեցի ու թե ինչպես դա օգնեց ինձ մի անգամ Թուրքիայում... Պատմեմ հերթով:

Ռուբենի գալը

80-ականների կեսերն էր, 11-12 տարեկան կլինեի: Հայաստանի տարբեր անկյուններից Դսեղում հավաքված հասակակից զարմիկ-զարմուհիներիս հետ վայելում էինք ամառային արձակուրդը: Մեր արդեն անկառավարելի դարձող «բանդայի» էներգիան պարպելու համար հայրս խոստացավ մեզ մեկշաբաթյա գիշերակացով տանել Ծովեր ու Մարցա գետ (գետն իր անունը մոտակա Մարց գյուղից է ստացել), բայց պայմանով՝ «Ռուբենը գա-գնա՝ հետո»: Ռուբենը Ռուբեն Մաթեւոսյանն էր: Նա Օֆելյա Համբարձումյանի եւ այլ կատարողների հետ համերգով հանդես էր գալու մշակույթի տանը (հայրս այդ ժամանակ մշակույթի տան տնօրենն էր):

Նախ ասեմ, որ հայրս ժողովրդական երգի մեծ սիրահար է ու երիտասարդ տարիներին շատ գեղեցիկ երգում էր: Նա հաճախ դժգոհում էր, թե ժամանակակից ամեն «աղմուկ-աղաղակ» ոճի, մակերեսային տեքստերով երգեր լսում ենք, իսկ ժողովրդականին ուշադրություն չենք դարձնում: Ռուբեն Մաթեւոսյանն ու Օֆելյա Համբարձումյանը հորս համար ժողովրդական երգի անգերազանցելի կատարողներն էին, եւ քողարկված, թե անթաքույց՝ նա աշխատում էր մեզ «թեքել» նրանց արվեստի ուղղությամբ, որ անհաղորդ չմնանք ժողովրդական երգին:

Պարզվեց՝ ոչ միայն պիտի սպասենք Ռուբենի գալ-գնալուն, այլեւ ներկա լինենք համերգին: Օրը եկավ: Երկրորդ շարքում նստած՝ հիացմունքով ուսումնասիրում էի Օֆելյա Համբարձումյանի շողշողացող բեմական զգեստը ու մտածում՝ տեսնես երգչուհին ինչպե՞ս է այն լվանում, չէ՞ որ փայլերը կթափվեն: Այդ մասին շշուկով հարցրի մորս: Նա ձեռքը շրթունքներին տարավ՝ հասկացնելով, որ լռեմ:

Օֆելյա Համբարձումյանը երգեց գուսան Աշոտի «Ով սուրբ մայրեր»-ը: Զարմացած նկատեցի, որ դահլիճում շատերի աչքերը թացացել էին: Հորս աչքերն էլ չոր չէին: Դրանից շատ ազդվեցի.  անչափ կենսուրախ բնավորությամբ հորս մինչ այդ երբեւէ խոնավ աչքերով չէի տեսել: Հիշեցի, որ հայրս շատ վաղ՝ դպրոցական տարիքում է կորցրել մորը եւ ենթադրեցի, որ կորստի ցավը երգի ազդեցությամբ արթնացել է: Դրանից կոկորդս սեղմվեց, ու լացս կանխելու համար բնազդաբար հպվեցի ոչ պակաս հուզված մորս: Օֆելյա Համբարձումյանը կատարեց նաեւ աշխույժ երգեր, ու դահլիճը ժպիտներով ողողված՝ նորից շողաց: Ապշել էի, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ երգչուհու ձայնին գերի՝ տխրում եւ ուրախանում նրա երգերի հետ:

Օֆելյա Համբարձումյանից հետո բեմ ելած երգչուհին ռիթմի ներքո տարուբերվելով՝ սպասում էր մինչեւ նվագախումբն ավարտի գուսան Շահենի «Անծանոթ սեր» երգի նախերգանքը, երբ բացվեց դահլիճի առաջին՝ բեմին մոտ գտնվող դուռը եւ ներս մտավ գյուղի ջրային համակարգի պատասխանատուն՝ բարձրահասակ ու հաղթանդամ Ջրի Ժորիկը (դսեղցիները նրան այդպես էին անվանակոչել գյուղում եղած տասնյակ Ժորիկներից տարբերելու համար): Նա բեմի լույսերից ու դահլիճի մթությունից շփոթված՝ դանդաղ քայլերով մոտենում էր առաջին շարքին, երբ երգչուհին գլուխն ու ձեռքը աջից ձախ նազանքով շարժելով, այդպիսով՝ հայացքը նրա ուղղությամբ դարձնելով, սկսեց կատարել երգի առաջին նախադասությունը՝ «Որտեղի՞ց եկար, իմ անծանոթ սեր...»: Ջրի Ժորիկը լոռեցուն հատուկ պարզամտությամբ դա իրեն ուղղված անհատական հարցում համարեց ու իր դմբդմբան ձայնով պարտաճանաչ պատասխանեց՝ «Ճաշարանից»... Երգի հաջորդ նախադասությունը գրեթե չլսվեց. դահլիճը փռթկաց, բայց արագ իրեն հավաքեց: Տեղից վեր թռած հայրս ճաշարանում ակնհայտորեն քեֆը մի քիչ լավացրած Ջրի Ժորիկին, ով երգչուհուն իր գտնվելու վայրի մասին կարծես թե նաեւ մանրամասներ էր ուզում հայտնել, քանի որ դեմքով դեպի բեմը կանգնած էր մնացել, «Ժորիկ ջան, հետո՛, հետո՛ կպատմես» ասելով բերեց-նստեցրեց իր տեղը... Հայրս ու մայրս սաստող դիմախաղով ահագին ջանք թափեցին, որ մենք քրքջոցին վերջ տանք...

Երբ Ռուբեն Մաթեւոսյանը սկսեց երգել, ուշադրությունս գրավեց, որ նրա կատարմամբ երգի բոլոր խոսքերն ինձ համար պարզ ու հասկանալի են հնչում՝ անկախ ժողովրդական երգերի խրթին բառապաշարից ու մեղեդիների ոլորապտույտ խաղիկներից: Թեքվեցի, որ մորս ասեմ այդ մասին: Երեւի կարծեց՝ էլի պսպղանների կարգի մի բան եմ հարցնելու կամ նորից ծիծաղեմ ու զգաստացնող հայացքով տարուբերեց գլուխը: Ռուբեն Մաթեւոսյանը սկսեց կատարել գուսան Աշոտի «Հայրիկը»: Դահլիճը առաջին իսկ քառատողից սկսած՝ ռիթմին համահունչ ծափերով ուղեկցեց ամբողջ երգը: Հայրս մի պահ դարձավ դեպի ինձ ու խրախուսող ժպիտով աչքով արեց. չէի նկատել, որ ակամա միացել եմ ծափ տվողներին...

Տնական համերգը

Պարզվեց՝ համերգից հետո Ռուբեն Մաթեւոսյանին մի քանի օր հյուրընկալելու ենք մեր տանը: Ծնողներիս ոգեւորությանը չափ չկար, մեր՝ հիասթափությանը: Մտածեցինք՝ Ռուբենը եկավ, բայց չգնաց. գիշերակացով արշավը գրվեց սառույցին...

Մեծ երգչի՝ մեր տանն անցկացրած օրերն այսօր ինձ ֆիլմի պես մի բան են թվում: Ընկերների նեղ շրջանակով ցերեկը Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում անցկացնելուց հետո Ռուբեն Մաթեւոսյանն ու հայրս երեկոները տանը ընկերական նույն կազմով իսկական համերգ էին տալիս: Զուգերգերով «սանրում» էին ժողովրդական երգերի երգացանկը:

Ինձ համար անակնկալ կերպով հենց առաջին երեկոյից կորցրել էի հասակակիցներիս հետ դրսում խաղալու հետաքրքրությունս: Հյուրասենյակի մի անկյունում աննկատ տեղավորված՝ լսում էի նրանց: Ինձ շատ տպավորում էր, թե ինչ մանրակրկիտ ձեւով են հատկապես Սայաթ-Նովա երգելիս բազում անգամներ միասին «սինխրոնացնում» որոշ տողերի բարդ կոկորդային ելեւէջները: Հայրս լիուլի վայելում էր մաթեւոսյանական «գաղտնիքները» յուրացնելու բացառիկ հնարավորությունը: Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես էր Ռուբեն Մաթեւոսյանը «Թամամ աշխարհ պըտուտ էկա» երգի «Էնդու համա քու տեսնողը ասում է՝ վա˜շ-վա˜շ, նազա՛նի» տողի «ասում է»-ից փափուկ  կիսադադարով անցում կատարում « վա˜շ-վա˜շ, նազա՛նի» հատվածին՝ այն խնամքով կոտորակելով ու ամեն մի «վաշը» մի ուրույն երանգով շեշտադրելով: Հետագա տասնամյակներին շատ շնորհալի երգիչ-երգչուհիների կատարմամբ լսել եմ այդ երգը, բայց նրանցից ոչ ոք, իմ ընկալմամբ, այդպես հուզիչ-համոզիչ  «վա˜շ-վա˜շ, նազա՛նի» չի ասել...

Այդ օրերին ինձ համար հայտնություն եղավ «Սարի Աղջիկ» երգը: Հորիցս այն երբեք չէի լսել: Ռուբեն Մաթեւոսյանը մեր տանը թղթի վրա գրեց դրա բառերը (հայրս ամբողջ տեքստը չգիտեր, այդ երգը երեւի իր ֆավորիտներից չէր) ու միասին երգեցին: Այս անգամ մայրս էլ ձայնակցեց նրանց. պարզվեց, նա տեքստը ծայրից ծայր գիտե: Անակնկալի եկած հայրս կատակեց, թե մորս որպես գուսան Աշոտի համերկրացի (մայրս էլ է գորիսեցի) բոնուս են տալիս, որ միանա «դուետին»: Մորս սյունեցի լինելու հանգամանքը զարմացրեց Ռուբեն Մաթեւոսյանին: Հարցրեց, թե ինչպե՞ս են ծնողներս Հայաստանի մի ծայրից մյուսը իրար գտել: Հայրս, ով ի դեմս մորս հետ ընտանիք կազմելուն, իրեն մինչ օրս Հայաստանում առաջին Հյուսիս-Հարավ «ծրագրի» հեղինակն է համարում, սկսեց իրեն հատուկ հումորային ու պատկերավոր-չափազանցված ոճով պատմել ուսանողական տարիներին իրենց ծանոթանալու դիպվածի իր տարբերակը, մայրս էլ՝ իր: Պատմությունն ավարտվեց ծնողներիս ավանդական՝ Սյունիք-Լոռի, Ակսել Բակունց-Հովհաննես Թումանյան մրցակցային «մենամարտով» (նրանց ծանոթությունն էլ էր այդ «մենամարտով» սկսվել): Ռուբեն Մաթեւոսյանը հակված էր Ամենայն Հայոց բանաստեղծի գործոնը հաշվի առնելով՝ Լոռուն լրացուցիչ  միավորներ տալու:

Ներկաներն էլ էին համակարծիք: Երեկոն թեքվեց դեպի թումանյանական պոեզիա, ու Մաթեւոսյանը սկսեց Թումանյան ասմունքել՝ անասելի գեղեցիկ, երգեցիկ:

Թումանյանական ժամն ավարտվեց Սարոյի մեներգով: Տպավորություն էր, թե երգչի ձայնը թնդում է ամբողջ Լոռվա սար ու ձորերում: Ես շունչս պահած՝ լարվել էի. մտածում էի, որ ինչ-որ պահի ձայնը կկտրվի: Այն ուժն ու թափը, որով հորդում էր ձայնը, իմ մանկական պատկերացմամբ՝ չէր կարող ամբողջ երգին հերիքել: Երբ ավարտեց՝ դրսից լսվող ծափահարությունները միախառնվեցին ներսինի հետ: Նա մոտեցավ բաց պատուհաններին ու ողջունեց մեր տան շուրջը հավաքված մարդկանց...

Աշխարհի բազում հեղինակավոր բեմերում շատ տաղանդավոր երգիչներ այս մեներգն ով գիտե, թե քանի անգամ են կատարել: Բայց դրանցից դժվար թե որեւէ մեկը զգացմունքային մակարդակում եւ աուրայով կարողանա համեմատվել Սարո կերտած Թումանյանի ծննդավայրում ամռան աստղազարդ կեսգիշերին Ռուբեն Մաթեւոսյանի՝ «Բարձր սարեր, ա՛յ սարեր, ձեն եմ տալիս, վա՛յ սարեր, դուք էլ ինձ հետ ձեն տվեք, իմ դարդերին թա՛յ սարեր» կանչի հետ, որի արձագանքը պիտի որ մինչ Չաթինդաղ լեռան ծերպեր հասած լիներ...

Այդ օրերին եւս մի քանի անգամ բախտ ունեցա լսելու «Սարի Աղջիկը»: Երգի վերնագիրը չգիտեմ ինչու՝ հենց սկզբից ինձ շատ էր դուր եկել: Հետո էլ երգը սիրեցի: Ռուբեն Մաթեւոսյանի կատարումն այնքան հույզ ուներ իր մեջ, որ մեղեդու բոլոր ելեւէջներն ընդմիշտ դաջվեցին  հիշողությանս մեջ: Շատ տարիներ անց՝ այն պետք եկավ: Բայց մինչեւ պատմեմ, թե ինչ հանգամանքներում՝ ասեմ, որ հայրս արշավի խոստումը թեեւ ուշացումով, բայց կատարեց: Ես էլ, կարելի է ասել՝ ինքնըստինքյան ու սիրով, կատարեցի հորս տված խոստումս՝ հետաքրքրվել ժողովրդական երգարվեստով: Թե դա որքան կարեւոր էր նրա համար, հասկացա տարիներ անց, երբ երբեմն երեկոները միասին դաշնամուրի նվագակցությամբ մաթեւոսյանական երգացանկից երգեր էինք կատարում. նա իր նպատակին հասածի գոհունակությամբ ուղղակի ճառագում էր: Չգիտեմ՝ առանց Ռուբեն Մաթեւոսյանի ազդեցության խոստմանս կամավոր տեր կլինեի՞...

Մի անգամ Անկարայում

2000-ականների սկիզբն էր: Անկարայում տարածաշրջանային երկրների լրագրողների հանդիպում էր: Բավականին բուռն ու հակասական, բայց բարեկրթության եւ երկխոսության կանոնները որեւէ կերպ չխախտող քննարկումների մի քանի օրերից հետո հյուրընկալները հրաժեշտի խնջույք էին կազմակերպել քաղաքում հայտնի բացօթյա ռեստորաններից մեկում: Պարզվեց՝ այն նաեւ արտերկրացիների գերադասած ժամանցի վայր է: Սեղանի շուրջ բարիդրացիական մթնոլորտ էր. պայմանավորվել էինք բոլոր տարաձայնությունները թողնել քննարկման սրահում: Աշխույժ զրույց էր ծավալվել՝ կատակներ էին հնչում, լրագրողական առօրյայից պատմություններ պատմվում:

Նվագախմբի երգիչը մի պահ ուշադրություն խնդրեց: Ասաց, թե պատրաստվում էր կատարել իր երգացանկի սիրված երգերից մեկը, բայց իմանալով, որ սրահում Հայաստանից եւ Ադրբեջանից հյուրեր կան՝ ուզում է այդ երգի մասին կարճ խոսել: Պատմեց, որ  երգի հեղինակային իրավունքը կռվախնձոր է հայերի, թուրքերի, ադրբեջանցիների ու իրանցիների միջեւ, բայց իր համար կարեւոր չէ, թե որ ազգն է հեղինակը, այլ, որ երգն այնքան թովիչ է, որ յուրաքանչյուրը կարծում է, թե այն միայն իրենից կարող էր ծնունդ առնել: Մինչ նա խոսքը կավարտեր՝ սեղանի տարբեր անկյուններից երգի անունը հայերեն ու թուրքերեն կանչողներ եղան՝ «Սարի Աղջի՛կը», «Sarı Gelin»...

Ռեստորանի հյուրերից (նաեւ արտերկրացի) ոմանք եւս միացան թեմային ու հանպատրաստից քննարկում սկսվեց, որի արդյունքում առաջարկ ձեւավորվեց. քանի որ հայ, թուրք եւ ադրբեջանցի ազգերից ներկայացուցիչներ կան՝ գուցե նրանք երգե՞ն, եւ ամենալավ կատարողը, գոնե այս երեկոյի շրջանակում, իր ազգի համար կվաստակի երգի հեղինակային իրավունքը: Որոշվեց՝ հաղթողը կլինի ամենաշատ ծափեր ստացողը: Առաջարկը մեծ աշխուժություն առաջացրեց: Հյուրերն իրենց բուն անելիքը մոռացած՝ սպասում էին «համերգին»...

Խմբերն ընկան տենդագին նախապատրաստության մեջ: Մեր խմբում բոլորս երգողի փնտրտուքով իրար էինք նայում-հարցնում. ապարդյուն: Հանկարծ գործընկերներիցս մեկն ինձ մատնացույց արեց. «Իրինա՛, դո՛ւ»: Փորձեցի հրաժարվել: Չնահանջեց. վկայակոչեց մեր ընդհանուր ընկերներից մեկին, ումից լսել էր, որ երգել սիրում եմ: Ասացի, որ այս երգի բառերը լավ չեմ հիշում: Ստամբուլի «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը եզրափակեց. «Իրինա ջան, հոգ չէ, ես բառերը գիտեմ, միասին կերգենք»: Ու մինչ նա անձեռոցիկի վրա արագ-արագ գրում էր տեքստը,  աչքիս առաջ եկան Ռուբեն Մաթեւոսյանն ու հայրս՝ թուղթը ձեռքին «Սարի Աղջիկը» երգելիս... Բառերը վերհիշելու կարիք, իսկապես, ունեի, բայց մաթեւոսյանական ելեւէջները՝ ոչ...

Վերջինը մենք հանդես եկանք ու ծափերը երկարեցին, մինչեւ միկրոֆոնից հնչեց, որ դրանք հուշեցին հաղթողին... Արան շատ գեղեցիկ երգեց, իսկ հաղթանակում իմ բաժնի իրական տերն ինձ համար Ռուբեն Մաթեւոսյանն էր...

Մինչ օրս ափսոսացել եմ, որ դա սիրված երգչին պատմելու պատեհություն չեմ ունեցել եւ ուրախ եմ, որ հիմա այդ բացթողումը հրապարակային լրացնելու առիթ եղավ:  

Շնորհավո'ր հոբելյանդ, սիրելի՛ Վարպետ:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին