Չփոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրված իրավունքը - Mediamax.am

Չփոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրված իրավունքը
2603 դիտում

Չփոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրված իրավունքը


Մադրիդյան եւ հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերեւս կարեւորագույն ձեռքբերումներից է։ Այնտեղ սեւը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է հետեւյալը․
 
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում [...]: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն»:

44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը։
 
Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաեւ այսօր։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերոնշյալ դրույթը մեզ դեռ շատ է պետք գալու։
 
Այդ ձեւակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, դիվանագիտական բազմաթիվ հնարքներ են օգտագործվել եւ միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջվել դրա համար։ Այս դրույթի իսկական արժեքը դրա՝ միջնորդ երկրների եւ առհասարակ միջազգային հանրության ընկալումն է։ Հենց դա է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իր միջազգային դիվանագիտության մեջ, այլ ոչ թե ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնա դրա արժեզրկմանը։
 
Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս խորհրդարանում արած հայտարարությունները, թե «2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ» եւ որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, եւ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները» մտահոգիչ են, որովհետեւ փակում են ինքնորոշման ամրագրված դրույթից օգտվելու հնարավորությունը։ Առավել մտահոգիչ է, եթե դա նախանշան է գալիք հնարավոր արդարացումների, որ կարող են հետեւել Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը։
 
Նախ ասեմ, որ նման փաստաթղթի ստորագրումը որեւէ արդարացում չի կարող ունենալ։ Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականորեն երբ եւ ինչպես հնարավորություն կտային Լեռնային Ղարաբաղի ինքնորշման համար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող։ Ավելին՝ նման իրավունքով անհատ պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ դա անհատի որոշելու հարց չէ։
 
Մադրիդյան փաստաթղթում ամրագրված դրույթը թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, եւ ցանկության ու կարողության դեպքում հայկական կողմն այսօր ունի դա լավագույնս օգտագործելու հնարավորությունը։
 
Բայց մինչ այդ «3+3»-ի մասին։ Տարածաշրջանային այս ձեւաչափը առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին։ Դա հաղթող կողմի առաջարկություն է։ Այդ օրերին դրանով մենք նպատակ ունեինք օրինականացնել ստատուս քվոն։ Ադրբեջանն ու Թուրքիան մերժեցին այն։ Այսօր այս նույն ձեւաչափն առաջարկում են այդ երկուսը՝ հետապնդելով ճիշտ նույն նպատակը՝ օրինականացնել ներկայիս ստատուս քվոն։ Լավ կլիներ, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը ժամանակին, մերժեր որեւէ մասնակցություն։ Սակայն եթե հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնվազն պետք է ունենա իր ուրույն օրակարգը։ Մինչդեռ, կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Մյուս երկրները բնականաբար կբերեն իրենց օրակարգերը։
 
Այս ձեւաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պետք է դնի երեք հարց՝ ա) ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, բ) գերիների ամբողջական եւ անվերապահ վերադարձ, գ) հաղորդակցության ուղիների վերաբացում առանց նախապայմանների։ Բայց սա ամենը չէ։ Այստեղ կա Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը։ Մի կողմից պետք է բացառել խնդրի կարգավորումը այդ «3+3» ձեւաչափի օրակարգի մաս դարձնելը։ Մյուս կողմից, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխոսելը ջուր կլցնի Ադրբեջանի ջրաղացին առ այն, թե տարածաշրջանում նման խնդիր այլեւս գոյություն չունի։ Այստեղ հնարավոր է գտնել ճիշտ մոտեցումը։
 
Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում եւ ինչպե՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության այդ դրույթը։
 
Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսեւորումներից մեկը եղել է «ոչինչ չեմ բացառում, կարող ենք խոսել այդ մասին» մոտեցումը, երբ նույնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրվել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարավոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք։ Ինքներս սեղանին հաճախ դրել ենք առաջարկներ՝ քաջ գիտակցելով հենց մեր կողմից դրանց հետագա մերժման անխուսափելիությունը։ Այդ կերպ հնարավոր է եղել հակառակորդին բանակցությունների մեջ ներքաշել իրենց համար նույնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ։ Այդ ճանապարհով է հնարավոր եղել Քի Վեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ադրբեջանի համար ընդամենը Արաքսի ափով Նախիջեւանի հետ կապվելու էստակադային ճանապարհի դիմաց։ Եվ հենց այդ մեթոդաբանության շնորհիվ է հնարավոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում։
 
Հայաստանն այսօր գտնվում է մի այնպիսի անկյունադարձային ու ճակատագրական կետում, երբ միայն համարձակ, հմուտ եւ ճկուն դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի բեկում մտցնել իրավիճակում։
 
Բայց մինչեւ դա անելը հայկական կողմը նախ իր համար պետք է ամրագրի երկու կարեւորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
 
Ահավասիկ, այս երկու սկզբունքներից ելնելով՝ հայկական կողմը պետք է գտնի եւ առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը՝ սկիզբ դնելով Մինսկի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգավորման բանակցությունների նոր փուլի։
 
Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին