Մինչ Հայաստանը շարունակում է սգալ պատերազմի 4000 զոհերի համար, COVID-19-ի զոհերի թիվը վաղուց գերազանցել է նրանց: Մահերի օրական թիվը շարունակում է 25-40-ի միջակայքում մնալ: Դժվար չէ պատկերացնել, թե բնակչության ընդամենը 5,7% լիարժեք եւ 11,5% մասնակի պատվաստվածության պայմաններում առաջիկա ամիսներին, երբ մարդիկ հիմնականում փակ, վատ օդափոխվող տարածքներում են լինելու, մահերի թիվը մոտավորապես քանիսի կհասնի:
Ցավալին այն է, որ հիմա պատվաստման տեմպերն անգամ շեշտակի բարձրանալու դեպքում էլ առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում դժվար է լինելու մահերի թիվը զգալի նվազեցնել: Դա նաեւ այն պատճառով, որ պատվաստանյութերը լիարժեք պաշտպանական ազդեցություն են ծավալում երկրորդ պատվաստումից 14 օր անց միայն: Եթե հաշվի առնենք, որ առաջին եւ երկրորդ պատվաստումների միջեւ ընկած ժամանակահատվածը, նայած պատվաստանյութի, տատանվում է մեկից երեք ամսվա միջակայքում, ապա պարզ է դառնում, թե ինչու է դժվար լինելու խուսափել առաջիկա 45 կամ ավելի օրերը մահերի երկնիշ թվով բազմապատկելու իրողությունից...
Այս զոհերի համար պատասխանատվությունը, սակայն, հասարակությունը չի կարող ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների, մասոնների, սորոսականների, «նախկինների», «ներկաների» կամ ըստ ճաշակի՝ այլ հասցեատերերի միջեւ բաշխել. պատասխանատվությունը հասարակության յուրաքանչյուր անդամինն է: Բայց անհատական պատասխանատվությամբ հանրային պատասխանատվության մաս դառնալու ձգտումը երբեք էլ հայ հասարակության աչքի ընկնող հատկանիշներից չի եղել... Դրա պատճառները շատ են ու փոխկապակցված, իսկ դրանց մասին խոսելը, իրավիճակը շտկելու քննարկումներ նախաձեռնելը միշտ հետին պլան է մղվել:
Աշխարհի պետությունների սանդղակում Հայաստանը պատվաստման ցուցանիշով աֆրիկյան պետությունների՝ Սենեգալ, Անգոլա, Սուդան, Նիգերիա, Քենիա եւ այլոց հետ վերջապահ խմբում է: Հայաստանը զիջում է անգամ աֆրիկյան որոշ երկրներին, օրինակ՝ Թունիսին, Ռուանդային, Ալժիրին կամ Գամբիային, որտեղ լիարժեք պատվաստվածների թիվը համապատասխանաբար 34%, 12%, 9% եւ 7% է: Սակայն, եթե այդ երկրներում պատվաստման ցածր տոկոսը պատվաստանյութի սղությամբ է պայմանավորված, Հայաստանում՝ պատվաստման հանդեպ մեծ թերահավատությամբ, անտարբերությամբ եւ դիմադրությամբ:
Նման դիմադրություն միայն Հայաստանում չէ: Բայց այլ երկրներում պատվաստման անխուսափելիությունը գիտակցած քաղաքացիների թիվը բազմապատիկ ավելին է, քան դեմ լինողներինը: Եվրոպայում եւս կան պատվաստման դեմ եղողներ կամ դեռ սպասել ցանկացողներ, բայց եվրոպական երկրների բնակչություններն արդեն 60%-ից ավելի լիարժեք պատվաստվածության ցուցիչ ունեն: Օրինակ, 83 միլիոնանոց Գերմանիայում 65,1%-ն արդեն կրկնակի եւ 68,2%-ը մասնակի պատվաստված է: Արդյունքում՝ մահերի օրական թիվը իջել է երկնիշ թվի: Սեպտեմբեր ամսին այստեղ օրական մահերի թիվը տատանվում էր 30-50-ի միջակայքում, գրեթե այնքան, որքան 2,9 միլիոնանոց Հայաստանում...
Հայաստանը պատվաստման դեմ դիմադրության ուժգնությամբ աչքի է ընկնում նաեւ անմիջական հարեւանների հետ համեմատության մեջ: Վրաստանում լիարժեք պատվաստված է բնակչության 22,4%-ը, Ադրբեջանում՝ 41,5%, Իրանում՝ 22,7%, Թուրքիայում՝ 55,4%: 10 մլն բնակչությամբ Ադրբեջանում մահերի թիվը, ըստ վերջին տվյալների, 6734 է: Աշխարհի մակարդակով պատվաստման առաջատարներն են Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 94,93%, Պորտուգալիան՝ 88,27%, Կուբան՝ 85,31%: Համեմատության համար՝ 10 միլիոնանոց ԱՄԷ-ում համավարակի տարածման պահից մինչ հիմա մահերի ընդհանուր թիվը ընդամենը 2117 է...
Ինչո՞ւ այսպես եղավ
Հայաստանում համավարակային այսպիսի վտանգավոր վիճակի հասնելը տարբեր պատճառների համախմբով կարելի է բացատրել, բայց աչքի զարնող է հետեւյալը: Համավարակի տարածման օրվանից՝ այդ խիստ մասնագիտական թեմայի շուրջ սկսեցին խոսել, քննարկել, եզրակացություններ անել ու խորհուրդներ տալ գլխավորապես ոչ թե ոլորտի գիտնականները, համապատասխան մասնագիտացմամբ բժիշկներն ու համաճարակաբանները, այլ քաղաքական մեկնաբաններն ու քաղաքական գործիչները: Ի դեպ, Հայաստանում սովորական երեւույթ է, որ ամեն ինչ բացատրում են քաղաքականությամբ այս կամ այն կերպ զբաղվողները: Նրանցից շատերը, եթե պետք է՝ առավոտյան համաճարակաբան ու բիոտեխնոլոգ են, կեսօրին՝ գյուղատնտես, երեկոյան՝ էներգետիկ կամ ռազմական փորձագետ, մի խոսքով՝ ի զորու են բոլոր ոլորտների նեղ մասնագիտական խնդիրների շուրջ «բացատրական» աշխատանք կատարել...
Այս ամենի ֆոնին գրեթե օրինաչափ է թվում իրողությունը, որ հայ հասարակությունը որեւէ թեմայի շուրջ քաղաքական մեկնաբանություններից բացի՝ բովանդակային, մասնագիտական եւ գիտական վստահելի աղբյուրներից համակողմանի տեղեկատվություն չի ստանում: Նա, մեծ հաշվով, զրկված է ցանկացած խնդրի շուրջ առանց փաստերն աղճատող քաղաքական քարոզչության՝ համակողմանի տեղեկատվություն ստանալուց, այդպիսով՝ խնդրի էությունն արտացոլող դեմ եւ կողմ «մաքուր» փաստերի համադրմամբ որոշում կայացնելու հնարավորությունից: Անընդհատ նման վիճակում գտնվող հասարակությունը, որտեղ առանց այդ էլ՝ փաստերի ամբողջական համադրմամբ ցանկացած հարցի շուրջ քննական մտածելակերպի դեֆիցիտ կա, սպառնալիք է ինքն իր անվտանգությանը:
Լրատվամիջոցների գերակշիռ մասն այս իրավիճակի համապատասխանատուն է, քանի որ նրանք վերոհիշյալ «բազմաֆունկցիոնալ» վերլուծաբանների փոխարեն հետեւողականորեն եւ առաջնահերթ հարթակ չեն տրամադրում թեմայի վերաբերյալ այս պահին միջազգային մակարդակով առկա գիտական տեղեկատվությանը հիմնավոր տիրապետող, քաղաքական շահեր չհետապնդող մասնագետների: Լրատվամիջոցներից շատերը, թերեւս, իրենց հիմնական առաջադրանքն են համարում ոչ թե հասարակությանը մասնագիտական վստահելի աղբյուրներից քաղվող հիմնավոր տեղեկատվությամբ ապահովելը, այլ, ըստ իրենց քաղաքական նախասիրությունների, իրենց թիրախ քաղաքական ուժերին ու անհատներին այս կամ այն խնդրի համատեքստն օգտագործելով «ցեխը մտցնող» ինքնուս կամ թեկուզեւ համապատասխան կրթությամբ, բայց գլխավորապես քարոզչությամբ եւ փաստերի կիսասացությամբ ու աճպարարությամբ զբաղվող «մասնագետներին» խոսափող տրամադրելը:
Ինչպե՞ս են վարվում ուրիշները
Համեմատության օրինակ բերեմ: Համավարակի բռնկումից սկսած՝ մինչ օրս հետեւել եմ Գերմանիայում եւ Հայաստանում կատարվողին: Գերմանիայում բոլոր լրատվամիջոցները ողողված էին եւ շարունակում են ողողված լինել ոլորտի առաջատար գիտնականների, բժիշկների ու թեմային առնչվող այլ մասնագետների հետ քննարկումներով: Նրանք հասարակությանն անխոնջ բացատրում էին եւ դեռ բացատրում են վիրուսի եւ պատվաստանյութերի հետ կապված իրավիճակն իր բոլոր նրբություններով: Գերմանացիներն անգամ կատակում էին, որ եթե նրանցից մեկնումեկը, օրինակ, հայտնի համավարակաբան, Բեռլինի Charité համալսարանական կլինիկայի վիրուսաբանության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Դրոսթենը կանցլերի թեկնածու առաջադրվի՝ որեւէ քաղաքական գործիչ չի կարող հաղթել նրան:
Հանրային առողջության վերահսկման Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, պատվաստանյութերի եւ դեղամիջոցների որակի եւ անվտանգության հսկման Պաուլ Էհրլիխի անվան գիտահետազոտական ինստիտուտը, բազմաթիվ կլինիկական համալսարաններ, գիտական կենտրոններ լծված էին եւ են վիրուսի շուրջ ուսումնասիրություններ կատարելու, արտերկրյա գիտնականների հետ տվյալներ փոխանակելու եւ այդ ամենում պարունակվող տեղեկատվությունը հասարակությանը փոխանցելու եւ բացատրելու գործին: Ռոբերտ Կոխի ինստիտուտի ցուցումներն ու պարզաբանումները պատկերավոր ասած՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժ ունեն: Իսկ կառավարությունն ու քաղաքական ուժերը լսում են մասնագետներին եւ իրենց անելիքը տեսնում նրանց ձեւակերպած մասնագիտական կարծիքի հիման վրա կազմակերպչական քայլեր նախաձեռնելու եւ համակարգելու մեջ:
Մասնագետների անդադար բացատրական աշխատանքը հնարավոր դարձրեց, որ մարդիկ ռիսկերի գնահատման եւ անհատապես որոշում կայացնելու տեղեկատվական համապարփակ հիմք ունենան: Որ նրանց մի մասն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց առայժմ կամ ընդհանրապես չպատվաստվել, անհատական որոշման իրավունքի տիրույթի հարց է: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, մարդկանց մեծամասնությունը ցանկացած հարցում լավ տեղեկացված լինելու դեպքում ժամանակի ընթացքում ընտրում է նվազագույն ռիսկեր պարունակող լուծումները, տվյալ դեպքում՝ պատվաստվելը: Դեռ չպատվաստված քաղաքացիները Գերմանիայում, սակայն, ստիպված են լինելու եւս մեկ անգամ ծանրութեթեւ անել իրենց որոշումը: Այստեղ հոկտեմբերի 11-ից նրանք պարտավոր են սեփական միջոցներով թեսթավորվել փակ տարածքներ մուտք գործելու համար: Հատուկ կենտրոններում կատարվող արագ թեսթի արդյունքը ուժի մեջ է մինչեւ երեք օր: Արագ թեսթավորումն արժե 19 եվրո, իսկ դրա ճշգրտությունն առավելագույնը 65% է: Դրական արդյունքի դեպքում, դարձյալ սեփական միջոցների հաշվին, քաղաքացին պետք է ՊՇՌ թեսթ հանձնի, որն ավելի թանկ է: Որոշ տարածքներում ընդունվում են միայն ՊՇՌ թեսթի արդյունքներ: Անվճար արագ թեսթավորվում են մինչեւ 12 տարեկան երեխաները եւ տվյալ պահին որեւէ վարակիչ այլ հիվանդության փուլում գտնվողները, բժշկական հատուկ, գրավոր հիմնավորված ցուցումով չպատվաստված այլ անձինք:
Պատվաստանյութերի մասին
«Պատվաստանյութը նոր է, դեռ լավ փորձարկված չէ, օրգանիզմի վրա երկարաժամկետ հետեւանքները պարզ չեն»: Այս փաստարկը չպատվաստվելու համար ամենից հաճախ բերվողն է: Բայց դա անելիս անտեսվում է հանգամանքը, որ վիրուսը եւս նոր է, բայց նրա հետեւանքներից շատերն արդեն իսկ անհերքելի՝ ակնառու տոկոսներով պարզ են՝ ի դեմս մահացության մեծ թվերի եւ հետկորոնավիրուսային արդեն իսկ արձանագրված առողջական խնդիրների: Մինչդեռ, ինչպես մասնագետներն են բացատրում, վիրուսների դեմ պատվաստանյութերի դեպքում հետպատվաստումային երկարաժամկետ կամ մշտական մնացող վնասներ հազվադեպ են լինում: Ազդեցությունները տեսանելի են լինում պատվաստմանն անմիջապես հաջորդած ժամանակահատվածում: Եթե այդպիսիք չեն նկատվում, երկար ժամանակ հետո դրա հետ կապված հետեւանքներ ի հայտ չեն գալիս: Պատվաստումից մոտ 50 ժամ հետո պատվաստանյութերի բաղադրիչներն արդեն օրգանիզմից արտազատված են լինում:
Մասնագետները պարզաբանում են, որ թեեւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը նոր են (այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ վիրուսն ինքն է նոր), բայց դրանց ստեղծման մեխանիզմները նոր չեն, եւ պատվաստանյութն ինչ-որ չուսումնասիրված նյութերի «էքսպրոմտ» խառնուրդ չէ: Նրանք չեն հոգնում նաեւ կրկնելուց, որ հանգամանքը, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արագ ընթացակարգով ստեղծվեց եւ կիրառման թույլտվություն ստացավ, ինքնին չի նշանակում, թե այն վտանգավոր է կամ ոչ որակյալ: Դրանք ստեղծվել են պատվաստանյութերի ստեղծման տասնամյակների փորձի ու գիտական առաջընթացի ստեղծած նոր հնարավորությունների համադրմամբ: Ճիշտ այնպես, ինչպես դեղագործության ոլորտում այլ դեղամիջոցների ստեղծման փորձի ու տեխնոլոգիաների կիրառմամբ անընդհատ նոր դեղամիջոցներ են ստեղծվում:
Բացի փորձարկման փուլերից, նաեւ զուտ բյուրոկրատական հանգրվանների առումով, ամեն դեղամիջոց կամ պատվաստանյութ երկար ճանապարհ է անցնում: Նման «անշտապ» ռիթմը պայմանավորված է նաեւ հանգամանքով, որ որեւէ նոր դեղամիջոցից առաջ բազում այլ դեղամիջոցներ են կիրառության մեջ լինում տվյալ հիվանդության դեմ եւ նման պայմաններում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ արագ ներգրավել նորերի հետազոտությունների համար հեշտ չէ, երբ մարդիկ որեւէ հիվանդության դեմ առանց դեղամիջոցի, այսպես ասած՝ միայն Աստծո հույսին չեն մնացած: Իսկ կորոնավիրուսի դեպքում հենց այդպես էր՝ չկար ոչ դեղամիջոց, ոչ էլ՝ պատվաստանյութ:
1918թ. բռնկված «իսպանական» գրիպի համաճարակից հետո, որին ըստ գնահատումների՝ 50 միլիոն մարդ զոհ գնաց, մարդկությունը մինչեւ COVID-19-ի ի հայտ գալը որեւէ նման ծավալի եւ կայծակնային տարածվող համավարակի դիմագրավելու հրամայականի առաջ չէր հայտնվել, անհրաժեշտություն չէր եղել ժամանակի գործոնի ահռելի ճնշման տակ պատվաստանյութ ստեղծել: Կորոնավիրուսի դեպքում նոր իրավիճակ էր, եւ որոշում կայացվեց պատվաստանյութի ստեղծման պահից մինչեւ կիրառում ճանապարհին ժամանակային առումով սեղմման ենթակա բոլոր հանգրվանները կրճատել:
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը ստեղծած BionTech/Pfizer-ը, օրինակ, համավարակից առաջ հանդարտ աշխատում էր սովորական սեզոնային կամ այլ վիրուսների դեմ նոր՝ արագ, մեծ ծավալով պատվաստանյութեր արտադրելու mRNA-ի կիրառմամբ տեխնոլոգիայի ուղղությամբ (mRNA՝ messenger ribonucleic acid՝ «սուրհանդակ»՝ գենետիկ տեղեկատվություն պարունակող ռիբոնուկլեինաթթու), որն էլ նա գործածեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արագ ստեղծելու համար:
Ի՞նչ է mRNA-ն
Պատվաստանյութերի մինչ այս եղած ավանդական տեխնոլոգիայի հետ mRNA-ի տարբերությունն այսպես է բացատրվում. նախ՝ այն ավելի պարզ եղանակով եւ արագ է հնարավոր արտադրել: Ավանդական եղանակով ստացվող պատվաստանյութերի համար հակագենը (անտիգեն) ժամանակատար ու ծախսատար կերպով պետք է արտադրվի բիոռեակտորում (տեւողությունը 0,5 մինչեւ 2,5 տարի): Այլ կերպ ասած՝ արտադրվում է հիվանդության «թուլացված» հարուցիչ, որպեսզի այն օրգանիզմ ներթափանցելով՝ իմունային պատասխան առաջացնի: Պատվաստումից հետո իմուն համակարգի բջիջները պաշտպանունակություն են ստեղծում: Ի տարբերություն այս մեթոդի՝ mRNA տեխնոլոգիայի դեպքում ոչ թե հակագենը, այլ հակագենի միայն գենետիկ կոդը՝ ինֆորմացիան է որպես պատվաստանյութ արտադրվում: Այսինքն, պատվաստանյութը պարունակում է միայն վիրուսային պրոտեինը կոդավորելու համար անհրաժեշտ ինֆորմացիան: Պատվաստանյութը չի պարունակում ամբողջական վիրուսը կամ դրա մասնիկները: Այս պատվաստանյութը ստանալով՝ օրգանիզմի բջիջները ստանձնում են հակագենն արտադրելու գործը: Իմունային բջիջները ճանաչում են դրանք եւ պաշտպանվածություն ստեղծում:
Տարածված թյուրիմացություն կա, թե mRNA-ն կորոնավիրուսի տարածումից հետո արագ «հնարված» միջոց է: Քչերը գիտեն, որ որպես նոր տեխնոլոգիա հայտնի mRNA-ի ուսումնասիրությունը տասնամյակների պատմություն ունի: Դրա առաջին հետազոտությունները սկսվել են դեռ 1961թ՝. նպատակ ունենալով այն կիրառել քաղցկեղի դեմ բուժման մեջ: Այս տեխնոլոգիայով տարբեր պատվաստանյութերի կլինիկական առաջին փորձարկումները մարդկանց վրա սկսվել են 2002թ.: Իսկ արդեն 2017թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ տեխնոլոգիան ներառեց պատվաստանյութերի արտադրության դասակարգումների ցանկում: 2017թ. գերմանական CureVac բիոտեխնոլոգիական ընկերությունը կատաղության (շան կծելուց փոխանցվող մահացու նյարդաբանական խանգարում) դեմ mRNA տեխնոլոգիայով պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլն արդեն ավարտել էր (այս ընկերությունը նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ զբաղված 176 գիտական պրոյեկտներից մեկի հեղինակն է): Այս տեխնոլոգիայի՝ տասնամյակներ տեւած նախապատրաստական հետազոտական աշխատանքը հնարավորություն տվեց BionTech-ին ապա՝ Մոդեռնային արագ ստեղծելու կորոնավիրուսի դեմ mRNA-ի կիրառմամբ պատվաստանյութը:
Վարակիչ հիվանդությունների հետազոտությունների Հայմհոլց գիտական կենտրոնի վարակաբան Մելանի Բրինկմանը, գիտական հանրույթի տիրապետած փաստերը վկայակոչելով, անհիմն է համարում այս տեխնոլոգիայով պատվաստանյութի շուրջ ամենաշատ տարածվող լուրը, թե այն մարդու գենետիկ նյութի մեջ է ներթափանցում եւ վնասում այն: Նրա խոսքով, մարդու գենետիկ ինֆորմացիան ԴՆԹ-ի տեսքով գտնվում է բջջի կորիզում, իսկ mRNA-ի «սուրհանդակ մոլեկուլը» այնտեղ չի ներթափանցում: Բացի այդ, նա ունի բոլորովին այլ քիմիական կառուցվածք քան ԴՆԹ-ն եւ չի կարող մշտական «տեղավորվել» բջջի կորիզում, այլ կարճ ժամանակ անց արտազատվում է օրգանիզմից:
Ընտրության առաջ
Իհարկե, դժվար է արագ պատկերացում կազմել այս խիստ մասնագիտական եւ կոմպլեքս գիտական թեմայի շուրջ: Սակայն պարզեցված կարելի է ասել հետեւյալը. ցանկացած վիրուսի դեմ պատվաստանյութը վիրուսի աննշան քանակով կամ միայն նրա գենետիկ ինֆորմացիայի ներմուծումն է օրգանիզմ, որպեսզի դրա դեմ իմունիտետ առաջանա եւ իրական ուժեղ վիրուսին հանդիպելու դեպքում օրգանիզմը դրա դեմ պայքարելու ունակ անհրաժեշտ քանակի հակամարմիններ ունենա: Հետեւաբար, ընտրությունը պարզ է՝ պատվաստման միջոցով «թեթեւ վարակվել» եւ իրական վարակի դեմ պայքարելու ունակ իմունիտետ ունենա՞լ, թե՞ անպատրաստ ենթարկվել վարակի հարձակմանը, հույս ունենալով, որ բախտներս կբերի եւ թեթեւ կտանենք: Որպես կողմնորոշիչ կարող ենք նաեւ հետեւյալ հարցադրումը վերցնել՝ օրական քանի՞ մահ է գրանցվում կորոնավիրուսից եւ քանի՞ մահ պատվաստվելուց (պատվաստվելուց հետո այլ հիվանդությունների պատճառով մահերը այլ դասակարգման մեջ են):
Այս հարցի պատասխանը փորձեմ տալ հետեւյալ օրինակով: Գերմանիայում COVID-19-ի դեմ 57 182 000 մարդ է պատվաստվել: Ադքանից 1254-ի դեպքում պատվաստմանը հաջորդած տարբեր ժամանակահատվածներում մահ է արձանագրվել: Պատվաստանյութերի ու դեղամիջոցների որակի եւ անվտանգության հսկման Պաուլ Էհրլիխի անվան ինստիտուտը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու մահերի եւ պատվաստման միջեւ կապի առկայությունը: Ըստ ինստիտուտի զեկույցի՝ միայն 48 դեպքերում է, որ կապը պատվաստման հետ հնարավոր, բայց այնուամենայնիվ, ոչ լիարժեք հաստատված է համարվում: Հիմա եկեք պատկերացնենք, եթե 57 182 000 մարդ կորոնավիրուսով վարակված լիներ, արդյո՞ք մահերի թիվը դարձյալ 48 կլիներ... Գերմանիայում մինչ օրս արձանագրված 4 354 158 կորոնավիրուսով վարակվածներից մահացել են 94 526-ը: Հետեւաբար, այս կամ նման փաստական տվյալները պատվաստման շուրջ որոշում կայացնելիս հիմք արժե՞ համարել, թե՞ ոչ...
Վերցնենք բոլորիս քաջ հայտնի կարմրուկ հիվանդության եւ դրա դեմ «ավանդական» տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերով պատվաստման օրինակը (կարմրուկի դեմ էլ կան տարբեր պատվաստանյութեր): Մենք կամ մեր ծնողները տեղյա՞կ են, օրինակ, թե կոնկրետ որ մեկով ենք մենք կամ իրենք պատվաստվել: Կամ՝ տեղյա՞կ ենք, թե ի՞նչ վիճակագրություն կա կարմրուկի պատվաստման կողմնակի հետեւանքների մասին: Շարունակեմ Գերմանիայի համեմատական օրինակը: Պաուլ Էհրլիխի ինստիտուտի մեկ այլ հետազոտության տվյալներով՝ Գերմանիայում կարմրուկի դեմ պատվաստումից (տարբեր պատվաստանյութերով) հետեւանքների տարեկան մոտ 170 դեպք է արձանագրվում, որոնք դասակարգվում են որպես «պատվաստման հետ կապի կասկածի դեպքեր»: Դրանց գերակշիռ մասի դեպքում պատվաստումից կարճ ժամանակ անց ի հայտ եկած հետեւանքներն առանց առողջությանը մնայուն վնաս պատճառելու որոշ ժամանակ անց անցել են, եւ միայն 3,4%-ի դեպքում են շարունակել որոշ չափով մնալ: 0,9%-ը ունեցել է մահվան ելք: Չնայած այս վիճակագրությանը՝ կարմրուկի դեմ պատվաստման ցուցանիշը 95+% է կազմում:
Ցանկացած այլ պատվաստանյութի կամ դեղամիջոցի գործածման դեպքում եւս կա վիճակագրական ցուցիչ թեթեւից մինչեւ ծանր հետեւանքների ու մահվան ելքով դեպքերի մասին: Ի դեպ, ցանկացած դեղամիջոցի ուղեկից թերթիկում եւս նշված են այդ ռիսկերը: Ես Հայաստանում դեռեւս չեմ հանդիպել մեկին, ով, օրինակ, ցավազրկող «Ibuprofen» չի ընդունում, քանի որ ուղեկցող տեղեկատվական թերթիկում կարդացել է, որ այն հաճախ գործածելով կարող է թեեւ հազվադեպ, բայց, այնուամենայնիվ, ստամոքսի արյունահոսություն առաջացնել: Նաեւ չեմ լսել, որ բժշկի կամ դեղատան աշխատողի խոսքին, թե այ սա նոր դեղ է, սա եմ նշանակում կամ առաջարկում՝ պատասխանեն, չէ, դա նոր է՝ չգիտեմ, թե ինչ է մեջը, հրաժարվում եմ...
Դեղամիջոցների կամ այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի հետեւանքով հազվադեպից մինչեւ շատ հազվադեպ առողջական հետեւանքների կամ մահվան դեպքերի վիճակագրությունը մեզ բերու՞մ է եզրահանգման դադարել դեղամիջոցներ ընդունել: Կամ՝ բժշկական սխալի վիճակագրական հաստատված հավանականությունը մարդկանց հե՞տ է պահում վիրահատման կամ բուժման գնալուց: Նման օրինակներ կարելի է անվերջ թվարկել: Խոսքն այստեղ, ինչպես ցանկացած այլ հարցում, տեղեկացված լինելու եւ ըստ այդմ՝ քննական մտածելակերպով ռիսկերը գնահատելու եւ որոշման հանգելու գործելակերպի մասին է:
Ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրն ամեն օր անընդմեջ փոքր ու մեծ ռիսկերի գնահատման ու որոշումների կայացման անխուսափելի ռիթմի մեջ է: Սկսած փողոցը հետիոտնի համար նախատեսված տեղո՞ւմ, կանաչ լույսի ներքո՞, թե՞ սլացող ավտոմեքենաների արանքում վազվզելով անցնելու ռիսկի գնահատումից եւ որոշում կայացնելուց մինչեւ ավելի կոմպլեքս իրավիճակներ: Որ կանաչ լույսի ներքո կամ «զեբրայով» փողոցն անցնելն ավելի ապահով է քան ընթացքի մեջ գտնվող մեքենաների միջով խուսանավելը, ամենօրյա բացատրության կարիք չունի: Չնայած դրան, այնուամենայնիվ, որոշ թվով հետիոտներ գնում են այդ ռիսկին: Ոմանց բախտը բերում է, ոմանք էլ՝ վնասվածքներով կամ կյանքով են հատուցում այդ ռիսկային որոշման համար: Նույն կերպ էլ՝ նաեւ լավ տեղեկացվածության դեպքում չենք կարող ակնկալել, որ բոլոր մարդիկ անխտիր կգերադասեն անսալ առկա գիտական հիմնավորումներին եւ անհամեմատ նվազ ռիսկեր պարունակող պատվաստման որոշում կայացնել: Բայց ողջախոհության կանխավարկածով առաջնորդվելով՝ կարելի է ակնկալել, որ հասարակության մեծամասնությունը ռիսկերի ռացիոնալ գնահատում կկատարի եւ հնարավոր կլինի հասնել բժշկական բառապաշարով ասած՝ «հոտային իմունիտետի»:
Որ շատերը Հայաստանում պատվաստանյութերի մասին անտեղյակության պատճառով են հապաղում պատվաստվել, մասամբ հաստատեց նաեւ լրատվամիջոցներից մեկի հարցախույզը, որում հարցվողները պատրաստ էին վերջերս ներկրված Մոդեռնայի պատվաստանյութով պատվաստվել ընդամենն այն հիմնավորմամբ, թե «դա մեր հայն է ստեղծել, վստահում ենք»... Այն փաստարկը, թե նոր տեխնոլոգիայով ստեղծվածը անվստահելի է, նրանց համար, փաստորեն, ուժը կորցրեց, մինչդեռ «մեր հայի ստեղծածը» հենց այդ նոր՝ mRNA տեխնոլոգիայով է... Հայաստանում Մոդեռնայի ներկրումից առաջ COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը ավանդական եղանակով ստեղծվածներն էին, բայց դրանց «ավանդականությունն» էլ հատկապես համոզիչ չէր մարդկանց համար...
Իհարկե, ստեղծված համաճարակային իրավիճակի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաեւ հանգամանքը, որ պատերազմով եւ դրա ելքով պայմանավորված շոկը ամբողջովին շեղել էր հայ հասարակության ուշադրությունը համավարակից ու նրա վտանգներից: Պատվաստանյութերը ստեղծվեցին տարեսկզբին, երբ Հայաստանը հոգեպես եւ ֆիզիկապես ամբողջովին «ուշագնաց» էր եւ բաց էր թողել համավարակի զարգացման եւ պատվաստանյութերի ստեղծման ու դրանց մասին քննարկումների մի քանի փուլեր:
Հիմա, սակայն, տպավորություն է, որ մենք ինչպես որ չգնահատեցինք ու չգիտակցեցինք պատերազմի վտանգը՝ նույն կերպ էլ վարվում ենք համավարակի վտանգի հետ, մինչդեռ հապաղելու տեղ այլեւս չկա. նաեւ այս հարցում ենք արդեն շատ ուշացել...
Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: