Կեղծիքի մեջ ապրելու գինը - Mediamax.am

Կեղծիքի մեջ ապրելու գինը
1867 դիտում

Կեղծիքի մեջ ապրելու գինը


Հայաստանի ու Արցախի հետ 2020թ. կատարվածը կարելի է համեմատել խորհրդային լճացման տարիների ու դրանց՝ ԽՍՀՄ-ի փլուզումով ավարտի հետ:  

Կոմկուսը տասնամյակներով ստում էր իր քաղաքացիներին հնգամյակը չորս տարում գերակատարելով ուր որ է՝ կոմունիզմին հասնելու, կապիտալիստական Արեւմուտքին բոլոր բնագավառներում գերազանցելու եւ շատ այլ բաների մասին: Այդ մեծ ստի մեջ ապրած եւ դրա հետեւանքները տեսած Հայաստանն անկախ պետություն դառնալով, զարմանալիորեն, գնաց նույն տրորված ճանապարհով՝  հյուսեց պետական մակարդակի նոր սուտ եւ օրորեց հասարակությանը դրա մեջ մինչեւ 44-օրյա պատերազմը...

ԽՍՀՄ-ի նման՝ անկախ Հայաստանի պետական, հասարակական-քաղաքական կյանքն էլ էր այն աստիճան մեծ դոզայով ստի ու կեղծիքի մեջ թաթախված, որ մարդիկ իրենց մատուցվածը իրականության հետ համադրելու եւ անհամապատասխանություններ նկատելու դեպքում անգամ դժվարանում էին հրաժարվել կեղծիքին հավատալուց: Ինչպես մինչ օրս կան նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, որոնք համոզված են, որ «սովետի պես գյոզալ երկիրը» համաշխարհային դավադրությունների արդյունքում կամ Գորբաչովի երեսից քանդվեց, այնպես էլ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք Հայաստանի ու Արցախի փլուզման պատճառները պատրաստ են գտնել ամենուր, բայց ոչ մեր ներսում:

Եթե ԽՍՀՄ-ն, իրոք, «գյոզալ» երկիր լիներ, ապա Դրեզդենում ծառայած նրա ԿԳԲ-ական սպա Վլադիմիր Պուտինը հայրենիք վերադառնալիս «զահլա» չէր անի գերմանական երկար ժամանակ օգտագործված լվացքի մեքենան իր հետ անպայման վերցնել... Եթե Հայաստանն իր փուչ ճոռոմաբանությամբ ներկայացրածին փոքրիշատե մոտ իրական վիճակում լիներ, պատերազմում հայ զինվորները զարմանքից ափ ի բերան ու անօգնական չէին մնա հակառակորդի գերարդի ռազմական տեխնիկայի դիմաց...

1998-ից հետո պետության համար պատասխանատվություն կրող կամ այն կրելու հավակնող քաղաքական որեւէ ուժ (բացի ՀԱԿ-ից) չցանկացավ վճարել արցախյան խնդրի լուծման իրական հնարավորությունները եւ Հայաստանի որպես պետություն ունեցած կարողությունները հասարակությանը բացատրելու քաղաքական գինը (դրա պատճառներին անդրադարձել եմ այլ հրապարակման մեջ): Դա չանելով, ըստ էության, ընտրություն կատարվեց այն բանի օգտին, որ հասարակության՝ իրականությունը հասկանալու գինը իքս պահին պետք է վճարեն մեր զինվորներն իրենց կյանքով...

Քաղաքական գին վճարելուց խուսափածների քաղաքական (եւ ոչ միայն քաղաքական) «կերուխումի» 22 տարի կուտակած հաշիվը 44 օրում փակեցին ստի ու կեղծիքի մեջ ապրած, դրանից անտեղյակ՝ երգով ու պարով մահվան երախը գնացող երիտասարդները, նրանց ծնողները, մենք բոլորս: Հաշիվը չափազանց մեծ է. այն կազմում է այնքան էջ, որքան պահանջվում է 4000 անուն տեղավորելու համար... Այս հաշիվն առհավետ մնալու է այն կուտակողների խղճի ու բարոյականության հաշվեկշռում...

Բայց կեղծիքի հետ երկար գոյակցությունը, ըստ երեւույթին, ոմանց համար անքակտելի է դարձրել դրա հետ կապը: Այն աստիճան, որ նույնիսկ հիմա, երբ այդ ամենի հետեւանքով հայտնվել ենք հատակում, փորձ է արվում «մենք կարող էինք հաղթել» ձեւակերպմամբ հետադարձ  կերպով վերահյուսել պատերազմով քողազերծված սուտը: Ինչպե՞ս: Ի՞նչն էր կոչվելու հաղթանակ:

Երբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ 44 օր ազգովի «թեգում» էինք՝ «հաղթելո'ւ ենք», մեր հաղթելու պատկերացումները տասնամյակների ստի ու կեղծիքի տրամաբանության եւ իներցիայի մեջ էին: Հասարակության մի մասը «հաղթելու ենք» ասելով հասկանում էր, որ կարող ենք ադրբեջանական բանակին այնպես հուժկու դիմագրավել, որ Ալիեւը դադարեցնի պատերազմը: Չմոռանանք՝ 2016թ. ապրիլյանի հրադադարն այն ժամանակվա հայաստանյան իշխանությունները ներկայացրել էին որպես  Ալիեւի խնդրանք Մոսկվային, որին Հայաստանն ընդառաջ էր գնացել: Մարդիկ, ըստ այդմ, պատճառ չէին տեսնում չհավատալու, որ Ալիեւն այս անգամ էլ է հրադադար խնդրելու: Հաղթանակ ասելով ոմանք էլ հասկանում էին ոչ այլ ինչ, քան Բաքվում «հետաձգված» թեյախմությունը վերջապես կազմակերպելը... Ոմանք՝ այնքան դիմակայել կարողանալը, մինչեւ Ռուսաստանի կամ միջազգային հանրության ճնշմամբ հրադադար հաստատվի:

Հակառակորդի կորուստները հուժկու դիմադրությամբ անհամաչափ մեծացնելու միջոցով կամ միջազգային հանրության ճնշմամբ հրադադար պարտադրելը, իհարկե, պատերազմի ելքի առումով հաղթանակ կլիներ: Բայց արդյո՞ք դա մեծ իմաստով հաղթանակ էր լինելու: Մարդկային, ֆինանսական եւ այլ ռեսուրսների առումով Ադրբեջանը մի քանի, եթե ոչ տասնյակ, անգամ արագ վերականգնվելու եւ նոր փորձ նախաձեռնելու շահեկան դիրքում է: Հազարավոր կյանքեր զոհելով՝ Ադրբեջանին կանգնեցնելը եւ մեկ-երկու տարի հետո նոր հազարավորների զոհվելու ուղարկելու հեռանկարը իրո՞ք մեծ իմաստով հաղթանակ կարելի էր համարել:  Թե՞ հաղթանակ էր համարվելու այդքան զոհերի գնով պատերազմը դադարեցնելուց հետո բանակցային սեղանի մոտ համաձայնելը նրան, ինչին կարող էինք առանց զոհերի էլ համաձայնել, ինչին կարող էինք համաձայնած լինել երկու տարի առաջ, հինգ տարի առաջ, տաս տարի առաջ, տասնհինգ տարի առաջ, քսան տարի առաջ...

Մենք պետք է ազգովի անպայման այս աստիճան արյունլվա՞ լինեինք՝ հասկանալու, որ  հաղթանակ կոչվածն անվերջ ու անհամար թվով զոհվելու համառությունն ապացուցելը չէ, որ մեր չափի պետության ու ազգի համար հաղթանակների այլ փիլիսոփայություն ու կոնցեպտ է պետք գտնել: Հասկանալու, որ «մենք հակառակորդին խաղաղություն կպարտադրենք» ասելիս՝ իրականում խոսքն առավելագույնը մինչեւ հաջորդ պատերազմ դադար պարտադրելու մասին կարող է լինել... Դա կարող է տասնյակ միլիոնանոց բնակչությամբ ու տնտեսապես հզոր երկրների հաղթանակի կոնցեպտ լինել, բայց ոչ երեք միլիոնանոցի ու ոչ այն աշխարհագրական դիրքում գտնվողի, ինչպիսին Հայաստանն է:

Սեպտեմբերի 27-ը բացեց մեր կամավոր թե անգիտակցաբար փակված աչքերը ու հասկացանք, որ ստի ու կեղծիքի մեջ մխրճված Հայաստանը պոտյոմկինյան գյուղերի ֆասադի սկզբունքով է գոյատեւել: Այդ ֆասադն արդեն փլվել է՝ ի տես դնելով դրա հետեւում գտնվող դատարկ խոռոչը:

Մենք հիմա ճամփաբաժանի առաջ ենք. կամ դադարում ենք կեղծիքի ու զգացմունքային բանահյուսության միախառնմամբ նոր ֆասադներ կառուցել եւ միմյանց հետ անկեղծ խոսակցությամբ հաշվարկում իրական հնարավորություններն ու սկսում նորմալ պետություն դառնալ, կամ՝ շարունակում ենք պատմական Հայաստանի քարտեզները գլխներումս՝ ներկան անտեսել ու աշխարհի համար պատմական էքսկուրսներ կատարել՝ հուսալով, որ մի օր մեր պատմությունն այնքան լավ բացատրած կլինենք, որ աշխարհը կասի՝ ա'յ հիմա հասկացանք. բերե'ք Վիլսոնի իրավարար վճիռը, Կավբյուրոյի 1921թ. որոշումը ու էլի ինչ որ ունեք, ձեր խնդիրները լուծենք՝ վերջանա-գնա...

Հիմա հասարակության սթափ մտածող, բանիմաց, ազատ խղճով ու մտքով շերտը պետք է կարողանա որեւէ  ձեւաչափ ստեղծել եւ  հասարակության հետ անաչառ, անկեղծ, քննական ու հանդարտ երկխոսությամբ  բյուրեղացնել ստեղծված իրավիճակից ելքերի ու ապագա կառուցելու հնարավորությունները: Միմյանց դեմ «սրբազան» պատերազմի ելած նախկիններն ու ներկաները նման հարցերով զբաղվելու ժամանակ, ցանկություն ու կարողություն, ըստ ամենայնի, չունեն...

Պատերազմից խուսափելու համար քաղաքական գին վճարել զլացած հների ու նորերի ընթացիկ «թամաշաները» այդ գինը արյունով վճարած հասարակության համար պիտի որ ուշադրության արժանի ամենավերջին բանը լինեն, հատկապես, որ դրանցում դժվար է պետության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ բովանդակություն նշմարել: Հասարակությունը պետք է կենտրոնանա գլխավորի՝ իր եւ պետության զարգացման նոր կոնցեպտի ստեղծման վրա: Նրա առողջ ու կարող ուժերը պարտավոր են համախմբվել եւ պատասխանատվություն ստանձնել՝ մաքրելու հանրության տասնամյակների ստից ու կեղծիքից ախտահարված միտքը եւ նորացված  աշխարհայացքով ու արժեքներով պատրաստվելու նախկիններից ու ներկաներից հետո գալիք ժամանակին...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին