Գերմանիան ընտրում է. Շո՞լց, Լաշե՞տ, թե՞ Բերբոկ - Mediamax.am

Գերմանիան ընտրում է. Շո՞լց, Լաշե՞տ, թե՞ Բերբոկ
1567 դիտում

Գերմանիան ընտրում է. Շո՞լց, Լաշե՞տ, թե՞ Բերբոկ


Բունդեսթագի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները 67-ամյա կանցլեր, քրիստոնեա-դեմոկրատ Անգելա Մերկելի կառավարման տասնվեցամյա փուլի ավարտ եւ նոր ժամանակաշրջանի սահմանագիծ են Գերմանիայի համար:

Չորս անգամ կանցլերի պաշտոնի մրցավազքում հաղթած Muttin՝ «մայրիկը», ինչպես գերմանացիներն են նրան կատակով կոչում, 2017թ. իր չորրորդ կանցլերության մեկնարկին արդեն հայտարարել էր հաջորդ ընտրություններին չառաջադրվելու մասին: Այս ընտրությունները, կարելի է ասել, «Մերկելից հետոն» խորագրով են անցնում ոչ միայն գերմանացիների, այլեւ եվրոպացիների համար. ԵՄ-ի տնտեսական լոկոմոտիվ Գերմանիայից ու նրա նոր ղեկավարից շատ բան է կախված...

Կանցլերի թեկնածուներ են ներկայացրել երեք խոշորագույն կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD), ընտրություններում մշտապես միասնաբար հանդես եկող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) եւ Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU) կուսակցությունները (CDU/CSU, համառոտ՝ Union՝ Միություն) եւ Դաշինք90/Կանաչների կուսակցությունը (Bündnis90/die Grünen):  SPD-ն կանցլերի պաշտոնում առաջադրել է փոխկանցլեր, ֆինանսների գործող դաշնային նախարար, Համբուրգի նախկին քաղաքապետ 63-ամյա Օլաֆ Շոլցին, CDU/CSU-ն՝ Հյուսիսհռենոսյան երկրամասի (Nordrhein-Westfalen)  կառավարության ղեկավար 60-ամյա Արմին Լաշետին, Bündnis90/die Grünen-ը՝ Բունդեսթագի պատգամավոր 41-ամյա Աննալենա Բերբոկին:

Քաղաքական դաշտի պատկերը

Մի քանի օրից պատմության գիրկն անցնող 19-րդ գումարման Բունդեսթագում ներկայացված են վեց կուսակցություններ ու դաշինքներ՝ CDU/CSU, SPD, AfD (Այլընտրանք Գերմանիայի համար), FDP (Ազատ դեմոկրատների կուսակցություն), Die Linke (Ձախերի կուսակցություն), Bündnis90/Die Grünen:

Գերմանիայի քաղաքական դաշտի ամենատարեց եւ ամենաշատ անդամներ ունեցող դերակատարը 150-ամյա SPD-ն է իր 438.000 կուսակցականներով: Անդամների թվով երկրորդ տեղում 1945թ. հիմնադրված CDU-ն է՝ 415.000 կուսակցականներով: Երրորդ տեղում CSU-ն է՝ 139.000 անդամներով: Չորրորդում՝ 1980թ. ԳԴՀ-ում ստեղծված, ապա 1990թ. Գերմանիայի վերամիավորումից հետո նախկին DDR-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի (Bündnis90) հետ միավորված Կանաչների կուսակցությունն է 75.000 անդամներով: Իմիջիայլոց, կլիմայական գլոբալ փոփոխությունների ֆոնին՝ Կանաչների կուսակցության անդամների թիվը միայն անցած երկու տարում ավելացել է մոտ 15 000-ով: Բնապահպանական թեմաների արդիականությամբ պայմանավորված՝ կանաչներին, կարելի է ասել, առանց հատուկ ջանքեր գործադրելու վարկանիշային «բոնուս» է բաժին հասել...

1948թ. հիմնադրված Ազատ դեմոկրատների կուսակցությունը թվաքանակով հինգերորդ տեղում է՝ 64.000 անդամ: Նրան հաջորդում է 2007թ. վերակազմավորված Ձախերի կուսակցությունը 62.000 անդամով: 2013թ. ստեղծված նացիոնալիստական-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար»-ն ունի 33.600 կուսակիցներ: Ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների անդամների թիվը 10.000-ից ներքեւ միջակայքում է:

Խոշորների տասնյակում ընդգրկված կուսակցությունների անդամների ընդհանուր թիվը, այսպիսով, կազմում է մոտ 1 մլն 280 հազար: Սա՝ 83,13 մլն բնակչությամբ Գերմանիայում ընտրողների 60,4 մլն թվի առկայության պայմաններում: Համեմատության համար հիշենք, որ 3 մլն բնակչությամբ Հայաստանում առնվազն երկու կուսակցություններ յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար անդամներ ունենալու տվյալներ են տարիներ շարունակ հաղորդում...

Այս ընտրություններին 47 կուսակցություններ են մասնակցում (մինչեւ 90-ականների կես ընտրություններին մասնակից կուսակցությունների թիվն ընդամենը մեկուկես տասնյակ էր), սակայն վերոհիշյալ երեքից բացի՝ այլ կուսակցություններ կանցլերի թեկնածուներ չեն ներկայացրել, այլ բավարարվել են ցուցակները գլխավորող առաջին դեմք ընտրելով: Գործող քաղաքական մշակույթն այնպիսին է, որ համեստ վարկանիշով արտախորհրդարանական եւ խորհրդարանական կուսակցությունները կանցլերի թեկնածու չեն ներկայացնում գործընթացն այսպես ասած՝ չանլրջացնելու համար:

Կոալիցիոն ավանդույթը

Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1949թ.  հիմնադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (BRD), ապա նրա՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (DDR) հետ 1990թ. վերամիավորումից հետո ընկած ժամանակահատվածում բոլոր կառավարությունները եղել են կոալիցիոն: Ութ կանցլերներից երեքը եղել են սոցիալ-դեմոկրատներ՝ Վիլլի Բրանդտը (1969-1974), Հելմուտ Շմիդթը (1974-1982),  Գերհարդ Շրյոդերը (1998-2005): Հինգ անգամ կանցլերի պաշտոնը վստահվել է քրիստոնեա-դեմոկրատներին՝ ԳԴՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուեր (1949-1963), Լուդվիգ Էրհարդ (1963-1966), Կուրտ-Գեորգ Քիզինգեր (1966-1969), Հելմուտ Քոհլ (1982-1998), Անգելա Մերկել (2005-2021): Սոցիալ-դեմոկրատ երեք կանցլերները կոալիցիա են կազմել կամ ազատ դեմոկրատների կամ կանաչների հետ, իսկ քրիստոնեա-դեմոկրատ կանցլերները՝ ազատ դեմոկրատների կամ սոցիալ-դեմոկրատների հետ:

SPD-ի ու CDU/CSU-ի կառավարությունների կոալիցիոն կրտսեր գործընկերներ ազատ դեմոկրատներն ու կանաչներն ավանդաբար ստացել են արտգործնախարարի առանցքային  պաշտոնը: Օրինակ, Գերհարդ Շրյոդերի կանցլերության ժամանակ կանաչներից արտգործնախարար էր Յոշկա Ֆիշերը: Ազատ դեմոկրատ Հանս-Դիետրիխ Գենշերը որպես արտգործնախարար պաշտոնավարել է 1974-1992թթ. թե սոցիալ-դեմոկրատ կանցլեր Հելմուտ Շմիդթի եւ թե նրան հաջորդած քրիստոնեա-դեմոկրատ Հելմուտ Քոհլի օրոք: Անգելա Մերկելի կառավարությունում եւս արտգործնախարարը  2009-2013թթ. ազատ դեմոկրատ էր՝ Գուիդո Վեսթերվելլեն, իսկ մինչ այդ, 2005-2009թթ. եւ 2013-2017թթ., սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը (ներկայում՝ ԳԴՀ նախագահ): Գործող արտգործնախարար Հայկո Մաասը եւս սոցիալ-դեմոկրատ է:

Դաշնային մակարդակից բացի, միջկուսակցական կոալիցիոն համագործակցության հարուստ փորձ կա նաեւ երկրամասային մակարդակում: Այստեղ գործում են դաշնային մակարդակի կոալիցիաներից տարբերվող դասավորությամբ կոալիցիաներ սոցիալ-դեմոկրատների, քրիստոնեա-դեմոկրատների, ազատ դեմոկրատների, կանաչների ու ձախերի միջեւ: Կոալիցիոն գործընկերություն չկա միայն «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հետ: Խորհրդարանական ներկա կուսակցությունները բացառում են նրա հետ համագործակցությունը նաեւ Բունդեսթագում:

Հավերժ մրցակիցները

Բունդեսթագի մինչեւ 80-ականները եղած ընտրություններում 45-42%-ի միջակայքում արդյունքներ արձանագրած, իսկ դրանից հետո մինչեւ 1998թ. 33-36%-ի սահմանագիծ իջած SPD-ն «ռենեսանս» ապրեց Գերհարդ Շրյոդերի գլխավորությամբ: Բունդեսթագի 1998թ. ընտրություններում SPD-ն ստացավ ձայների 40,9% (CDU/CSU-ն ստացավ 35,2%), իսկ 2002թ. ընտրություններում՝ 38,5%-ը: Իր առաջարկած աշխատանքային եւ սոցիալական ծավալուն բարեփոխումների շուրջ բուռն տարաձայնությունների եւ քննադատության ֆոնին՝ Շրյոդերը որոշում կայացրեց 2005թ. գնալ արտահերթ ընտրությունների եւ ամրացված մանդատով իրագործել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները: Արտահերթ ընտրություններում, սակայն, սոցիալ- դեմոկրատները ստացան ձայների 34,2%՝ քրիստոնեա-դեմոկրատներին զիջելով 1 % -ի տարբերությամբ:

Գերմանիայում, ի տարբերություն շատ այլ երկրների, առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունը մեխանիկորեն չի ստանում կառավարություն կազմելու նախապատվություն-իրավունք, եթե միայնակ չունի 50%+ մեծամասնություն: Բունդեսթագ անցած կուսակցությունների կոալիցիոն բանակցությունների արդյունքից է կախված, թե ով կդառնա կանցլեր, եւ որ ուժերը կկազմեն կառավարություն:

2005-ին ստացված ձայների համամասնությունն այնպիսին էր, որ թե  CDU/CSU-ն  եւ թե SPD-ն  չէին կարող իրենց նախընտրելի կոալիցիոն կրտսեր գործընկերների՝ ազատ դեմոկրատների կամ կանաչների հետ երկկողմ կոալիցիա կազմել, քանի որ 50%+ մեծամասնության համար ձայները չէին բավարարում: Ձախերի ներառումը որպես երրորդ կողմ ընդունելի չէր նրանց համար: Առանցքային հարցերում՝ տնտեսական քաղաքականություն, անվտանգություն, ձախերի հետ մինչ օրս կան մեծ տարաձայնություններ: Նրանք, օրինակ, ձգտում են ՆԱՏՕ-ի կազմալուծման եւ Ռուսաստանի ներառմամբ՝ համաեվրոպական նոր անվտանգային համակարգի ստեղծման, դրա համար անհրաժեշտ համարելով, որ Գերմանիան քայլ առ քայլ դուրս գա ՆԱՏՕ-ից: Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը մնում էր CDU/CSU-SPD կոալիցիան: Սակայն, կանցլերի թեկնածուի հարցը՝ Մերկե՞լ, թե՞ Շրյոդեր, դժվարացնում էր բանակցությունների ընթացքը եւ երկարաձգում այն: Քրիստոնեա-դեմոկրատների ստացած 1% ձայների առավելությունը Բունդեսթագում ընդամենը 4 տեղի տարբերություն էր կազմում. CDU/CSU-ն ուներ 226, իսկ SPD-ն՝ 222 պատգամավոր: Պատային դրությունից դուրս գալու համար սոցիալ-դեմոկրատները, ի վերջո, տեղի տվեցին 1%-ի առավելությունն  ընդգծող եւ առաջին անգամ կին կանցլեր ունենալու հեռանկարը կարեւորող քրիստոնեա-դեմոկրատներին եւ ստորագրեցին կոալիցիոն համագործակցության պայմանագիրը՝ կանցլերի պաշտոնում ընտրելով Անգելա Մերկելին:

Սոցիալ-դեմոկրատների «comeback»-ի շանսը

2005-ից հետո SPD-ի դիրքերը ընտրությունից ընտրություն ավելի թուլացան՝ 2017թ. արձանագրելով երբեւէ ունեցած ամենավատ արդյունքը՝ 20,5%: CDU/CSU-ն եւս լավ օրի չէր: Նա թեեւ կարողացավ 2017թ. 32,9% արդյունքով եւ 25,7% ստացած սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիա կազմելով ապահովել Անգելա Մերկելի չորրորդ կանցլերությունը, սակայն, ակնհայտ էր, որ քրիստոնեա-դեմոկրատներն էլ  են 2013թ. ընտրություններում ստացած իրենց առավելագույն՝ 41,5% արդյունքին երկար ժամանակով հրաժեշտ է տվել:

2021-ի ընտրական տարի SPD-ն մտավ հարցումներում մինչեւ 15% անկում ապրած վիճակով: Այդպիսի մեկնարկային պատկերը կուսակցությանը շրյոդերական «զարթոնքի» հույսեր չէր ներշնչում, հատկապես, որ նրան պակասում էր Շրյոդերի նման խարիզմատիկ թեկնածու:

Երբ SPD-ն ամիսներ առաջ Օլաֆ Շոլցին կանցլերի թեկնածու ընտրեց, շատերն էին կարծում, թե սոցիալ-դեմոկրատները նրա թեկնածությամբ վարկանիշային վերելքի շանս հազիվ թե ունենան: Գունեղ անհատականություն եւ կրքոտ հռետոր Շրյոդերի հակապատկեր, բացառիկ հանդարտ, առանց էմոցիաների խոսքով ու շարժուձեւով, առավելագույնը՝ մեղմ կիսաժպիտով Շոլցը թեեւ պետական կառավարման հարուստ փորձ ունի, բայց համարվում է «խարիզմա» հասկացության հետ անհամատեղելի... Նրա ծայրահեղ հանդարտ կերպարի ֆոնին՝ երկու մյուս թեկնածուները, որքան էլ գերմանական զուսպ ու գործնական ամպլուայում, գերէմոցիոնալ են թվում...

Հեռուստատեսային երեք բանավեճերում եւ վերջին եզրափակիչ հեռուստատեսային «ռաունդում» թեկնածուներից եւ հարց տվողներից ոչ մեկին չհաջողվեց Օլաֆ Շոլցին դույզն ինչ «ալեկոծել»: Նրա անհատական վարկանիշը բանավեճից բանավեճ բարձրացավ: Ըստ հարցախույզների՝ հարցվածների 42%-ը բանավեճերում առավել համոզիչ է համարում Շոլցին, 27%-ը՝ Արմին Լաշետին եւ  25%-ը՝ Աննալենա Բերբոկին: Իսկ նախօրեին կատարված վերջին հարցումներում հարցադրմանը, թե կանցլերին ուղիղ ընտրելու հնարավորություն դեպքում ո՞ւմ կընտրեին՝ հարցվածների 47%-ը գերադասել է Շոլցին, 20%-ը՝ Լաշետին եւ 16%-ը՝ Բերբոկին: Այստեղ, սակայն, չպետք է մոռանալ, որ գերմանացիների համար ընտրություններում առաջնահերթ կողմնորոշիչն ավանդաբար կուսակցությունն է՝ իր գաղափարախոսությամբ, ծրագրային առաջարկով եւ վարած քաղաքականության հետագծով, ոչ թե անձերը, թեեւ վերջին տարիներին անձերի նշանակությունն ընտրարշավում նկատելիորեն մեծացել է:

Այս պահին ակնհայտ է, որ նոր կառավարությունը եւս կոալիցիոն է լինելու եւ, մեծ հավանականությամբ, երեք կուսակցություններից բաղկացած: Ըստ հարցումների արդյունքների՝ երկու կուսակցությամբ 50+ կոալիցիոն մեծամասնություն չի ձեւավորվի, անգամ, եթե սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնեա-դեմոկրատները դարձյալ պատրաստ լինեն կոալիցիա կազմելու, ինչի նախանշան այս պահին չկա: SPD-ն հակված չէ իր ներկա գործընկերոջ՝ CDU/CSU-ի հետ նոր կառավարություն կազմել: Ինչպես բանավեճերից մեկում Օլաֆ Շոլցը իրեն հատուկ մեղմ ժպիտով ասաց՝ «Մեր հարգելի գործընկերներ քրիստոնեա-դեմոկրատները կարող են 16 տարի անընդմեջ կառավարելուց հետո ընդդիմության նստարանին մի քիչ հանգստանալ...»:

Շոլցը բարձրաձայնել է, որ  առաջնահերթ կգերադասեն կանաչների հետ կոալիցիա կազմել, սակայն, ընտրությունների փաստացի արդյունքներով պայմանավորված՝ բաց են բոլոր խորհրդարանական ուժերի հետ, բացառությամբ՝ AfD-ի, կոալիցիոն բանակցություններ վարելու հարցում: Նրա խոսքում նկատելի է, որ ըստ իրադրության՝ չի բացառում նաեւ ձախերին կոալիցիայում ներգրավելու հնարավորությունը: Մինչ օրս ձախերը երբեք դաշնային կառավարության մաս  չեն կազմել, սակայն մի երկրամասում՝ Թյուրինգենում, նրանք երկրամասային խորհրդարանում տարիներ շարունակ մեծ ներկայություն ունեն եւ վստահորեն պահպանում են երկրամասային կառավարության ղեկավարի պաշտոնը: Ձախերի հետ կոալիցիոն գործընկերությունը միանշանակ չբացառելու համար Շոլցը հայտնվել է քրիստոնեա-դեմոկրատների եւ ազատ դեմոկրատների քննադատության թիրախում: Ի պատասխան դրա՝ նա անվրդով կրկնում է, որ իրենց հետ կոալիցիոն բանակցություններ վարողները պետք է պատրաստ լինեն սկզբունքորեն կիսելու առանցքային հարցերում սոցիալ-դեմոկրատների դիրքորոշումները, որոնցից է նաեւ ՆԱՏՕ-ում անդամակցության վերանայման ենթակա չլինելը:  

CDU/CSU-ի հույսերը, որ 2021թ. ընտրություններում նոր թեկնածուով կկարողանա գոնե նախկին դիրքերը պահպանել, ընտրարշավի ավարտի դրությամբ ի դերեւ են ելել: Նախորդ երեք շաբաթների հարցումներով վարկանիշային սանդղակում 25,2%-ով առաջատարը շարունակում է SPD-ն լինել:  CDU/SCU-ն թեեւ վերջին մի քանի օրերին կարողացավ իր վարկանիշը 21,6%-ից հասցնել 23%-ի, բայց ակնհայտ է, որ դա լավատեսության բավարար հիմք չէ:

Խորհրդարանական մյուս կուսակցությունների դիրքերը վարկանիշային աղյուսակում այսպիսին են. Bündnis90/Die Grünen՝ 16,5%, FDP՝ 11%, AfD՝ 10,0%, Die Linke՝ 6,0%: Ընտրություններին մասնակցող մնացյալ կուսակցությունները միասին, որոնք ըստ հարցումների՝ անցումային 5% շեմից ներքեւ են, դեռ մեկ շաբաթ առաջվա տվյալներով հաշվարկվում էին ընդհանուր (քանի որ բոլորն անգամ 3%-ից ցածր արդյունքով էին) եւ կազմում էին 8,9%: Ընտրություններից երկու օր առաջվա դրությամբ, սակայն, նրանցից մեկին՝ 2010թ. հիմնադրված Ազատ Ընտրողների կուսակցությանը (Freie Wähler) հաջողվել է հասնել 3%-ի: Այնքան էլ փոքր չէ հավանականությունը, որ նրանք կկարողանան հաղթահարել անցումային շեմը, քանի որ չկողմնորոշված ընտրողներ (մոտ 30%) եւ դաշնային քաղաքական դաշտում «թարմ արյուն» ներարկելու կողմնակիցներ շատ կան: Ազատ Ընտրողները մինչ այս ներկայացված են երկու երկրամասային խորհրդարաններում, Եվրախորհրդարանում, նաեւ ներգրավված են Բավարիայի երկրամասի կառավարությունում:

Ինչ թեմաներ են հուզում գերմանացիներին

Ընտրարշավում գլխավոր թեմաներն առնչվում են ներքին խնդիրներին: Առաջնահերթ են տնտեսական քաղաքականությունը՝ ի դեմս հարկային վերանայումների եւ էներգետիկ քաղաքականությունը՝ ի դեմս ատոմային էներգետիկայից եւ ածխի արդյունահանումից հրաժարվելու, արեւային ու քամու էներգիայով, ջրածնային նոր տեխնոլոգիաներով էներգետիկ շրջադարձ կատարելու պլանների: Բնակլիմայական փոփոխություններին դիմագրավումը, տրանսպորտային հաղորդակցության նոր լուծումները, սոցիալական արդարությունը, աշխատանքի վարձատրության նվազագույն շեմի բարձրացումը, կենսաթոշակային եւ բժշկական ապահովագրության բարեփոխումները, բնակարանների վարձակալության գների զսպումը, մասշտաբային թվայնացումը, ներգաղթը եւս քննարկումների կիզակետում են:  

Այս թեմատիկ «ջունգլիից» գլուխ հանելու համար, ամեն ինչ համակարգելու գերմանական ջիղին համապատասխան, ստեղծվել է մի էլեկտրոնային հարթակ, որտեղ այսպես ասած՝ բանկոմատի սկզբունքով քաղաքացին ներմուծում է հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ բազում այլ ոլորտների վերաբերյալ հարցաշարին իր դիրքորոշում-պատասխանները եւ ստանում եզրակացություն, թե որ կուսակցության նախընտրական ծրագիրն է մոտ իր դիրքորոշումներին, եւ թե կուսակցություններն ինչպես են հիմնավորում նախընտրական ծրագրերում ընդգրկված այս կամ այն տեսակետները: 15 միլիոնից ավելի քաղաքացի արդեն օգտվել է այդ հարթակից: Դրանից բացի, կան տեղեկատվական բազում հարթակներ, որոնցում ընտրությանը մասնակից բոլոր կուսակցությունների ծրագրային դիրքորոշումները, նաեւ՝ նրանց թեկնածուների բանավոր խոսքում այդ թեմաներով արված հայտարարությունները  համեմատական ձեւով ներկայացված են:

Որքան էլ որ հարցախույզներն ընտրության ելքի միտումներն արդեն ուրվագծել են, այնուամենայնիվ, անակնկալ արդյունքների սպասում կա: Գերմանացիները չեն մոռացել, թե ինչպես նախորդ ընտրություններին ընդամենը մի քանի տարվա կենսագրությամբ միջինից մինչեւ ծայրահեղ աջ հոսանքներով AfD-ն ինչպես ասում են՝ կանգնած տեղից 12,6% արդյունքով հայտնվեց  Բունդեսթագում: Դա, ի դեպ, համարվեց Անգելա Մերկելի կառավարությանը տրված «մտորելու երկտող» (գերմաներենով՝ Denkzettel): Դրա հիմնական պատճառը համարվում է 2015 թ. մեկ միլիոնից ավելի ներգաղթյալների անկանոն ու անվերահսկելի մուտքը Գերմանիա եւ դրան հաջորդած ահաբեկչությունների շղթան, ինչը AfD-ն դարձրել էր հիմնական նախընտրական թեմա՝ վախ ու ատելություն սերմանելով այլազգիների, հատկապես՝ այլ կրոնական դավանանքի ներկայացուցիչների հանդեպ:

Ընտրությունների նախօրեին Գերմանիայում տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտը համընդհանուր «relax» է հիշեցնում. ինչպես գերմանացիներն են սիրում նման իրավիճակներում ասել՝ մնում է գարեջուր խմել եւ սպասել...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին