Արցախի հարցում ամեն ինչ կորած չէ - Mediamax.am

Արցախի հարցում ամեն ինչ կորած չէ
4239 դիտում

Արցախի հարցում ամեն ինչ կորած չէ


Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբեւէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, եւ վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում եւ բանակցությունների սեղանի շուրջ:

Առաջին վտանգավոր միտումն այն է, որ սահուն անցում է կատարվում Արցախի՝ օրակարգի առաջնային հարց լինելուց դեպի զուտ Հայաստան-Ադրբեջան երկկողմ օրակարգին։ Սրա արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնական դերակատարների մայրաքաղաքներում ձեւավորվում են մեզ համար վնասակար նոր կարծրատիպեր, որոնք հիմնված են երեք փաստարկումների վրա.

ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է,

բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր, եւ նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել,

գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագա:

Սա գերիշխող ընդհանուր տրամադրությունն է արեւմտյան տերությունների՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, մասամբ նաեւ Ռուսաստանի մոտ:

Ներկայում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ Արեւմուտքը ցանկանում է հարցի հնարավորինս շուտ լուծում, հետեւաբար առատաձեռն ֆինանսական օգնություն է առաջարկում հայկական կողմին՝ գործարքը քաղցրացնելու համար, մինչդեռ Ռուսաստանը չի շտապում հասնել հանգուցալուծման:

Պարզապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ մի փոքր կաշկանդված է, քանի որ նա, կամա թե ակամա, ստանձնել է նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի դրույթների կիրառման եւ՛ միջնորդի, եւ՛ երաշխավորի դերը: Այդ առումով մանեւրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Երկրորդ միտումն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր օրակարգը պարտադրել Հայաստանին։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական եւ բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաեւ անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ, առհասարակ, շահերից։ Ավելին, խաղաղության համաձայնագիրը, որ Ադրբեջանը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, որն իր պատկերացմամբ՝ ներառում է Ղարաբաղը, կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրանք, ովքեր քվեարկել են նրա կամ ընդդիմության օգտին, չեն որոշում Արցախի ճակատագիրը: Արցախի ճակատագիրը կանխորոշված է՝ այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անկախության կայծը, մեր հողն ու ջուրը, արյունը, մեր ինքնությունը:

1994-ի մայիսի 12-ի զինադադարից ի վեր Հայաստանի բոլոր վարչակազմերը՝ անկախ դիվանագիտական լեզվից, որ նրանք ընտրել են կարգավիճակի շուրջ բանակցություններում՝ անկախություն, ինքնորոշում, կամ մտել են «դե ֆակտո եւ դե յուրե» բառախաղի մեջ, վերջնական նպատակը միշտ եղել է այն, որ ի վերջո մի օր Արցախը դե յուրե կվերադառնա Հայաստան:

Ես կարծում եմ՝ այսօրվա հրամայականն է, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի նոր խորհրդարանի դիմաց եւ բարձր ամբիոնից հայտարարի՝ «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի եւ հաստատի որեւէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:

Սա անմիջապես կփոխի ազգային տրամադրությունը, հստակ ուղերձ կուղարկի Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը՝ մեր իրավունքներն ու երկիրը պաշտպանելու մեր վճռականության մասին:

Բայց այս դիրքորոշմանը արժանահավատություն եւ կենսունակություն հաղորդելու համար Հայաստանը պետք է ունենա հստակ ճանապարհային քարտեզ իր առաջիկա քայլերի եւ քաղաքականության համար:

Նախ, հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումները եւ մեր տարածաշրջանի նկատմամբ արեւմուտքի եւ արեւելքի արտահայտած այնքան հաճախ հակասական հետաքրքրությունները՝ Հայաստանը, պահպանելով Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, անհրաժեշտության դեպքում՝ առավել խորացնելով, պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականությանը։ Այսօր Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ չօգտվելու իր ազգային խնդիրներն առաջ տանելու համար ընձեռված բոլոր հնարավորություններից, նույնիսկ, եթե այդ բեւեռների միջեւ հարաբերությունները շատ լարված են։

Երկրորդ, Հայաստանը պետք է միանշանակ հաստատի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ պահին Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի եւ ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղության, ինչպես նաեւ հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։

Երրորդ, Հայաստանը պետք է հայտարարի, որ ընդունում է, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գաղափարը միայն, եթե այն ներառի հետեւյալ դրույթները․

1) Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր,

2) Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ եւ անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան,

3) Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում,

4) Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի, բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։

Հայկական բանակի մարտունակությունը չափազանց կարեւոր է: Բայց դրա օգտակարությունը սահմանափակվում է ադրբեջանական ոտնձգությունները զսպելու կարողությամբ: Այսօր բանակը չի լուծելու եւ չի կարող լուծել մեր առջեւ ծառացած գերակա խնդիրները: Դա կարելի է անել միայն արդյունավետ դիվանագիտական ջանքերի միջոցով։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին