«Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է - Mediamax.am

«Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է
6032 դիտում

«Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է


ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

Մաս Դ

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Մաս Բ-ն կարդացեք այս հղումով:

Մաս Գ-ն կարդացեք այս հղումով:

Եկեղեցի

Սրբությանն անմաքուր մոտենալուց ի՞նչ ենք շահելու: Միայն վնասելու ենք մեզ: Հավատքի եւ դավանության մասին դատողություններ անելը ի՞նչ իմաստ ունի, եթե դեռ կառչած ենք մեր ներքին անհավատությունից եւ կռապաշտությունից: Հնարավո՞ր է արդյոք դրսից գաղափար կազմել ներսի մասին, եթե մենք մի անգամ չենք բացել դուռը եւ ներս մտել:  Բայց մենք հենց այդպես ենք վերաբերվում մեր Եկեղեցուն, որը դարերով եղել է Աստծո ներկայության, սրբության լույսի, հոգեւոր գիտակցության հաստատությունն ու պահապանը մեր ազգային կյանքում: Զբաղվում ենք ամեն տեսակ հիմարությամբ, մեր կյանքը վատնում մոլորությունների մեջ, վազում ամեն տեսակ սին պատրանքների հետեւից եւ համառորեն խուսափում ենք ճշմարտությանը առերեսվելուց: Որովհետեւ վախենում ենք: Որ հանկարծ կհանդիպենք ճշմարտությանը եւ ստիպված կլինենք պատասխանատվություն ստանձնել: Վախենում ենք, որ ստիպված կլինենք հավատքով ապրել եւ հետեւել ճշմարտությանը: Եկեղեցու ներքին իրականությունը հենց ճշմարտության մասին է: Այդ է հաստատում Պողոս առաքյալը` Եկեղեցին կոչելով «ճշմարտության սյուն եւ հաստատություն»: Այդ Ճշմարտությունը Աստծո սիրո եւ մարդու փրկության, հոգեւոր լույսի եւ ներքին ազատագրման մասին է եւ վեր է այս աշխարհի պիղատոսյան հարցադրումների հարթություններից:

Եկեղեցի իսկապես մտնելու եւ նրա ներքին փրկական ճշմարտությանը հաղորդակից լինելու միակ ճանապարհը հավատքն է: Հավատքից դուրս բոլոր ճանապարհներն այլ տեղ են տանում: Կարիք չկա «արժեւորել» Եկեղեցին` նրա դերը սահմանափակելով սոսկ ազգապահպանական եւ պատմամշակութային գործառույթներով: Կամ հիանալ եկեղեցական ճարտարապետության կամ երաժշտության գեղեցկությամբ, բայց չգիտակցել, որ դրանք արդյունք են հոգեւոր կատարելության փնտրումների: Կամ զմայլվել Նարեկացու խոսքի պերճանքով եւ չաղոթել: Իրական հավատքը ոչ մի կապ չունի սնահավատության, անպտուղ համոզմունքների եւ կույր մոլեռանդության հետ: Հավատքը մարդկային կյանքի մեծագույն պարգեւն է եւ հիմնարար զորությունը: Մենք հավատքով ենք ապրում, իսկ առանց հավատքի պարզապես գոյատեւում ենք: Հավատքից են ծնվում սրբությունը, ազատությունը եւ ստեղծարարությունը:

Ուրեմն հավատքով բացենք Եկեղեցու դուռը եւ ներս մտնենք: Այնտեղ մեզ են սպասում ոչ միայն հիմա, այլեւ` դարերով: Սպասում են Տերը եւ Նրա զորությունները, երկնավոր սուրբերը եւ մեր երկրավոր դավանակիցները: Եկեղեցին հավաքում է մեզ որպես Աստծո ժողովուրդ: Եկեղեցի բառը գալիս է հունարեն «էկլեզիա» բառից եւ նշանակում է հավաք, ժողով կամ ժողովուրդ: Եկեղեցին մեզ հավաքող, ժողովող, ժողովուրդ եւ ազգ դարձնող զորությունն է: Եվ մեր հավաքվելը ունի հիմք, իմաստ եւ նպատակ: Հիմքը հավատքն է, իմաստը` փրկությունը, նպատակը` աստվածացումը: Այդ փրկական հավաք-էկլեզիան Սուրբ Գիրքը ներկայացնում է որպես Քրիստոսի խորհրդական (միստիկ) մարմին կամ Աստծո թագավորության երկնային տաճար, իսկ հավատացյալները այդ մարմնի անդամներն են կամ տաճարի կենդանի քարերը: Քարերից կառուցված նյութական տաճարը աննյութական Եկեղեցի-տաճարի նշանակն է:

Աստված Եկեղեցու միջոցով հավաքում է իր զավակներին, Իր սրբազան շնորհաբաշխություններով կերակրում ու զորացնում նրանց, սիրո շաղկապով կապում միմյանց հետ եւ եկեղեցացնում մեզ: Եկեղեցին մեր հոգեւոր մայրն է: Ինչպես մարմնով ենք մեկ անգամ ծնվում, այնպես էլ մեկ անգամ ծնվում ենք հոգով Եկեղեցու սբ Ավազանից: Եկեղեցին՝ որպես մայր, պահապանն է իր զավակների եւ անընդհատ աղոթում է նրանց համար, թեպետ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում եւ զգում են դա: Եկեղեցու կենդանի ներկայությունը մեր կյանքում փրկում է մեզ հոգեւոր որբությունից: Որքան էլ մարդիկ հեռանան կամ օտարանան Եկեղեցուց, նրանք միշտ վերադառնալու հնարավորություն ունեն, որովհետեւ Եկեղեցին միշտ իր տեղում է: Մեր հասարակության` իր գաղափարական որբության զգացողությունից ազատվելու միակ ճանապարհը Եկեղեցի վերադառնալն է: Մեր միասնականությունը խաթարված է, միասին մտածել եւ արարել չգիտենք, որովհետեւ որպես հասարակություն եկեղեցացած չենք: Եկեղեցին նաեւ մեզ է հավաքում ներքնապես, մարդ դարձնում եւ տաճարացնում այս շեղումներով լի աշխարհում: «Ով եմ ես»-ի գաղտնիքը մեր ներքին տաճարում է: Եկեղեցում լինել կամ Եկեղեցունը լինել նախ եւ առաջ նշանակում է եկեղեցանալ ներքին աստվածպաշտությամբ, սրտի ներքին տաճարում մեր պատարագը մատուցել մեզ համար պատարագված Տիրոջը:

Քրիստոնեությունը` որպես կյանքի արժեքային հիմք եւ հոգեւոր ազատագրման ճանապարհ, իր էությամբ վերազգային է եւ համամարդկային: Սակայն ժամանակի մեջ նրա կայացումը եւ գոյությունը ազգային է եւ ունի իր առանձնահատկությունները: Ազգայինի եւ համամարդկայինի այս միասնությունը ընձեռում է թե՛ մեծ պատկերի մաս կազմելու առավելություն, թե՛ սեփական ինքնությունը իմաստավորելու հնարավորություն: Մեր Եկեղեցին առանձնանում է իր ուրույն դավանաբանությամբ, որի սիրտը քրիստոսաբանությունն է: Հիսուս Քրիստոսի նկատմամբ ճշմարիտ հավատքը, ըստ Եկեղեցու, փրկության հիմքն է, եւ Աստծուն հետեւող յուրաքանչյուր ազգի կարելի է բնորոշել նրա քրիստոսաբանական իդեալով: Հայ Եկեղեցու քրիստոսաբանական համակարգը արեւելաքրիստոնեական հոգեւոր ժառանգության մեծագույն գանձն է: Մենք անընդհատ պայքարել ենք մեր հավատքի մաքրության համար եւ իրավամբ համարում ենք,  որ պահպանել ենք առաքելական ակունքներից սերող հավատքի մի անաղարտ գիծ: Ահա թե ինչու մեր Եկեղեցու համառոտ անվանման մեջ շեշտում ենք այդ կարեւոր առանձնահատկությունը եւ համարում, որ մեր հավատքը առաքելական է, եւ մենք առաքելական ազգ ենք: Եվ առաքելականությունը ոչ միայն հոգեւոր ծագումնաբանություն է, այլեւ կենդանի առաքելություն, որը կոչված ենք իրականացնելու այսօր:

Մեր դավանական հիմքի վրա ձեւավորվել է մի եզակի հոգեւոր-ազգային մշակույթ: Մեր եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ չէ աստվածայինի անհասանելիությունը եւ մարդու ոչնչությունն ընդգծող վերամբարձ մոնումենտալիզմը․ընդհակառակը` մեր եկեղեցիներում երկնային վայելչությունն ու մարդակերպ համամասնությունները ներդաշնակորեն միաձուլված են` հարազատորեն մարմնավորելով Աստծո մարդեղության խորհուրդը: Մեր հոգեւոր երաժշտության մեջ երկնային վեհությունը եւ մարդկային ջերմությունը խորհրդաբար միավորված են` որպես աստվածայինի եւ մարդկայինի միության խորհրդանիշ: Իսկ մեր լեզուն իսկապես աստվածային գաղտնիք ունի իր մեջ: Եվ պատահական չէ, որ այդ լեզուն երկնային թռիչքի թեւեր է ստացել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյանի» շնորհիվ, որ աղոթքի ամենամեծ ստեղծագործությունն է մարդկության պատմության մեջ: Աղոթքը խոսքի բարձրագույն սուրբ վիճակն է, իսկ խոսքը` մարդու աստվածանմանության նշանակը: Որովհետեւ Աստծո միածին Որդին` Աստծո Խոսքը, դարձավ մեզ նման մարդ: Այս հոգեւոր ժառանգության կենդանի կրիչը դառնալու համար մենք պետք է տեսնենք եւ գիտակցենք այդ ամենը սնուցող եւ միասնության մեջ պահող հավատքի զորությունը եւ դավանական ամրությունը: Ազգի էությունը նրա հավատքի հիմնական կոդն է: Ազգը` որպես հոգեղեն ուժ, պարզապես հավաքական հավատք է: Այս առումով Հայ Եկեղեցին մեր ինքնության պահապանն է: Սա ենթագիտակցաբար ընդունում են շատերը, եւ ոմանք, անգամ տարրական պատրաստություն չունենալով, փորձում են «պաշտպանել» Եկեղեցին «հարձակումներից»: Սակայն Եկեղեցին պաշտպանել հնարավոր չէ, որովհետեւ նա՛ է մեզ պաշտպանում, իսկ «հարձակվողը» մարտնչում է ինքն իր դեմ: Մենք պարզապես ինքներս մեզ տեսնելու եւ գտնելու կարիք ունենք: Եվ հենց գտանք մեզ, կտեսնենք, որ Եկեղեցու գրկում ենք:

Հայ Եկեղեցու մյուս կարեւոր առանձնահատկությունը կրթության նկատմամբ վերաբերմունքն է: Եկեղեցին հիմնել եւ դարերով իր սրտում է պահել հայ դպրությունը: Ե դարից սկզբնավորված սբց Թարգմանչաց շարժումը դարձավ հայ ժողովրդի ճանաչողական, արժեքային եւ մշակութային ամբողջականությունը ապահովող առանցքը: Մենք նվիրականացրել ենք թարգմանության գաղափարը եւ սբց Թարգմանչաց հատուկ տոն սահմանել` որպես մեր ինքնության կարեւոր վկայություն: Մենք համարել ենք, որ թարգմանությունը արվեստների արվեստ է, որ աստվածային անեղ իմաստները հասանելի է դարձնում հողեղեններիս: Թարգմանիչը Աստծո թարգմանն է կամ խորհուրդների մեկնիչը: Թարգմանությունը նաեւ համամարդկայինի նկատմամբ բաց լինելու, մեծ պատկերի մաս կազմելու, լավագույնը վերցնելու եւ սեփականը ստեղծելու կարողությունն է: Կրթությունը լայն իմաստով թարգմանություն է, մենք անընդհատ պետք է թարգմանենք, մեկնենք, իմաստավորենք որոշակի իրողություններ: Անցյալը` որպես հիմք, թարգմանության կարիք ունի, իսկ առանց ապագան թարգմանելու` ներկան իմաստազրկվում է: Մեր ինքնության եւ ազգային առաքելության միջուկը, իմ խորին համոզմամբ, աղերսված է թարգմանության խորհրդի հետ: Եթե մարդկությունը ինչ-որ արժեքներ կորցնում կամ մոռանում է, մեկը պիտի լույսի եւ ճշմարտության թարգման լինի: Բայց մեծին հասու լինելու համար փոքրի մեջ պիտի հավատարիմ լինել: Ամեն ինչ սկսվում է սեփական կրթության նկատմամբ հարգանքից եւ պատասխանատվությունից: Տալ կարող է նա, ով ունի:

Մենք արդեն երկար ժամանակ է` շուրջ վեց հարյուր տարի, որեւէ մեծ փայլատակում չենք ունեցել աստվածաբանության եւ կրոնափիլիսոփայության անդաստանում: Հայ աստվածաբանական մտքի եւ հոգեկեցության վերջին խոշորագույն ներկայացուցիչը սբ Գրիգոր Տաթեւացին է: Վանական մեծ դպրոցները` որպես հոգեւոր իդեալների եւ մշակույթի հունցման եւ բյուրեղացման օջախներ, սկսեցին կորցնել իրենց ուժն ու ազդեցությունը եւ այնուհետեւ իսպառ անհետացան մեր կյանքից: Ինչո՞վ է պայմանավորված այս մեծ հոգեւոր լռությունը, եթե չասենք` ամլությունը: Այդ շրջանը համընկնում է օսմանյան կայսրության ժամանակաշրջանի հետ, որի աղետալի ազդեցությունները մեր մշակույթի եւ անգամ լեզվամտածողության վրա ակնհայտ են: Սակայն թե ինչու է մեր հոգեւոր անդաստանը չորացել եւ ինչպես է մեր ներքին պաշտպանական համակարգը կոտրվել, առանձին ուսումնասիրության կարիք է զգում: Իսկ վերջին երկու հարյուր տարին գաղափարական գայթակղությունների եւ մոլորութիւնների ժամանակաշրջան էր, եւ մենք անպաշտպան նետվեցինք աշխարհակործան փորձությունների եւ փորձարկումների հորձանուտը: Մենք վերջնականապես արմատախիլ եղանք մեր արմատներից, եւ «հոգեւոր հայը» լքեց պատմության ասպարեզը: Մեծ իդեալների պատմություն վերադառնալու հույսը մնաց որպես ապագայի խնդիր: Հիմա մեր սերունդը կանգնած է մի մեծ հոգեւոր անդունդ հաղթահարելու հրամայականի առջեւ: Իսկ մենք արդյո՞ք կենտրոնացած ենք, թե՞ ճշմարտությունը գտնելու պատասխանատվությունը սիրով թողնում ենք մեր երեխաների վրա:

Մեր հոգեւոր ինքնագիտակցության եւ ազգային նպատակների փնտրումների մեջ հոգեւորականության դերն առանցքային է: Իսկ ո՞վ է հոգեւորականը: Սա մեծ հարցականն է մեր սերնդի, որ խնդիրների մեջ խորանալու կարողություն եւ ցանկություն չունի: Մենք անընդհատ չափչփում եւ մեծամտաբար թիրախավորում ենք հոգեւորականներին` առանց խորհելու, որ մեր չափման միավորները եւ գործիքները ամենեւին չեն համապատասխանում տվյալ խնդրին: Մեր աչքի գերանը չտեսնելով` ուզում ենք հայտնաբերել ուրիշի աչքի շյուղը: Կամ եթե չենք աղոթում կամ ընդհանրապես չգիտենք, թե ինչ է աղոթքը, ինչպե՞ս պիտի հասկանանք աղոթողին, առավել եւս` աղոթքի սպասավորին: Իսկ աղոթող մարդը ազգի խիղճն ու պահապանն է: Գիտակցու՞մ ենք, որ մեր գոյությունը կախված է նրա աղոթքներից: Բոլոր ասպարեզներում էլ կլինեն մարդիկ, որոնք չեն համապատասխանում իրենց կոչմանը: Սակայն դրանից տվյալ ասպարեզի կարեւորությունը չի նվազում: Իսկ խոսքը ոչ թե ինչ-որ մասնագիտական ոլորտի մասին է, այլ սրբության: Եկեղեցին սրբություն է եւ մեր հավատքի նվիրական հաստատությունը: Հոգեւորականը այդ սրբության խորհրդանիշն է եւ փոխանցողը: Անկախ նրանից, թե նա հոգեւոր ինչ մակարդակում է գտնվում, Աստված իր ժողովրդին չի զրկում իր շնորհների փոխանցականությունից: Ուրեմն հոգեւորականը փոխանցում է մի բան, որի սեփականատերն ինքը չէ: Սա տեղի է ունենում ձեռնադրության շնորհով, որը աստվածային սրբությունները զերծ է պահում մարդկային աղավաղումներից: Հոգեւորականին կարող է տեսնել եւ գնահատել միայն հոգեւոր մարդը, որն ունի նաեւ ավետարանական զգուշացում` «Մի՛ դատիր, որպեսզի չդատվես»: Առողջ հասարակությունը պետք է ունենա որոշակի սահմաններ, որոնցից անդին լռությունը գերադասի խոսելուց: Մեր ազգի հզորությունը ուղղակի կախված է հոգեւորականներից: Նրանց պետք է աջակցել եւ զորակցել, նրանց համար պետք է աղոթել: Եթե մենք ունենք սրբության իդեալ, սրբության մեջ պտուղ ենք տալիս եւ ուզում ենք նվիրյալ հոգեւորականություն ունենալ, անպայման կունենանք: Սակայն չմոռանանք, որ հունձքի Տերը աշխատում է: Եվ երբեմն մենք հնձում ենք այն, ինչ չենք սերմանել: Այս պատերազմի օրերին որտե՞ղ էին մեր հոգեւորականները: Մեր զինվորների կողքին, մեր զավակների հետ: Այսպիսին է մեր Եկեղեցու վկայությունը այսօր եւ միշտ: Եկեղեցին դարերով մեզ հավաքել եւ ամրացրել է, մաքրել եւ լուսավորել, կրթել եւ զորացրել: Եկեղեցին մեզ դարձրել է ազգ եւ Աստծո ժողովուրդ: Ժամանակն է բացելու մեր աչքերը եւ նայելու ճշմարտությանը:

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Մաս Բ-ն կարդացեք այս հղումով:

Մաս Գ-ն կարդացեք այս հղումով:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակն է եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ժամանակը մեզ չի սպասում
Մեր ընտրանին