Ժամանակը մեզ չի սպասում - Mediamax.am

Ժամանակը մեզ չի սպասում
5427 դիտում

Ժամանակը մեզ չի սպասում


                         ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ.
    Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

Մաս Գ

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Մաս Բ-ն կարդացեք այս հղումով:

Կրթություն

Այսօրվա խիստ մրցակցային աշխարհում յուրաքանչյուր ազգի կենսունակության և զարգացման հիմքը կրթությունն է: Որակյալ կրթությունը համարվում է մարդու ամենամեծ հարստությունը: Գիտակից մարդիկ ճիգ ու ջանք չեն խնայում` իրենց երեխաներին սովորելու լավագույն հնարավորություններ տալու համար: Առաջատար պետությունները և մասնավոր հաստատությունները մրցավազքի մեջ են սովորելու արդյունավետությունը բարձրացնելու խնդրում: Կրթությունը դարձել է մի հսկա համաշխարհային շուկա, որում կողմնորոշվելու համար առնվազն պետք է հստակեցնել մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ: Արդյո՞ք կրթությունն այսօր համապատասխանում է մարդու էությանը և հիմնարար ձգտումներին: Կրթությունն ազատագրո՞ւմ է մարդուն և ստեղծարա՞ր դարձնում, թե՞ բարոյապես բարդույթավորում և կապանքում որոշակի ստանդարտ մտածողության մեջ: Որքանո՞վ է գիտելիքի ձևավորումը համահունչ սովորողի բարոյական աճին: Ազգայինը և համամարդկայինը որքանո՞վ են ներդաշնակված: Կրթական ծրագրի վերջնարդյունքները համապատասխանո՞ւմ են արդյոք արդի գիտատեխնոլոգիական սրընթաց զարգացումների պահանջներին:

Սկսենք գաղափարական հարցապնդումների հստակեցումից: Ժամանակակից կրթությունը հայտնվել է աշխարհայացքային խոր ճգնաժամի մեջ և հիմնականում զբաղված է մարդուն համակարգային գործիք դարձնելով: Կրթությունը կտրվել է փիլիսոփայությունից և կորցրել իր հոգին: Ճշմարիտ մարդը` որպես Աստծո պատկեր և նմանություն, անհետանում է պատմության թատերաբեմից: Կրթության հոգեզրկման այս գործընթացի վրա երկու գործոն ճակատագրական ազդեցություն են ունեցել: Առաջինը այսպես կոչված լուսավորության դարաշրջանի մտածողությունից սերած կրթության աշխարհիկացումն է: Եկեղեցին` որպես մարդու հոգևոր մտածողության և բարոյական աճի երաշխավոր, հետևողականորեն դուրս մղվեց կրթությունից: Առաջացած բարոյամտածելակերպային դատարկությունը լցվեց ազատական, կեղծ գիտական և քողարկված աղանդավորական գաղափարներով: Աստվածակենտրոնությունը փոխարինվեց աստվածամերժ մարդակենտրոնությամբ, իսկ քրիստոնեական մարդասիրությանը եկավ փոխարինելու մարդապաշտությունը (հումանիզմ): Մարդը, կորցնելով հոգևոր գիտակցությունը, հայտնվեց հորինված ազատության ծուղակում: Իսկ այս մեծ փորձարկման զոհ դարձած դպրոցը` մարդակերտման դարբնոցը, զրկվեց հոգևոր արժեքների ինստիտուցիոնալ պատասխանատուից և երաշխավորից` Եկեղեցուց: Հոգևորի ինստիտուցիոնալ պատասխանատվությունը բարդվեց աշխարհիկ պետության վրա, որն անկարող էր այդպիսի առաքելություն իրականացնել: Արդյունքում պատասխանատվության դատարկությունից օգտվեցին քողարկված կամ բացահայտ հակաքրիստոնեական ուղղություն ունեցող համաշխարհային ուժերը և սկսեցին պետություններին պարտադրել իրենց օրակարգերը` կրթության մեջ դարերով բյուրեղացած արժեքային հիմքերն աղավաղելով: Երկրորդ պատճառը կրթության համապատասխանեցումն էր այդ նույն ժամանակաշրջանում ձևավորված արդյունաբերական հեղափոխության պահանջներին: Դարերի խորքից եկած` իմաստության և ներքին կատարելության հասնելու հիմնական իդեալը փոխարինվեց ստանդարտներով: Դպրոցը սկսեց հեռանալ իր գոյաբանական գործառույթից և վերածվեց շուկայական պահանջներին համապատասխան մարդ արտադրող գործարանի, կրթության արժեքային կամ հոգևոր հիմքերը սկսեցին հետզհետե խարխլվել, և դպրոցը գաղափարական առաջամարտիկից վերածվեց շուկայական պահանջարկի մատակարարի: Արագորեն աճող պահանջարկը էապես ազդեց կրթության բովանդակության և որակի վրա: Կրթության բարձր առաքելությանը համապատասխան որակյալ ուսուցիչների կշիռը հետզհետե նվազեց այդ ասպարեզում հայտնված անհրապույր արհեստավոր-մասնագետների համեմատությամբ: Ցածր վարձատրությունը, այլ մասնագիտությունների գրավչությունը, պետական քաղաքականության անհեռատեսությունն իրենց հերթին հանգեցրին նրան, որ տաղանդավոր մարդիկ սկսեցին խուսափել ուսուցչի մասնագիտությունից: Դպրոցները սկսեցին լցվել մարդկանցով, որոնք չունեին բարձր ձգտումներ և այլ ոլորտներում կայանալու հնարավորություններ: Առաքելությունը փոխարինվեց մասնագիտությամբ, և որակը զոհվեց հանուն ծավալի:

Լավ կրթությունը արտաքին աշխարհի ճանաչողությանը զուգահեռ պետք է ապահովի սովորողի ինքնաճանաչողության զարգացումը: Սակայն արդյո՞ք այսօր կրթությունը սեփական ինքնության բացահայտման և կայացման ճանապարհ է: Թե՞ կրթությամբ մարդն ավելի շուտ կորցնում է իրեն, քան գտնում: Համենայն դեպս ժամանակակից կրթությունը չունի ինքնատեսողության և ինքնավերլուծության, սեփական մտքերի և ապրումների կառավարման, ցանկությունների և կրքերի տիրապետման որևէ լուրջ գործիքակազմ: Հոգևոր գիտակցության ճանապարհին կուտակված դարավոր փորձառությունը պարզապես անտեսված է: Արդյունքում դպրոց և համալսարան ավարտած մարդն իր հուզական խելամտությամբ և ինքնատիրապետման կարողությամբ կարող է ունենալ նախադպրոցական երեխայի մակարդակ: «Ո՞վ եմ ես» գոյաբանական հարցադրման պատասխանը բացահայտելու հույսը, փաստորեն, թողնված է անհատի վրա: Մարդը կա՛մ հրաշքով գտնում է իրեն` դուրս գալով կրթության համակարգային փակուղուց, կա՛մ անընդհատ փախչում իր հետ առերեսվելուց` կապանքվելով իր ներքին բարդույթների մեջ: «Ո՞վ եմ ես»-ի մյուս կարևոր բաղադրիչը ազգային և հոգևոր պատկանելությունն է կամ հավաքական ինքնությունը: Մենք այնպիսին ենք, ինչպիսին տեսնում ենք մեզ մեր հավաքական ինքնության հայելու մեջ: Ինչպե՞ս է այսօր մեր կրթությունը ձևավորում ազգային ինքնագիտակցություն: Այս գերկարևոր խնդրի հայեցակարգ և գործիքակազմ չկան, իսկ պատասխանատուներն անհայտ են: Ազգայինը անպտուղ ոգեշնչման և սին հպարտության աղբյուր չէ, այլ արարման հոգի և ընդհանրական շահի անձնական պատասխանատվություն: Պատմությունը մեր հավաքական հոգու կենդանի և իրական հետագիծն է, և յուրաքանչյուր անձնական պատմություն երկխոսության մեջ է այդ ապրող իրականության հետ: Ազգային պատմության այսպիսի ամրագրումը անհատին դարձնում է պատմության մասնակից և կերտող, անձնական պատմությունն իմաստավորվում է ժամանակի մեջ, և ներկան դառնում պտղաբեր թռիչքների հարթակ: Իսկ ազգային գոյության ամենակարևոր ցուցիչը ապագայի տեսլականն է: Առանց այդ տեսլականի հնարավոր չէ պատկերացնել որևէ աշխատող ծրագիր և ռազմավարություն հատկապես կրթության ոլորտում:

Ազգայինի ընկալման մյուս կարևոր կողմը համամարդկայինի հետ հարաբերակցությունն է, սեփական առաքելության գիտակցումը, մեծ պատկերի մեջ սեփական ինքնությունը տեսնելն ու իմաստավորելը: Սովորողը եթե վստահ չեղավ, որ իր ստացած ազգային կրթությունը համապատասխանում է համաշխարհային բարձր չափանիշներին, սեփական ինքնության նկատմամբ անվստահություն է ունենալու: Ազգայինը բոլոր առումներով պետք է լինի մրցունակ և ուժեղ հասկացողություն, որն ամրացնում է իր ձգողականության դաշտում գտնվողներին և տալիս սեփական ներուժն իրագործելու արդյունավետ լուծումներ: Այսօր աշխարհն արագորեն վերափոխվում է: Բեկումնային տեխնոլոգիաների (disruptive technologies) զարգացումը և կյանքի փոփոխությունների արագությունն այսօր հարցականի տակ են դնում որևէ դասական պատկերացում կամ ստանդարտ լուծում: Իրականության և կրթության անհամապատասխանությունը գնալով խորանում է: Եվ կրավորական դիրքավորումն ու չաշխատող կաղապարներից կառչելը ուղղակի արկածախնդրություն են: Որքան էլ տարօրինակ է, բայց այս ամենը նաև բացառիկ հնարավորություն է կրթության համար` վերասահմանելու իր փիլիսոփայությունը և առաքելությունը, թոթափվելու հնամաշ գաղափարներից և այն ամենից, ինչը կապ չունի բուն մտածողության և ստեղծարարության հետ, իրական արժեքների և դրանց վրա կառուցված հմտությունների հետ, այլ ընդամենը բեռ ու ճնշում է մարդու հոգեկան աշխարհի վրա: Այսօր դասապրոցեսում և գնահատման համակարգում, օրինակ, արհեստական բանականության միջոցով կարելի է մեքենայացնել զգալի թվով գործողություններ` ուսուցչին և սովորողին ազատելով մեքենայացման ակնհայտ վտանգներից: Դպրոցները պետք է ճանաչելի դառնան իրենց ոգով, արժեքներով, ստեղծարար մթնոլորտով և ամբողջական մարդ ձևավորելու կարողությամբ:

Կրթությունը տեսողություն է: Հեռուն տեսնելը, կանխատեսելը և կողմնորոշվելը վերափոխման ներուժ ունեցող հասարակության սկզբունքային հատկանիշներն են: Դպրոցը` որպես մարդակերտման հիմնարար առաքելությունն իրականացնող հաստատություն, իր փիլիսոփայությամբ և մշակույթով պետք է դառնա կյանքի վերափոխման դարբնոց և ապագայի տեսողության դիտարան: Կրթությունը պետք է լինի ոչ թե կյանքի զարգացումների հետևից գնացող սպասարկու, այլ այդ զարգացումն առաջնորդող գլխավոր ուժը: Պատրաստի լուծումներ չկան: Յուրաքանչյուր ազգ պետք է ստեղծի իրենը, որը բխում է իր առանձնահատկություններից, հոգևոր արժեքներից և ապագայի տեսլականից:
 
Տնտեսություն

Բոլոր կրոնական պատկերացումներում մարդն ունի աննյութական հոգի և նյութական մարմին: Գրեթե բոլոր ուսմունքներում հոգին և մարմինը պայքարի մեջ են, անգամ` թշնամանքի: Եվ հոգևոր ազատագրման ճանապարհը մարմնականի մերժումն է, մարմնից թոթափվելը կամ մահը: Նյութն անիմաստ է կամ պարզապես պատրանք: Քրիստոնեությունը միակ կրոնն է, որը պատասխանում է այն հարցին, թե ինչ է նյութը: Քրիստոսաբանական հիմնական պնդումը` Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, ըստ էության բացահայտում է արարածի գոյության իմաստն ու նպատակը: Արարչության մեջ չկա ոչ մի անիմաստ բան: Աննյութականը դարձել է նյութական, որպեսզի նյութն օրհնվի ու հոգեղինանա: Նյութականի նկատմամբ թշնամանքի վերացումը քրիստոնեական մտքի կարևոր հաղթանակներից մեկն էր հրեական ինքնափակ մեկաստվածականության և հելլենական կրոնա-փիլիսոփայական սինկրետիզմի նկատմամբ: Մասնավորաբար, հենց այդ պատճառով է, որ ժամանակակից գիտությունը ծնվել և ձևավորվել է քրիստոնեական քաղաքակրթության շրջանակում:

Նյութի նկատմամբ մտածելակերպային կաշկանդումները վերացնելով և նյութը բարիք որակելով` քրիստոնեությունը մշտապես ուսուցանել է, որ նյութապաշտությունը ծանր մեղք է, որովհետև, ըստ էության, ոչնչով չի տարբերվում հեթանոսական կռապաշտությունից: Չափի զգացողությունը կարևոր է յուրաքանչյուր բարիքի հանդեպ, և խախտումներն ու ծայրահեղություններն ունենում են ծանր հետևանքներ: Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Արծաթասիրությունը արմատն է բոլոր չարիքների» (Ա Տիմ. Զ 10)` փողը որպես նյութական հարստության խորհրդանիշ դիտելով: Արդյունաբերական հեղափոխությունը, նրանից ծնված կապիտալիզմը քրիստոնեական քաղաքակրթության մեջ վերջնականապես խախտեցին հոգու և նյութի հարաբերակցության հավասարակշռությունը հօգուտ վերջինի: Գիտական մտքի և արտադրական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում արագորեն կուտակվող ահռելի նյութական հարստությունը և դրան լծակից իշխանությունը բացեցին գայթակղությունների մեծ ասպարեզներ և ավելի մեծացրին նյութի ճնշումը հոգու վրա: Իսկ հեռարձակման տեխնոլոգիաների և հատկապես լայնաշերտ համացանցի ուղղորդված նյութապաշտական բովանդակությունը վերջնականապես ստրկացրին մարդու հոգին: Նյութը դարձավ կյանքի իմաստ, երազանք և պաշտամունք: Նկատի ունենալով մարդու կրոնական էությունը` կատարվեցին բազմաթիվ փորձեր` «գիտական հիմնավորումներով» նոր աշխարհիկ կրոն սինթեզելու: Գիտությունից փորձեցին կրոն սարքել: Սակայն այդ բոլոր փորձերը փշրվել են` բախվելով մարդու երջանկության և կյանքի իմաստի հիմնարար փնտրումներին: Մամոնայի պաշտամունքին տրված արևմտյան աշխարհը կանգնել է հոգևոր ունայնության և փլուզված արժեքների իրականություն առջև: Եվ ահա մենք սրընթաց ուզում ենք նետվել այդ հոգևոր մղձավանջի մեջ առանց հստակեցնելու, թե ինչ ենք շահելու և ինչ կորցնելու:

Հաջողության մեր պատկերացումներն ու պատմությունները խիստ անհատական են և հակասական: Հաջողության պատմություններ կան, որոնք բարոյական դժբախտություններ են: Մենք կարիք ունենք զանազանելու բարիքը չարիքից, որպեսզի սխալ օրինակներով չմոլորեցնենք մարդկանց: Երկարատև ճանապարհը նորից ու նորից կրթությունն է և հաջողության ճիշտ փիլիսոփայություն ունեցող սերնդի ձևավորումը: Կարճատև հեռանկարում պետք է դրական պատմությունները միավորել` նյութականի և բարոյականի հավասարակշռությունը պահպանելով, մեր հիմքային արժեքներից դուրս բերել հաջողության բանաձևերը, երիտասարդության գիտակցության մեջ բյուրեղացնել և ներշնչանք դարձնել կյանքը վերափոխող, ռիսկեր և պատասխանատվություն վերցնող, բարիքին հետամուտ գործարարի կերպարը: Արժեքային և գաղափարական ճառագայթում ունեցող գործարար էլիտայի ստեղծումն անհրաժեշտություն է արարման մշակույթ ձևավորելու և հասարակությանը անհատների եսապաշտական շեղումներից ազատագրելու համար:

Մարդկությունը թևակոխել է չորրորդ արտադրական հեղափոխության ժամանակաշրջան: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման շարժիչը բարձր տեխնոլոգիաներն են: Բեկումնային տեխնոլոգիաները, ինչպիսին են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիան, նանոտեխնոլոգիան, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը տնտեսական աճի աննախադեպ հնարավորություններ են ընձեռել: Փոքր ազգերի համար բացված են զարգացման մեծ ասպարեզներ: Սակայն ժամանակը մեզ չի սպասում: Զարգացման գնացքի դռները շուտով կփակվեն, և մենք կարող ենք հայտնվել դիտորդի դերում: Որոշումներ կայացնելու համար պետք է անհապաղ սահմանել` ա) մեր ազգային նպատակների և միության արժեքային միջուկը. բ) գիտության և տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. գ) կրթության հայեցակարգը և բովանդակային կառուցվածքը. դ) մարդկային ներուժի զարգացման և նյութական ռեսուրսների ապահովման ռազմավարությունը. ե) արտաքին համագործակցության վեկտորները:

Շարունակելի:

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Մաս Բ-ն կարդացեք այս հղումով:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակն է եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ժամանակը մեզ չի սպասում
Մեր ընտրանին