Իսկական հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե ռազմի դաշտում, այլ՝ հակառակորդի սրտում: Այս ասացվածքին համահունչ է նաեւ Սրբազան Հռոմեական կայսրության Կարլ V-րդ կայսրի հայտնի խոսքը. «հաղթանակը պետք է միշտ գթասրտության ցուցաբերմամբ ուղեկցվի»:
Այս չգրված կանոնը գործել է բոլոր ժամանակներում: Տարբեր երկրների պատմություններում կան բազմաթիվ դեպքեր, երբ հաղթողը մեծահոգի որեւէ ժեստով շահել է պարտված հակառակորդի համակրանքը: Հայոց պատմությունում, օրինակ, նման դրվագ կա 370թ. հայ-պարսկական պատերազմում: Փավստոս Բուզանդը նկարագրում է, թե ինչպես է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը ծանր պարտության մատնում Հայաստան ներխուժած Պարսից Շապուհ արքայի զորքին: Արեւելքի հզոր տիրակալին հաջողվում է ճողոպրել, բայց գերեվարվում է նրա կանանոցը: Մուշեղ զորավարը հաղթանակած զորքին թույլ չի տալիս կանանոցին որեւէ անարգանք հասցնել եւ Շապուհի կանանց պատվով հետ է ուղարկում Պարսկաստան:
Այդ մեծահոգի քայլից Շապուհն այնքան է տպավորվում, որ մի գավաթ է պատրաստել տալիս, որի վրա Հայոց զորավարն էր պատկերված՝ իր հայտնի սպիտակ նժույգը հեծած: Ամեն անգամ իր զորքին պատվո հյուրասիրություն տալիս Պարսից արքան ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմե», իսկ Սպարապետի պատկերով գավաթը դնում էր իր սեղանին:
Մուշեղ զորավարին, սակայն, հայրենիքում շատերը պարսավել են թշնամու հանդեպ մեծահոգություն դրսեւորելու համար: Պապ թագավորը նույնիսկ երկար ժամանակ նրան սառը վերաբերմունք է ցույց տվել այդ պատճառով:
Ադրբեջանի հաղթանակը վերոհիշյալ ասացվածքի համատեքստում դիտարկելիս դադարում է հաղթանակ լինել: Առանց այդ էլ՝ այն հաղթանակ է ընդամենը մակերեսում, իսկ ավելի խորքում տեսանելի է պարտությունների մի համախումբ:
Պարտություն 1
Ադրբեջանը գրված ու չգրված կանոններով պարտվել է մարդասիրության հարցում՝ սկսած Սումգայիթից մինչեւ hունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը, երբ հրաժարվեց հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց վերադարձնել (քաղաքացիական անձանց շարքում, ի դեպ, նաեւ կանայք կան):
Ամենաուշն այն պահից, երբ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպան նախագահ Ալիեւի ջանքերով Հունգարիայից վերադարձվեց ու հերոսի պատիվներով ողողվեց՝ հումանիզմը, կարելի է ասել, պաշտոնական մակարդակով վտարվեց Ադրբեջանից:
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանում մարդասեր մարդիկ չկան, ովքեր նույնպես եղկելի կհամարեն հայ զինվորներին գլխատելու ադրբեջանական բանակի պրակտիկան, կսրտնեղեն այդ եւ նման այլ վայրագությունները որպես հերոսություն ու հայրենասիրություն ներկայացնողների խանդավառությունից: Գուցե նրանք քիչ են, այնքան քիչ, որ իրենց ձայնը բարձրացնելու քաջություն չունեն, բայց ընդհանրապես գոյություն չունենալ չեն կարող: Չմոռանանք, որ Ադրբեջանում հասարակությունը զրկված է ցանկացած հարցում երկրի միանձնյա ղեկավարի իջեցրած «դիրեկտիվներից» տարբերվող կարծիքներ բարձրաձայնելու հնարավորությունից: Դրան գումարած՝ դպրոցում հայատյացությունը որպես գիտելիք յուրացնող ու այն տեսական ու գործնական առումներով կիրառող մեծամասնության ցասմանն արժանանալու մտահոգությունը:
Մեջբերեմ պատերազմի օրերին կատարածս մի փոքրիկ դիտարկում: Նախ ասեմ, որ վերջին 10 տարում միջազգային մի ծրագրում համագործակցության բերումով բազմաթիվ շփումներ եմ ունեցել մի քանի տասնյակ ադրբեջանցի երիտասարդ կանանց ու տղամարդկանց հետ, ովքեր ներգրավված են պետական կառավարման համակարգում կամ ՀԿ սեկտորում: Նրանցից տպավորություններս տարբեր էին՝ շատ դրականից մինչեւ բացասական, ճիշտ այնպես, ինչպես որ տարբեր էին նաեւ Հայաստանից կամ այլ երկրներից մասնակիցներից ստացած տպավորություններս:
Պատերազմի օրերին ֆեյսբուքում ուշադրությունս գրավեցին նրանցից մեկի՝ ադրբեջանցի երիտասարդ մի կնոջ գրառումները եւ ադրբեջանցի այլ օգտատերերի գրառումներից նրա մեջբերումները: Դրանք ձեւակերպված էին զգուշավոր ու հիմնականում այն մասին էին, թե ինչո՞ւ պատերազմով լուծել մի հարց, որը կարելի է խոսելով, պայմանավորվելով լուծել: Ինչո՞ւ մահվան երախն ուղարկել սեփական զավակներին ու որպես նրանց կորստի մխիթարանք՝ հակառակորդի զավակների կորստով ուրախանալ, ինչո՞ւ կրկին մահ ու ավերածություն սփռել ու նոր սերնդին համտեսել տալ պատերազմի դառնությունը... Նման գրառումները մեծ մասամբ արժանանում էին ֆեյսբուքյան «հայրենասեր» ադրբեջանցիների զայրույթին ու վիրավորական արտահայտություններին, ամենից հաճախ՝ «դավաճան» պիտակին: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ այդ կինն այլեւս միայն չեզոք թեմաների շուրջ է գրառումներ կատարում...
Պարտություն 2
Անցած 26 տարում Ադրբեջանը պարտվել է իր նախկին հայ քաղաքացիներին համակեցության որեւէ տարբերակի կիրառման համար վստահություն հաղորդելու գործում: Նախագահ Ալիեւի ագրեսիվ հռետորաբանությունն ու դրան համապատասխան գործելակերպն ավելի է ամրապնդել արցախցիների վճռականությունը՝ խուսափելու նրա առաջարկած համակեցության ցանկացած տարբերակից: Ադրբեջանի նախագահը պարտվել է նաեւ անձնապես, որպես մարդ, ում ոչ մի խոսքին ու խոստմանը հայերը հավատ չեն ընծայում, բացառությամբ՝ նրա տեղացած սպառնալիք-խոստումների...
Հարեւան հայերի աչքում իր ունեցած «բոբոյի» կերպարը նրան կարծես տհաճություն կամ սրտնեղություն չի պատճառում: Տպավորություն է, թե այդ կերպարը նրան նույնիսկ դուր է գալիս: Դրա օգտին է խոսում եւ հանգամանքը, որ նախագահ Ալիեւը ոչինչ չի ձեռնարկում՝ գոնե մասամբ ձերբազատվելու իր անձի շուրջ այդ ընկալումից:
Պարտություն 3
Ադրբեջանն այս պատերազմից առաջ թերեւս տեսականորեն ընդունել էր նաեւ մեկ այլ պարտություն՝ մեկը մեկի դեմ պատերազմ վարելու դեպքում չբացառված պարտությունը եւ այդ պատճառով որոշել ապահովության համար ներգրավել վարձկանների ու Թուրքիային:
Պարտություն 4
Ադրբեջանը պարտվել էր նաեւ ժողովրդավարության հարցում: Դա՝ անգամ մինչեւ 2018թ. թավշյա հեղափոխությունը: Հայաստանը 2018 թվականին նախորդած տարիներին, օրինակ, «Բերթելսման» հիմնադրամի ժողովրդավարական փոխակերպման ընդհանուր գնահատման սանդղակում զբաղեցնում էր 62-65-րդ տեղերը, Ադրբեջանը՝ 95-100: Այդպիսով՝ Հայաստանը դասվում էր չափավոր ավտորիտար, Ադրբեջանը՝ կոշտ ավտորիտար երկրների շարքում: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ճեղքումը անհարմարավետության աստիճան ակնառու դարձրեց այդ պարտությունը. 2020թ. Հայաստանը 35-րդ տեղում էր, Ադրբեջանը՝ 98-րդ:
Ադրբեջանի նախագահի համար Արցախում հաղթական պատերազմ վարելը նշանակում էր հետին պլանում ընթացած այս պարտություններից հյուսված գորդյան հանգույցը մի հարվածով կտրել ու ապահովել գլխավորը՝ Ալիեւների տոհմի անվիճարկելի կառավարումը տեսանելի ու ավելի հեռու ապագայում:
Ուստի, որքան էլ առանց գլուխ օրորելու հնարավոր չէ նայել հայկական գյուղի՝ գետնին նետված ցուցանակի վրա դեռահասի պես ցատկոտող 60-ամյա Ալիեւին, լսել նրա հայհոյախոսությամբ ու ատելությամբ ներծծված ջղագրգիռ հակահայկական հոխորտանքները, նրան ինչ-որ առումով հասկանալ կարելի է. նա ձերբազատվում է 26 տարվա ֆրուստրացիայից եւ դա անում է իր արժեհամակարգի ու աշխարհընկալման շրջանակում...
Ադրբեջանի նախագահը, հավանաբար, դեռ կտոնի տարածքների ամեն մի քարի ու թփի գրավումը՝ հնարավորինս երկարացնելու հաղթանակի իր բերկրանքը եւ այն վառ պահելու նաեւ հասարակության մեջ: Սակայն, ժամանակ անց, Ադրբեջանում մարդիկ այսպես թե այնպես վերադառնալու են իրենց առօրյա խնդիրներին, պետական, հասարակական ու քաղաքական կյանքում շարունակելու են առերեսվել մարդասեր արժեհամակարգի ու ժողովրդավարության պարտությունը լռելյայն ընդունած լինելու հետեւանքներին:
Իսկ Հայաստա՞նը
Արցախյան առաջին պատերազմի հաղթող Հայաստանը հաղթանակի բերկրանքն առօրյա խնդիրների հորձանուտում կորցնելու փորձառություն ունի: Հայաստանում հաղթանակն անխնա շահագործվեց: Հաղթանակի դափնիների ամեն մի տերեւը ով գիտե՝ քանի մասի բաժանվեց. արցախյան պատերազմի իրական ու ինքնահռչակ շատ մասնակիցներ հաղթանակի կերտմանն իրենց մեծ կամ փոքր առնչությունները դարձրին քաղաքական արժույթ ու թողության գիր:
Իրական ժողովրդավարություն կառուցելու մտադրությունն անկյուն նետվեց, իսկ մարդասիրությունը ներքաղաքական ու հասարակական կյանքում կուչ եկավ՝ փորձելով հնարավորինս քիչ երեւալ զոռբաների աչքին: Իր հոգսերի ու անձեռնմխելիների ապօրինությունների արանքում ճզմվող հասարակությունը կարճ ժամանակ անց կորցրեց հաղթանակի բերկրանքի զգացումը: Պատերազմի զոհերի՝ իրենց վշտի ու հոգսերի հետ մենակ մնացած ընտանիքների անդամներն էլ տարիներ անցկացրին պետական հիմնարկների դռների ու պաշտոնյաների առաջ վիզները ծուռ իրենց խնդիրների լուծմանը սպասելով, բնականաբար՝ առանց հաղթանակի բերկրանքի նշույլի...
Առաջին պատերազմի հաղթող Հայաստանին էլ չհաջողվեց հաղթանակ տանել հակառակորդի սրտում: Չնայած Ադրբեջանի մարդատյացության դրսեւորումների հետ ակնառու տարբերություններին, այնուամենայնիվ, Հայաստանը չի կարող պնդել, թե մարդկայնորեն շահել էր հակառակորդի համակրանքը: Ադրբեջանցիների սրտերում ակնհայտորեն գերիշխում է Խոջալուում տեղի ունեցած ողբերգությունը՝ ստվերելով պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության հանդեպ հայ մարտիկների դրվագային դրսեւորած մարդկային վերաբերմունքը:
Խոջալուում կատարվածի պատճառների, հանգամանքների ու զոհերի թվի շուրջ հայկական ու ադրբեջանական աղբյուրների տվյալներն ու մեկնաբանությունները տարբեր են, բայց անժխտելի է, որ այնտեղ ողբերգություն է տեղի ունեցել, որի ժամանակ հայերն ընդամենը դիտորդ չեն եղել... Բայց Հայաստանում գերադասեցին լռել ու մոռանալ դա, իսկ ի պատասխան Հայաստանից դուրս այդ մասին հնչող մեղադրանքի՝ կամ հակադարձել՝ բա Սումգայի՞թը, բա Մարաղա՞ն, կամ էլ՝ թափահարել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցը:
Դրանում նա Խոջալուում կատարվածը բացատրում է ընդդիմության՝ իրեն պաշտոնանկ անելու համար հիմք ստեղծելու ձգտմամբ. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին»:
Մինչդեռ ադրբեջանցիներն էլ ուշադրություն են հրավիրում 2000 թ. Թոմաս Դե Վաալին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի վրա, որում նա ասում է. «Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները կարծում էին, թե կատակ են անում մեզ հետ, նրանք կարծում էին, թե հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական անձանց վրա: Մենք կարողացանք կոտրել դա (այդ ստերեոտիպը): Ահա թե ինչ կատարվեց: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային Բաքվից ու Սումգայիթից փախածներ: Թեեւ՝ ես համարում եմ, որ շատ բան չափազանցված է: Ադրբեջանցիներին առիթ էր պետք, որպեսզի որեւէ վայր հավասարեցնեն Սումգայիթին: Բայց դրանց միջեւ ոչ մի դեպքում չի կարելի հավասարության նշան դնել»: (Թոմաս դե Վաալ, «Սեւ այգի», էջ՝ 248, «Զանգակ» հրատարակչություն, Երեւան, 2014թ.)
Հայկական կողմը չարեց գոնե ամենապարզ մարդկային ժեստը՝ թեկուզ տարիներ անց ցավ հայտնել կատարվածի համար, ինչին զոհ էին գնացել նաեւ կանայք ու երեխաներ: Չարեց, քանի որ հավանաբար չկարողացավ վեր կանգնել ադրբեջանցիների՝ իրենց վայրագությունների համար երբեք ցավ կամ ափսոսանք հայտնած չլինելու փաստից:
Թե հայերի ժխտումը ինչ ցավոտ է ադրբեջանցիների համար, երեւաց նաեւ 2017թ. Եվրանեսթի նիստին մասնակցության համար Բաքու մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակության՝ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը: Բարեհամբույր մթնոլորտում անցնող ճեպազրույցի ընթացքը խաթարվեց, երբ ադրբեջանցի մի լրագրող ռեպլիկ ուղղեց Խոջալուի մասին, ընդ որում՝ հանգիստ, ոչ ագրեսիվ ձեւով: Հայկական պատվիրակության ղեկավարը, որը մինչ այդ պահը բավականին ճկուն խոսքով էր հանդես գալիս եւ կարծես թե շահել էր ներկաների համակրանքը, որքանով որ դա հնարավոր էր հայ-ադրբեջանական իրողությունների պայմաններում, ի պատասխան միանգամից հղում կատարեց Մութալիբովի հարցազրույցին, ինչին ներկա լրագրողները բուռն զգացմունքային ձայնարկություններով արձագանքեցին: Ճեպազրույցի մասին հայկական կողմի հրապարակած տեսանյութն ընդմիջվում է հենց այդ պահին: Կարելի է ենթադրել, որ ճեպազրույցը դրանից հետո չի շարունակվել:
Չհատել կարմիր գիծը
Ի տարբերություն արցախյան առաջին պատերազմի՝ երկրորդում հայերը բարեբախտաբար զերծ են մնացել անհատական դաժան դրսեւորումներից (անհատական, քանի որ պատերազմն ինքնին կոլեկտիվ դաժանություն է): Ամեն դեպքում՝ գոնե մինչեւ հիմա նման դեպքերի մասին միջազգային կառույցների կողմից ահազանգեր կարծես թե չեն բարձրաձայնվել:
Որքան էլ պատերազմի թոհուբոհում մեծ է «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով հակառակորդին անմարդկայնությամբ պատասխանելու գայթակղությունը, դա անելով, սակայն, մարդասիրական արժեհամակարգի կրող համարողը հավասարվում է նրան, ում համարում է այդ արժեհամակարգից զուրկ:
Հայ հասարակության մեջ դժվար է չնկատել, որ այն իրեն ավելի բարձր արժեհամակարգի կրող է համարում, քան ադրբեջանցիներին: Նման ինքնագնահատական ունեցող հասարակությունը, սակայն, պետք է ավելին կարողացողի հոգեբանությամբ գործի՝ փորձի ամեն հնարավոր առիթով մյուս կողմին գործնական օրինակով ուղերձ հղել մարդկային մնալու անհրաժեշտության մասին: Դրանով նա կօգնի մյուս կողմում գտնվող նման կերպ մտածողներին. նրանք լրացուցիչ հիմք կունենան համարձակ լինելու եւ իրենց հասարակության մեջ հանրային դիսկուրս բերելու մարդկայնության կարմիր գիծը որեւէ պարագայում չխախտելու անհրաժեշտությունը:
Եթե հայ եւ ադրբեջանցի հասարակությունների անվերապահ մարդասերների շրջանակը կարողանա թեկուզ հեռակա հաղորդակցվել, դա կլինի երկու ժողովուրդների խաղաղ հարեւանական համակեցություն ապահովելու կարեւորագույն քայլերից: Ի վերջո՝ թշնամացած հայերի ու ադրբեջանցիների հիմնական խնդիրը իրար չվստահելն է, միմյանցից ամեն անմարդկային արարք սպասելը: Դրա համար հիմքեր երկու կողմերն էլ կարող են գտնել՝ հայացք նետելով իրենց հեռու կամ մոտիկ անցյալին:
Եթե հասարակությունների թեկուզ փոքր հատվածի մակարդակով հանձնառություն հաստատվի մարդկայնության կարմիր գիծը որեւէ պարագայում չհատելու, իսկ հատողներին երկուստեք պախարակելու հարցում, ապա մնացած կնճռոտ խնդիրների համար լուծումներ գտնելը համեմատաբար դյուրին կդառնա:
Հայաստանն այս պատերազմում պարտվեց ռազմի դաշտում, բայց, ի տարբերություն պարտված հաղթող Ադրբեջանի, կարող է հաղթած պարտվող դառնալ, եթե լարի իր ջանքերը՝ ինքն իրեն չպարտվելու առանց պայմանականությունների ժողովրդավար եւ մարդակենտրոն արժեհամակարգով հասարակություն կառուցելու գործում: Դրանից է կախված նաեւ ռազմի դաշտում չպարտվելու երաշխիք ապահովելու ունակ պետության կառուցումը:
Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: