1991 թվականի հունվարի 11-ից 13-ը, Վիլնյուսում եւ այլ քաղաքներում բախումներ տեղի ունեցան Լիտվայի անկախության կողմնակիցների եւ խորհրդային զորքերի միջեւ: Խորհրդային միության նախագահ Միխայիլ Գորբաչովն ասաց, որ «ոչինչ չգիտեր» Վիլնյուսի հեռուստաշտարակի մոտ ծավալված իրադարձությունների մասին, որոնց հետեւանքով 13 մարդ զոհվեց: Շատերը պնդում են, որ հենց Վիլնյուսի դեպքերն ազդարարեցին ԽՍՀՄ վերջնական փլուզման հետհաշվարկի մեկնարկը:
Առիթ ունեցել եմ գրելու, որ լրագրությամբ սկսել եմ զբաղվել դպրոցում՝ 1990 թվականին: Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ Մարկ Գրիգորյանի հիմնադրած «Դիալոգ» աշակերտական ակումբը նույնանուն պատի թերթ ուներ, որն այնուհետեւ դարձավ ամիսը երկու անգամ լույս տեսնող թերթ: Այն բաղկացած էր A4 ֆորմատի չորս էջից, տպվում էր 100-150 օրինակով՝ Պուշկինի դպրոցի մոտ գտնվող պատճենահանման կետում եւ վաճառվում էր 1 ռուբլով:
Թերթի խմբագիրները Անժելիկա Խոսրոեւան էին ու ձեր խոնարհ ծառան: Կարեւոր հարցերը, սակայն, միշտ համաձայնեցնում էինք Մարկ Գրիգորյանի հետ: Երբ տեղի ունեցան Վիլնյուսի դեպքերը, նա մրսած էր եւ մի քանի օր դպրոց չէր գալիս:
Դեպքերի հաջորդ օրը զանգահարեցի Մարկին եւ ասացի, որ, իմ կարծիքով, անպայման պետք է թերթի հատուկ թողարկում անենք: Մենք դպրոցական թերթ էինք, բայց ժամանակներն այնպիսին էին, որ քաղաքական եւ հասարակական թեմաներից խուսափելն անհնարին էր: Այնուամենայնիվ, դա առաջին անգամն էր, որ պետք է թերթի սուր քաղաքական թողարկում պատրաստեինք։
Մարկ Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը եւ մեկ-երկու օրում պատրաստեցինք համարը:
Հատուկ թողարկումը անվանել էինք «Ագրեսիա» եւ առաջին էջը համապատասխան գրություն-նկարով ձեւավորեց թերթի նկարիչ Ավետիք Էլոյանը:
Երկրորդ էջում խմբագրական հոդվածն էր, որտեղ 15 տարեկաններս ԽՍՀՄ ղեկավարությանը մեղադրում էինք տոտալիտար համակարգը ետ բերելու համար: Նաեւ մի քանի մեջբերում էինք արել Ջորջ Օրուէլից:
Երրորդ էջում Մարկ Գրիգորյանի հոդվածն էր, որում նա, մասնավորապես, հիշեցնում էր Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականի ելույթը, որում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարը զգուշացնում էր բռնապետության վերադարձի վտանգի մասին:
Վերջին էջում էլ հրապարակել էինք հատվածներ ամբողջատիրական համակարգի մասին Անդրեյ Սախարովի, Վացլավ Հավելի եւ Նիկոլայ Բերդյաեւի հոդվածներից, Իոսիֆ Բրոդսկու «Բռնապետին» բանաստեղծությունը եւ հետեւյալ մեծատառ գրությունը.
««Դիալոգ» անկախ թերթի խմբագրությունը ցավակցում է լիտվացի ժողովրդին: Դուք միայնակ չեք ձեր ազատագրական պայքարում»:
Այս հատուկ թողարկումն ինքնուրույն խմբագրական աշխատանքի իմ առաջին փորձն էր: Կարծում եմ, այն մեծ դեր ունեցավ, որ մինչ այսօր զբաղվեմ լրագրությամբ:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: