Նոր պատերազմ՝ նոր տարածքներ... Եռաբլուրում - Mediamax.am

Նոր պատերազմ՝ նոր տարածքներ... Եռաբլուրում
4387 դիտում

Նոր պատերազմ՝ նոր տարածքներ... Եռաբլուրում


Նախկին ՊՆ նախարարը երկու տարի առաջ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ասելիս հավանաբար աչքի առաջ էր ունեցել միայն հայկական ու ադրբեջանական ուժերի մասնակցությամբ պատերազմի հավանականությունը եւ ՀՀ զինված ուժերի վճռականությունը նման ելքով պատերազմ վարելու կարողությունների հասնելու գործում:

Դժվար է ասել, թե ինչպիսի ավարտ կունենար պատերազմը, եթե Հայաստանը միայն Ադրբեջանին դիմակայելու լիներ: Ամեն դեպքում, քանի դեռ համարժեք կարողություն առկա չէր՝ պետք չէր նման գերադրական աստիճանով մտքեր բարձրաձայնել՝ լրացուցիչ չգրգռելու ռազմական մեծ կարողությունների արդեն իսկ տիրապետող եւ բանակցային պնդօղակից դուրս պրծնելու հարմար պահ որոնող հակառակորդին: Եվ ամենակարեւորը՝ հասարակությանը լրացուցիչ չսնելու ուժերի հարաբերակցության իրական վիճակին չհամապատասխանող պատկերացումներով:

Բանակի ու սպառազինությունների մասին հանրային լսարան հատվածական սպրդող տեղեկությունները համադրելիս ստացվում է, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակ տիտղոսը վաղուց ընդամենը իներցիոն բառակապակցություն էր դարձել: Դա, սակայն, չխանգարեց հայկական ռազմաքաղաքական հին ու նոր վերնախավին շարունակել տարածաշրջանի «ամենայի» ոգով հայտարարություններ սփռել՝ դրանով տարիներ շարունակ ամրապնդելով հասարակական գերիշխող «ոչմիթիզական» տրամադրությունները: ՀՀ զինված ուժերի մասին իրեն անհրաժեշտ տեղեկությունները Ադրբեջանը վստահաբար նման հրապարակային հայտարարություններից չէր քաղում, ուստի կարելի էր արտահայտման մի միջին, զուսպ չափ գտնել, որը կվստահեցներ հասարակությանը պաշտպանվածության հարցում, բայց սնապարծությունը չէր սնի:

Սեպտեմբերի 27-ից առաջ հասարակությունը չգիտեր, բայց բոլոր պատասխանատուները հո գիտեի՛ն ուժերի հարաբերակցության իրական վիճակը: Հասարակությունը չգիտեր, բայց պատասխանատուները հո գիտեի՛ն, որ դեռ պատերազմից առաջ վարձկաններ են տեղափոխվում Ադրբեջան, որ մարտական անօդաչուների մեծ քանակ է կուտակվում եւ թե Ադրբեջանը ինչ ծավալի ու որակի սպառազինության է տիրապետում: Հասարակությունը չգիտեր, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը հո գիտե՛ր, որ նոր պատերազմում Թուրքիան էլ է լինելու, որ ժամանակները փոխվել են,  ու Ռուսաստանը Թուրքիայի վրա մատ թափ տալ չի կարող ու չի էլ ուզում, այլ ասում է՝ արի պայմանավորվենք: Եվ ի վերջո՝ պատասխանատուները օգոստոսին Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններն էլ իրենց ռազմատեխնիկայով-բանով հո տեսե՞լ էին: Է՛լ ինչին էին սպասում, որ նախապես քննարկեին ու որոշում ունենային վատթարագույն կանխատեսման իրականություն դառնալու դեպքի համար ու համապատասխան ուղերձներով նախապատրաստեին հասարակությանը ընդունելու այդ որոշումը: Մի՞թե վտանգի իրական թվալու համար անհրաժեշտ էր, որ Էրդողանն ու Ալիեւը հարձակումից առաջ նաեւ զանգեին-ասեին՝ թե քնած եք՝ արթո՛ւն կացեք...  

Իհարկե, հանրության մեջ այդ ժամանակ էլ լինելու էր մինչեւ վերջ կռվելու տեսական ու գործնական ջատագովների մի ստվար քանակ, ու նրանք ոտքի էին կանգնելու: Բայց հասարակությունն իր հավաքական մտքով ու ինտուիցիայով պիտի որ կարողանար ողջախոհ գնահատել իրավիճակը եւ հաշվի նստել անակնկալ մատուցված դառը իրականության հետ: Եթե ոչ՝  երիցս ճիշտ դուրս կգային նրանք Հայաստանում ու արտերկրում, ովքեր կարծում էին, որ հայերն առանց պատերազմում ջախջախվելու տարածք վերադարձնող չեն:

Խելքի չեկանք անգամ վերջին պահին

Եթե պատերազմից խուսափել չէր ստացվել (իսկ խուսափելը լինելու էր Ալիեւին կոնկրետ խոստումով արագ բանակցային սեղանի մոտ վերադարձնելը), ապա գոնե դրա սկսվելուն պես պիտի պատռվեր «ոչմիթիզականության» տասնամյակներով հյուսված սարդոստայնը, որում ազգովի կամովին խճճվել էինք՝ մեր կենարար հեղուկները դանդաղ քամվելու մահաբեր հեռանկարն անտեսելու կույր համառությամբ: Դժվար թե «ոչմիթիզականների» շարքերը նույնչափ խիտ մնային, ինչպես որ մինչ պատերազմն էին, եթե հանրությանն ասվեր, որ մենք պետք է ընտրություն կատարենք անթիվ զոհերով ու մեղմ ասած՝ խիստ անորոշ ելքով պատերազմ մղելու եւ մի մասը զիջելով՝ մյուս մասն առանց մարդկային կորուստների պահելու միջեւ: Ասվեր, որ այո, հայ զինվորի ոգին ու կարողությունն անկոտրում է, նա պատրաստ է կռվել մինչեւ արյան վեջին կաթիլը, բայց մեզ համար չափազանց թանկ է մեր ամեն զինվոր ու նրա ամեն կաթիլ արյունը, որ նրան ուղարկենք նվազագույնը երեքը մեկի դեմ պատերազմի: Պատերազմի, որում որոշիչը անհոգի գերժամանակակից մարտական տեխնիկան է, ոչ թե իր պատմական հայրենիքի վերջին ծվենը կրկնակի կորստից կյանքի գնով պաշտպանելու պատրաստ հայի ջերմ, խենթ ու խելառ ոգին:

Այսպիսի՛ ուղերձ պիտի սեպտեմբերի 27-ին հնչեր ԱԺ-ում: Կատարվածի աններելին սա՛ է, ոչ թե տարածքներ հանձնելը, ինչին անցած 26 տարիներին ստեղծված իրողությունների պարագայում այլընտրանք չէր մնացել: Տարածքները չտվեցինք, Ալիեւը պարզապես նայեց ժամացույցին ու եկավ դրանք տանելու, քանզի մենք դրանք վաղուց  էինք հանձնել: Հանձնել էինք այն պահին, երբ Հայաստանն ու Արցախը ամրոց-պետություն դարձնելու եւ անձնական ամրոցներ կառուցելու, սպառողական արբեցումի, կոռուպցիայի ու հովանավորչության մեջ ճողփալու միջեւ ընտրություն կատարելիս չէինք ընտրել առաջինը:

Իսկ դա չանելով՝  խաչ էինք քաշել հասարակության հետ իրական վիճակի եւ դրա հետեւանքների մասին խոսելու վրա՝ հույսներս դրած Ռուսաստանի սաստիչ դերին ու մի քանի օրանոց պատերազմներում անգամ սովետի թվի զենքերով դիմանալու կարողության վրա:

Այսօր ՀՀ վարչապետին առաջնահերթ ու ամբողջ ռազմաքաղաքական վերնախավին չմեղադրելն անհնար է, բայց մեղադրա՛նքն է սխալ, երբ նրան հող հանձնելու մեջ են մեղադրում: Իրական մեղադրանքն այն է, որ նա դարձավ հասարակության հետ Արցախի հարցում անկեղծ երկխոսությունից խուսափած ՀՀ նախկին ղեկավարների կործանարար հավաքական դիրքորոշման շարունակողը եւ դա՝ ամենաճակատագրական պահին: Իսկ գլխավոր մեղադրանքը հանձնելու դատապարտված հողը թղթով հանձնելը չէ, այլ դա երեք հազար հայորդու կյանքի, տաս հազար վիրավորի ու հաշմանդամի, հարյուրավոր անհետ կորածների ու գերեվարվածների, մի ամբողջ ազգի հոգեբանական ու ֆիզիկական ավերումի գնով անելը:  

Միֆերի սարդոստայնում

Հասարակությունը 2016-ի քառօրյա պատերազմից հետո ավելի հաստատակամ դարձավ պետք եղած դեպքում, կարեւոր չէ՝ քանի անգամ, հայ զինվորի կյանքով վճարելու «ոչմիթիզականության» գինը: Հաշվարկը մոտավորապես հետեւյալն էր՝ մի քանի տարին մեկ հարյուրի կարգի զինվորի կյանքով վճարելն արդարացված գին է Արցախի անկախության համար: Բայց այս հաշվարկն արվել էր առանց հակառակորդ կողմի հաշվարկների ներառման, որոնք, ինչպես պարզվեց, ավելի մեծ մասշտաբի էին:  

Քառօրյա պատերազմից հետո բերվում էր Իսրայելի օրինակը, որտեղ հասարակությունը պատրաստ է որպես թշնամիներով շրջապատված անկախ պետություն ունենալու գին մշտապես վճարել իր զավակների կյանքով: Մեծ հաշվով՝ դա այդպես է եւ ոչ միայն Իսրայելում: Բայց մի կարեւոր հանգամանք համեմատության մեջ բաց էր թողնվում: Իսրայելը պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման գործում արել է ամեն ինչ եւ դեռ մի բան էլ ավելին, որ անխուսափելի զոհերը նվազագույն քանակի լինեն: Մենք կարո՞ղ էինք նույնը պնդել մեր մասին...

2016-ից դուրս եկանք Ալիեւի «պորտը տեղը դրածի» հոգեբանությամբ ու «ափսոս, Պուտինը չթողեց հասնեինք Բաքու» անկեղծ հիասթափությամբ: Բայց իրո՞ք դա այդպես էր: Հասարակությունը մինչ օրս չունի հարցի պատասխանը, թե ինչի՞ հաշվին Մոսկվայում հրադադար հաստատվեց, եւ թե հրադադարի պահին ուժերի ի՞նչ իրական հարաբերակցություն էր:

Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե ...տեղյակ չէ, թե ինչ են քննարկել ու պայմանավորվել Մոսկվայում հանդիպած ՀՀ եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը, կարեւորը, որ դրա արդյունքում հրադադար է հաստատվել: Երկրի ղեկավարի անտեղյակությանը դժվար թե շատ հավատացողներ եղան: Իրատեսները դրա տակ հասկացան, որ լավ բան լիներ պայմանավորված՝ րոպե առաջ կասվեր դրա մասին: Ոմանք կասկածները բարձրաձայնեցին, ոմանք էլ բավարարվեցին հոգոց հանելով ու անցան առաջ: Չհավատացողների մի մաս էլ նախագահի «անտեղյակությունով» սնեց մինչեւ Բաքու հասնելու մեր կարողության միֆը. դե շտաբի պետերը հանդիպել են, որ Ալիեւի խնդրանքը՝ դադարեցնել պատերազմը, իրագործեն: Մեր շտաբի պետն ասած կլինի՝ «մեկ էլ չտեսնե՛մ համը հանեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, հա...» կամ էդպես մի բան: Իսկ ապրիլյանից հետո ի վերջո Հայաստան առաքված «Իսկանդերները» ատոմային ռումբի արժեք ստացան հասարակության աչքում ու ցեմենտեցին վստահությունը, թե Ալիեւը ծոծրակը կտեսնի՝ վերահսկվող տարածքների վերադարձը չի տեսնի:

Մինչ օրս հայտնվում են տեղեկություններ այդ հրադադարի հաստատման պայմանների մասին, այդ թվում նաեւ Ալիեւի պոռթկումները՝ իրեն տարածքները վերադարձնելու խոստումներ տալու ու ձգձգելու մասին: ՀՀ նախկին նախագահը հասարակությանը գոնե հիմա արցախյան հարցում լուսավորելու գործում մեծ նպաստ կբերի, եթե թեկուզ չորս տարի ուշացումով խոսի դրա մասին: Դա չլինելու դեպքում հայ հանրությանը, թերևս, այլ բան չի մնա, քան հրադադարից այս կողմ արցախյան հարցում փակ քննարկումների մասին աննախադեպ անկեղծություն դրսեւորող ՌԴ նախագահին դիմել, որ նա տեղեկություններ տրամադրի նաեւ 2016-ի հրադադարի ձեռքբերման իրավիճակի ու պայմանների մասին: ՌԴ նախագահն արդեն իսկ տեղեկացրել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստեղծման պատմությունը, որի որոշ դրվագներ ՀՀ վարչապետը մինչ այդ չէր հրապարակայնացրել:

Անխուսափելի անհրաժեշտություն է, որ ՀՀ նախկին բոլոր ղեկավարները գոնե հիմա հանրությանը հանգամանորեն տեղեկացնեն իրենց վարած բանակցությունների բովանդակության մասին (Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում դա կլինի կրկնություն, բայց միեւնույն է՝ օգտակար): Այդ ամենի, նաեւ՝ 2016-ի մասին տեղեկացված լինելն անհրաժեշտ է մեր ստեղծած ու փայփայած միֆերից  անցավ ու առանց չարացածության բաժանվելու եւ նորերը հյուսելու գայթակղությանը չտրվելու համար:

ՀՀ վարչապետից էլ ակնկալվում է, որ նա տեղեկություններ հայտնի նաեւ մինչ նոյեմբերի 9-ը ձախողված երեք հրադադարների ձեռքբերման հանգամանքների մասին: Արդյո՞ք այդ հրադադարների ժամանակ էլ Հայաստանին առաջարկվել է զիջումներին գնալով եւ անվտանգության երաշխիքներով պատերազմը դադարեցնել: Եթե այո՝ անվտանգության ի՞նչ երաշխիքներով եւ ո՞ր երկրների կողմից եւ ո՞վ է հրաժարվել: Սա անհրաժեշտ է ոչ թե կոլեկտիվ ու անհատական մեղքերի որոնումների, դրանք արդեն իսկ ակնհայտ են, այլ հանրությանը իրականության ամբողջական պատկեր տալու համար: Այլապես առաջիկայում պատերազմի հետեւանքների ու Արցախի կարգավիճակի հարցերում նոր զարգացումների ժամանակ կիսատ-պռատ տեղեկացված հանրությունը կրկին մանիպուլացվելու վտանգի է ենթարկվելու:

Ինչու չստացվեց խոսել

ՀՀ առաջին նախագահը իր կառավարման տարիներին փորձեց հասարակությանը բացատրել իրերի դրությունը եւ դրա համար վճարեց իշխանությունը հանձնելով: Նա թերեւս ստիպված չէր լինի տեղի տալ եւ կշարունակեր իր ոչ պոպուլյար, բայց իրատեսական գիծը, եթե 1996թ. ընտրություններից հետո անվիճելի լեգիտիմություն ունենար՝ կքած չլիներ կեղծիքներով ուղեկցված ընտրությունների բեռի տակ, իր վերընտրությունն ապահոված իշխանության կոշտ գծի թեւի ներկայացուցիչների առջեւ խոցելի չլիներ: Նրա պարտվողական պիտակված գիծը փոխելու համար իշխանության եկած ՀՀ երկրորդ նախագահը, ապա եւ երրորդ նախագահը տարբեր մասշտաբներով, բայց կրկին ունեին վիճարկվող լեգիտիմության խնդիր, ինչը ռիսկային էր դարձնում հանրության հետ Արցախի մասին անկեղծ խոսակցությունը: Բացի այդ, ռազմական, քաղաքական ու տնտեսական վերնախավի սրընթաց հարստացումը, յուրայինների անպատիժ մնացող անզուսպ վարքուբարքը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների խիստ դեֆորմացված կիրառումը հասարակական-քաղաքական կյանքում տարեցտարի խորացրին անջրպետը հասարակության եւ իշխանությունների միջեւ: Այդ իրավիճակի պատասխանատուները դրանով իրենք իրենց զրկեցին Արցախի հարցում հասարակության հետ անկեղծ երկխոսելու իրավունքից ու հնարավորությունից: Հանրությունը մեծ հաշվով հավատում էր, որ  իր անհատական բարեկեցությունն անհասկանալի ձեւով անդադրում բազմապատկող վերնախավն ընդունակ է բառի բուն իմաստով վաճառելու Արցախը: Ուստի նրանց ցանկացած կեսնահանջ ակնարկ անգամ ընկալվում էր որպես «ծախելու» գործնական առաջին քայլ:

Բացի այդ, կար նաեւ հանգամանքը, որ պարտվողական պիտակված առաջին նախագահից հետո եկած նախագահները տարածքային զիջումներով ուղեկցվող բանակցային գործընթացի բովանդակության մասին խոսելով՝ կկորցնեին որպես աննահանջ բանակցողի իրենց քաղաքական իմիջը, որը նրանց քաղաքական կապիտալի նշանակալի մասն էր կազմում:

Բարձր լեգիտիմությամբ Փաշինյանն ազատ էր նմանատիպ կապանքներից, սակայն նրան էլ թերեւս արգելակեց իշխանության գալիս տված բազում բարձրագոչ խոստումների իրագործման ընթացիկ խիստ համեստ բալանսը, որը կարող էր ամբողջովին զրոյանալ, եթե այդ վիճակում նա անցներ Արցախին վերաբերող անկեղծ ու դառը խոսակցության: «Արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի եւ թե Ադրբեջանի ժողովուրդների համար» նոր բառախաղով (նույն իմաստը տարիներ շարունակ արտահայտվում էր «փոխզիջումային լուծում» բառակապակցությամբ) նա, հավանաբար, ակնկալեց, թե ժամանակ կշահի ներսում եւ դրսում: 2016-ից հետո նման բան ակնկալելը, սակայն, հավասարազոր էր տարածաշրջանային ու միջազգային բազմաշերտ հարաբերությունների արդի անկանոն վիճակի ու առաջացած «սեւ խոռոչների» ու դրանցից օգտվողների ազդեցությունը Հայաստանին սպառնացող վտանգի մեծացման առումով թերագնահատելուն կամ պարզապես չընկալելուն:

Իսկ զուտ մարդկայնորեն՝ գուցե լրագրողի կարգավիճակում նրա համար հեշտ էր  գնահատել վերահսկվող տարածքների վերադարձի անխուսափելիությունը, ինչի մասին նա շատ տարիներ առաջ գրել էր, բայց վարչապետի պաշտոնում շատ դժվարից մինչեւ անհնարին՝ լինել դա իրականացնողը: Գուցե: Բայց  հենց մարդկայնորեն ավելի հեշտ կլիներ կրել «կռվել չթողածի», քան հազարավոր մատղաշ տղաներին անիմացյալ մահվամբ անմահության ուղարկածի խարանը:

Հասարակությանը մոտ երեք տասնամյակ անտեղյակության նիրհի մեջ պահելը ոչ միայն անազնվություն, անպատասխանատվություն էր, այլեւ անխղճություն կորուստների ու արհավիրքների դարավոր հոգեբանական տրավմաներ կրող սեփական ժողովրդի հանդեպ: Մի ժողովրդի, որն իր պատմական հայրենիքի վերջին ծվենին մի հաջողված դրվագում տեր էր դարձել ու կառչել դրանից որպես վերջին մասունք, որպես վերգտած ինքնավստահության թալիսման, որը կյանքի ու մահվան գնով անգամ զիջելու պատրաստ չէր: Այդ թալիսմանի շուրջ պաշտամունքի արմատավորումը անխռով դիտելը, լռությամբ կամ մեծախոսությամբ խրախուսելը՝ լավ իմանալով, որ դրանից զրկվելն ընդամենը ժամանակի հարց է, հավասար էր դավաճանության:

Դավաճանությունը դա՛ էր, ոչ թե այն, որ երբ եկավ այդ պահը՝ արդեն ճանկված մասունքի մնացորդը ճարահատ զիջվեց:

Այս ամենից հետո մեզ մի ելք է մնացել՝ այսօրվանից Հայաստանն ու Արցախը դիտարկել որպես մի մեծ քավարան, որտեղ յուրաքանչյուրս մեր ամենօրյա խոսքով ու գործով կքավենք մեր փոքր ու մեծ մեղանչումները հայրենիքի դեմ, եթե ուզում ենք որ այն շարունակի որպես այդպիսին գոյություն ունենալ:

Ի դեպ՝ ապաշխարելու, մեղքերը քավելու գործում հանրությունը հոգեւոր դասի աջակցությունը, թերևս, չկարողանա ստանալ՝ նա էլ պիտի որ ծանրաբեռնված լինի անցած երեսուն տարիներին իր հայտնի ու անհայտ մեղքերին թողություն հայցելու գործով: Դրանցից գլխավորը հասարակությանը քաջ հայտնի է՝ Աստծո պատվիրանները ոտքի կոխան դարձրած աշխարհիկ մեծ ու փոքր ղեկավարների՝ երկիրն այս օրվան հասցրած վարքուբարքին տասնամյակներով հայացքը գետնին խոնարհած լուռ հետեւելը...

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին