Արդյո՞ք լռելու են Եվրոպայի ղեկավարները - Mediamax.am

Արդյո՞ք լռելու են Եվրոպայի ղեկավարները
3922 դիտում

Արդյո՞ք լռելու են Եվրոպայի ղեկավարները


Հիշու՞մ եք այն անեկդոտը, երբ երեքով զրուցում են. առաջին երկուսը երկար ու ձիգ պատմում են, թե ինչ են տվել այս կամ այն ձեռքբերման համար, իսկ երրորդն անկեղծացած խոստովանում է, որ իր հետ նման բան պատահել է միայն երկու անգամ եւ զուտ հաճույքի համար («որ ասանկ անկեղծ խոսակցություն գնաց...»): Սա, փաստորեն, մի փոքրիկ զվարճապատում է այն մասին, թե ինչպես մեկը չի ըմբռնում կողքինների խաղը, փողոցային բառապաշարը, որոշում է, որ ինքն էլ կարող է մասնակցել ու ամեն ինչ փչացնում է՝ հայտնվելով ծիծաղելի վիճակում:

Ճիշտ նման վիճակում օրերս հայտնվեց Իլհամ Ալիեւը, երբ ոգեւորվեց ասուլիսի ժամանակ ու որոշեց հետ չմնալ ավագ եղբորից:

«Դա պարզապես խոսում է այն մասին, որ այդ մարդկանց (նկատի ունի հայերին- Թ․Պ․) գլուխներում ինչ-որ բան պակասում է»: Սա Ադրբեջանի նախագահի ուղիղ խոսքն է, Թուրքիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Բաքվում:

Ինձ չի զարմացնում, երբ հորինված թեմայով թուրքական դիվանագիտությունը լայնամասշտաբ հիստերիա է բարձրացնում․ ի վերջո արձանագրությունները մնում են չվավերացված, որպես մի ոսկոր Թուրքիայի կոկորդին, որը ոչ լինում է կուլ տալ, ոչ՝ դուրս թքել:

Ինձ չի զարմացնում, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը անհիմն մեղադրանքով ներողություն է պահանջում Հայաստանից, իսկ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայերին ասում է. «Խելքներդ գլուխներդ հավաքեք»: Թուրքական գռեհիկ ու անտաշ դիվանագիտական խոսքին շատերն են ծանոթ, եւ համոզված եմ, որ այս հայտարարությունները դեռ ճիշտ պահերին ու ճիշտ ձեւաչափերում պատասխան կստանան հայկական կողմից:

Ինձ չի զարմացնում, որ նախագահ Գյուլը չի միացել թուրք-ադրբեջանական այս շինծու արշավին ու արտահայտվել թեմայով․ կարծում եմ, չի էլ արտահայտվի:

Ինձ զարմացնում է Թուրքիայի ղեկավարների փողոցային խոսքից ոգեւորված Իլհամ Ալիեւի վարքագիծը: Չընկալելով թուրքական դիվանագիտության արտահայտչամիջոցների տրամաբանությունը, չհասկանալով այն սահմանագիծը, որն անգամ անտաշ խոսքում, միեւնույն է, չեն անցնում թուրքական առաջնորդները, Ադրբեջանի նախագահը, խոսակցությունից հետ չմնալու մղումով կամ ավագ եղբոր մոտ իրեն ապահով զգալով, վերցնում ու ասում է․«այդ մարդկանց գլուխներում ինչ-որ բան պակասում է»: Վիրավորում մի ամբողջ ազգի:

Խրոխտ վարքագիծ է․ բան չունեմ ասելու: Տեսնես գոնե հաճույքի՞ համար էր...

Հաճույքը՝ հաճույքին, բայց մի շարք հարցեր մնում են:

Արդյո՞ք հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերը, համանախագահող երկրները լռելու են մի ողջ ազգի վիրավորելու՝ ալիեւյան քայլի վերաբերյալ:

Արդյո՞ք լռելու են եվրոպական համայնքի ղեկավարները, որոնք փայլուն են գիտակցում, որ ազգային արժանապատվությունը վիրավորելը չի նպաստելու խաղաղության կերտմանը: Չէ՞ որ նման քայլերով ջուրն է թափվում նաեւ աշխատանքը, որ հարյուրավոր կազմակերպություններ տարածաշրջանի բոլոր անկյուններից տարիներ շարունակ իրականացնում են խաղաղության ամրապնդման համար: Իսկ այդ աշխատանքը շատ դեպքերում կատարվում է հենց Եվրոպական հարկատուների հաշվին:

Արդյո՞ք լռելու է Թուրքիան, որը, եթե նույնիսկ չուզենալով, արդեն իսկ իր վարչապետի մակարդակով դարձել է այն ֆոնը, որի ներքո համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ազգեր է պիտակավորում:

Սրանք իսկապես կարեւոր հարցեր են, որոնք անպատասխան մնալու պարագայում առաջացնելու են էլ ավելի սուր հարցադրումներ:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին