Ռուբեն Շուգարյանի հիշատակին
 - Mediamax.am

Ռուբեն Շուգարյանի հիշատակին

45286 դիտում

Ռուբեն Շուգարյանի հիշատակին



Խորապես ցավում եմ իմ գործընկեր եւ ընկեր, դեսպան Ռուբեն Շուգարյանի կորստի համար: Նրա հետ ուս ուսի տված ծառայել ենք Վաշինգթոնում՝ մեր երկրների անկախության առաջին տարիներին: 

 

Լինելով նվիրյալ հայրենասեր, նա իր լիազորությունների սահմաններում արեց հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ քաղաքական վարչակազմի տարբեր օղակներում Հայաստանի իմիջի եւ ազդեցության ամրապնդման, այդ թվում` հզոր սփյուռքի ազդեցությունը ի սպաս Հայաստանի շահերի ուղղորդելու համար: Ռուբենը նաեւ քրտնաջան աշխատում էր տարածաշրջանային համերաշխության ոգին ամրապնդելու ուղղությամբ: Ասում էին, որ նա հեշտ գործընկեր չէր, այնուամենայնիվ, իր սկզբունքային մոտեցումների միջոցով մշտապես փորձում էր ամեն հարցում ռացիոնալ հատիկ գտնել: 

 

Դեսպան Շուգարյանն ինձ արժանացրեց իր ընկերը լինելու պատվին, եւ ես հուզված էի, երբ նա խնդրեց ինձ ՝ վրացուն, ներկա գտնվել իր հրաժեշտի արարողությանը, որը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը. «Թեդո, ես ուզում եմ, որ դու ինձ հրաժեշտ տաս»: 

 

Նա մեկն էր այն դիվանագետներից, որոնք ունենալով իրավահաջորդներ, միշտ մնում են անփոխարինելի: Հիշում եմ մեր առաջին հանդիպումը. Այն տեղի ունեցավ Ուիլարդի պողոտայում գտնվող «Irene» կոչվող հսկայական բնակարանային շենքի հարեւանությամբ բասկետբոլի խաղահրապարակում: Այդ շենքում էին բնակվում գրեթե բոլոր դիվանագետները, այդ թվում՝ դեսպանները: Մենք հանդիպեցինք ՝ մեր դիվանագետների հետ բասկետբոլ խաղալու համար: Իհարկե, դա Թբիլիսիի «Դինամոյի» եւ Երեւանի «Արարատի» ճակատամարտերի պես պայքար չէր, բայց մի յուրահատուկ «բախում» էր, որն ավարտվեց չնախատեսված «գարեջրային փարթիով» եւ Ռուբենի խոսքերով. «Մեր դիվանագետները պետք է հաճախ հանդիպեն եւ շփվեն միմյանց հետ»: Եվ դա դարձավ լավ ավանդույթ եւ ձեւաչափ. մեր դիվանագետները հանդիպում եւ քննարկում էին լուրջ հարցեր եւ անձնական որոշ խնդիրներ: Այդ ամենը վերածվեց ամուր կապի եւ իրական բարեկամության:

 

Ռուբենը նրբանկատ դիվանագետ էր՝ օժտված ուշադիր լսելու եւ կանխատեսելու ունակությամբ: Նա նպաստել է ոչ միայն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ամրապնդմանը, այլեւ Հարավային Կովկասում էապես նոր տարածաշրջանի ստեղծմանը: Նա միշտ ուսումնասիրում էր Հայաստանի առջեւ բացվող հեռանկարները՝ փնտրելով փոխկապակցման ուղիներ: Նա ուներ վեճերը կառավարելու հիանալի մտավոր կարողություններ ու դիվանագիտական կեցվածք, ինչն առավելություն է յուրաքանչյուր երկրի համար, հատկապես՝ մեր տարածաշրջանում: 

 

Ռուբենը շատ պարկեշտ անձնավորություն էր, իրական հայրենասեր. նա երբեք չէր հապաղում քննադատել կամ նույնիսկ հուզական արձագանք տալ, երբ իր երկրում քաղաքական գործընթացները սխալ հունով էին ընթանում: Այնուամենայնիվ, Ռուբենի համար այդ ամենը սոսկ հուզական արձագանք չէր, այլեւ սկզբունքի հարց:

 

Նրան կկարոտեն՝ իր սրտի բարության եւ հոգու պայծառության համար: Իմ մտքերը նրա ընտանիքի հետ են՝ նրանց, ովքեր ուղեկցել են Ռուբենին կամ կարոտել նրան, երբ նա ծառայում էր Հայաստանին եւ մեր տարածաշրջանին: Թամրիկոն՝ իմ կինը եւ Լիլիթը լավ ընկերուհիներ էին. իրենց «զբաղված ամուսինների» մասին հոգ տանելու հետ մեկտեղ սատարում էին միմյանց եւ միասին ուրախանում: 

 

Մեր մտքերն ու աղոթքները Լիլիթի, Նարեկի, Տիգրանի եւ Հայկի հետ են: Ռուբենը նրանց անչափ սիրում էր եւ նույնքան հավատարիմ էր իր ընտանիքին, որքան իր երկրին:

 

Նման մարդկանց կորցնելը երբեր էլ հեշտ չէ, բայց այս շրջանում կորուստն էլ ավելի մեծ է թվում:

 

Դեսպան Թեդո Ջափարիձեն Վրաստանի նախկին արտգործնախարարն է եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը: 1994-2002թթ. նա Վրաստանի դեսպանն էր ԱՄՆ-ում: Հիմա նա աշխատում է որպես Անակլիայի զարգացման կոնսորցիումի փոխնախագահ միջազգային հարցերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին